ՀՐԱՊԱՐԱԿ
Հետադարձ կապ
Նամակ խմբագրին
Ազատ խոսքի հրապարակ
ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՇՏ
06 Մարտ, 2010
Որոնում կայքում
Արխիվ
Hraparak daily newspaper
18 Tigran Mets St., 4
0010 Yerevan, RA
tel. 52 95 94
info@hraparak.am
HRAPARAK DAILY
   
Եւս մեկ շաբաթ
06 Մարտ [02:06] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ

Շաբաթն ավարտվում է, եւ էլի տպավորություն է ստեղծվում, թե այս շաբաթն իրոք դարակազմիկ էր: Ճիշտ է, իրադարձությունները գարնան գալուն զուգահեռ Հայաստանում ավելի ճեպընթաց ու բազմազան են դառնում: Շատերը դա բացատրում են Արարատյան դաշտավայրի առանձնահատկություններով. բնությունը կանաչում է, արյունը սկսում է եռալ, եւ պետք է ինչ-որ բան անել: Շաբաթվա առաջին իրադարձությունն ընդդիմության հանրահավաքն էր: Դժվար է ասել, քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն է Հայաստանի ընդդիմության առաջնորդը, երբեւէ Հայաստանում իշխանափոխություն կլինի՞ արդյոք, բայց մի բան պարզ է, քանի դեռ առաջին նախագահը կա, մարտի մեկին միշտ հանրահավաք է լինելու: Սա, իհարկե, նոր երեւույթ է, քանի որ արդեն երկու տարի շարունակ առանց որեւէ կոնկրետ գործողությունների մասին խոսելու արմատական ընդդիմությանը հաջողվում է բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել: Այստեղ ընդդիմությունն իշխանությունից առաջադեմ է, քանի որ եթե ՀԱԿ-ի կողմնակիցները փորձում են նոր մոտեցումներ կիրառել, չարչարվում, գրում են հարյուրքայլանոց մի ծրագիր (Արտաշես Գեղամյան, ականջդ կանչի), ապա իշխանությունները շարունակում են հին-փորձված թանի քաղաքականությունը` փակել բոլոր ճանապարհները: Այստեղ չափազանց հուսադրող է այն, որ երկու կողմերի շփումն անպայման փոխադարձ զարգացման է հանգեցնելու:
Ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ իրենց պայքարն այսուհետ նաեւ սոցիալական բնույթ է կրելու, քանի որ Հայաստանում գները սկսեցին թանկանալ: Նախ` բարձրացավ ոչխարի գինը (ասում են` եթե մարդը ոչխար չլինի, ոչխարի գինը միլիոն կլինի. երեւի զարգանում ենք): Ապա գազի գներին զուգահեռ թանկացան նաեւ ջուրն ու բենզինը: Դե, բենզինի թանկացումը շատ պարզ է. որ մենատնտեսներից մեկը հանկարծ շատ ավելի շատ չվաստակի, բենզինի գինն էլ են թանկացնում: Իսկ այ ջրի թանկացումն իսկական առեղծված է` նման Բերմունդյան եռանկյունուն. չէ որ տաքսիները Հայաստանում դեռեւս ջրով չեն աշխատում: Երեւի մի գաղտնի հաշվարկ կա, որ մարդիկ եթե շատ ջուր են խմում, ավելի ակտիվ են լինում ու կարող են ավելի երկար կանգնել հանրահավաքներին: Հետեւաբար, ջրի թանկացումը մի հերթական փորձ է մարդկանց տանը պահելու:
Բայց իշխանությունն ինքը չի ուզում տանը մնալ. սա արդեն շաբաթվա գագաթնակետն էր: Կոալիցիոն երեք կուսակցություններն էլ, որոնց առաջին դեմքերը տարիներ շարունակ կրկնում էին, որ Հայաստանը ոչ Եւրոպա է, ոչ Ասիա, հետեւաբար պետք չէ այդքան անթարթ հայացքով Արեւմուտքի կողմը նայել, հայտարարեցին, որ պարզապես շատ են ուզում անդամակցել Եւրոպական ժողովրդական կուսակցությանը: Դե կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը նախ երեւի չգիտի, որ այդ երեք կուսակցությունների անդամների ընդհանուր թիվն անցնում է քսան միլիոնից, մյուս կողմից էլ երեւի հաջորդ համաեւրոպական ընտրությունների ժամանակ Գերմանիաներում ու Նիդեռլանդներում սկսեն ընտրակաշառք բաժանել, Բանգլադեշից երթուղայինններով ընտրողներ տանեն կարուսել-մարուսել, հետո էլ չթողնեն, որ մյուսները անցնեն խորհրդարան: Էդ ժամանակ Եւրոպա կգնա Լեւոն Տեր-Պետրոսյանը ու ամեն ինչ շուռ կտա: 
Չնայած դեռեւս Եւրոպա գնացող ամենահայտնի խորհրդարանականը եւս ընդդիմությունից է` Զարուհի Փոստանջյան: Այս չափազանց նուրբ էակը հասցրել է մեր իշխանությունների գլխին այնքան "հուր ու երկաթ" բերել, որ շատերը երեւի կարոտով են հիշում հին ու անմեղ ընդդիմադիրներին` Արշակ Սադոյան, Պարույր Հայրիկյան, Հմայակ Հովհաննիսյան: Ասում են` տիկին Փոստանջյանը ոստիկանության աշխատակիցների մի գաղտնի ցուցակ ունի, ըստ որի` բոլորին հերթով դատի է տալիս նույն հետեւողականությամբ, ինչպես Աստված հալածում էր հինեգիպտացիներին:  
Բայց շաբաթվա ընթացքում ամենահալածվածն իրոք թուրքերն են: Թուրքական ամբողջ վերնախավը նստում է ինքնաթիռ ու գնում է Վաշինգտոն, այնտեղ խնդրում են, սպառնում, աղաչում, երդվում, բեղեր ոլորում, լաց լինում, բայց Քեռի Սեմի քոթակն անխուսափելի է: Մենք էլ, վերին աստիճանի ռոմանտիկ մի ժողովուրդ, արցունքոտ աչքերով քիչ է մնում փորձված ՀԱՊԿ-ն փոխենք անփորձ ՆԱՏՕ-ի հետ: Ինձ թվում է, որ եթե մի հիսուն-հարյուր տարի առաջ Ամերիկան սկսեր ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը, մենք ազգովի կգնայինք Աֆղանստան: Ով հիվանդ լինի, ով գնա հանգստանալու. այսպես Ռոբերտ Քոչարյանը պայքարեց ցեղասպանության ճանաչման համար, բայց Միացյալ Նահանգներում հարցը օրակարգային դարձավ Սերժ Սարգսյանի օրոք:


