«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի կալանավորումը թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ ամբողջ խմբագրակազմը երեկ որակեցին որպես «իշխանության վերնախավի, մասնավորապես ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի եւ լկտի հետապնդում»: Հիշեցնենք, որ Հայկ Գեւորգյանը երեկ առավոտյան, ժամը 11-ի սահմաններում, աշխատանքի գնալիս կալանավորվել է եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրօր. 242 հոդվածի 1-ին մասի (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) եւ 244-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից) հատկանիշներով:
Չնայած ոստիկանությունը շատ վարպետորեն բեմադրել է մի զավեշտալի վթարի դրվագ, ըստ որի՝ Հայկ Գեւորգյանը Մհեր Մկրտչյան փողոցում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն Փաշինյանը համոզված է, որ Հայկի կալանավորումը կապված է բացառապես նրա մասնագիտական՝ լրագրողական գործունեության հետ: Մասնավորապես «Հայկական ժամանակի» վերջին մի քանի համարներում ոստիկանապետին առնչվող հրապարակումների հետ: Փաշինյանի կարծիքով, ոստիկանապետը սրանով անձնական վրեժ է լուծում լրագրողից: «Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը եւ շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել, երբ սրտի կսկիծով երեկվա մեր համարում կարդացել է մեկ ուրիշ հրապարակում, որը վերաբերում էր ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի 150 հազար դոլարանոց նվերին՝ «G» դասի «Մերսեդես» ավտոմեքենային»,- ասաց Փաշինյանը: Նշենք նաեւ, որ մինչ այդ Հայկը հանդես էր եկել «Եվ Աստված ասաց՝ Վովա» ու մի քանի այլ հրապարակումներով, որոնք բոլորն էլ առնչվում էին ոստիկանապետին:
Վթարի մանրամասներն անգամ փաստում են այն մասին, որ կատարվածի ոստիկանական շարադրանքը եւ մեղադրանքը խիստ կասկածելի են: Փաշինյանի փոխանցմամբ, տուժողը՝ Աշոտ Ֆրանգուլյանը, մեկին (Փաշինյանն առայժմ չցանկացավ նշել, թե ում) պատմել է վթարի մանրամասները, նշելով, որ «մեքենան դիպչել է իր ոտքին, որի վրա ինքը ջիլ ունի, որ եթե այդ ջիլին մատով էլ կպնեն, ինքը վատանում է: Դրանից հետո գնացել է, նստել է մոտակա բորդյուրին, որից հետո գլուխը խփել է պատին»: Մինչդեռ, Փաշինյանի խոսքով, Հայկն իրենց հավաստիացրել է, որ իր մեքենայի եւ այդ մարդու միջեւ կոնտակտ չի եղել, այսինքն մեքենան որեւէ կերպ չի հարվածել, չի կպել այդ մարդուն: «Այսպիսի բան կարող էր բեմադրել միայն Վովա Գասպարյանի նման մարդը, որը, կարծում եմ՝ որոշակի առողջական պրոբլեմներ ու որոշակի կախվածություններ ունի: Եվ այս գործի շրջանակներում լավ կլինի նրան ենթարկել դատահոգեբուժական փորձաքննության: Այս կարգի ոստիկանության պետ ունենալը վտանգավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ ընդհանրապես ՀՀ-ի համար»,-զայրույթով նշեց Փաշինյանը: Դեպքից հետո՝ մի քանի օր անց, նախ ծանուցագիր է ուղարկվել Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անունով, քանի որ մեքենան գրանցված է վերջինիս անունով: Փաշինյանը կապվել է քննիչի հետ՝ դրա հետ կապված պարզաբանումներ ստանալու, նշել է, որ ծանուցագրում Աննայի կարգավիճակը հստակեցված չէ, եւ խնդրել է պատշաճ ծանուցում ուղարկել: Դրանից հետո ծանուցագիր է ուղարկվել Հայկ Գեւորգյանի անունով, ինչից հետո Հայկը եւս կապվել է քննիչի հետ եւ նորից խնդրել հստակեցնել իր կարգավիճակը, որից հետո մինչ երեկ՝ Հայկի անսպասելի կալանավորումը, որեւէ ձայն չի եղել ոստիկանության կողմից: Նշենք նաեւ, որ երեկ, ոստիկանության բաժանմունք տեղափոխելուց, ապա նաեւ կալանավորելուց հետո, Փաշինյանի խոսքով, Հայկին հնարավորություն չեն տվել զանգ կատարել, ինչպես նաեւ բավական երկար ժամանակ հարազատներին տեղյակ չի պահվել նրա գտնվելու վայրի մասին, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Կարդալ ամբողջությամբ