Կառավարության կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Թե որքանով է բարելավվել խմբագրումների մի քանի փուլ անցած եւ լրամշակված օրինագծի նոր տարբերակը, եւ ինչքանով են հաշվի առնվել ու ընդունվել Գիտությունների ակադեմիայի առաջարկները, այս հարցում ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանն այնքան էլ լավատես չէ.
«Մեր առաջարկների գաղափարախոսությունն ամբողջությամբ չի ընդունվել: Այդ գաղափարախոսության հիմքում դրված էր մի քանի թեզ, առաջինն այն էր, որ մենք նպատակահարմար չենք համարում ամեն ինչ տանել ու կենտրոնացնել մեկ «հովանոցի» ներքո: Մենք համարում ենք, որ դիվերսիֆիկացիան (իրավակազմակերպական ձեւերի բազմազանությունը) խիստ կարեւոր է մեզ նման երկրի համար, որովհետեւ կան տարբեր աշխարհաքաղաքական ուժեր, հետեւաբար՝ անհրաժեշտ են տարատեսակ համագործակցություններ, իսկ նույն «հովանոցի» տակ գտնվելու պարագայում մենք մեկ հարվածով վտանգելու ենք ողջ համակարգը»,- ասում է Իշխանյանն ու մատնանշում երկրորդ կարեւոր հանգամանքը:
«Ելնելով դիվերսիֆիկացիայի հանգամանքից՝ նպատակահարմար էինք գտնում, որ գիտական գործունեություն ծավալող կազմակերպությունների մոտավորապես 1/3-ը լիներ բուհական համակարգում, 1/3-ը` ակադեմիական եւ 1/3-ն էլ՝ այդ երկու համակարգերից դուրս` առանձին, ինչպես, օրինակ, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան: Սակայն սրանք, մի շարք այլ սկզբունքային առաջարկներ եւ մեր ամբողջ գաղափարախոսությունն ընդհանրապես մերժվել են», -ցավով արձանագրում է ակադեմիկոսն ու նկատում, որ եթե, այնուամենայնիվ, օրենքի այս տարբերակն ընդունվի, ապա դրա տրամաբանության շրջանակներում կան մի շարք կետեր եւս, որոնք, ըստ նրա, կրկին չեն համապատասխանում ակադեմիական հանրույթի պատկերացումներին:
«Բազմաթիվ են այդ կետերը, մասնավորապես՝ այն, որ, օրինակ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ակադեմիային վերապահվում է փորձագիտական գործառույթ: Բոլոր կազմակերպությունների բազային ֆինանսավորման հայտերի գնահատման եւ հաշվետվությունների ընդունման կետը, որպես այդպիսին, պահպանվել է, բայց՝ խմբագրական այնպիսի փոփոխությամբ, որը մեր տեսանկյունից այնքան էլ ընդունելի չէ, որովհետեւ այնտեղ ասվում է, որ Ակադեմիային վերապահվում է միայն արտաքին փորձաքննության մեկ բաղադրիչ, այսինքն՝ տվյալ դեպքում Ակադեմիան հանդիսանում է ոչ թե առաջնային կառույց, այլ ուղղակի բաղադրիչ՝ այդ փորձաքննությունն իրականացնելու համար, ինչը, անշուշտ, նվազեցնում է Ակադեմիայի հնարավորությունները՝ ազդելու գիտական գործունեության կազմակերպման եւ, ընդհանրապես, ոլորտի վրա: Մի շարք այլ կետեր եւս կան, բայց եթե ընդհանուր գաղափարախոսությունն ընդունված չէ, ապա արդեն այս նոր գաղափարախոսության ներքո պետք է հստակեցնել Ակադեմիային վերապահվող գործառույթները: Եվ այդտեղ այնպիսի ձեւակերպումներ, խմբագրումներ են արված, որոնք էապես թուլացնում են Ակադեմիայի դիրքերը, ինչին, բնականաբար, մենք համաձայն չենք»,- նշում է զրուցակիցս:
Ակադեմիան իր տեսակետն ու դիտարկումները կփորձի առաջիկայում ներկայացնել Ազգային ժողովում կայանալիք քննարկումների ժամանակ, իսկ այս ընթացքում պատրաստում են իրենց առաջարկությունները. «Մենք հիմա ինստիտուտների հետ ճշտում ենք մեր դիրքորոշումները, որպեսզի որոշենք առաջնահերթությունները, հիմնական կետերը, որոնց շուրջ կփորձենք բանավեճ ծավալել, քննարկում կազմակերպել, կփորձենք համոզել մեր մոտեցումների նպատակահարմարությունը»:
Ինչպե՞ս է գնահատում օրենքի խմբագրումների այս երկար ընթացքը, սա նորմա՞լ է, թե՞, այնուամենայնիվ, գործ ունենք անկատար օրենքի նախագծի հետ, որն ինչքան էլ լրամշակվում եւ խմբագրվում է, բայց էլի կան թերություններ ու դժգոհություններ։