Գեւորգ
ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

Պատմվածք
06 Մարտ [02:06] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ

Դավիթը չկարողացավ Սոնային հանդիպել քաղաքում, այդ պատճառով ստիպված նրա տուն գնաց: Բարեբախտաբար, ծնողները տանը չէին, եւ նրանք կարողացան ազատ զրուցել:
- Սոնա, ի՞նչ է քեզ հետ կատարվում, ինչո՞ւ ես խուսափում ինձանից:
- Իսկ ես ի՞նչ գործ ունեմ ամուսնացած տղամարդու հետ:
Սոնայի պատասխանը անակնկալի բերեց Դավիթին, նա չգիտեր, որ ընկերուհին տեղյակ է իր ամուսնության մասին:
- Ես պատրաստվում եմ ամուսնալուծվել, արդեն փաստաթղթերն եմ պատրաստում...
- Մինչեւ այստեղ գա՞լն ես այդ սուտը հորինել: Ես քո ոչ մի բառին չեմ հավատում, դու սրիկա ես, ամենաստոր ձեւով խաբել ես ինձ: Հեռու մնա ինձանից:
- Սոնա, երդվում եմ, ես վաղուց էի ուզում բաժանվել կնոջիցս, մենք այլեւս իրար չենք սիրում: Ես պարզապես չէի կարող մեր հանդիպումների հենց սկզբում ներկայանալ որպես ամուսնացած տղամարդ, այդպես ես չէի կարողանա մտերմանալ քեզ հետ...
- Դե իհարկե, իսկ քո գերնպատակը ինձ գայթակղելն էր, ինչի՞ էիր ուզում դրանով հասնել, ի՞նչ կեղտոտ պլան էր մշակել հայրդ:
- Հա՞յրս, նա ի՞նչ կապ ունի այս ամենի հետ:
- Բավական է կեղծես, էլ չեմ կարող լսել ստերդ, հեռացիր այստեղից, որքան վատություն արեցիր ինձ, բավարարվիր այդքանով:
- Սոնա, ես իսկապես քեզ չեմ հասկանում: Հա՞յրս է քեզ ասել, որ ես ամուսնացած եմ:
- Ոչ, կինդ է ասել: Խեղճը չգիտեր, որ դու ինձ չես սիրում, հատուկ ծրագրով ես առաջնորդվում:
- Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, երդվում եմ, որ ոչինչ չեմ հասկանում:
Սոնան ապտակեց Դավիթին:
- Բավական է ստես:
Դավիթը բռնեց աղջկա ձեռքերը:
- Հանգստացիր, ի՞նչ է քեզ հետ կատարվում, քեզ երեւի ինչ-որ մեկը տրամադրել է իմ դեմ: Ի՞նչ է ասել քեզ Նաիրան:
- Դու քո հոր արժանի զավակն ես, պտուղը ծառից հեռու չի ընկել, թող անիծվի ձեր ընտանիքը, որ այլեւս չարություն չսփռեք երկրի վրա:
- Վերջապես կբացատրե՞ս, թե ինչու ես այդպես խոսում,- բղավեց Դավիթը:
- Իսկ դու չես հասկանում, հա՞: Ես ամեն ինչ գիտեմ, գիտեմ, որ հայրդ է քեզ գործուղել ինձ մոտ, որպեսզի վրեժ լուծի իմ գրած հոդվածների համար:
- Ի՞նչ հոդվածներ, դու գրե՞լ ես հորս մասին:
- Դրա համար էլ չէիր ասում, թե ում որդին ես, սուրբ էիր ձեւանում: Դուք` հարուստներդ, խիղճ չունեք, դուք թքած ունեք հասարակ մարդկանց եւ նրանց զգացմունքների վրա, ձեր կեղտոտ նպատակներին հասնելու համար դուք պատրաստ եք ամեն ինչի:
- Սոնա, այդպես մի ասա: Ի՞նչ է արել հայրս, որ այդքան չարացել ես նրա նկատմամբ:
Սոնան արտասվեց:
- Դու դեռ շարունակում ես խաղալ, դու հորիցդ էլ վատն ես, նա գոնե երեսիդ ասում է ինչ  մտածում է, իսկ դու...
- Երդվում եմ, որ հայրս չի իմացել մեր կապի մասին: Ես ընտանիքիս անդամներին չեմ ասել քո մասին, որովհետեւ կինս նույնպես չգիտեր:
- Հեռացիր այստեղից, հեռացիր իմ կյանքից, այլեւս չերեւաս աչքիս, չկարծես, որ հարուստ ես` ամեն ինչ կարող ես անել:
Սոնան դուռը բացեց, որ Դավիթը հեռանա:


շարունակելի

Պատմվածք
05 Մարտ [19:05] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ

Նաիրայի հեռանալուց հետո Սոնան դեպրեսիայի մեջ ընկավ. նա իրեն խաբված եւ թալանված էր զգում, փորձում էր ինքն իրեն համոզել, թե Նաիրան ստել է, սակայն հասկանում էր, որ Դավիթն իսկապես ամուսնացած է: Բայց խնդիրը միայն այդ չէր. Նաիրան նաեւ ասել էր, որ Դավիթը գործարար Գալստյանի որդին է: Այն գործարարի, որը գերշահույթներ ստանալու նպատակով հարյուրավոր մարդկանց զրկել էր տնից, հարյուրներին էր խաբել ու կաշառել: Սոնան հիշեց, թե ինչպես էր Գալստյանը փորձում իրեն կաշառել: Երբ հիշում էր նրա լկտիությունը, դարձյալ սկսում էր կասկածել, թե Դավիթը նրա որդին է: "Ախր նա շատ բարեկիրթ է, ինչպե՞ս կարող է այդ հղփացած մարդը այդքան համեստ որդի ունենալ",- ինքն իրեն հարցնում էր Սոնան եւ չէր կարողանում պատասխան գտնել: Այնուհետեւ նա հիշեց թերթ բաժանելու օրը տեղի ունեցած միջադեպը: Նա փորձում էր թերթ տալ Դավիթին, իսկ նրա կողքին նստած կինը՝ Նաիրան, վիրավորական արտահայտություններով հարձակվեց իր վրա: Այդ օրը Սոնան եւ նրա ընկերուհին՝ Անուշը, գրել էին մեքենայի համարանիշները, որպեսզի հետագայում պարզեին, թե դա ում է պատկանում: Սոնան զանգահարեց Անուշին:
- Դու կարողացա՞ր պարզել, թե այն լկստված կնոջ մեքենան ում է պատկանում:
- Իհարկե պարզել եմ,- պատասխանեց Անուշը,- քո "սիրելի" Գալստյանինն ա, էդ մարդը աչքիս հետապնդում ա քեզ:
Սոնան առանց բառ ասելու անջատեց հեռախոսը: Նրա համար կարծես ամեն ինչ պարզ էր դառնում: "Գալստյանը որոշել է ինձանից վրեժ լուծել, այդ պատճառով էլ որդուն ուղարկել է, որպեսզի ինձ գայթակղի, այնուհետեւ ծաղրի: Որքան հիմարն եմ ես, ինչպես հավատացի այդ սրիկային, խաբեց ինձ իր բարի աչքերով...",- գրեթե բարձրաձայն մտածում էր Սոնան, երբ Դավիթը զանգեց:
- Սրիկա, այլեւս ինձ չզանգես, այլապես բոլորը կիմանան ձեր կեղտոտ ծրագրի մասին,- բղավեց Սոնան եւ առանց Դավիթին խոսելու հնարավորություն տալու անջատեց հեռախոսը:
Տղան չհասկացավ, թե ինչ է նրա հետ կատարվում. "Երեւի չի ներել ինձ նրա համար, որ կասկածեցի, թե ճանաչում է ինձ վրա հարձակված տղաներին: Բայց ի՞նչ ծրագրի մասին էր խոսում",- Դավիթի մտորումներն ընդհատեց հայրը: Գալստյանն արդեն գիտեր, որ Սոնային ծեծելու համար վարձած տղաներն են հարձակվել Դավիթի վրա, եւ ուզում էր պարզել, թե տղան ինչ կապ ունի Սոնայի հետ:
- Տղես, դու ինձ ճի՞շտն ես պատմել քո հետ կատարվածի մասին. կարող ա՞ ինչ-որ աղջկա հաշիվ ա էղել,- հարցրեց Գալստյանը:
- Չէ, պապ, ոչ մի աղջիկ էլ կապ չունի, արդեն ասացի, որ դրանք փողոցային գողեր էին: Իմ ի՞նչ տարիքն ա աղջկա համար կռիվ անելու:
- Չգիտեմ. ուղղակի մերդ ասեց, որ կնգադ հետ լավ չես...
- Պապ, խնդրում եմ մի խառնվի, դա իմ անձնական հարցն է,- հոր խոսքը կտրեց Դավիթը եւ անմիջապես դուրս եկավ տնից՝ Սոնային հանդիպելու:


շարունակելի  

Ճկուն է ու բարբարոս
05 Մարտ [19:05] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ

Ժամանակակից հայերենը լավագույնս բացահայտում է այն մտածողությունը, որ գերիշխող է այսօր մեր հասարակության մեջ: Եւ եթե առանց լեզվին հղում տալու ասենք, թե մեր հասարակությունը խորը քաղքենիական բնույթ ունի, գուցե շատ վիրավորական թվա: Բայց ուրիշ ի՞նչ բառով կոչենք մի հասարակության, որի անդամները, իրենք իրենց լավ ճանաչելով, ձգտում են դրսում ուրիշ մարդ երեւալ: Գուցե դա այնքան բացահայտ ոչ մի ոլորտում չի երեւում, ինչքան լեզվում: Օրինակ` "է" բայի խնդիրը: Հասարակության 99,99 տոկոսն օգտագործում է "ա" բայը` խոսում ա, պարում ա, սեղան ա, բայց բավական է, որ իրավիճակով պայմանավորված` մի քիչ ներկայանալու խնդիր լինի, մարդիկ սկսում են օգտագործել "է"` խոսում է, պարում է, սեղան է: Սա նույն հիմքն ունի, ինչ մարդը տանն իր հարսին մտքով անցկացրածն ասում է, բայց դրսում միշտ գովում է նրան: Եւ հենց ուրիշ մարդ երեւալու այս մարմաջն է քաղքենիությունը (չնայած այս բառը եւս մեր իրականության մեջ վերաիմաստավորվել է. "բուրժուա" բառի թարգմանությունը քաղաք եւ քաղաքացի չունենալու արդյունքում դարձել է կեղծավորություն-ձեւամոլության հոմանիշը): Եւ այս քաղքենիության արդյունքում է, որ նույնիսկ նրանք, ովքեր փորձում են ազատ ու բնական երեւալ ու հատուկ այդ նպատակով օգտագործել "ա" բայը, դառնում են բռի եւ անտաշ: Ահա մի ճահճային քաղքենիություն, որից հնարավոր չէ խուսափել: Բայց մեր հասարակությունը ոչ թե քաղքենիական է, այլ խորը քաղքենիական, որովհետեւ բոլորը գիտեն այս մասին, բայց բոլորը գոհ են եւ անհանգստանում են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը խախտում է ավանդույթը. ասենք` հեռուստատեսությամբ կամ մի որեւէ պաշտոնական ամբիոնից խոսում է "ա"-ով: Այսինքն` շատ նորմալ է, որ փողոցային "ա"-ն խեղդել է գրական "է"-ին, կարեւորը, որ "է"-ն մնա որպես դրսում օգտագործվելիք զարդ եւ ոչ ավելին: Նույնկերպ մարդիկ շատ նորմալ են ընկալում այն, որ շրջապատված են կրթություն եւ կրթվածություն չունեցող մարդկանցով, սակայն երբ այդպիսի հատկանիշներով ինչ-որ մեկը հանդես է գալիս որպես պատգամավոր, չնայած որ հենց իրենք էլ ընտրել են նրան, արդեն խիստ գրգռվում են:


Գեւորգ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

Ճկուն է ու բարբարոս
04 Մարտ [19:04] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ

Եթե չանդրադառնանք ընդհանրապես հասարակության զարգմացմանը խոչընդոտելուն, բառարմատներ թարգմանելու իրական վտանգներից է հոգեբանական կողմը: Հանդիպելով հայերեն արմատների` մարդուն նախ թվում է, թե ինքը գիտի բառի իմաստը, ասենք` մեծամասնական, ընտրիչ, եզրույթ, քանի որ առանձին-առանձին պատկերացնում է արմատների իմաստները: Սրա արդյունքում ստեղծվում է լեզվական աղմուկ, եւ մարդուն սկսում է թվալ, որ գրական հայերենն անիմաստ ու գեղեցիկ բառերի շարք է: Սրան գումարվում է նաեւ մեր մեջ նստած ցուցասիրություն-քաղքենիությունը, եւ պատկերն ամբողջանում է. հայերի մեծամասնությունը, երբ փորձում է գրական լեզվով խոսել, անիմաստ բառերի ու կապակցությունների շղթաներ է օգտագործում: Կտրելով գրական հայերենը կյանքից եւ մտացածին-տեսական ճանապարհներով այն զարգացնելով, արդյունքում տեսնում ենք, որ գրական հայերենն այլեւս չի կարողանում արտահայտել ժամանակակից իրականությունը. այն կորցրել է իր մրցունակությունը: Սրա լավագույն ապացույցն է այն, որ ժամանակակից արեւմտյան ֆիլմերը գրեթե անհնար է թարգմանել հայերեն. թարգմանությունները հնչում են կեղծ ու շինծու, եթե չհաշվենք, որ բազմաթիվ նոր հասկացություններ պարզապես չունեն իրենց հայերեն գրական համարժեքները, որովհետեւ դեռեւս ինչ-որ մեկը դրանք չի թարգմանել: Լեզուն հայտնվել է փակուղում: Ժողովրդավարության ընդհանուր տրամաբանությունը մի օր չհղկված ողջ խոսակցական լեզուն մտցնելու է կյանքի բոլոր ոլորտները: Մեղավորները շատ են, բայց նրանցից առաջինը հասարակական անտարբերությունն է: Իրեն մտավորական կոչող խավը շատ գոհ է գրական լեզվի ներկա վիճակից: Այս տրամաբանությամբ վաղ թե ուշ այժմյան գրական հայերենը դառնալու է մեռած լեզու: Արդեն իսկ գրական հայերենն ունի մեռնող լեզու կոչվելու հիմնական հատկանիշները. մարդիկ հատուկ սովորում են այն: Բացի այդ, լեզուն ձեռք է բերել գործառութային հատկանիշ: Այսինքն, այն օգտագործվում  է միայն խիստ որոշակի ոլորտներում: Եւ ինչքան էլ տարբեր գերատեսչություններ որոշումներ հրապարակեն, սերիալներից հանեն ժարգոնը, ամենաիմաստուն ծերերին խնդրեն հայերեն սովորեցնել, միեւնույն է, այս ընթացքն անշրջելի է, քանի դեռ լեզվի միջոցով իրականացող ինքնագիտակցությունը գոհ է ինքն իրենից:


Գեւորգ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը
04 Մարտ [19:04] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի 2009թ. ապրիլի 24-ին կայացած զեկույցի եւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի առաջիկա քվեարկության կապակցությամբ հայտնում է հետեւյալը. իր զեկույցի եզրափակիչ մասում` "Մեծ եղեռն" եզրը երկրորդ անգամ օգտագործելուց անմիջապես հետո նախագահ Օբաման հստակորեն պնդել է, որ կատարված է եղել հայ ժողովրդին բնաջնջելու փորձ.  "Ոչինչ չի կարող հետ բերել նրանց, ովքեր նահատակվեցին Մեծ եղեռնի ժամանակ: Սակայն վերջին իննսունչորս տարիների ընթացքում հայերի ներմուծած ավանդը խոյանում է որպես հայ ժողովրդի տաղանդի, դինամիզմի եւ տոկունության վկայություն եւ գերագույն պարսավանք նրանց, ովքեր փորձեցին բնաջնջել նրան": Անհրաժեշտ է իսպառ վերացնել միջազգային հանրության մեջ պարբերաբար շրջանառվող այն թյուր ըմբռնումը, թե նախագահ Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ չի օգտագործել "ցեղասպանություն" բառը: ՀՀ փաստաբանների պալատը սույնով իր իրավական գնահատականն է տալիս նախագահ Օբամայի զեկույցին: "Ցեղասպանություն" եզրույթը համեմատաբար նոր է: Այն սահմանվել է 1944թ.-ին լեհ-հրեա իրավագետ Ռաֆայել Լեմկինի կողմից: Մինչ այդ ցեղասպանությանը զոհ դարձած յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի էր անվանում այն: Հրեա ժողովուրդն այն անվանել է "Հոլոքոստ", իսկ մենք` հայերս, անվանել ենք այն "Մեծ եղեռն": Միավորված ազգերի կազմակերպության "Ցեղասպանության ոճրագործության կանխման եւ դրա համար պատժի մասին" կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որն ընդունվել է 1948թ.-ին եւ ուժի մեջ մտել 1951թ.-ին, սահմանում է ցեղասպանությունը որպես "ցանկացած գործողություն՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ": Նախագահ Օբաման օգտագործել է հայկական պատմական եզրույթը, որը հոմանիշ է ավելի ժամանակակից եզրույթին` "ցեղասպանությանը": "Մեծ եղեռն" եզրն օգտագործվել է երկու անգամ եւ բնորոշվել է որպես հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ: Ակնհայտ է, որ "Մեծ եղեռն" հայկական եզրը նախագահ Օբամայի կողմից օգտագործվել է ճիշտ այնպես, ինչպես մենք` հայերս ենք օգտագործում այն: "Մեծ եղեռն", "Հայոց ցեղասպանություն" եւ "Armenian Genocide" եզրույթները մշտապես եղել են բացարձակ նույնական: Իրավական տեսանկյունից նախագահ Օբաման նկարագրել է ցեղասպանությունը, քանի որ, ըստ սահմանման, ժողովրդին ոչնչացնելու փորձը ցեղասպանություն է: Թեեւ քաղաքական գործիչ Օբաման չօգտագործեց "ցեղասպանություն" բառը, սակայն Կոլումբիայի համալսարանի եւ Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ Օբամա իրավաբանը հստակ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների անունից ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունը նախագահ Օբամային իր պատմական զեկույցի համար: Հաշվի առնելով ցեղասպանության միջազգային ճանաչման նշանակությունը ցեղասպանության ոճրագործությունների կանխարգելման համար, գտնում ենք, որ ժամանակն է առավել հստակ անվանել իրերն իրենց անուններով եւ դատապարտել Մեծ եղեռնը, հստակորեն բնորոշելով այն որպես ցեղասպանություն: Այդ կապակցությամբ բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությունը եւ կոչ ենք անում հաստատել բանաձեւը:


3 մարտի 2010թ.

Պամվածք
04 Մարտ [19:04] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ

"Սա ինչ պատիժ էր, իմ վարձած մարդիկ իմ տղուն են ծեծել: Ոնց որ կինո ըլնի",- Գալստյանը չէր կարողանում հանգիստ խղճով քնել: "Բայց Դավիթը ի՞նչ կապ ունի էդ լրագրողի հետ: Կարող ա՞ մտերիմ են, մերն ասում էր, որ ուզում ա կնգանից բաժանվի. կարող ա՞ դրան ա սիրահարվել,- մտածում էր հարուստ գործարարը:- Չէ,  իմ տղեն չի կարա էդ լրբին սիրի":
Միայն Գալստյանը չէր, որ Սոնային վնասելու ծրագրեր էր կազմում. Դավիթի կինը՝ Նաիրան, մարդ էր վարձել, որ պարզի Սոնայի աշխատանքի վայրը: Առավոտյան Նաիրան գնաց "Վերելք" թերթի խմբագրություն. որոշ ժամանակ անց եկավ նաեւ Սոնան:
- Ի՞նչ, այդ դո՞ւ ես,- նրան տեսնելով՝ զարմացած հարցրեց Նաիրան:
- Ձեզ ի՞նչ է պատահել, մենք ճանաչո՞ւմ ենք իրար,- ոչ պակաս զարմացավ Սոնան:
- Ես զգում էի, որ դու կախվում ես ամուսնուս վզից, դու այն թերթ բաժանող աղջիկն ես:
- Ես Ձեզ չեմ հասկանում, սա մեր աշխատասենյակն է, եթե ինձ առանձին ասելու բան ունեք, եկեք գնանք կողքի սենյակ:
Երբ նրանք առանձնացան, Նաիրան հարձակվեց Սոնայի վրա:
- Այ փողոցային, Դավիթից հեռու կմնաս, թե չէ աչքերդ կհանեմ, հասկացա՞ր:
- Ո՞վ ես դու եւ ի՞նչ իրավունքով ես ինձ հետ այսպես խոսում,- ձայնը բարձրացնելով հարցրեց Սոնան:
- Չգիտե՞ս, թե ես ով եմ: Մոռացել ե՞ս, որ փողոցում թերթ էիր բաժանում, եկար մեր մեքենային մոտեցար:
Սոնան հիշեց այն տհաճ պատմությունը, երբ նա թերթ էր փորձում տալ թանկարժեք մեքենա վարող տղային, եւ նրա կողքին նստած կինը վիրավորեց իրեն:
- Ուրեմն դա Դուք էիք, իսկ մեքենայի ղեկին Դավի՞թն էր:
- Այո, մենք էինք, իսկ դու չէի՞ր ճանաչում Դավիթին, որ մոտեցար մեր մեքենային:
- Ոչ, ես նրան չէի ճանաչում, իսկ դու ո՞վ ես:
- Ես նրա կինն եմ, օրինական կինը, ոչ թե քեզ նման սիրուհին:
Սոնան ապշել էր, նրան թվաց, թե Նաիրան ստում է:
- Բայց Դավիթը կին չունի:
- Այդ նա՞ է քեզ այդպես ասել: Մենք արդեն մեկ տարի է՝ ամուսնացած ենք եւ պատրաստվում ենք երեխա ունենալ: Իսկ դու փողոցայինի մեկն ես, որը փորձում է խցկվել մեր կյանք:
- Ես քեզ չեմ հավատում, դու որտեղի՞ց ես ինձ ճանաչում,- հարցրեց Սոնան:
- Ես քեզ տեսել եմ Դավիթի հետ՝ թեյարանում: Դու իսկական պոռնիկ ես, բայց ես քեզ թույլ չեմ տա ներխուժել ամուսնուս կյանք:
- Չփորձես ինձ վիրավորել, ես ոչ մեկի կյանք էլ չեմ ներխուժել, այդ ինքն է ինձ սիրահետում,- լացելով ասաց Սոնան:
- Ասա՝ քեզ որքան փող է պետք, ես գիտեմ, որ դու փողի համար ես Դավիթի հետ շփվում:
- Ինձ նրա փողերը չեն հետաքրքրում, երդվում եմ՝ ես չգիտեի, որ նա ամուսնացած է:
- Լավ է չես ասում, թե չգիտեիր, որ նա Գալստյանի որդին է:
- Ի՞նչ: Ո՞ր Գալստյանի, գործարար Գալստյանի որդի՞ն է:
- Լսի, հիմարիկ, դու ինձ չես կարող խաբել: Եթե մեկ անգամ էլ քեզ տեսնեմ ամուսնուս կողքին՝ քեզ սաղ-սաղ թաղել կտամ, հասկացա՞ր,- բղավեց Նաիրան եւ Սոնայի հասցեին վիրավորական արտահայտություններ ասելով՝ հեռացավ խմբագրությունից:


շարունակելի

Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Դմիտրի Մեդվեդեւին
04 Մարտ [19:04] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ


Մեծարգո պարոն նախագահ, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությանը գազի մատակարարումը եւ գազային կոմունիկացիաները վերահսկում է Ռուսաստանում ստեղծված եւ գործող "Գազպրոմ" ընկերությունը, որն իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է "ՀայՌուսգազարդ" ընկերության միջոցով: Սույն ընկերության որոշմամբ 2010 թ. ապրիլի մեկից Հայաստան ներմուծվող գազի սակագները կթանկացվեն 17%-ով, ինչի հետեւանքով գազը շարքային սպառողների համար թանկանում է մոտ 40%-ով:
Պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիները "Ռուսգազպրոմի" տնտեսական քաղաքականությունն ընկալում են որպես Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականություն, ինչի հետեւանքով բնակչության, հատկապես անապահով խավերի մոտ առաջանում է հակառուսական տրամադրություն: Վիրավորվածությունն առավել մեծ է, քանզի հարվածն ստանում են եղբայրական Ռուսաստանից:
Պարոն նախագահ, մտահոգ լինելով հայ-ռուսական դարավոր եղբայրությամբ, որն իր արտահայտությունն է գտել նաեւ երկու ժողովուրդների առասպելաբանություններում` մասնավորապես Սվյատոգորի եւ Իլյա Մուրոմեցի տիեզերական եղբայրության հաստատումով, անցել ժամանակի փորձությունն ու ամրապնդվել մեր ժողովուրդների համատեղ պայքարով եւ թափած արյամբ, համոզված լինելով, որ մեր ժողովուրդների միջեւ բարեկամական ոգու պահպանումը մտահոգում է նաեւ Ձեզ` դիմում ենք Ձեզ, ցանկանալով Ձեր ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի Դաշնությունում գործող ընկերության սխալ քաղաքականության վրա, որն իր նյութական շահերի համար կասկածի տակ է դնում հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական զգացումների անկեղծությունը, առավել եւս, որ նրա այդ քաղաքականությունից օգտվել ցանկացողներն ու մեր եղբայրության մեջ սեպ խրելու ձգտում ունեցողները շատ են: Սա կարող է հանրության մոտ առաջ բերել հակառուսական տրամադրություններ, ինչը չի բխում մեր ժողովուրդների շահերից: Այն հղի է հեռանկարային խնդիրներով: Պարոն նախագահ, մենք ապրել ենք ավելի ծանր պայմաններում, սակայն կասկածի տակ չենք առել մեր բարեկամությունը, հիմա վտանգվում է հենց բարեկամությունը: Վստահ ենք, որ տնտեսապես հզոր Հայաստանը կարող է առավել կայուն գործընկեր լինել Ռուսաստանի Դաշնության համար  տարածաշրջանում:


Հարգանքներով`
Հայաստանի ազգային նոր
պահպանողական շարժման
կենտրոնական կոմիտե
 01.03.2010թ.
 ք. Երեւան

Ի պատասխան քաղաքացու
04 Մարտ [19:04] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ


"Վիվասել-ՄՏՍ" ընկերությունն արձագանքել է  մեր թերթի երեկվա համարում լույս տեսած "Ոչ լիազորություն են ունեցել, ոչ իրավունք" հրապարակմանը, որը վերաբերում էր  Վ. Համբարձումյան փողոցի 47 շենքի բնակիչ Լ. Պողոսյանի եւ "Վիվասել-ՄՏՍ" ընկերության միջեւ առկա դատական վեճին: Պողոսյանն ընկերությանը հորդորել էր իրենց շենքի տանիքից ապամոնտաժել բջջային կապի ապահովման համար տեղադրված բազային կայան ալեհավաքը, պատճառաբանելով, որ այն վնասակար է բնակիչների առողջությանը: Համապատասխան արձագանք չստանալուց հետո քաղաքացին դիմել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարան, պահանջելով պատճառված վնասի փոխհատուցում, սակայն հայցը մերժվել է հայցվորի՝ համապատասխան ապացույցներ չներկայացնելու հիմքով:  
""Վիվասել-ՄՏՍ"-ն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով, լիազոր պետական մարմինների կողմից հաստատված ստանդարտներով եւ կանոններով: Ինչպես հայտնի է` բջջային կապն իրականացվում է ռադիոալիքների օգտագործմամբ: Բազային կայանների եւ դրանց ալեհավաքների տեղադրման վայրը որոշվում է տեխնիկական հաշվարկներից ելնելով: Տեղադրման նախընտրելի վայրը որոշելուց հետո մեր ընկերությունը տարածքի սեփականատերերի հետ կնքում է պայմանագիր եւ կազմում  անհրաժեշտ տեխնիկական նախագծեր` բազային կայանի տեղադրման շինարարական աշխատանքային նախագիծ եւ այլն: Բոլոր նախագծերը ներկայացվում են համապատասխան պետական մարմիններին` փորձաքննության, ինչի արդյունքում տրվում է համապատասխան եզրակացություն:  Յուրաքանչյուր վայրում բազային կայանի գործարկումից հետո ՀՀ առողջապահության նախարարության լիազորված մարմնի կողմից կատարվում են ռադիոհաճախությունների էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվության  չափումներ, որոնց արդյունքում վերջնականորեն որոշվում է տեղադրված սարքավորումների շահագործման թույլատրելիության հարցը: Հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել, որ "Վիվասել-ՄՏՍ"-ի կողմից օգտագործվող բոլոր սարքավորումներն արտադրվում են միջազգային առաջատար ընկերությունների կողմից: Մարինե Պողոսյանի կողմից ներկայացված հայցն ակնհայտ անհիմն է: Այն ներկայացվել է ոչ թե փաստերի, այլ կասկածների եւ ենթադրությունների հիման վրա, եւ Պողոսյանը դատարանին չի կարողացել տրամադրել իր պահանջները հիմնավորող ապացույցներ:
Երկու բնակիչ եւ ԱԺ պատգամավոր Զոհրաբյանը հանդիպել էին ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Հանդիպման ժամանակ պարոն Յիրիկյանը հավաստիացրել էր, որ ընկերության աշխատանքները կատարվում են գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, սակայն խոստացել էր ընկերության տեխնիկական վարչության աշխատակիցներին հանձնարարել՝ ճշտել իրենց հուզող հարցերին վերաբերող մանրամասները: Ճշտման արդյունքում վերահաստատվեց այն փաստը, որ ընկերության կողմից կազմված տեխնիկական նախագիծը եւ հաշվարկներն անցել են պետական լիազորված մարմնի փորձաքննությունը, շենքի եւ հարակից տարածքներում կատարվել են չափումներ, եւ ստացվել են մասնագիտական անհրաժեշտ բոլոր եզրակացություններն առ այն, որ սարքավորումները տեղադրվել եւ շահագործվում են կիրառվող նորմերի պահպանմամբ":

Մարզային գրադարանի տնօրենի "օլիմպիական" պատասխանը
04 Մարտ [19:04] / ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՏԻՊ


"Հրապարակ" օրաթերթի 2010թ. մարտի 2-ի համարում տպագրվել է "Կարծում էինք եկել են օգնելու, բայց դա գերգաղտնի ստուգում էր" հարցազրույցը, որտեղ Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանը ներկայացնում է "որոշ փաստեր" 2009թ. դեկտեմբերին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչների` Տավուշի մարզային գրադարան այցելության եւ ՀԱԳ պաշտոնաթերթում այցի լուսաբանման առիթով, ինչն "անակնկալի է բերել" "գրող, նկարիչ, ձեւավորող" տնօրենին: Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչներն այս անգամ մարզային գրադարանին գրքային նվիրատվության եւ մասնագիտական օգնություն ցույց տալու հետ մեկտեղ նպատակ են ունեցել ներկայիս ամենաթողության պայմաններում ահազանգել պետական աշխատանքը ձախողելու կամ թերի, ժամանակին ոչ համահունչ կազմակերպելու մասին: "Ազգային գրադարանի տնօրենը իրավասո՞ւ է գնահատելու մեկ այլ գրադարանի աշխատանքները". նման հարց է տալիս հարցազրույցի հեղինակը եւ ստանում է "իրավասու չէ" պատասխանը, որը տնօրենը հնչեցնում է օլիմպիական անառարկելիությամբ: Ուրեմն նա կամ չգիտի, կամ աշխատանքային վերջին մի քանի տարիների անգործության հետեւանքով մոռացել է, որ Ազգային գրադարանը հանրապետությունում գրադարանային գործի մեթոդական կենտրոնն է, ուստի պարտավոր է տեղեկանալ նաեւ մարզային գրադարաններում մասնագիտական աշխատանքի իրավիճակին, նաեւ գնահատել կատարվածն ու չկատարվածը: Իհարկե, լավ է, երբ գրադարանի տնօրենը 10 գրքի հեղինակ է, նկարում է, եւ որ նրա աշխատանքներից մեկը "կախված է Քերոլայն Քոքսի տան ճաշասենյակում", սակայն վատ է, որ նրա ղեկավարած գրադարանի մեթոդամատենագիտական բաժինը չի աշխատում, չկա մատենագիտական, մեթոդական քարտարան, որեւէ գյուղական գրադարան այցելելու, մեթոդական աշխատանք կատարելու փաստաթուղթ, որը "զարդարեր" մեկ այլ բարոնուհու եթե ոչ ճաշասենյակը, այլ ասենք, աշխատասենյակը կամ ավելի շուտ` Հայաստանի պետական արխիվը: Շենքի ապակիների մի մասի փոխարեն պոլիէթիլենային թաղանթ էր, քարտարանների համար նախատեսված արկղերը ջարդված էին, վառելափայտի կույտերով շրջափակված էին գրապահարաններ, ինչը թույլ չէր տա մոտենալ դրանց, օգտվել գրքերից, մինչեւ գարունը չգա, վառելափայտը լրիվ չսպառվի: Թվում էր, թե քաղաքակրթությունն այս դռներից ներս չի մտել: Սաշա Հովսեփյանը Ազգային գրադարանի տնօրինությանը մեղադրում է "կանխամտածված առճակատումներ սարքելու" մեջ, երբ խոսք է ասվում, որ տնօրենը դժգոհ է գրադարանի որոշ աշխատակիցներից: "Հայաստանի ազգային գրադարանի նվիրած բրոշյուրներն ու գրքերը արժեքավո՞ր են" հարցը գրադարանի տնօրենին հնարավորություն է տվել անբնական դժգոհություն-ընդհանրացումների, որը նրան չի սազում: Միթե կարելի է հեգնել 2009թ. "Նորքի" համարները, որոնք սխալմամբ համարվել են 1999թ.: Միթե գրող-տնօրենը դրանցում չի տեսնում արդի գրական ընթացքը, հրապարակումների արդիականությունը: Եւ միթե գրադարանի խնդիրներից մեկը ընթերցողներին պարբերականներ հատկացնելը չէ: Մյուս կողմից` "լավ գիրք նվիրելու" խրատաբանությունը ի՞նչ կնշանակի: Լավի, թե վատի կարգում դասենք Հ. Բարսեղյանի "Հայերենի ուղղագրության հարցերը", Վ. Գեւորգյանի "Լեռնահայաստանի հերոսամարտը", "ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը", Մ. Օրմանյանի "Ծիսական բառարանը" եւ այլն: Թվարկելն իմաստ չունի, որովհետեւ գիրքը վատը չի լինում, որքան էլ "գրող" տնօրենը իրենը պնդի: Ինչ է, լավ գիրքը ե՞ւս պետք է առանձնացնել շատ նշանավոր մարդու խոհանոցի զարդարումով: Մեղա...
Տնօրենի պատասխանը "Հրապարակ" թերթում քայլ է՝ պաշտպանելու իր իսկ տնօրինած հիմնարկության ճգնաժամային իրավիճակը, իր "ես"-ը, իր գրողական եւ նկարիչ-ձեւավորողի... մեծությունը: Իսկ Տավուշի մարզային գրադարանի գործունեության ոչ հարցազրուցային ղեկավարո՞ւմը...

"Հոգեւոր հայրենիք" ամսաթերթ

ՀԱՋՈՐԴ ՎԵՐՋ