Ապրիլի 17-18-ը կայացան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին», իսկ լոնդոնյան «Չելսին»` կատալոնական «Բարսելոնին»: Երկու դեպքում էլ կար ընդգծված ֆավորիտ, եւ, բոլոր կանխատեսումների համաձայն, ֆավորիտներ էին համարվում իսպանական ակումբները: «Ռեալը» եւ «Բարսելոնը» ֆավորիտ էին համարվում, քանի որ դրանցում հանդես եկող ֆուտբոլիստները գտնվում են փայլուն մարզավիճակում եւ մինչ չարաբաստիկ կիսաեզրափակիչը ֆանտաստիկ խաղ էին ցուցադրում իրենց մասնակցությամբ բոլոր մրցաշարերում: Ինչ վերաբերում է տանտերերին` «Բավարիային» եւ «Չելսիին», ապա այստեղ պատկերը ճիշտ հակառակն է. երկու թիմերն էլ այս տարի ցուցադրում են միջինից ցածր խաղ եւ արդյունավետություն, իրենց առաջնություններում չունեն չեմպիոնության հավակնություններ («Բավարիան» ընթանում է 2-րդ տեղում, «Չելսին» պայքարում է 4-րդ տեղի համար): Այնուամենայնիվ, «Աուգսբուրգին» հազիվհազ հաղթող, «Մայնցի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղացող եւ Դորդմունդի «Բորուսիային» պարտվող «Բավարիան» 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»: Պատկերը գրեթե նույնն էր եւ հաջորդ օրը կայացած «Չելսի»-«Բարսելոնա» խաղում: Նեապոլի համեստ «Նապոլիին» հրաշքով հաղթահարած «Չելսին», առանց հիմնական մարզչի եւ բավական ծերացած կազմով (կազմի փոփոխման մասին բազմիցս խոսվել է), 1:0 հաշվով հաղթեց մինչ այդ օրը Չեմպիոնների լիգայի այս տարվա առաջնությունում ոչ մի պարտություն չունեցող, գործող չեմպիոն եւ երկրագնդի լավագույն ֆուտբոլային ակումբ համարվող «Բարսելոնին»: «Չելսին» հաղթում է «Բարսելոնին»՝ սեփական դարպասն անառիկ պահելով:
Այս երկու հանդիպումները լավ բեմադրված թատերական ներկայացում են հիշեցնում միայն, ուրիշ ոչինչ, ներկայացում, որից բուքմեյքերները եւ հավանաբար նաեւ պարտվող ակումբները միլիարդավոր դոլարներ վաստակեցին, ի դեպ, վերջիններս վաստակեցին` պարտվելով բավական հաշվենկատ եւ պրոֆեսիոնալ տարբերակով, պահպանելով ինտրիգը եւ ամենակարեւորը՝ եզրափակչի ուղեգիր ստանալու հնարավորությունը:
Նկատենք. երկու ֆավորիտներն էլ պարտվում են նվազագույն` մեկ գնդակի տարբերությամբ եւ, պարտվելով ամբողջությամբ, պահպանում են եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները: Այժմ եզրափակիչ դուրս գալու համար իսպանական գերակումբներին սեփական հարկի տակ երկու գնդակի առավելությամբ հաղթանակ է հարկավոր, ինչն իհարկե առանձնապես բարդ խնդիր չէ նրանց համար, հաշվի առնելով նրանց գերհզոր կազմերը, եւ եթե «մեծ ռեժիսորները» պատասխան խաղերի համար նույնպես ինչ-որ թատերական ներկայացում չեն պատրաստել, ապա հաջորդ շաբաթ ֆուտբոլասերներին գեղեցիկ եւ գոլառատ երկու հանդիպում է սպասվում, որտեղ իսպանական «գրանդ»-ները` «Ռեալը» եւ «Բարսելոնը», կփորձեն արդարացնել իրենց երկրպագուների վստահությունը եւ եզրափակչի ուղեգիր վաստակել:
Կարեն Սիմոնյան