«Ես կասեի` սա խոսում է այն մասին, որ մոտեցումները հեղհեղուկ են եւ փոփոխական, սկզբում մեկ տրամաբանությամբ է օրենքի նախագիծը կազմվել, հետո այդ տրամաբանությունն էապես փոխվել է` հաշվի առնելով «Ակադեմիական քաղաք» նախագծի առաջքաշումը: Այս ամենը խոսում է հեղհեղուկ, ոչ հետեւողական պետական քաղաքականության մասին: Տեղի են ունենում արմատական գծի, մոտեցումների փոփոխություններ, դրա հետ կապված էլ փաստացի նոր փաստաթղթեր, նախագծեր են մշակվում, ոչ թե լրամշակվում է ինչ-որ մի նախագիծ, որի վրա երկար ընթացք աշխատվել է, այլ կարծես կողք է դրվում ամենն ու զրոյից սկսվում, այդպես՝ մի քանի անգամ: Հետեւաբար, այս վիճակը նորմալ համարել չի կարելի, որովհետեւ նորացված օրենքի բացակայությունն այսքան ժամանակ խաթարում է գիտական գործունեության բնականոն ընթացքը»:
Արդեն կարծիքներ կան, որ անգամ հակասահմանադրական ճանաչված նախկին նախագիծն ավելի լավն էր, քան` սա, որ հիմա դրվել է սեղանին։ «Ես այդպես կտրուկ չէի արտահայտվի, միայն կասեմ, որ այն օրենքն էլ ուներ իր թերությունները, դրանցից որոշներն այս մեկում լավարկված են, բայց մի շարք այլ թերություններ են ավելացել: Իմ անձնական կարծիքով, այո, օրենքի այս նախագիծն ավելի վատն է, որովհետեւ այստեղ միավորված են բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքները: Իհարկե, դա նախորդում էլ կար, բայց այստեղ շատ ավելի ուժեղացված է, իսկ գիտությունը պետք է ծառայի ոչ միայն կրթությանը, այլ նաեւ՝ մեր տնտեսությանը, պաշտպանական խնդիրներին, եւ մեզ նման երկրի ռեսուրսների սղության պարագայում մեզ պետք է ունենալ լիովին անկախ գիտության կառավարում, ոչ թե կրթության նախարարության կազմում: Ավելին` իմ խորին համոզմամբ, ճիշտ կլիներ, որ լիներ գիտության եւ տեխնոլոգիաների նախարարություն: Այսինքն՝ Հայաստանի պարագայում գիտությունը պետք է ավելի մոտ գտնվի տեխնոլոգիաներին, որովհետեւ 21-րդ դարը տեխնոլոգիաների մրցակցության դարաշրջան է, եւ մեր ներուժի կենտրոնացումն այդ ուղղությամբ խիստ կարեւոր է, ընդ որում պետք է նշել` մեր երկրում այս պահին այդ կապը շատ թույլ է, եւ կարծում եմ` կառավարությունն իր ճիգերը պետք է ուղղի եւ էապես ավելացնի այդ ճիգերը՝ գիտություն-տեխնոլոգիաներ կապի զարգացման ուղղությամբ: Բայց այստեղ տեսնում ենք, որ գիտությունն ամբողջությամբ տարվում եւ կապվում է կրթության համակարգի հետ, սա ես համարում եմ ոչ նպատակահարմար»:
Հույս կա՞, որ Ազգային ժողովում, երբ ակադեմիական հանրությունն իր փաստարկները նորից ներկայացնի, դրանք կընդունվեն ի գիտություն եւ կարտացոլվեն օրինագծում։ «Դժվար է ինչ-որ բան կանխատեսելը, բայցեւայնպես, հույս ունեմ, որ մեր ձայնը կլսվի, ողջամտությունը կդառնա առաջնային, եւ ինչ-որ կարեւոր փոփոխություններ տեղի կունենան։ Բայց դա միայն հույս է, եւ ենթադրում եմ, որ իրականությունում պատկերը կլինի լրիվ այլ, այսինքն՝ դժվար թե առանձնապես լսեն։ Սա ցավով եմ ասում»,- նշում է Իշխանյանը:
Այս իրավիճակում ի՞նչ է մնում անել` հաշտվել եւ գնալ զիջումների՞, թե՞ բոյկոտել օրինագիծը։ «Գործողությունները պետք է լինեն կառուցողական դաշտում, չեմ կարծում, թե առճակատմամբ հնարավոր կլինի ինչ-որ բանի հասնել, համենայնդեպս հետեւողականորեն, հիմնավորված պետք է մեր տեսակետը փորձենք կրկին ներկայացնել, դարձնենք քննարկման առարկա, փաստարկենք մեր մոտեցումները: Ինչ տեսքով էլ օրենքն ընդունվի, դրանից հետո մենք՝ որպես քաղաքացիներ, եւ ակադեմիան՝ որպես կառույց, պարտադրված ենք լինելու կատարել այդ օրենքը, բայց քանի դեռ այն գտնվում է քննարկման փուլում, մենք կենտրոնացած ձեւով փորձելու ենք փոխել իրավիճակը»,- համոզմունք է հայտնում ակադեմիկոս քարտուղարը: