Sunny
-2 °C

Խայտառակություն

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Երեկ առավոտից շրջանառվող լուրին ոչ մի կերպ չէինք ուզում հավատալ: Այսինքն՝ ինչպե՞ս, ի՞նչ հանցանք կարող է կատարած լինել հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը, որ իշխանությունը գնացել է նրան ձերբակալելու «համարձակ» քայլին: Մինչեւ հիմա հալածանքների թիրախ էին Հայկի որդիները՝ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները, հիմա անցան հորը: Բացատրությունն առավել տարօրինակ էր եւ անհամոզիչ: Իբր Հայկը մարդ է գցել մեքենայի տակ: Ասում ենք՝ իբր, ոչ թե այն պատճառով, որ Հայկի նման գերզգույշ մարդը չէր կարող մեքենայի տակ մարդ չգցել՝ այս աշխարհում ամեն ինչ կարող է պատահել: Այլ այն պատճառով, որ անգամ եթե գցել է եւ անգամ եթե մարմնական վնասվածքներ է պատճառել, դա չէր կարող ձերբակալության բավարար պատճառ լինել: Չէր կարող պատճառ լինել ոչ միայն այն պատճառով, որ Հայկ Գեւորգյանն օրինավոր քաղաքացի է, այլեւ այն պատճառով, որ այս պարագայում կալանքը պարտադիր չէ, անհրաժեշտ չէ, չի բխում մեր հասարակության եւ անգամ իշխանության շահերից: Ընդհանրապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում կալանք կիրառում են բացառիկ դեպքերում: Անգամ երբ մեր Գայանե Բաբայանին մահացու վրաերթի էին ենթարկել, մեղավորին ձերբակալեցին մի քանի օր անց, իսկ եթե մամուլի բարձրացրած աղմուկը չլիներ, հնարավոր է ընդհանրապես չձերբակալեին: Առակս զի՞նչ ցուցանե՝ այս բոլորը խոսում է այն մասին, որ ընդդիմադիր թերթի լրագրողի նկատմամբ պարզունակ հետապնդում է իրականացվում: Եվ այս հետապնդումը խոսում է հետապնդողների փոքրոգության, վախի, անմտության մասին: Ամենացավալին այն է, որ թեեւ այս ձերբակալության գլխավոր մեղավոր է հռչակվել ոստիկանապետ Վովա Գասպարյանը, սակայն կարելի է պնդել, որ նա երբեք չէր համարձակվի լրագրող ձերբակալել՝ առանց վերադասի հետ համաձայնեցնելու:

Տարոն Մարգարյանը` խորհրդի նախագահ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ է նշանակվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նշենք, որ ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանինը` վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տնտեսագիտական համալսարանինը` ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ճարտարագիտական համալսարանինը` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, իսկ Բժշկական համալսարանի նախագահը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է: Թերեւս «էլիտար» նախագահներով փորձում են բարձրացնել կրթական հաստատությունների վարկանիշը:

Արձանագրենք

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Կարելի է մաքուր ընտրություններից խոսել, ձեւ անել, թե իրենց միակ երազանքը ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալն է, անգամ կարելի է երդվել ու «պապայի արեւ» ասել, թե՝ չենք խախտելու Ընտրական օրենսգիրքը, բայց դա դեռ չի նշանակում, թե ընտրությունները նորմալ են անցնելու: Ավելին՝ այսօր արդեն բոլոր նախանշանները վկայում են անհավասար պայմանների, անմաքուր մրցակցության եւ նախընտրական անօրինականությունների մասին: Ի վերջո, ընտրությունը քվեարկությունը չէ, այլ մի հսկա գործընթաց, որը պետք է ամբողջությամբ մաքուր լինի: Օրինակնե՞ր: Խնդրեմ՝ երբ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձը, որն ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, իր ժամանակի ու հեղինակության մի հսկա մասը ծախսում է սեփական կուսակցության համար քարոզչություն անելու, կուստոմսեր բաժանելու վրա, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ օրենքը խախտվել է: Կամ՝ երբ հակառակորդներին վախեցնելու եւ զինաթափելու համար կիրառվում են քրեական հետապնդման տարրեր, ինչպե՞ս կարող ենք խոսել «մաքուր» ընտրությունների մասին: Իսկ ինչպե՞ս բացատրել, ասենք, նախընտրական «բազարները», երբ կոալիցիոն ղեկավարների նիստի անվան տակ պարզ առեւտուր է գնում, թե ում ինչքան տեղ է հասնելու ապագա խորհրդարանում: Կամ՝ երբ պայմանավորվում են ինչ որ տարածքներում թեկնածուներ չդնելու մասին, սա չի՞ նշանակում, որ հավասար մրցակցության մասին խոսելն անգամ ավելորդ է: Էլ չենք խոսում այն մասին, որ մրցակցությունը գնում է ոչ թե խելքի ու գիտելիքի, փորձի ու մասնագիտական որակների, այլ փողի, ուժի, զոռբայության միջեւ: Ստացվել է այնպես, որ ընտրություններին մասնակցելու համար մարդը պետք է մի ահռելի կարողություն ունենա եւ ռիսկային ներդրում անի: Իսկ խելոք ու ազնիվ մարդիկ մեզանում այդքան փող չունեն:

