Partly Cloudy
21 °C

Պարզ առեւտուր

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Ինչպե՞ս կարելի է մի կողմից ամեն ինչ ծառայեցնել ընտրություններին՝ ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը, ասֆալտի ու բարեգործության, խոստումների ու հռետորական շնորհքի ողջ պաշարը, մյուս կողմից այդքան ոտնակոխ անել ընտրական գործընթացը՝ չթողնելով, որ մարդու տված քվեն տեղ հասնի, եւ հասարակությունն իշխանություն ձեւավորի: Երբեմն այն ջանքերը, որ գործադրվում են հանուն պատգամավորական մանդատի, ուղղակի զզվանք են առաջացնում: Երեկ Երեւանի քաղաքապետը հապճեպ փոխեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Գագիկ Գյանջումյանին. նրան փոխարինեցին Արա Սադոյանով: Վերջինս հայտնի է միայն նրանով, որ Կենտրոնից ընտրված ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որն էլ հայտնի է նրանով, որ պատրաստվում է կրկին առաջադրվել Կենտրոն համայնքի թիվ 9 ընտրատարածքում: Երբ թաղապետը հարազատ եղբայրդ է, ընտրվելու հավանականությունը մեծանում է, քանզի տվյալ համայնքի բնակչության վրա ճնշում գործադրելու հնարավորությունն է մեծանում: Երեկ արդեն Կենտրոն համայնքում ժրաջանորեն ընթանում էին ձյան մաքրման աշխատանքները: Հասկանալի է, որ ժամանակը կարճ է, եւ վարչական շրջանի ղեկավարը պետք է հասցնի ներկայանալ համայնքին, որ հետո խնդրելու-համոզելու-ճնշելու տեղ ունենա: Եվ պատահական չէ, որ մարդիկ էլ են հասկացել՝ նախընտրական շրջանում ձգտում են լուծել այն բոլոր խնդիրները, որոնք կախված են չինովնիկներից: Գրեթե ամեն օր լսում եմ՝ «էս երկու ամսում հարցս լուծեցի՝ լուծեցի, թե չէ ընդհանրապես չի լուծվի», ասում են մարդիկ ու ծեծում չինովնիկների դռները՝ «հարց լուծելու» դիմաց առաջարկելով իրենց ընտրական ծառայությունները: Դրա մեջ կարող են մտնել իր ու հարազատների ձայները, թաղում քարոզչություն անելը, վստահված անձ աշխատելը եւ այլն: Մի խոսքով՝ պարզ առեւտուր է գնում:

Ադիբեկյանի հացը «խլել» են

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Սոցիոլոգները որոշել են «խլել» Ահարոն Ադիբեկյանի հացը: Երեկ Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնը բավական կասկածելի թվեր է հրապարակել: 720 մարդկանց շրջանում արված հարցման արդյունքներով, «Ո՞ր կուսակցությանն եք տալու ձեր ձայնը» հարցին 26 %-ը պատասխանել է՝ ՀՀԿ-ին, 21 %-ը՝ ԲՀԿ-ին, 14 %-ը՝ ՕԵԿ-ին, 11 %-ը՝ ՀԱԿ-ին եւ 9 %-ը՝ ՀՅԴ-ին: Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե ով է կանգնած այս հարցման ետեւում, թեեւ արդյունքներից կարելի է որոշ եզրահանգումներ անել: Ի դեպ, անգամ նման հարցման մասնակիցների գերակշռող մասը՝ 38 %-ը, տեղեկատվության առավել վստահելի աղբյուր համարում է տպագիր մամուլը: Իսկ միլիոնանոց լսարան ունեցող հեռուստատեսությանը ընդամենը 10 %-ն է վստահում:

Ձյունը իր երգն է երգում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Ձյուն է գալիս: Այս բացականչության մեջ մեկն ուրախություն է դնում, մյուսը՝ սարսափ, երրորդը՝ հոգս: Այս սպիտակ գեղեցկությունը, որ մի քանի ժամում պատեց ամբողջ Հայաստան աշխարհը, մեզնից ոմանց ռոմանտիկայի ու մանկության գիրկը տարավ, մյուսներին լրացուցիչ դժվարություններ բերեց: Ահա 30-ամյա հասուն տղաները, ձնագնդիներն առած, ընկել են աղջիկների ետեւից: Իսկ խանութի տարեց աշխատողները բակում ձնեմարդ են պատրաստում: Բայց այս ձյունը միայն հրճվանք չի բերել, այլ նաեւ խնդիրներ. տրանսպորտ գտնելը, աշխատանքի հասնելը բարդացել է: Նրանք, ովքեր հնարավորություն ունեին, երեկ մնացին տանը: Մյուսները ստիպված էին դուրս գալ եւ հաղթահարել բնության ստեղծած դժվարությունները: Իսկ եթե ձյունը երկարի՞: Պատկերացնո՞ւմ եք ինչքան կարող է բարդանալ մեր կյանքը, եւ ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ: Ես սարսափով մտաբերում եմ անլույս, անգազ, անջուր տարիները: Այդքան ուժ կգտնե՞նք մեր մեջ՝ հաղթահարելու հանկարծահաս դժվարությունները, ինչպես անում էինք պատերազմի տարիներին: Իսկ ի՞նչ է փոխվել այդ տարիների համեմատ. մենք ավելի ուժեղ ու հզո՞ր ենք դարձել, ավելի պատրաստվա՞ծ բնության եւ ճակատագրի հարվածներին: Թերեւս բնությունն ու ճակատագիրն են ավելի խնայող եղել այս բոլոր տարիներին: Եվ ինչքան ուզում է Կամո Արեյանը խրոխտ ձայնով հայտարարի, որ քաղաքը մաքրվում է, վիճակը կառավարելի է քաղաքապետարանի կողմից, եւ ոչ մի ճանապարհ մայրաքաղաքում փակ չէ, մենք հո գիտե՞նք, որ այդպես չէ: Ավելին՝ երեկ բոլորի գլխում նույն հարցն էր պտտվում. եթե ձյունն այս ռիթմով մի քանի օր տեղա, հանրապետությունում կյանքը կանգ կառնի, կաթվածահար կլինի, անգամ կենսական անհրաժեշտության իրերի ու ծառայությունների դեֆիցիտ կարող է առաջանալ: Հուսանք բանը դրան չի հասնի:

Ոչ մի մաքրող տեխնիկա

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ ի վիճակի չէ իր պարտականությունները կատարել: Եթե կենտրոնական փողոցներում մի քանի մաքրող մեքենա ցուցադրաբար շրջում էին, ապա քաղաքի բարձրադիր գոտիներում կատաստրոֆիկ վիճակ էր: Նորքի 5, 6, 7, 8, 9-րդ զանգվածները կարծես անմարդաբնակ տարածք լինեին, եւ ճանապարհներն անցանելի դարձան միայն այն բանից հետո, երբ մեքենաների շարժ սկսվեց, եւ որոշ չափով ձյունը տեղի տվեց: Սակայն կեսօրից հետո վիճակը կրկին վատթարացավ: Ոչ մաքրող տեխնիկա, ոչ էլ ոստիկանական ուժ այդպես էլ չերեւաց մայրաքաղաքի այս հատվածներում:

Անհամաձայնություն ՀԱԿ-ում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

ՀԱԿ կազմի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության՝ օրերս արած աղմկոտ հայտարարություն-կոչը՝ ուղղված ռուսաստանաբնակ հայազգիներին, որ քվեարկեն Պուտինի օգտին, ըստ լուրերի, ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին նախարար Գուրգեն Եղիազարյանի գաղափարն է: Ասում են՝ վերջինիս այդ մտահղացումը տվել կամ, ավելի ճիշտ, պարտադրել են ՌԴ որոշ շրջանակներ: Հայտնի է, որ Կոնգրեսը հայտարարեց, որ չի կիսում հայտարարության պատասխանատվությունը: Ըստ լուրերի, Կոնգրեսում լավ զայրացել են Լյուդմիլա Սարգսյանի «ինքնագործունեության» վրա եւ մի քիչ էլ նեղել ՍԴՀԿ-ականներին: Մանրամասները կարդացեք «Հրապարակ» օրաթերթի` փետրվարի 11-ի համարում:

Հասունանում ենք

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ մի սարսափելի բան է եղել որ՝ տեսա՜ր դու. մի քանի պատգամավոր քվեարկել են մյուսների փոխարեն: Դրանք ի վերջո այն մարդիկ են, ովքեր կարող են բառերի փոխարեն բռունցքներով բացատրվել հասարակական վայրում, հենց նիստի ժամանակ իրար «հայվան» անվանել, ամիսներով խորհրդարան չգալ եւ կեղծ բժշկի թղթեր ներկայացնել, հինգ տարի խորհրդարանում նստել եւ ծպտուն չհանել: Շարքը կարող եք ինքներդ շարունակել: Այս որակի պառլամենտականների համար ձեռքը մի թեթեւ երկարացնելն ու հարեւանի կոճակը սեղմելն արդյո՞ք այնքան աննախադեպ բան է, որ այսպիսի աղմուկ է բարձրացել: Այս ամենի մեջ մի լավ բան կա՝ լրագրողական «աչքն» ամենահաս է դարձել եւ արձանագրում է ամեն ինչ: Իսկ ինտերնետը լրացնում է հեռուստատեսությունների անազատության բացը: Ինձ նաեւ ոգեւորեց այն եռանդն ու մերժողականությունը, որ դրսեւորում էին մարդիկ՝ ի տես այդ կադրերի: Սոցիալական ցանցերում ողջ օրը քննարկվող թեման դա էր: Հասարակության հասունացումը ժամ առ ժամ նկատելի է: Մնում է, որ այս մերժումը միս ու արյուն ստանա: Այսինքն մարդիկ, ովքեր վրդովված են այս կեղծ քվեարկություններից, հիշեն, որ, ասենք, այդ անողներից մեկը Հերմինե Նաղդալյանն էր, եւ նրան ձայն չտան: Ես կառաջարկեի, որ յուրաքանչյուր ընտրող իր համար մի քանի կարեւոր սկզբունք մշակեր եւ քվեարկելիս առաջնորդվեր դրանցով: Մեկի համար դա կարող է լինել, ասենք՝ ճամբարափոխ եղած մարդկանց ձայն չտալը: Մյուսի համար՝ որեւէ սկանդալային պատմության մեջ տվյալ անձի հիշատակված լինելը: Երրորդի համար՝ ընտրակաշառք բաժանելու փաստը եւ այլն: Ի վերջո, պետք է կապ հաստատվի հասարակության եւ ընտրությունների, մարդկանց կարծիքի եւ տվյալ գործչի վարքի, հասարակական վերաբերմունքի եւ պատգամավորության թեկնածուի անցյալի միջեւ:

Հանրահավաք Հրազդանում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Երեկ Հրազդանում կայացել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական հավաքը, որի ժամանակ, չնայած ցրտին ու ձյանը, բավական մեծ թվով մարդիկ են մասնակցել: Փետրվարի 12-ին կայանալիք ընտրությունները վճռական են լինելու հատկապես ընդդիմադիր ՀԱԿ-ի համար: Եթե նրա «ծանր հրետանին»՝ Սասունը, Հրազդանում հաղթանակ տանի, ապա խորհրդարանական ընտրություններում հաջողությունն ապահովված է: Դա է պատճառը, որ Հայ ազգային կոնգրեսը բոլոր ուժերը կենտրոնացրել է Հրազդանի վրա:

Փորձությունից՝ ուժեղացած

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Ընտրությունները փորձություն են բոլորիս համար՝ իշխանության, ընդդիմության, ընտրական հանձնաժողովների անդամների, լրագրողների, ընդհանրապես՝ հասարակության: Նա, ով այս փորձությունից պատվով դուրս կգա, չի կորցնի իր դեմքը, փառք ու պատիվ նրան: Կկարողանա՞ իշխանությունը ձեռնպահ մնալ կեղծիքներ անելու գայթակղությունից, երբ նման հարուստ փորձ ու մեխանիզմներ կան ձեւավորված: Կհանդգնե՞ն արդյոք ընտրական հանձնաժողովների անդամները դիմադրել կեղծիքներ անելու պահանջներին եւ հրաժարվել փող աշխատելու այդ պղտոր ու մեկանգամյա հնարավորությունից: Կկարողանա՞ արդյոք ընդդիմությունն արժանապատիվ պայքար ծավալել՝ ոչ թե հիստերիկ ճղճղոցների, այլ կազմակերպված ու կուռ համակարգի միջոցով: Դժվար է ասել: Երեկ իմ կողմից խիստ հարգելի մի անձնավորություն հետաքրքիր դիտարկում արեց Հայ ազգային կոնգրեսի մասին: Ասաց՝ սա փողոցային պայքարի համար ստեղծված համակարգ է, ընտրությունները սրա համար նույնն են, ինչպես գետնախորշում ապրող վիշապին լույս ցույց տաս: Չի բացառվում, որ «լույսից» նրա բոլոր զգայարաններն ու ամբողջ համակարգը քայքայվեն: Իսկ դա նշանակում է, որ առնվազն 7-8-10 տարի մենք չենք ունենա կազմակերպված ընդդիմադիր ուժ: Այո՝ հոդվածներ կգրենք, ելույթներ կունենանք, բայց որեւէ ուժ, որը համախմբի հասարակության դժգոհ հատվածին, առաջնորդի, ցույց տա իր անելիքը, ստիպի իշխանությանը հաշվի նստել իր հետ՝ չի լինի: Եվ իսկապես. եթե ետ նայենք, ապա մինչ 2007 թիվը Հայաստանը չուներ համախմբված ընդդիմություն, եւ ՀԱԿ-ի ստեղծումը, որի տանիքի տակ հավաքվեցին մեծ թվով մարդիկ, եւ հասարակությունն էլ ի դեմս նրա տեսավ պայքարի առաջամարտիկի, մեր իրականության մեջ աննախադեպ էր: Հուսանք ընտրությունների «լույսը» ոչ թե կքայքայի, այլ ավելի կուժեղացնի նրան:

Մեդալներ լրագրողներին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Մեդալներ բաշխելու հիվանդությունը պաշտպանության նախարարություն էլ հասավ: Երեկ Սեյրան Օհանյանը մեդալներ է տվել մի շարք լրագրողների` ՊՆ 20-ամյակի առիթով: ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանից մեր թղթակիցը փորձել է ճշտել, թե ինչու է ՊՆ-ն մեդալներ շնորհում եւ ինչ սկզբունքով: «Կան մարդիկ, որոնք օբյեկտիվորեն են քննադատում, ոչ թե չարախոսում ու շահարկումներով են զբաղվում, ու մենք խնամքով ենք ընտրել, բայց դա ամբողջական ցանկը չէ»,- պատասխանել է խոսնակը: Ասել է թե` մեդալ չստացածները չարախոսողնե՞րն են` հարցրել է մեր թղթակիցը: «Չէ, մի մասին ենք պարգեւատրել, մյուս մասին ընթացքում կպարգեւատրենք»,- «Հրապարակի» թղթակցին հուսադրել է  խոսնակը:

Մահ` կանանց տոնին ընդառաջ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

«Կանանց տոնին ընդառաջ, ի նշան բողոքի, վերջ եմ տալու իմ կյանքին: Ես ինքնասպանության եմ գնում, արյունս տալիս մազոխիզմի պետությանը` մազոխիզմից փրկվելու համար: Մահ` մազոխիզմից փրկվելու համար: Մահ մազոխիզմին, մարտի 8-ը` մազոխիզմի դեմ բողոքի օր: Խմեք արյունս, հայ մազոխիստ որձեր»-պատգամավորներին ուղղված նամակում գրել է Ֆեմիդա Դավթյանը: Թե ինչու է նախկին դասախոսը որոշել ինքնասպանություն գործել, կարդացեք «Հրապարակ» օրաթերթի` փետրվարի 9-ի համարում: