Partly Cloudy
21 °C

Մեր օրերի հերոսը

| ԼՐԱՀՈՍ

Վերջին օրերի հերոսը “Հանրապետություն” կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցն է, որը նախ իր անձնական նախաձեռնությամբ հանդիպեց պաշտպանության նախարարի հետ` բանակում զոհվածների մասին խոսելու նպատակով, հետո իր բլոգում նախարարի մասին դրական տպավորություններ գրեց, ապա քննադատությունների արժանացավ “Ֆեյսբուքում” եւ որոնց ի պատասխան հայտարարեց. “Չէ, հաստատ ինձ կկախեն, էս անգամ չեն խնայի…”: Թե ում են “Ֆեյսբուքում” կախել`  հայտնի չէ, բայց որ այս աժիոտաժն արհեստական է, ակնհայտ է:

Լրագրողի ճակատագիր

| ԼՐԱՀՈՍ

Երբ մարդը որոշում է իր կյանքը նվիրել լրագրությանը, նա ընտրություն է կատարում՝ ապրել նորմալ մարդկային կյանքով, ունենալ ընկերներ ու հարազատներ, ութժամյա աշխատանքային օր, ամենամյա արձակո՞ւրդ, թե՞ նվիրվել մի տաժանակիր ու անշնորհակալ աշխատանքի: Մի անհասկանալի “վամպիրի”, որը խժռում է ամբողջ ժամանակդ, նորմալ վաստակ չի ապահովում եւ քեզ դարձնում է իր հավերժական ստրուկը: Եթե դու իրապես ծառայում ես քո ընտրած մասնագիտությանը եւ առանց ժամ ու պատարագի լրագրող ես աշխատում, այսինքն՝ հասարակությանը տեղեկացնում ես այն ամենի մասին, ինչ կատարվում է երկրում ու քո շրջապատում, դու չես կարող ապրել այնպես, ինչպես բոլորը: Լրագրողի մասնագիտությունն ընտրած անձը պետք է հրաժարվի ընկերներ, ընտանիք, նորմավորված աշխատանքային օր, մարդկային նորմալ հարաբերություններ ու բարեկեցիկ առօրյա ունենալու մտադրությունից: Նա պետք է հասկանա, որ իր ընտանիքն առաջինն է տուժելու իր մասնագիտությունից: Պետք է գիտակցի, որ անձնական կյանքը շարունակ վտանգվելու է, քանզի ամենավճռական պահին ինքը կարող է զբաղված լինել կամ պարզապես չի կարողանալու լինել  իր կյանքի ընկերոջ կողքին: Նրա մտերիմները պետք է ըմբռնումով մոտենան նրա աշխատանքին, հասկանալով, որ լրագրողի հետ են կապել իրենց կյանքը: Իսկ դա նշանակում է ամենօրյա զրկանքներ, բաժանումներ, բոլոր ծանոթ-բարեկամների հետ հարաբերությունների խզում, քանի որ լրագրող կողակիցդ պարբերաբար “անցնելու” է նրանց վրայով: Լրագրող կին ունեցողները պետք է հասկանան, որ տաք ճաշ, մաքուր գուլպաներ ու տանն իրեն մշտապես սպասող կին ունենալը անիրականանալի երազանքների ոլորտից է: Իսկ լրագրող ամուսին ունեցողները պետք է հրաժարվեն օրը ցերեկով, խաղաղ պայմաններում ամուսնուն տեսնելու հեռանկարից:

Արդեն քցում ենք վարչապետի մակարդակով

| ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած ուրբաթ օրը համերգ է գնացել. Ժուռնալիստների միությունում գտնվող “Ավանգարդ ֆոլկ” ակումբում ներկա է գտնվել “Բամբիռ” խմբի համերգին: Բայց հետաքրքիրն այն է, որ մեծ շքախմբով համերգի ժամանած վարչապետի թիմը լավ ուտել-խմել-ուրախանալուց հետո հաշիվ չի փակել. հեռացել է՝ ակումբի աշխատողներին թողնելով շվարած վիճակում: Դե, Հայաստանում “քցելը” առօրեական երեւույթ է, բայց որ դա վարչապետի մակարդակով է կատարվում, շատ հետաքրքիր է:

Փոխվում եմ ես` փոխվում է ազգս

| ԼՐԱՀՈՍ

Էլեոնորա Մանանդյանի “Նոր Հայաստան” հասարակական կազմակերպությունը Կարապի լճի մոտ երեկ ֆլեշ-մոբ ակցիա էր կազմակերպել, որը կրում էր “Փոխվում եմ ես՝ փոխվում է ազգս” խորագիրը: Փոքրիկ դրոշների վրա գրված են մարդկային բնույթի դրական (պատասխանատվություն, արժանապատվություն, անձնազոհություն, հավատարմություն եւ այլն) եւ բացասական (հոռետեսություն, նյութապաշտություն, նախանձ, շահամոլություն եւ այլն) դրսեւորումների որակումները: Ամեն մեկը հողից հանել է բացասականը եւ այն փոխարինել դրականով: Ակցիայի մասնակից մոտ երկու տասնյակ երիտասարդները ներգրավել են նաեւ անցորդներին:

Գուցե այլ երկրներում էլ

| ԼՐԱՀՈՍ

Գուցե բոլոր երկրներում էլ նման իրադարձություններ կատարվում են: Եվ գուցե իրավացի է Վահան Շիրխանյանը, երբ ասում է, որ բոլոր պետությունների բանակներում էլ զոհեր են լինում, եւ պետք չէ “հիստերիայի” մեջ ընկնել մի յոթ զոհի կապակցությամբ: Սակայն, չգիտես ինչու, ես այլ բան չեմ կարողանում մտածել, քան այն, թե տեսնես Վահան Շիրխանյանի որդին ծառայե՞լ է բանակում, եւ եթե նրա մտերիմների ու հարազատների մեջ զոհեր լինեին, արդյո՞ք նա նույն կերպ կխոսեր: Գուցե ոչ մի արտառոց բան չկա այն բանում, որ երկու երիտասարդ աղջիկ մուտք են գործել 73-ամյա մի կնոջ բնակարան, կապկպել, ապա ծեծել նրան եւ տարել մոտ 400 հազար դրամ գումար եւ ոսկեղեն: Բայց ես կրկին չեմ կարողանում այլ բան մտածել, քան այն, թե այդ աղջիկներին տեսնես մա՞յր է ծնել, նրանք տատ, քույր, մայր ունե՞ն: Իսկ գուցե սրանք որբանոցո՞ւմ են մեծացել. մանկահասակ տարիքում սրանց փողոց են շպրտել, ու նրանք իրենց դառը մանկության մո՞ւռն են այս կնոջից հանել, նրան նույնացնելով իրենց փողոց շպրտած մոր հետ: Գուցե բոլոր երկրներում էլ պետական չինովնիկը՝ բնապահպանական տեսչության պետը եւ իր տեղակալը ստուգումներ են անցկացնում տարբեր կազմակերպություններում եւ ստուգումների արդյունքներն ամբողջությամբ ցույց չտալու համար, ինչպես մերոնք, մեծ գումար են պահանջում՝ 5 մլն. դրամի չափով: Գումարը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ներկայացուցիչները մշակման ենթարկելուց հետո տվել են տեսչապետին ու կաշառքը ձեռքին բռնել տվել: Բայց ես այնուամենայնիվ կրկին մտածում եմ՝ տեսնես այս տեսչապետն ու իր տեղակալն ինչքա՞ն աշխատավարձ էին ստանում, եւ արժե՞ր 5 միլիոնի համար գնալ այդ քայլին, 7 ու 10 տարվա ազատազրկման պատժի դատապարտվել եւ զրկվել պատիվ-հարգանքից:

Ամառն ու “մերոնց” հանգիստը

| ԼՐԱՀՈՍ

Արցախում կրկին շոգ օրեր են։ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի հայտնի որոշումից հետո, երբ Արցախի քաղաքական դաշտը կարծես թե արթնացավ տեւական քնից ու երկրի նախագահի բերանով ասաց, որ “ԼՂՀ վերջնական կարգավիճակը չի դիտարկում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում”, կրկին խոր քուն է մտել։ Եվ այս անգամ, կարծում ենք, քնելու համար բավականին հիմնավոր պատճառ ունի՝ սարսափելի շոգ է, ձուն դնես բաց պատշգամբին, ձվածեղ կդառնա։ Այս պայմաններում, երբ հրշեջ ավտոմեքենաները սուլելով պարբերաբար սուրում են բոլոր ուղղություններով, նույնիսկ սարսափելի է մտածել, թե ինչ կկատարվի, եթե, Աստված չանի, այսպիսի շոգին հայ չինովնիկը 10 րոպեով դուրս գա պաշտոնական թանկարժեք մեքենայից կամ, դարձյալ Աստված մի արասցե, հանկարծ փորձի մտածել երկրի կամ ժողովրդի մասին։ Կարդալ ամբողջությամբ

“Միս լողափ” մրցույթ քաղքապետարանի հովանավորությամբ

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Հարությունյան
| ԼՐԱՀՈՍ

2006 թվականից մինչ այժմ “Դը բեսթ” պրոդյուսերական կազմակերպությունն ամեն տարի իրականացնում է “Միսս լողափ” մրցույթը: Այս մրցույթն ամեն տարի կազմակերպվում էր Սեւանում, իսկ այս տարի պատրաստվում է կազմակերպել “Նաիրի տուր” տուրիստական ընկերությունը, բայց ոչ թե Սեւանում, այլ Ազովի ծովի ափին: Օգոստոսի 9-17-ը ընկերությունը պատրաստվում է Կրասնոդարի Եյսկ քաղաքում անցկացնել լողափ-փարթի-շոու ծրագիրը՝ մասնակցությամբ Հայաստանից եւ Կրասնոդարից ընտրված մոտ 20 գեղեցկուհիների: Ծրագրին մասնակցում են նաեւ երգիչ-երգչուհիներ հայկական շոու-բիզնեսից՝ Լիլուն, Արսեն Սաֆարյանը, Լիանան, Ջուսը եւ ուրիշներ: Շոուն վարելու են Սամվել Գրիգորյանը եւ Լյուդմիլա Թաթարեւան՝ Ռուսաստանից: Կարդալ ամբողջությամբ

Երկիրն ու ժողովուրդը

| ԼՐԱՀՈՍ

Շոգ ամառ է: Քննություններն ավարտվեցին, արձակուրդների ամենաթեժ սեզոնն է: Քաղաքական կյանքում հարաբերական անդորր է. կառավարությունն իր կառույցներով ձեւ է անում, թե աշխատում է: Ներիշխանական թեթեւ գզվռտոցները շարունակվում են: Անգամ հայ-թուրքական ու ղարաբաղյան թեման է երկրորդ պլան մղվել: Մի տեսակ կյանքը դանդաղ ծորում է՝ շոգից հալված պաղպաղակի նման: Պրոցեսները կարծես խորքային են դարձել, եւ առաջին հայացքից նկատելի չէ, թե ինչով է զբաղված երկիրն ու իր ժողովուրդը: Երկիրը կարծես հոգնել է բուռն իրադարձություններից. հանդարտ վիճակ է ուզում՝ առանց բուռն կրքերի ու ցնցող իրադարձությունների: Ժողովուրդն էլ է հանգիստ ուզում՝ եթե ոչ ամառային շքեղ հանգստի, ապա գոնե մահերից ու ցնցումներից զերծ կյանքի ձեւով: Եվ միայն որոշ կուսակցություններ են փորձում ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ տանել. մարզերով են շրջում, հանդիպում ժողովրդի հետ, խոստումներ տալիս, գրասենյակներ բացում: Այսպես ասած, պատրաստվում են առաջիկա զարգացումներին: Հետաքրքիրն այն է, որ քաղաքական դեմքերն ու կառույցները սկսել են դեմքով շրջվել դեպի մարզեր: Կամ Երեւանում ամեն ինչ պարզ է եւ նոր ձայներ ստանալու հավանականություն գրեթե չկա: Կամ Երեւանը թողել են վերջին փուլում: Ասում են նաեւ՝ որոշ պատգամավորացուներ արդեն սկսել են ընտրատարածքներն իրար մեջ վերաբաշխել: Կարծիք կա, որ հիմա հաջորդ խորհրդարանի կազմը գրելու իսկը ժամանակն է: Խելոք մարդիկ, անշուշտ, հույսեր չեն կապի ոչ այդ հաջորդի, ոչ նրա նոր կազմի հետ: Բայց երկիրը կաշխուժանա, փողոցներ կասֆալտապատեն, պարտքեր կներվեն, օգնություններ կբաշխվեն: Այնպես որ, հասարակ ժողովուրդն էլ մի կարճ շրջան գործոն կդառնա: Խորհրդարան չի ձեւավորի, բայց իրեն երկրի քաղաքացի կզգա:

Էլ ով դիմանար…

| ԼՐԱՀՈՍ

Շքեղությունը դատապարտող վարչապետը կառավարության երեկվա նիստում որոշել է Արարատի ու Արագածոտնի մարզպետներին հատկացնել 12-ական միլիոն դրամ՝  նոր ծառայողական մեքենա ձեռք բերելու համար: Իհարկե, մարզպետները մինչ օրս ոտքով չեն շրջել կամ էլ հասարակական տրանսպորտով, բայց 1995-96 թվերի “Մեսեդես-Բենց C-280″-ը մեր մարզպետներին վայել չէ: Մեկ այլ որոշմամբ 65,5 միլիոն դրամ է հատկացվել Euronews հեռուստաալիքին՝ Տաթեւի ճոպանուղու PR-ն անելու համար:  Ճոպանուղու բացումը կայանալու է հոկտեմբերի 16-ին: Նույնիսկ ճոպանուղու մերձակայքը բարեկարգելու մասին են մտածել՝ 32 միլիոն դրամ տրամադրվել է Հալիձոր ու Շինուհայր գյուղերի բարեկարգմանը:

Բերդի տարածաշրջանը դատարկվում է

| ԼՐԱՀՈՍ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության ներկայացրած տվյալների համաձայն` 2010թ. հունվար-հունիս  ամիսներին մարզում գրանցվել են 784 ծնունդ եւ 771 մահ, բնական աճը կազմել է +13:  Բացասական ցուցանիշ է գրանցվել մեխանիկական շարժի արդյունքում` -24: Այսպես, նույն ժամանակահատվածում մարզ եկողների թիվը եղել է 309, մեկնողներինը՝ 24-ով ավելի շատ (333): Բնական եւ մեխանիկական շարժերի արդյունքում մարզում բնակչության թիվը նվազել է 11 մարդով: Հուլիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզում բնակվում է 134 հազար 708 մարդ: Ամենամեծ ժողովրդագրական աճը, ինչպես վերջին մի քանի կիսամյակներում, ունեցել է Իջեւանի տարածաշրջանը` +89: Դա հիմնականում կապված է ծնելիության աճի հետ: Բնականաբար, մարզկենտրոնում որոշակի շարժ միշտ էլ եղել է: Բնակչության թվի նվազման տեմպը շարունակվում է Բերդի տարածաշրջանում: Այստեղ գրանցվել է ամենավատ ցուցանիշը: Տարածաշրջանում բնական շարժը -81 է, մեխանիկականը` -31: Փաստորեն, Բերդի տարածաշրջանում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի է ունեցել բնակչության թվի նվազում 112 մարդով:

Գ.Ա.