Իսկ ո՞ւր է մեղադրյալը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը թեեւ երեկ մեկուսարանից բերվել էր դատարան, սակայն նիստն անցել է վերջինիս բացակայությամբ: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանն ուժի մեջ է թողել նախորդ նիստին կիրառած սանկցիան՝ նիստն անել ամբաստանյալի բացակայությամբ, ինչպես նաեւ հայտարարել է, որ դիմել է Փաստաբանների պալատ Առաքելյանի պաշտպանի՝ փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Պատճառը նախորդ նիստին տեղի ունեցած միջադեպն է, երբ դատավորը որոշում էր կայացրել դատարանի դահլիճից հեռացնել Տիգրան Առաքելյանին, որից հետո Վահե Գրիգորյանը նույնպես լքել էր դատարանի դահլիճը` հրաժարվելով առանց իր պաշտպանյալի մասնակցել դատական նիստին: Իսկ Առաքելյանի վրա զայրանալու պատճառն այն է, որ նրա հարցերը վկային դատարանը գնահատել է որպես նիստը խոչընդոտելու փորձեր: Փաստաբանը կարծիք է հայտնել, որ դատավորը, հեռացնելով ամբաստանյալին, խախտել է պաշտպանական կողմի արդար դատաքննության իրավունքը: Եվ Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել 2 օրով հետաձգել դատական նիստը, որպեսզի ժամանակ ունենա դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ձնագնդիի էֆեկտ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

«Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան վրա, երեկ հաղորդել է, որ այդ երկրի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել 1992թ. Խոջալուում տեղի ունեցած դեպքերը որակել ցեղասպանություն, եւ կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ պատասխանատվության ենթարկել դրա մեղավորներին: Ըստ «Ռեգնումի»՝ Պակիստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը համարվում է ամբողջ Սենատի կողմից կայացված որոշում: Եվ սա աննախադեպ փաստ է: Այն կարելի է գնահատել որպես իսլամական համերաշխության դրսեւորում Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, ի պատասխան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու որոշման: Պակիստան- Ադրբեջան շահերի ընդհանրության այլ բացատրություն դժվար է գտնել: Մահմեդական աշխարհը, փաստորեն, իր զորակցությունն է հայտնում կրոնական եղբորը: Հայտնի է, որ ամեն մի ազդեցություն ծնում է հակազդեցություն, եւ Ֆրանսիայի Սենատի որոշումն անպայման պետք է հակազդեցություն առաջացներ: Սակայն այս պնդումը կարող է վերաբերել ինչպես Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշմանը, նույն չափով եւ Պակիստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմանը: Այնպես որ պետք չէ բացառել, որ Պակիստանի Սենատի որոշումը կարող է պատճառ դառնալ այլ որոշումների կայացման համար, եւ մենք կունենանք ձնագնդիի էֆեկտ: Ձնագնդիի էֆեկտի շրջանակներում կարելի է դիտել նաեւ ֆրանսիացի սենատորների՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմելու փաստը: Հուսանք, որ ողջ մահմեդական աշխարհը չի հետեւի Պակիստանի օրինակին, եւ մեր փոքրիկ ֆրանսիական «հաղթանակը» չի շրջվի մեր դեմ:

Քննարկվել է կոալիցիոն համագործակցության հարցը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ գործկոմի երեկվա նիստում քննարկվել է ընտրություններին ընդառաջ կոալիցիոն համագործակցության հարցը, եւ թե գործընկերների միջեւ ինչ համաձայնություններ եւ փոխհարաբերություններ են լինելու:  Որոշվել է նաեւ ՀՀԿ համագումարի անցկացման օրը: Ըստ այդմ` ՀՀԿ-ն համագումար կանի մարտի 10-ին: Հիշեցնենք, որ առաջադրումները սկսվելու են մարտի 12-ից: Քննարկվել են համագումարի կազմակերպչական հարցերը:

Ո՞րն է երաշխիքը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Ընտրական գործընթացները թեթեւ, աննկատ մտնում են մեր կյանք: Նախօրեին իշխող կոալիցիայի ղեկավարների վճռորոշ հանդիպումն է կայացել, որի ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Բոլոր կուսակցություններում աշխույժ քննարկումներ են գնում, թե ով որ տեղն է ցուցակում զբաղեցնելու, ով որ տարածքում է առաջադրվելու: Երեկ արդեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների դեպարտամենտի ներկայացուցիչներն են Հայաստանում հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դիտորդական մեծ առաքելություն է սպասվում այս ընտրություններին, եւ քաղաքակիրթ աշխարհն, ասում են, շատ ուշադիր հետեւելու է մեր խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Կհաջողվի՞ արդյոք մաքուր, հարթ եւ անցնցում ընտրություններ անցկացնել: Այնպիսի ընտրություններ, որ հասարակությունը հավատա դրանց արդյունքներին: Թե՞ սուտասանի տան հրդեհի նման ինչ էլ անեն, վերջում ասելու ենք՝ ընտրությունները կեղծվել են, ու մեր ձայնը գողացվել է: Մեր 20-ամյա պատմության դասերն անհետեւանք չեն անցնում: Աչքը տեսածից է վախենում, եւ լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը, ասում են ժողովրդական ասացվածքները: Ի վերջո, ինչպե՞ս անել, որ ընտրությունների անցկացման պատասխանատվությունը կիսեն նաեւ մեր բոլոր համաքաղաքացիները: Ինչպե՞ս անել, որ նրանց մասնակցությունը պասիվ հայեցողությունից ավելին լինի: Ո՞րն է նորմալ ընտրություններ անցկացնելու բանալին: Ոմանք կարծում են, որ երաշխիքը Ընտրական սուպեր օրենսգիրքն է: Մյուսները պնդում են, որ, ասենք՝ մատները թանաքոտելու կամ ընտրացուցակներն ինտերնետում հրապարակելու հանգամանքը կփրկի մեզ կեղծիքից: Կամ՝ վստահված անձերի կուռ շարքերը: Կամ՝ քվեատուփերի մոտ գիշեր ու զօր հերթապահելը: Անձամբ ես խիստ կասկածում եմ:

Հատկացրել է 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը արյան քաղցկեղով տառապող երեխաների բուժման նպատակով հատկացրել է 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ուսումնասիրելով դաշտը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը որոշում է կայացրել համագործակցել «Օգնեմ» եւ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամների հետ, որոնք երեխաների բուժումն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ ունեն մշակած մեխանիզմ: Ի դեպ, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Պայքարը շարունակվում է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Այսօր կարող ենք արձանագրել, որ բնապահպանական ու քաղաքաշինական կազմակերպությունները մեզանում կայացել են: Երիտասարդ էնտուզիաստների մի մեծ խումբ ջանք ու եռանդ չի խնայում, եւ այդ ջանքերն անհետեւանք չեն անցնում: Մեծ ու փոքր հաղթանակներից ոգեւորված՝ նրանք ավելի են ուժեղացնում պայքարը, եւ դրա արդյունքում շահում ենք մենք՝ հասարակությունը, երկիրը: Անհամեստություն չլինի ասել, որ այստեղ մեր՝ մամուլի դերակատարությունն էլ փոքր չէ: Օրինակ, մի քանի օր առաջ «Հրապարակը» մի հոդված էր տպագրել, որտեղ ներկայացրել էր Մաշտոց-Կողբացի փողոցների միջնամասում նախատեսված կառուցապատումների ծրագիրը: Գրել էինք, որ Մարգարյան հիվանդանոցի դիմացի այգի են տեղափոխվելու Աբովյան փողոցից հանված «բուտիկներն» ու սրճարանները: Մեր հրապարակումը թերեւս այս խնդրի վրա հրավիրեց երիտասարդ էնտուզիաստների ուշադրությունը, եւ նրանք վերջին օրերին սկսել են պայքարել դրա դեմ: Ակցիա են անում: Պլակատներով կանգնում: Պահանջում, որ հերթական այգին չզոհեն մեծահարուստներին: Եվ պատասխանը չուշացավ՝ երեկ քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, թե՝ այո, Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների առաջարկել ենք այդ տարածքներում կառուցապատում անել, բայց ոչ կանաչ տարածքներում: Դժվար է ասել, թե ինչ է նշանակում՝ կանաչ տարածքներից չի հատկացվելու: Եթե իսկապես այդ տարածքն ուզում են բարեկարգել, կանաչապատել, ապա եղած բետոնն էլ պետք է քանդվի եւ ծառ տնկվի: Այնպես, ինչպես արեցին Սիրահարների այգում: Եվ ընդհանրապես՝ կանաչ գոտում, այգիներում տարբեր սրճարաններ ու խանութներ տեղադրելը վայրենություն է, որն աշխարհում ոչ մի երկրում չի արվում: Այգիներում անգամ ջուր կամ թերթ վաճառող փոքրիկ կրպակներ չեն տեղադրում: Իսկ «բուտիկներ»՝ առավել եւս:

Բանակցում է ԲՀԿ-ի հետ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԼՐԱՀՈՍ

Երեկ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ բանակցում է ԲՀԿ-ի հետ եւ հնարավոր է համագործակցի առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցում: Այն, որ նախկին ԱԳ նախարարը հնարավոր է մտնի ԲՀԿ ցուցակ, անգամ դառնա ԲՀԿ երկրորդ դեմքը, մենք գրել էինք դեռ մեկուկես տարի առաջ: Վերջինս տեւական ժամանակ կտրականապես հերքում էր նման հնարավորությունը: Երեկ պարոն Օսկանյանին հարցրինք, թե ինչո՞ւ որոշեց մտնել ԲՀԿ ցուցակ. «Ես ինչ որ ասել եմ, հայտարարության մեջ դա է, ուրիշ ասելիք չունեմ: Ոչ մի բան չունեմ»: Իսկ հայտարարությունն արվել է «ինչ-որ հարցերի պատասխան տալու համար»: