Partly Cloudy
21 °C

Հավատի դեֆիցիտ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Նորից արթնացան իշխանական սոցիոլոգներն ու քաղաքագետները: Սկսվել է ժողովրդի ուղեղների լվացման հերթական փուլը: Ամենաակտիվն անշուշտ հայտնի Ահարոնն է՝ Ադիբեկյան: Որ համոզիչ ու անհաղորդ ձայնով «ճշմարտանման» թվեր է հրապարակում՝ հուսալով, որ ազդեցություն կունենա: Մարդը դրանով է հաց վաստակում՝ պետք չէ մեղադրել: Ակումբից ակումբ շրջող ասուլիսների կարոտախտ ունեցող անձինք էլ են գործի անցել: Դե, եւ ակումբներն են շատացել: Եվ ակումբավարների ֆանտազիան էլ հրապարակում եղած մարդկանցից այն կողմ չի անցնում: Իշխանությունն էլ այս ասող-խոսողներին գործուղում է ասել-խոսելու: Թե ինչ կխոսեն, այնքան էլ կարեւոր չէ: Ամեն մեկը մի դերակատարում ունի՝ մի մեսիջ, մի թիվ, մի ներշնչում հանրությանը փոխանցելու առաքելություն: Իշխանական «փիառշչիկները» քարոզչության իրենց կոնցեպտն ունեն: Քանի դեռ քվեարկության պահը չի եկել, կլվանան մարդկանց ուղեղները, իսկ եթե արդյունք չտա՝ կեղծելը կա ու կա: Բայց հասարակությունն այլեւս առաջվանը չէ, եւ տարեցտարի հին տեխնոլոգիաներով իշխանություն պահելն ավելի ու ավելի է դժվարանում: Ահարոնադիբեկյանների ռեսուրսն էլ է մաշվում: Մի 10 տարի առաջ նրա հրապարակած թվերին դեռ հավատում էին, բայց հիմա, ինչքան էլ «Հայլուրով» պտտեցնեն, հավատացողները նվազել են: Մարդիկ ավելի շատ հավատում են իրենց հարեւանին-բարեկամին, «դեղին մամուլին», «Ֆեյսբուքում» կարդացածին, քան հեռուստաէկրանից լսածին: Մանավանդ էկրանը վարկաբեկում է այնտեղ հաճախ հայտնվողներին: Եվ չվարկաբեկված անձի հեղինակության վրա հույս դնելն էլ ճիշտ չէ: Մի խոսքով՝ կեղծ «փիառի» ժամանակներն անցել են: Մարդիկ անկեղծ ու ազնիվ խոսք են ուզում լսել: Իրական թվեր ու փաստեր: Հոգնել են «մուտիլովկեքից»:

 

Ոստիկանները նոր համազգեստ են ունենալու

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ոստիկանները նոր համազգեստ են ունենալու: Մեջտեղում հենց այդ համազգեստի նմուշն է: Շուրջբոլորը տարբեր երկրների ոստիկանների համազգեստներ են, որոնք ակնհայտորեն ավելի գեղեցիկ են ու ակնահաճո: Դժվար է ասել, թե որտեղից են վերցրել մերոնք այս մոդելը, եւ ով է դրա հեղինակը, բայց եթե անգամ այս համակրելի տղայի հագին է այն անհեթեթ նայվում, ապա պատկերացրեք՝ եթե այդպես հագնվեն մեր մեծափոր ու կարճ ոստիկանները, ինչ զավեշտալի տեսարանի ականատես կլինենք:

Հանրային շահը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Երբ պետական գործիչը վախենում է շփվել մարդկանց հետ, որոնք իրեն ընտրել են, վատ է: Օրեր շարունակ Մաշտոցի այգում լուսացնող երիտասարդներն այս երկրի քաղաքացիներն են, մայրաքաղաքի բնակիչներ, որոնց դժվար է որեւէ պիտակ կպցնելն ու շահախնդրության մեջ մեղադրելը: Օրեր շարունակ նրանք մի բան են պահանջում. Տարոն Մարգարյան, դուրս արի քո ապարանքից ու համոզիր մեզ, որ մենք սխալ ենք: Ապացուցիր, որ քո ծրագիրն ավելի օգտակար է Երեւանին, քան մեր առաջարկածը: Բայց ժողովրդի «ծոցից» ելած (այդպես են, չէ՞, ասում նրա մասին) Տարոն Մարգարյանն այդպես էլ չբարեհաճեց գալ այգի ու երես առ երես հանդիպել նրանց հետ: Նա գերադասեց թաքնվել ոստիկանների թիկունքում եւ բավարարվեց իր ենթակաների գրած տեքստը տարածելով, որտեղ հերթական խոստումները հնչեցին ու հավաստիացումներն արվեցին: Անհամոզիչ ու կեղծ: Ի՞նչ է ասում պարոն քաղաքապետը: «Առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որեւէ զարգացում»,- ասում է նա: Իսկ ինչո՞ւ պետք է ոմանց սեփականության իրավունքը գերակա լինի հանրային շահին ու հասարակական պահանջին: Տարիներ շարունակ մենք՝ երեւանցիներս, զիջել ենք այդ չարաբաստիկ սեփականության իրավունքի առաջ, հանրային օգտագործման տարածքները «մատաղ արել» ոմանց որկորին: Հիշո՞ւմ եք, Մաշտոցի 7 հասցեի դիմաց մի հրաշալի պուրակ կար: Իբր Ժամանակակից արվեստի թանգարանն ընդարձակելու անվան տակ, Հենրիկ Իգիթյանի թեթեւ ձեռքով, այն զիջեցինք, եւ պարզվեց՝ ի՜նչ թանգարան, այստեղ խանութների շարք է լինելու: Հիմա էլ Մաշտոցի պուրակն են ոչնչացնում, եւ դրա համար «դոշ» տվողներից մեկը Հենրիկ Իգիթյանի եղբայրն է՝ Լեւոն Իգիթյանը, որը Երեւանի ավագանու անդամ է: Փաստորեն, մեզանում հանրային շահը ոտնահարողների կլաններ են ձեւավորվել:

Իրար «վատություն» չեն անում՝ մեր հաշվին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Այգու համար պայքարը շարունակվում է, նորանոր մարդիկ են միանում այս շարժմանը: Երեկ Հայ ազգային կոնգրեսն է ողջունել բնապահպանների շարժումը, իսկ պայքարի մարտիկները որոշել են անուն առ անուն ցուցակագրել իրենց միացող մտավորականներին՝ յուրօրինակ «մարդահամար» անցկացնել: Ուշագրավ մի փաստ եւս. երեկ մեզ հետ զրույցում տարածքի սեփականատերերից մեկը կեսբերան խոստովանեց, որ կարող էին հրաժարվել իրենց տրամադրված տարածքից, բայց դա «վատություն կլինի Տարոնի հանդեպ»: Տարոնն էլ երեւի նույնն է մտածում՝ սեփականատերերին վատություն չանի: Ու այսպես իրար «վատություն» չեն անում՝ մեր հաշվին:

Ճիշտը զիջելն է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Արդյո՞ք Մաշտոցի պուրակում ծավալվող իրադարձությունները 1988-ի բնապահպանական պայքարի ճակատագիրը կունենան եւ դանդաղորեն կվերածվեն քաղաքական շարժման: Այս հարցն է այսօր պտտվում շատերի գլխում՝ ոմանց սարսափեցնելով, մյուսներին՝ հրճվանք պատճառելով: Իշխանության մեջ գտնվողներն անշուշտ մտածում են պայքարի այս առայժմ լոկալ օջախը մարելու, իսկ ընդդիմությունը՝ այս կայծը հեղափոխական բոցի վերածելու մասին: Ո՞վ ավելի ճկուն կլինի եւ նպատակասլաց, ո՞վ կկարողանա ճիշտ կողմնորոշվել եւ արագ արձագանքել իրադարձություններին, դժվար է ասել: Առայժմ, իհարկե, ուժերը խիստ անհավասար են, բայց արդյո՞ք այսօրվա իշխանությունն ավելի հզոր է, քան 88-ի սովետական պոլիտբյուրոն՝ իր պետական հսկա մամլիչով: Մանավանդ, դատելով իշխանության քայլերից, չի երեւում ոչ ճկունություն, ոչ արագ կողմնորոշվելու ու արձագանքելու ցանկություն: Իրենց ուժը գիտակցած բնապահպանների դեմն առնելն այլեւս դժվար է լինելու. մի կողմից Երեւանի աղավաղված նկարագրի հարցում մեր բոլորիս համբերության բաժակը լցվել է: Մյուս կողմից՝ մեր աչքի առաջ թափ հավաքող շարժումն ազնիվ է, արդար ու հաղթանակի արժանի: Դրան գումարենք նաեւ այն, որ իշխանությունը կարծես թե զիջելու, կոմպրոմիսի գնալու փորձեր չի անում: Իշխանական կուլիսներում սա բացատրում են այսպես. եթե զիջենք, հիմա էլ «բուտիկների» տերերն են «միտինգ» անելու: Դժվար է հավատալ, որ օլիգարխները դուրս կգան փողոց, ուստի հասկանալի է, որ այս պարագայում «միտինգն» այլ կերպ է արտահայտվելու: Ասենք՝ ընտրությունների սաբոտաժով կամ հակաիշխանական դիվերսիաներով: Թվում է՝ դժվար ընտրության առաջ է կանգնած իշխանությունը, բայց երիտասարդ ակտիվիստներին զիջել, այս պարագայում նշանակում է պահպանել Երեւանը:

Մենուա Հարությունյանը որոշել է մեր ժամանակների «հակահերոսը» դառնալ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը որոշել է մեր ժամանակների «հակահերոսը» դառնալ. օրեր առաջ նրա հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայկ Գեւորգյանին ձերբակալած Վովա Գասպարյանի, երեկ էլ՝ ընդդեմ բնապահպանների, որոնք, իր կարծիքով, «փորձում են արդարացնել իրենց ստացած գրանտները», ցնցել են ինտերնետ-հանրությանը: Ինչ վերաբերում է այն դերասաններին եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին իրենց զորակցությունը հայտնելու պայքարողներին, ապա, ըստ Մենուայի, «նրանց տված վնասն ավելի շատ է այս երկրին, մեր երեխաներին ու գալիք սերունդներին, քան եթե նույնիսկ այդ երկու ծառը կտրեն: Իմ մոտ տպավորություն է, որ վերջին շրջանում առավել հաճախ ու առավել բարձր բարոյականության մասին խոսում են անբարոյականները»:

Հպանցիկ պատասխան գավառական քննադատին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

«Հրապարակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում կարդացի Նորայր Ղազարյանի պատասխանը «Գրական թերթում» տպագրվող իմ «Անդրադարձին»:

Զարմացա. մի՞թե սա այն Նորայր Ղազարյանն է, որ աստվածացումի ու պանծացման հանապազ խոսքերով այս էլ քանի տարի փորձում էր առնչվել ակադեմիկոս Սարինյանին:

Զարմացա ու նաեւ անակնկալի չեկա. ինքնագիտակցության կորուստը հավանաբար մթագնել է քննադատի բանականությունը, ու նա ասպարեզ է իջել` հաստատապես ոչ այնքան ակադեմիկոսին «խոսք ասելու», որքան որ իր մասնագիտական արժանապատվությունը  փրկելու: Կարդալ ամբողջությամբ

Փոխել դիմագիծը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

90-ականներին, ԱԺ ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի իշխանությունը փորձում էր կարգավորել օրենսդիր մարմնի որակը, եւ որոշ մականունավորների ու գողականների թույլ չէին տալիս մտնել խորհրդարան: Մի մասին ուղղակի ասում էին՝ թեկնածությունդ չդնես, մյուսներին նստեցնում էին ինքնաթիռ ու մի քանի ամսով ուղարկում Ռուսաստան: Ոմանց փաստաթղթերի մեջ անճշտություններ էին գտնում կամ որեւէ այլ օրինական հիմքով խոչընդոտներ ստեղծում: Սրանք հայտնի փաստեր են: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին այդ պրակտիկան վերացվեց: Հակառակը՝ կանաչ լույս վառեցին բոլոր փողատերերի ու հեղինակությունների առաջ: Սրանք պետք էին իշխանությանը, իսկ իշխանությունը պետք էր նրանց, եւ փոխշահավետ համագործակցությունը ծաղկեց: Անցան տարիներ: Փոխվեց խորհրդարանի դեմքը: ԱԺ հեղինակությունը գրեթե հավասարվեց զրոյի: Օրենսդիր աշխատանքի որակը ոչ միայն ընկավ, այլեւ այդ աշխատանքը սկսեցին կազմակերպել խորհրդարանի պատերից դուրս՝ կառավարության, տարբեր փորձագետների ուժերով: Սկզբում իշխանությունը էյֆորիայի մեջ էր՝ օրենք անցկացնելու դժվարություններ չկային, պատգամավորների ներուժը լիուլի օգտագործում էին հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ: Բայց դա երկար չտեւեց. ոչ միայն մեր հասարակությունը սկսեց դժգոհել ու ընդվզել, այլեւ միջազգային հանրությունը: Աշխարհի բոլոր երկրներում պառլամենտը քաղաքական մարմին է, որտեղ մականունավորների մուտքն արգելված է: Եվ իշխանությունը հիմա փորձում է վերականգնել 90-ականներին կիրառվող ավանդույթները, որ փոխի խորհրդարանի դիմագիծը: Բայց եթե 95-ին կային Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը, որոնք կարգավորում էին այդ հարցերը, հիմա նրանք չկան: Եվ ուժային մեթոդներով հարցեր լուծելը խիստ բարդացել է:

Արաղ եւ ԱԺ ձերդ կոալիցիոն մեծամասնություն

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

ՊԱՊՍ ԱՍՈՒՄ ԷՐ…

Տիգրան Սարգսյանն աստիճանաբար մեծացնում է իր ազդեցությունը կառավարության վրա: Նրա, իսկ ավելի ճիշտ` նրա պապի պատգամներին սկսել են հետեւել նույնիսկ ՀՀ արտգործնախարարության առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ժամանակ հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի  Ասիայի, Օվկիանիայի եւ ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Կարդալ ամբողջությամբ

Գագիկ Մելիքյանը հերքում է մեր տեսածը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Երեկ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քննարկվում է Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորների` այլոց փոխարեն քվեարկելու մասին հաղորդումը: Նշենք, որ Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը դիմել էր ՀՔԾ-ին, պահանջելով քրեական գործ հարուցել  «ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի եւ Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման եւ ուրիշի փոխարեն քվեարկելու համար»:

Պատգամավոր Գագիկ Մելիքյանը հերքում է, թե ինքը քվեարկել է մյուսների փոխարեն: Կարդալ ամբողջությամբ