Partly Cloudy
20 °C

Ֆուտբոլային դիվանագետը

| ՀՐԱՊԱՐԱԿ

Սերժիկի ամենասիրելի զբաղմունքը դիվանին պառկած ֆուտբոլ նայելն էր, եւ դա էր պատճառը, որ թաղում նրան ֆուտբոլային դիվանագետ էին ասում: Օրեր շարունակ նա դիվանին պառկած ֆուտբոլ էր նայում եւ տնից դուրս էր գալիս միայն մարզադաշտ կամ բուքմեյքերական կետեր գնալու համար: Եթե հեռուստատեսությամբ ինչ-որ խաղ էր գնում, նա այդ խաղն էր նայում, իսկ մնացած ժամանակ նա ԴՎԴ նվագարկիչով ամբողջական առաջնություններ էր նայում իր հսկայական հավաքածուից, որի նմանը Հայաստանում չկար: Մեծ դժվարությամբ էր Սերժիկը հավաքում այդ հավաքածուն, թանկ էր նստում նրա վրա ֆուտբոլի հանդեպ ունեցած սերը: Նա իր ընտանեկան բյուջեից հսկայական գումարներ էր ծախսում բուքմեյքերական կետերում խաղադրույքներ կատարելով եւ ֆուտբոլային խաղերով խտասկավառակներ գնելով: Ի վերջո այն բանից հետո, երբ ինտերնետի գինը էժանացավ, Սերժիկը համակարգիչ գնեց, ինտերնետ քաշեց եւ բարեկամի տասնամյա տղայից սովորեց համակարգչից օգտվել, ինչից հետո այլեւս խտասկավառակներ չէր գնում, իրեն անհրաժեշտ տեսանյութերը ինտերնետից էր քաշում: Բայց խաղադրույքների մասով ամեն ինչ մնաց նույնը, եւ այն թիմը, որի վրա խաղադրույք էր դնում Սերժիկը, որպես կանոն, պարտվում էր, եթե նույնիսկ խաղի բացարձակ ֆավորիտն էր լինում: Սերժիկի բոշա կինը, որն իր օրը լցնում էր հարեւանների ու բարեկամների տներում հյուրընկալվելով, ամեն երեկո նրա գլխին քարոզ էր կարդում, որ նա վերջապես հրաժարվի ֆուտբոլից ու դիվանագիտությունից,  զբաղվի տնամերձ հողամասով, որը անմշակ, անմխիթար վիճակում էր: Սերժիկի ընտանեկան բյուջեն գոյանում էր բացառապես արտագնա աշխատանքի մեկնած նրա երեխաների հաշվին: Խոպանչի մեծ որդին Ռուսաստանից էր փող ուղարկում, փոքր որդին՝ Լոսից, սփյուռքահայի հետ ամուսնացած աղջիկը՝ Ֆրանսիայից: Նրանք փողը ուղարկում էին ու Սերժիկին հորդորում, որ բարեկարգի տունը, մշակի տնամերձ հողամասը, ծառեր տնկի ու մշակաբույսեր ցանի, որպեսզի երբ իրենք ամառային արձակուրդներին գան, հարմարավետ պայմաններում ապրեն: Իսկ Սերժիկը իր հաճույքի համար մսխում էր այդ գումարները՝ տնամերձ հողամասը թողնելով նույն անխնամ վիճակում: Հարեւանները, որոնց հետ Սերժիկը հին վեճ ուներ հողամասի հաշվով (նրանք հողամասը իրենցն էին համարում), ամեն գարուն մի քանի սանտիմետրով առաջ էին տալիս ցանկապատը, իսկ Սերժիկը զլանում էր անգամ պարսպապատել իրեն պատկանող հողատարածքը: Մինչ տանը ինտերնետ ունենալը, Սերժիկն էլի երբեմն մշակում էր այգին կամ գոնե կռիվ էր տալիս հարեւանների հետ, երբ որ նրանք առաջ էին տալիս ցանկապատը, բայց հենց որ ինտերնետը եղավ, այլեւս անհնար էր նրան դիվանից “քերել” եւ ստիպել, որ տնամերձով զբաղվի: “Դիվանագիտությամբ զբաղվելու ժամանակը չի, ֆուտբոլ նայելու ժամանակը չի՝ գործ արա, Սերժիկ, գործ արա”,-Սերժիկի նյարդերը սղոցում էր կինը, “Գործ արա, պապա, էդ տնամերձը մշակի”,- հեռախոսով հորդորում էին զավակները, բայց Սերժիկը նոթբուքի էկրանից հայացքը չէր կտրում եւ միայն հաց ուտելիս էր դիվանից բարձրանում: Մի գեղեցիկ օր համացանցում Սերժիկի փնտրտուքները նրան հանդիպեցրին “Ֆուտբոլ առանց սահմանի” ռուսական կայքի հետ: Այդ կայքում մի քանի ժամ անցկացնելուց հետո Սերժիկը որոշեց, որ պետք է հարեւանների հետ հարաբերությունները լավացնի եւ վերջնականապես լուծի եղած խնդիրները:  Երեկոյան ֆուտբոլային հետաքրքիր խաղ էր սպասվում, հանդիպելու էին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները, եւ Սերժիկը նախաձեռնեց իր եւ հարեւանի հանդիպումը. նա մի քանի շիշ գարեջուր վերցրեց ու հարեւանին հրավիրեց իր տուն՝ միասին ֆուտբոլ նայելու: Բարեկամության եւ հանդուրժողականության ջերմ մթնոլորտում անցավ հարեւանի հետ զրույցը: Գարեջուր խմեցին, հարեւանի կնոջ պատրաստած քյաբաբները ճաշակեցին: Կոնկրետ պայմանավորվածություններ չեղան, բայց կարեւորն այն էր, որ երկխոսությունը ստացվեց: Հրաշալի ֆուտբոլային երեկո անցկացրեց Սերժիկը, բարձր տրամադրություն ուներ նա, թեեւ Հայաստանի հավաքականի վրա խոշոր խաղադրույք էր դրել ու տանուլ տվել:

Ամեն անգամ ռուսական “Ֆուտբոլ առանց սահմանի” եւ ամերիկյան “Ազատ շուկայական ֆուտբոլ” կայքերում մի որոշ ժամանակ անցկացնելուց հետո Սերժիկը մի նոր նախաձեռնությամբ էր հանդես գալիս, նորից հարեւանին իր տուն էր հրավիրում կամ ինքն էր նրա տուն հյուր գնում: Ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե վատ չվերջանար:

Մի գիշեր Սերժիկը գեշ երազ տեսավ, որտեղ եւ ֆուտբոլը կար, եւ դիվանը, եւ գետը: Երազում ինքը ֆուտբոլի գնդակը ձեռքին նստած էր իր հարազատ դիվանին, իսկ դիվանը տարուբերվելով լողում էր գետն ի վար՝ ջրի անսանձ հոսանքին հանձնված: Ամեն րոպե ինքը սպասում էր, որ դիվանը ջրից դուրս ցցված խութերից մեկին կզարվի, ու ինքն էլ դիվանի հետ ջարդուփշուր կլինի կամ կհայտնվի ջրի հորձանուտում: Մեծ արագությամբ էր դիվանը գետն ի վար իջնում, ուղղակի լողում էր իր ոտքերի տակից, եւ ինքը մի ձեռքով գնդակն էր սեղմել կրծքին, մյուսով ամուր կառչել էր դիվանից: Գետը խելահեղ արագությամբ քշում էր դիվանը, եւ  ինքը մտածում էր, որ եթե դիվանն ու ֆուտբոլի գնդակը թողնի, գետը գցի իրեն, գուցե թե փրկվելու ավելի մեծ շանս կունենա, կկարողանա լողալով ափ հասնել, բայց այնքան թանկ էր իր համար դիվանը, որ չէր ուզում լքել այն: Հեռվում արդեն նշմարվում էր անսահման օվկիանոսը. ինքը մտածում էր՝ կհասնի՞ արդյոք իր դիվանը Խաղաղ օվկիանոսին, թե՞ ջարդուփշուր կլինի փրկության ծովից քիչ հեռու: Հանկարծ նրա առջեւ մի հսկա խութ խոյացավ: Գետի հոսանքը դիվանը ուղիղ այդ խութի վրա էր քշում:

Սերժիկն արթնացավ ու իր մարմինը դիվանին վեր ընկած տեսնելով, անսահման ուրախացավ: Մի քանի րոպե դիվանի վրա շուռումուռ գալով պատկերացրեց, թե ինքը Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողն է, բայց շուտով նորից քուն մտավ, երազանքներց ուղիղ չվերթով երազների գիրկն ընկավ:

Երազում ինքը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջին համարի մարզահագուստով էր՝ դարպասապահ էր: Երազելիս նա ինքը իրեն միշտ հարձակվողի դերում էր տեսել, բայց կյանքում (նաեւ երազներում) քիչ բացառություններ են լինում, որ եւ առաջին համար ես լինում, եւ հարձակվող: Ինքը իր տնամերձ հողամասում ցանցի մեջ խճճված, գնդակը երկու ձեռքով բռնած ընկած էր գետնին: Փորձում էր այդ սարդոստայնից դուրս գալ, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում: Տնամերձ հողամասը ոռոգում էին ինչ-որ տեղից եկող ջրեր: Ինքը չգիտեր, թե այդ ինչ ջրեր են:

Առավոտյան Սերժիկն արթնացավ կնոջ լացուկոծից: Նա դուրս եկավ բակ եւ տեսավ, որ հարեւանը տնամերձ հողամասը իրենով է արել ու պարսպապատել է այդ տարածքը: Սերժիկը ոստիկանությանը դիմեց, բայց հարեւանը նրանց հետ լեզու գտավ: Թաղում հարց լուծող, հեղինակություն ունեցող  տղաներ կային, եւ Սերժիկը ճարահատյալ նրանց դիմեց: Այդ հարց լուծող տղաները նախ նրան լսեցին, հետո հարեւանին եւ հարցը լուծեցին ի օգուտ հարեւանի: “Սերժիկ, եթե դու քո հողին տեր չես կանգնել, չես ծաղկացրել էդ հողը ու չես պարսպապատել,-ասացին նրանք,-դու էդ հողին արժանի չես, հիմա թող հարեւանդ տեր կանգնի նրան”:

Համբարձում ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համացանցում (15.06.2010)

| ՀՐԱՊԱՐԱԿ

Հայկական բլոգներում, էլեկտրոնային թերթերում ու սոցիալական ցանցերի հայկական տիրույթներում արդեն շաբաթից ավել է՝ քննարկվում է VO.X ռոք համույթի` Չարենցի “Ես իմ անուշ Հայաստանի” բանաստեղծության հիման վրա գրված երգի տեսահոլովակը: Ի՞նչն է հետաքրքիր այս հոլովակում: Նախ, որ այն, ինչպես խմբի նախորդ երեք տեսահոլովակները, սոցիալական բնույթ ունի: Ոչ այնքան մեղեդային, որքան բավական դրամատիկ տրամադրություն ստեղծող ռոք ռիթմերի ներքո VO.X-ը կարողացել է Չարենցի` առաջին հայացքից սիրո ու կարոտի զգացումներ առաջացնող բառերը զուգորդել սիրո ու կարոտի հետ նվազագույն աղերս ունեցող տեսարաններով ու սլոգաններով, ուշադրություն հրավիրելով էկոլոգիական, հասարակական ու սոցիալական խնդիրների վրա: Առաջին քառյակը` որպես օրինակ: Ես իմ անուշ Հայաստանի (Տոքսիկ աղբ) արեւահամ բարն եմ սիրում (Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ), /Մեր հին սազի ողբանվագ (Աղքատություն), լացակումած լարն եմ սիրում (Լքված երեխաներ), /Արնանման ծաղիկների (Թմրամոլություն) ու վարդերի բույրը վառման (Այլասերվածություն), /Ու նաիրյան աղջիկների (Թրաֆիքինգ) հեզաճկուն պարն եմ սիրում (Մարմնավաճառություն): Կոնկրետ իմ կարծիքով` հոլովակը միանշանակ տպավորիչ է: Նախ գաղափարը, հետո` մատուցման ձեւը: Երգն էլ, պատկերացրեք, գոնե ռոքի սիրահարների համար բավական տանելի առոգանություն ունի: Հավանողների բանակը շատ ավելի մեծ էր, քան ընդդիմախոսների, բայց հոլովակն այնուամենայնիվ շատ սուր քննադատության արժանացավ հայկական ինտերնետ հանրույթում` երեք ուղղություններով: Թերեւս ամենաթույլ ու քիչ հիմնավորված քննադատությունը եկավ քրիստոնյաների կողմից, որ երգի կրկներգում (միակ հատվածը, որ գրվել է խմբի անդամների կողմից), որպես գլխավոր արժեք` խաչի կողքին ներկայացված է նաեւ արեւ, իբր երաժիշտները հեթանոսություն են քարոզում: Երկրորդ, քիչ ավելի կոպիտ քննադատությունը հնչեց, այսպես անվանենք, պահպանողականների կողմից, որոնք պնդում էին, թե Չարենցի հանճարեղ խոսքերը ընդամենը մանր մանիպուլյացիայի են ենթարկված, եւ որ չէր կարելի նման ճղճիմ մեթոդներ կիրառել հանրաճանաչություն ձեռք բերելու համար: Երրորդ` ամենադաժան ու տեւական կրակահերթը տեղաց միասեռականների ու սեռական փոքրամասնությունների պաշտպանների կողմից: Խնդիրն այն էր, որ VO.X-ն իր տեսահոլովակում որպես այլասերվածություն էր ներկայացրել միասեռականությունը: Այս կապակցությամբ bravo.am-ին տված հարցազրույցում խմբի կիթառահար Արամ Րիանն ասում է. “Ես youtube տեսահոլովակ եմ գցում ու հատուկ նշում, որ սա վերաբերում է միայն Հայաստանին: Որովհետեւ այս մի կտոր հողի վրա ես ուզում եմ պահպանել այն արժեքները, որ մնացել են: Կարծեցին փոքրամասնություններին ճնշում, ոտնահարում ենք, նման բան չկա, մեզ ճանաչողները գիտեն, որ մենք այդպիսին չենք, նույնիսկ փոքրամասնության ներկայացուցիչ ընկերներ ունենք: Իմ ընկերների մեջ էլ թմրամոլներ կան, իրենց երեսին ասում եմ` “այլանդակ դեմքեր եք, սխալ բան եք անում, բայց ես ձեր համար գժվում եմ, կյանքս էլ կտամ ձեզ համար”: Անձին պետք է անջատել երեւույթից, ցավոք, դա չեն հասկանում”: Հոլովակը կա youtube.com-ում: Ընդամենը փնտրեք VO.X – I love Armenia:

Սոնա Ամատունու օրագիրը (15.06.2010)

| ՀՐԱՊԱՐԱԿ

Շատ եմ սիրում, երբ մարդիկ անկեղծանում են: Մեկ էլ տեսնում ես քո հարյուր տարվա ճանաչած մարդը բոլորովին ուրիշ է, ոչ այնպիսին, ինչպիսին դու իրեն պատկերացրել ես: Անցած օրը ծանոթներիցս մեկի անկեղծացման պահն էր, ու պատահաբար ես էի հայտնվել կողքին: Ի՜նչ զմայլելի պատմություն արեց նա՝ իր կյանքի պատմությունը: Ինչ կա ավելի հետաքրքիր, Հասմիկ ջան, քան 60-ը բոլորած տղամարդու խոստովանությունը: Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ իր կարծիքով գտել է իր հիվանդության սպեղանին: Դա սերն է, սերն ու սեքսը: Եւ ամուսնացած, երկու հասուն զավակների ու թոռների տեր մարդը, որ հաստատ սիրառատ մի էակ է, պարբերաբար սիրահարվում է, խելահեղ սիրավեպեր ունենում, բաժանվում, սիրահետում, քունը կորցնում, թանկ նվերներ անում, գիշերներ լուսացնում սիրած էակի պատուհանների տակ: Նա այնպես զմայլված ու հուզիչ էր պատմում այդ ամենը, որ ես մի պահ մոռացա նրա կնոջ մասին, որին հաստատ դաժան ճակատագիր է բաժին հասել: Այս Դոն Ժուանը, չնայած բազում սիրավեպերին, չի բաժանվել կնոջից, բայց եւ չի եղել մի կլոր տարի, որ իր կնոջ կողքին ու նրա հետ ապրի: Սիրավեպերը հաջորդել են միմյանց: Ով ասես չի եղել նրա կյանքում՝ էլ իրենից տարիքով մեծ կին, էլ իր աղջկա տարիքի աղջնակ, էլ ուզբեկ ու հույն, էլ շիկահեր ու սեւահեր, էլ կրթված ու անկիրթ, էլ գեղեցիկ ու տգեղ, էլ ամուսնացած եւ կույս, էլ պոռնիկ ու ուսանողուհի: Մի խոսքով՝ մարդը ամեն ինչ ճաշակել է եւ, որպես արդարացում, շրջապատում հայտարարել, որ դա է իրեն պահում այս աշխարհում, հակառակ դեպքում վաղուց սրտի կաթվածից մահացած կլիներ: Իսկ ինչպե՞ս է այդ ամենը տարել կինը, ինչպե՞ս է, որ չի բաժանվել, որ այդ բուռն սիրավեպերից մեկն իրեն չի մղել խելահեղ քայլի: Պարզվում է՝ դա էլ է եղել: Սիրուհիներից մեկին, օրինակ, տարել է հայրական տուն (ինքն առանձին է ապրում) եւ ստիպել, որ ծնողների հետ ապրի: Ինքն էլ պարբերաբար այցելել է հայրական տուն ու քնել այս կնոջ հետ: Եւ սա պատճառ է դարձել, որ կնոջ ու ծնողների հարաբերությունները փչանան: Իսկ կի՞նդ ինչպես է հաշտվել այդ վիճակի հետ, հարցնում եմ ես: Ի՞նչ հաշտվել՝ էն սկանդալները, որ կինս է սարքել, ոչ մի տղամարդ չէր տանի: Ինքը տարել է: Խեղճ կին, մտածում եմ ես: “Իսկ մի անգամ ընդհանրապես կինո էր”,- պատմում է նա: Ուրեմն մի երիտասարդ աղջկա հետ է կապվել, որի մասին կինն իմացել է: Սկզբում էլի վեճ-ղալմաղալ: Հետո” մի օր տուն է գալիս, մեքենան կանգնեցնում է բակում, որ տուն բարձրանա, աչքն ընկնում է իրենց լուսամուտներին, տեսնում է սիրուհին իրենց պատուհաններն է լվանում: “Մինչեւ հասա հինգերորդ հարկ, սիրտս տեղից դուրս էր գալիս, ինչ ասես մտքովս անցավ”: Պարզվում է՝ կինն այս անգամ հնարամտություն է բանեցրել. ինչ-որ ճանապարհով գնացել, գտել է այս աղջկան, հետը մտերմացել եւ բերել իրենց տուն, հետո էլ աշխատանքի լծել: Բայց դե, ամեն անգամ չէ, որ այսպես խաղաղ է ընթացել նոր սիրուհու հայտնվելը: Դրանցից մի քանիսի համար նա ավտոմեքենա է գնել, երկուսի համար՝ տուն, մյուս բոլորին հագցրել է, պահել: Եւ երբ այդ մասին կինն իմացել է, սկանդալն ավելի հյութեղ է դարձել: Լավ է գոնե ֆինանսական մեծ կարողությունների տեր անձնավորություն է, եւ այդ ծախսերը շատ նկատելի չեն եղել ընտանեկան բյուջեի վրա: Վերջում հարցնում եմ՝ բա մինչեւ ե՞րբ այդպես: Ասում է՝ քանի կենդանի եմ:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ

Բարոյական մթնոլորտ ենք ուզում

| ՀՐԱՊԱՐԱԿ

Հարգելի խմբագրություն, խնդրում եմ անդրադառնալ համացանցում հայտնված Դորիանի գործունեությանը: Նա, համասեռամոլ լինելով, ոչ միայն քարոզում է համասեռամոլություն, այլ նաեւ սպառնում է բոլոր նրանց, ովքեր փորձում են բողոքել կամ պայքարել դրա դեմ: Ամբողջ սոցիալական ցանցերում նա ունի աքքաունթներ, ունի բլոգներ եւ դրանց միջոցով հանգիստ խղճով քարոզում է համասեռամոլություն: Նա իրեն հռչակել է գրող ու դրա անվան տակ ներկայացնում է պոռնոգրաֆիկ նյութեր: Իսկ չէ որ այսօր համացանցից օգտվում են բազմաթիվ աշակերտներ, երեխաներ: Եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է ամենաանմեղ բառը որոնելով, հայտնվել հայերեն պոռնոգրաֆիկ գրականության մեջ, որը, ըստ հեղինակի, դարի հանճարեղ գլուխգործոցներից է: Եթե այս ամենի դեմ չպայքարենք, ապա շատ շուտով մեր երկրում համասեռամոլ չլինելը կդառնա ամոթ մի բան:

Խնդրում եմ բոլոր հնարավոր միջոցներով աջակցեք ինձ եւ բազմաթիվ այլ մարդկանց, որոնք ցանկանում են ապրել բարոյական մթնոլորտում:

Սեդա Վան

Մի քիչ երեկվա օրվա մասին

| ՀՐԱՊԱՐԱԿ

Երեկվա օրը բավական հագեցած էր, եւ խմբագրական գրելիս մի շարք թեմաների ընտրության առաջ էի կանգնած: Երեկվա սենսացիան, իհարկե, ՀՀՇ-ՀԱԿ իրավիճակն էր՝ ՀՀՇ փոխնախագահի շուրջ ծավալված իրավիճակը: Երկար տարիներ ոչ իշխանական ՀՀՇ-ում կարեւոր դերակատարում ունեցած Խաչատուր Քոքոբելյանին ուղղված մեղադրանքներն արտառոց էին. եթե ՀՀՇ փոխնախագահն է դավաճան եւ լրտես, ապա այլեւս ում կարելի է վստահել, եւ ով է հավատարիմը: Եւ դա խայտառակություն է: Իսկ եթե մեղադրանքները մտացածին են՝ շպիոն փնտրելու ամպլուայի մեջ, ապա կրկնակի խայտառակություն է. մարդու համբավն է արատավորվում: Մյուս՝ ըստ իս կարեւոր իրադարձությունը հայտնի ինտերնետ պրովայդերներից մեկի անհետացումն էր: Ժամանակին այդպես բանկերն էին “սկում”՝ իրենց ետեւից թողնելով հարյուրավոր խաբված ավանդատուներ: Նախկինում բանկերում ավանդ դնելն էր մոդա, նոր ժամանակներում՝ վեբ-կայք ունենալը: Երկուսն էլ ըստ էության “ավանդ” է՝ ներդրում: Հիմա մարդկանց կայքերն են առել ու փախել: Սակայն երեկվա լրահոսում կար մի լուր, որն ուղղակի ցնցեց ինձ. Երեւանի նախկին ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ (տիտղոսների ի՜նչ առատություն) Նարեկ Սարգսյանին Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար երկրորդ աստիճանի ազգային շքանշան հանձնելու լուրն էր: Շքանշանն այսօր են հանձնելու՝ հանդիսավոր պայմաններում: Հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչի համար: Մեզ մնում է գուշակել՝ գուցե Երեւանի կենտրոնը հիմնովին փչացնելո՞ւ կամ ծառածածկ հատվածը հիմնահատակ կրճատելո՞ւ, իսկ գուցե Երեւանը քարակերտի վերածելու կամ թամանյանական գաղափարները հիմնովին վարկաբեկելո՞ւ համար: Դժվար է ասել: Առավել դժվար է ասել, թե Ֆրանսիան ինչ կապ ունի Նարեկ Սարգսյանի եւ նրա ստեղծած մարդատյաց ճարտարապետության հետ:

Անավարտ երազ Մեծ եղեռնի մասին

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
| ՀՐԱՊԱՐԱԿ

Ապրիլի 24-ին չեմ սիրում Հ1 նայել: Նույն սուգ ու շիվան ձայները լսելու եւ անփոփոխ նախնադարյան ոճով սարքած ռեպորտաժները նայելու հավես չկա: Այդ օրը գրեթե բոլոր հաղորդումներում միեւնույն կադրերն են` երեխայի դիակից ճանճը քշողի, էն մյուս գլխաշորով կնոջ, որը տարեց է ու շերտավոր շորի մեջ զավակին փաթաթած տանում է, եղբայրական փոսում կողք կողքի ուղիղ պառկեցրած տղամարդկանց շալվարները եւ իհարկե՝ կակաչների խոշոր պլանը հուշարձանների ֆոնին: Բայց սգո ծեսը, Լուսինեի ձայնը, ճանճ քշողը արյանս մեջ են, եւ անկախ տրամադրությունից՝ ցեղասպանվածի համահայկական բնազդը ստիպում է վերցնել պուլտը եւ քվեարկել Հ1-ի օգտին: Սեւավոր ժողովրդի համայնապատկեր: Նկատե՞լ եք՝ Ծիծեռնակաբերդում, սուպերմարկետներում, “մարշրուտկի” մեջ մերոնց դեմքի արտահայտությունն անփոփոխ է` մտահոգ, ծանր ու լուրջ, “կոնկրետ”: Հուշարձանների ֆոնին մազապուրծ անցյալը վերհիշող սփյուռքահայերը մերոնցից տարբեր են` լավ են պահպանված, ձայնին հանդիսավոր արտահայտություն են տալիս: Ահա ծաղիկներ դնելու է մոտենում Սերժ Սարգսյանը: Նրա տիկնոջը` Ռիտա Սարգսյանին առաջին անգամ անժպիտ տեսա: Քոչարյանը  չերեւաց: Նրա ժամանակ բարձրաստիճան ղեկավարներին առանձին-առանձին խոսացնում էին, “ի՞նչ եք զգում այս օրը” հիմարագույն հարցն էին տալիս: Այժմ պաշտոնյաները շեշտված չեն: Ինկուբատորի ճտերի պես միատեսակ հանրապետականների շարքում միայն Սերժ Սարգսյանն է ընդգծված: Հովիկ Աբրահամյանը նախագահից մի 4-5 մարդ այն կողմ է: “Ուրեմն, լավ չեն”,- որոշեցին հետս Հ1 նայողները: Այս անգամ նկատեցի, որ մարդիկ ծաղիկների կրակոտ պատին իրենց փունջը դնում, հետո խաչակնքում են` իմ աթեիստ սերնդակիցներից շատերի համար զարմանալի ժեստ:

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ

Այդ խաչն ինձ փոքր ժամանակ էլ զարմացրեց: 5-6 տարեկանում, երբ կարդալ չգիտեի եւ գրքերի նկարներն էի միայն նայում, Սովետական հանրագիտարանում գտա ցնցող ֆոտո` մերկ կանանց շարք խաչերի վրա: Սեւամազ հայուհիներն անտարբեր դեմքեր ունեին եւ փորի տակ տարօրինակ ու խիստ ամոթալի սեւ եռանկյունիներ: Զարմանալի էր այդպիսի նկար հանրագիտարանում տեսնելը: Ամաչում էի այն քննարկել հորս հետ, որը ցեղասպանության իմ առաջին ուսուցիչն էր: Այն ժամանակ Քրիստոսին դեռ չէի ճանաչում, բայց քրիստոսանման այդ կանանց նկարն անթույլատրելի ոտնձգություն էր իմ աղջկական էության, անծանոթ եռանկյունիների, նաեւ մշեցի Բավական տատիս հանդեպ, որին մի անգամ թաքուն տեսել էի բաղնիքում, ու որը լոռեցի մորս մասին ասել էր. “Հիսուս ու Քրիստոս, էս մեր խառս գեժ ա”: Ես անգիր էի արել հանրագիտարանի հատորն ու էջը, որտեղ ինձ ձգող ու վանող խամրած ֆոտոն էր: Եթե սենյակում մարդ չկար, արագ այն գտնում էի ու երկար զննում: Հունական լեգենդների գրքից իմ սիրած նկարները` թեւերը կտրած Աֆրոդիտեն, անմազ, մանկամարմին ծովահենները, Ձմեռ պապիկի նման Զեւսն ու նրանից չգիտես ինչու վախեցող Հերակլեսը ինձ ստերիլ ապուշներ թվացին խորհրդավոր, եղերական կանանց կողքին: Ամոթի սահմանը հատած հայուհիներն անլաց հանգչում են իրենց խաչերին` խաղաղ, արդեն անտարբեր, մահից հինգ պակաս: Նրանց անտարբերությունը ֆիզիկական ցավ է պատճառում, նյարդերը մերկացնող: Այդ ֆոտոն մարդու իրավունքների իմ առաջին դասն է եղել: Այն օրից, երբ դա տեսա, մահվան վախից էլ հզոր կատաղության նոպա եմ ապրում թույլին ֆիզիկական տանջանք եւ հոգեկան ցավ պատճառողի, արժանապատվությունը նվաստացնողի նկատմամբ:

ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԱՌՆԵՏԻՑ, ԲԱՅՑ ԹՈՒՐՔՆ ԱՌՆԵՏ ՉԷ

Մենք ընտանիքով` մայրս, հայրս, փոքրիկ քույրս, քնած ենք կիսամութ սենյակում: Մեկ էլ դրսում գոռում են. “Փախեք, թուրքերն էկան”: Վեր եմ թռչում տեղիցս, տան պահարանում ինչ-որ բան եմ փնտրում: Կարծես Մնացականի վերջին դստեր` Բավական տատիս արծաթե քամարը, որը երբեք չեմ տեսել, բայց հենց տեսնեմ` կճանաչեմ: Չեմ գտնում: Քամարը թողած, ափալ-թափալ ինձ դուրս եմ գցում տնից: Անկանոն վազող մարդիկ: Հորս եմ փնտրում: Գիտեմ, հետեւից յաթաղանը ձեռքներին մանիակներ են վազում: Հոգեկան հիվանդներ, որոնց դեմ անզոր եմ, եւ բոլոր փախչող խելոք ու բարի մարդիկ էլ են անզոր, որովհետեւ նրանք խելոք են ու բարի: Ուզում եմ վազել, բայց ոտքերս կպած են գետնին: Դրանց փոխարեն սիրտս է վազում: Վեր եմ թռչում քնից: Ժամանակ առ ժամանակ կրկնվող այս երազը, որին դատապարտված եմ փոքրուց եւ որով, երեւի, տղայիս էլ եմ վարակել, օրինաչափ եմ համարում: Բայց վերջերս սկսել եմ մտածել` տեսնես ումի՞ց եմ ժառանգել երբեք չավարտվող այս կինոն` իմ մշեցիներից ո՞ր մեկի կյանքն է այսպես ավարտվել: Կարապետ պապի՞ս, Բավական տատիս մորթված հարազատների՞, գուցե ճանճ քշող այն կնո՞ջ, որին հավերժացրել է եւրոպացու տեսախցիկը: Երեւի նա չի էլ հասցրել հետ նայել: Այդպես էլ չի տեսել իրեն սրի քաշող մանիակի դեմքը, չի հասցրել տեսնել ու չի հանգստանում: Գուցե իմ մշեցիներին պե՞տք չէր, որ ես նրանց կոտորածն ու վախը հետս քարշ տամ, երեւի հակառակն էր պետք` կանգ առնել, շրջվել, բռնել յաթաղանը բարձրացրած ձեռքը, նայել թուրք մանիակի աչքերի մեջ: Բայց ո՞վ է ի վիճակի հետ պտտել ուրիշի երազը եւ ո՞վ իրավունք ունի:

ՄԵՐ ՊՈՄՊԵՈՍԸ

“Ցեղասպանություն” առարկայի իմ առաջին դասախոսը` հայրս, գերադասում էր նարնջակարմիր “եղեռն” բառը: Մեր տունը Ծիծեռնակաբերդին կպած էր, եւ այնտեղ ինձ “ման գալու” տանելով, նա նախ տալիս  էր “ծովից ծովի” նկարագիրը, ապա թուրքերի հարձակումների մասին էր պատմում, վայրագության ու հերոսական դիմադրության, անապատի, արծաթե քամարի: Հետո հարցեր էր տալիս, որ տեսներ` լա՞վ հիշեցի իր ասածները, թե՞ ոչ: Ես միշտ վատ էի հիշում, ու նա ասում էր՝ “տուպոյ լակոտ”: Այդպես իմ “ման գալը” ցեղասպանություն էր դառնում: Արեւի տակ երկար քայլելով, հորս սարսափ պատմություններն ականջիս` ես ինձ եղերական թափորում իր ծնողի հետ քայլող աղջիկ էի երեւակայում, իսկ հորս՝ ոստիկանի դերում, որը չի թողնում, որ ես ջուր խմեմ, խաղամ առվակի հետ, ծամոն, սեմուշկա, մարոժնի ուտեմ կամ վազեմ-նստեմ նստարանին: Ուրախանում էի, երբ իմ “ման գալուն” գալիս-հասնում էր ցեղասպանվածների բարելիեֆին: Դա Ծիծեռնակաբերդի իմ ամենասիրած հուշարձանն է, թեեւ արդեն փչացել է: Փոքրիկ, “եղերապատ” ճերմակ քարի վրա ցեղասպանվողների գալարվող մարմիններ են` “Պոմպեոսի վերջին օրվա” ֆիգուրների նման: Այս մարմարե կոտորածն անարյուն է: Կատաղած աչքերով խելքը գցած թուրքը, բոլոր երեխաներին ու մամաներին սրի քաշող՝ այստեղ չկա, իսկ փախչող մարդիկ երկինք են հասել՝ հունական լեգենդների հերոսների պես, եւ տառապանքը ջինջ է, սփոփող` հրեշտակի տխրության նման: Այդ բարելիեֆի մոտ վերելքն ավարտվում է, եւ ճանապարհը թեքվում է դեպի հուշարձաններ: Ամեն տարի, ապրիլի 24-ին փոքրիկ աղջիկը, որն էի, նվնվոցը կտրում էր: Որովհետեւ երկար քայլելուց եւ առջեւում ոչինչ չտեսնելուց շատ հոգնած ու ձանձրացած էր լինում: Եղերական թափորի երեխաների պես ոտքերը ցավում էին, գլուխն արեւն էր խաշում, ծարաված էր լինում, եւ առջեւում էլ ոչ մի հետաքրքիր բան` միայն ինչ-որ մարդկանց մեջքեր ու կոշիկներ, մեկ էլ ոստիկաններ՝ ճամփեզրին շարված: Ու հենց աջից “Պոմպեոսի վերջին օրը” հայտնվում էր, հոգնածությունս անցնում էր, առջեւում երեւում էին հուշարձանները՝ ամպի մեջ խրվող, ճամփան ուղղվում էր, դրախտային ծաղիկներ էին հայտնվում, պսակներ, ու հայրս ասում էր` “Ըհը, հասանք”: Ահա ինչու եմ սիրում ճերմակ, փոքրիկ բարելիեֆը, կակաչներով ու դեպի երկինք սլացող զոհերով: Հորս այս մտքերը դուր չէին գա: Բայց մշո տերտերների ցեղի աթեիստ զավակը մնաց նախահամակարգչային եւ նախաբջջային դարաշրջանում եւ էլ չի կարող ինձ ասել՝ “տուպոյ լակոտ”:

Իրական պատմություն

| ՀՐԱՊԱՐԱԿ

Մոտեցա էդ Ձեւոյին.

- Ձեւո, էրկու բառ արի առանձին խոսանք:

-Ասա:

- Էս աղջիկը իմ հետ ա ուզում գա, արի էս օրն էլ թող իմ օրը լինի, քեզանից պակաս տանջված տղա չեմ….

- Ձեւ չկա, էս քածը նստելու ա ավտո, մեր հետ գա:

Իմ իրավիճակում գտնվող մարդու համար ճիշտ կլիներ թողնել-հեռանալ, բայց ես որոշեցի սրան ասել, թե ով եմ…

Մի պահ սա քարացած մնաց տեղը ու ուշադիր նայում էր վրես.

- Հա էլի, դու ես,- հետո շշուկով ավելացրեց,- ախպերս, էս աղջկան վեկալ գնա, բայց հանկարծ դրան չասես ով ես, էս հետիններս էլ թող չիմանան: Ուրիշ ինչո՞վ կարամ օգտակար լինեմ քեզ:

- Կարա՞ս զենք ճարես, փողը կտամ:

- Ի՞նչ ա պետք:

Ուզում էի ասել` յուրաքանչյուր ատրճանակ էլ կլինի, բայց ասեցի.

-Լյուբոյ պիստալետ էլ կլինի, մի 1000 դոլարի սահմաններում:

Ուշադիր նայեց վրաս ու հարցրեց.

-Ուզում ես քեզ ընդեղ ուղարկողին խփե՞ս:

- Չէ, ես մարդ խփող չեմ, ուղղակի ինքնապաշտպանության համար կարող ա պետք գա: Իմ ուզածը հանգիստ, նորմալ ապրելն ա, ուրիշ ոչինչ:

Իրականում, օրեր անց պետք է Վրաստանի սահմանն անցնեի, ու չէր խանգարի ձեռքումս մի զենք ունենալը. գիշերով անտառներով անցնելուց կարող է գազաններից պաշտպանվելու կարիք լինի:

Անիի հետ, նստած տաքսու հետեւի նստարանին, նրա ձեռքը ձեռքերիս մեջ սեղմած, գնում էինք դեպի  ”Օֆուռո” ճապոնական սաունան:

Չէ, զենքի պահով ես էդ Ձեւոյի հետ հանդիպման չեմ գնա: Քանի՜ դրա նման գողական, “լավ” տղերք եմ տեսել, որ ընկնում են այնտեղ ու կուռկուռի ձագ են դառնում: Դուրսը երկու կոպեկի համար մարդ են սպանում, իսկ իրանց ազատության համար փախուստի անուն հենց լսում են` վախից ծնկները թուլանում են: Քանի՜ դրանց նման “լավ” տղերք եմ տեսել, որ ունեւոր գոմիկների հետ սեղան են նստում` ինչ է փորները լցնեն ու նմանների հնարավորություններն օգտագործեն, եւ հակառակը` իսկական լավ տղերքին, որ իրանց “ճիշտ” հասկացողություններով չեն ապրում կամ ունեւոր չեն` գործ տվողի կամ նույնիսկ գոմիկի պիտակ են կպցնում: Մեկը կար, սենց ասած՝ “պալաժենի” էր նայում “գերեզմանոցում”, “աբշակի” համար փող էր հավաքում “մահացածներից”, բայց կեսը իրա պագոնավոր (ուսադիր կրող) շեֆին էր տալիս, կեսն էլ երակների մեջ էր լցնում: Փախուստի մասին էլ մի բառ լսեր` միանգամից զեկուցում էր:

Ճիշտ է, բոլորի մասին չի խոսքը, բայց քիչ չեն այնտեղ էդ գործ տվող ու գոմիկ “լավ” տղերքը: Իրականում սրանք “գերեզմանից” դուրս գալու ցանկություն էլ չունեն, քանի որ եթե ոչ գիտակցաբար, ապա ենթագիտակցորեն իրենք իրենց էլ են պատժում: Իմանալով, որ մեղավոր են իրենց արածների համար, ընդունում են պատիժը: Իսկ ի՞նչ անի նա, ով չի կարող համակերպվել նման պատժի հետ, զուտ այն պատճառով, որ մեղք չի գործել:

Ի՞նչ անի նա, ում մեջ մարդուն չի կարողանում սպանել այն համակարգը, որ հանդես է գալիս հասարակության անունից: Մարմինը սպանելով` չեն կարողանում հոգին սպանել:

Չեմ ցանկանում վատ եւ տհաճ բաների մասին մտածել, փողի մասին էլ չեմ ցանկանում լսել: Անիին  տալիս եմ իր ուզած գումարից էլ շատ, միայն թե փողից չխոսի, ապահովիչի անուն չտա… Առանց դրա… Գրկում եմ, սիրում եմ այս շատ երիտասարդ կնոջը, համբուրում եմ շրթունքները:

Արթնացա հյուրանոցում, արդեն կեսօր էր, Անին կողքս էր պառկած, իսկ ես մտածում էի Դիանկայի մասին: Բեռլինում դեռ ժամը 9-ն է, նա դեռ քնած կլինի, ուշ է սիրում արթնանալ:

Սուրբ Սարգիս եկեղեցի մտա. 5 տարի առաջ այս նույն վիճակում այստեղ նստած՝ Աստծո հետ էի խոսում: Նորապսակներ մտան եկեղեցի իրենց հարազատների հետ: Մնացի եկեղեցում ամբողջ արարողության ընթացքում: Այդ օրը, համարյա մինչեւ գիշերվա 12-ը Պրոսպեկտով բարձրանում էի մինչեւ Մատենադարան, հետո իջնում-հասնում ձկան խանութի մոտ կամ եկեղեցու մոտ կանգնում` նայում ձորը, ստադիոնի կողմը, կոնյակի-գինու գործարանի կողմը:

Մնացած օրերին հաճախ Աբովյանով էի ման գալիս, հրապարակում էի շրջում, իջնում կինո “Ռոսիայի” մոտ՝ կներեք, հիմա արդեն “Այրարատ” տոնավաճառ, եթե չեմ սխալվում: Երբ հոգնում էի, “Կոմայգում” էի նստում, ականջակալներով, Կլայդերմանի երաժշտությունը լսելով` նայում էի անցնող զույգերին:

Շուտով երազս պետք է վերջանար, բայց ես չգիտեի դրա մասին: Եւ մի 10 օր, ու ես կհայտնվեի Աֆրիկա մայրցամաքում: Հա, հա, մի զարմացեք: Իհարկե ցանկալի էր Եւրոպան կամ ԱՄՆ-ն, բայց Աֆրիկայում կան քաղաքակրթությունից հեռու վայրեր, որտեղ ապահով կլինեի, սակայն դա, անկասկած, ժամանակավոր էր լինելու:

Այնտեղ Երեւանը ու հայ աղջիկներին միայն երազումս կտեսնեի, ինչպես եւ հիմա… Ախր շատ լավն են մեր հայուհիները, նույնիսկ տաբատներով, չնայած որ շրջազգեստն ավելի կանացի է:

Մի պահ պատկերացրեցի, որ Երեւանում մարդ չկա, ուղղակի դատարկ քաղաքն է մնացել: Չէ, էն չի: Բայց դե, եթե մեկը մյուսի նկատմամբ անտարբեր լինի` կստացվի, որ մարդ չի մնացել… Նույն դատարկությունը կդառնա էլի… մյուս կողմից էլ, եթե երեւանցիները քաղաքում չլինեին, դա էլ էն չի… նկատի ունեմ` մարդիկ կան, բայց քաղաքն արդեն չկա…

Լավ, երեւակայությունս մի կողմ դնեմ ու հիանամ թե Երեւանով, թե իր բնակիչներով, քանի դեռ երազս չի ավարտվել:

Խանջյանով դուրս եկա Ամիրյան: Շատ եմ սիրում Ամիրյանով անցնել, բայց, այ քեզ բան` քաղաքի կենտրոնում էլ “գել ու շուն” կա… հասնում են մարդու վրա, որ հոշոտեն… ի՞նչ վատ բան եմ արել, ման եմ գալիս, էլի, իմ հարազատ քաղաքում: Հիշեցի երկրորդ գիշերը սարերում: Մութ գիշեր էր, քնելու մասին խոսք լինել չէր կարող: Պայուսակիցս մի կտոր բան հանեցի, որ ուտեմ: Մեկ էլ հանկարծ 4 հատ մեծ շներ հայտնվեցին, կատաղած աչքերով նայում էին վրաս ու գռմռում: Ամեն մեկի դեմը մի կտոր իմ ուտելիքից գցեցի: Եղածը մի բան չէր, միանգամից կուլ տվեցին, բայց կանգնած էլի նայում էին ձեռքիս: Հանգիստ սկսեցի հացս ուտել: Սրանք շրջվեցին ու գնացին: Մտածեցի, որ էս կատաղած շները որոշ երկու ոտանի արարածներից էլ խելացի են, գիտեն, որ մարդուց վերջինը վերցնել չի կարելի: Հանգիստ թողեք, էլի, էս ժողովրդին:

Քաղաքն էլ հանգիստ թողեք: Երեւանը մի սիրուն ծաղիկ ա: Ինչքան էլ ծաղկամանը զարդարեք, թանկարժեք քարեր կպցնեք` մեկ ա՝ կարեւորը ծաղիկն ա: Ծաղիկի մեջ կյանք կա, իսկ ամենաթանկարժեք քարը` մեկ ա քար ա մնում: Ինձ էլ թողեք հանգիստ գնամ, ծնողներիս, եղբորս գրկեմ, համբուրեմ, սիրածս աղջկան, բոլոր հարազատներիս, ընկերներիս: Ինձ որ սպանեք` ո՞վ ա շահում:

Թե՞ եւրոպաները պետք ա ստիպեն, որ մարդ դառնաք, քաղաքակիրթ լինեք… Մեզ մեր տան մեջ սովորեցնում են, թե ոնց ապրենք: Է՜, ճիշտ են անում: Ցավում եմ, բայց դե, որ ճիշտն ու սխալը իրարից չեք տարբերում… տո արի ու մի ասա. լավ էլ տարբերում եք, ուղղակի, կներեք, բայց պետք ա ասեմ` ձեզ էշի տեղ եք դրել: Նեղանում եք՝ նեղացեք: Ձեր գործն ա: Ես կորցնելու բան չունեմ:

Երբ  “գերեզմանում” էի, կաթողիկոսին մի նամակ գրեցի: Քահանա այցելեց ինձ ու ասաց. “Մինչեւ քո մոտ գալը գնացի նրա մոտ, ով որ քեզ այստեղ է ուղարկել` մահվան դուռը, բայց զրույց տեղի չունեցավ, նա հենց ինձ տեսավ քահանայի հագուստով, ասաց՝ ես ոչ Աստծուն եմ հավատում, ոչ էլ եկեղեցուն: Դե դա իրա իրավունքն ա, մենք իրան բան չենք կարող ասել: Իսկ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում (եւ այլն…): Մենք քեզ չենք կարող օգնել, որ “գերեզմանից” դուրս գաս”:

Դե էդ անհավատ մարդասպանը շուտով հասարակություն կվերադառնա, իսկ իմ երազը նորից վերջացավ, այս անգամ Ամիրյանի վրա: Շատ ափսոս: Լավ երազ էր:

Երկու խոսքով էլ այն մտքի մասին, որ ինձ հանգիստ չէր տալիս Գեղարդում, վանքի մոտ: Անշունչ տեղից, ոտքով եկա-հասա մինչեւ “հեթանոսական քաղաքակրթություն”: “Մերկ” եւ “քաղցած” էի: Հետո արդեն մեքենայով շարժվեցի դեպի “քրիստոնեական քաղաքակրթություն”: “Հագնված” եւ “կուշտ” էի: Այստեղ է վերջանում մեր` մարդկանց քաղաքակրթությունը: Առայժմ այստեղ ճանապարհն ավարտվում է …

Բայց մարդիկ միշտ էլ իրենք են իրենց ձեռքերով նոր ճանապարհներ կառուցում… Պետք է շարունակենք ճանապարհը… դա է միակ ուղին, որ երբեք այլեւս հետ չվերադառնանք…

Մհեր Դավիթի

ԵՆՈՔՅԱՆ

Ոճրագործին չպատժելը ոճրագործություն է

| ՀՐԱՊԱՐԱԿ

2008 թվականի փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրության օրը, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, հենց գյուղամիջում, օրը ցերեկով՝ ժամը 18-ի սահմաններում, գործող գյուղապետ Պատրիկ Ղալթաղչյանի եղբայրները, եղբոր տղաները, փեսաներն ու իրենց մաֆիայի մյուս անդամները` Հովո, Ահարոն, Վալյո Ղալթաղչյանները, Արամ Աթաբեկյանը, Արման Դալլաքյանը, Վահան Մելիքջանյանը թմրանյութերի ազդեցության տակ հարձակվել են գյուղամիջում կանգնած 27-ամյա տղայիս` Դավիթ Վարդումյանի վրա եւ թրքաբարո, վայրագորեն սպանել: Մարդասպանները միաժամանակ հարձակվում են գյուղամիջում կանգնած 33-ամյա Դավիթ Եգանյանի վրա: Մարդասպաններից մեկը` Ահարոն Ղալթաղչյանը, ձեռքը պարզած դեպի Դավիթ Եգանյանը, կրակելով վազում է նրա ետեւից: Դավիթ Եգանյանը, գլխավերեւում զգալով գնդակների ջերմությունը, գլորվում եւ ընկնում է մոտակա ձորակը: Մարդասպան Ահարոն Ղալթաղչյանը, նկատելով, որ իրենց մարդասպանների խումբը զինված ու գազազած գայլերի ոհմակի նման հարձակվել է տղայիս վրա,  թողնում է Դավիթ Եգանյանին եւ զենքը ձեռքին վազում դեպի տղայիս շրջապատած մարդասպանների խումբը: Դեպքի վայրում էին գտնվում երկու մարդասպանների` Ահարոն եւ Հովո Ղալթաղչյանների հայրը` ոճրագործ Կամո Ղալթաղչյանը, եւ Արամ Աթաբեկյանի ու Արման Դալլաքյանի կանանց հայրը, ոճրագործ Կամո Ղալթաղչյանի եղբայրը` Վալերիկ Ղալթաղչյանը, որոնք, նայելով, թե իրենց փեսաներն ու տղաներն ինչպես են բարձրաձայն հայհոյում ու սպառնում օգնության եկածներին, սպանում են տղայիս, հետո հանգիստ ու հպարտ, ձեռքով ազդանշան են տալիս, թե բավական է: Դեպքի վայրում կային նաեւ հինգ ոստիկաններ, որ ոչինչ չեն ձեռնարկել, չեն կանխել սպանությունը, ոչ էլ օգնություն են ցուցաբերել տղայիս գոնե հիվանդանոց տեղափոխելու համար, որովհետեւ նրանք Իջեւանի ոստիկանության նախկին պետ, ոճրագործ Սամվել Գալստյանի հետ միասին, ուտելով մարդասպանների հարամ, փրկագներով ձեռք բերած կաշառքը, նախապես են տեղյակ լինում նրանց բոլոր ոճրագործություններին եւ աջակցում են նրանց: Ոճրագործներն էլ՝ առիթավորված, միշտ զենքի ուժով փողոցներում հարցեր լուծելով, շարունակում են իրենց հերթական ոճրագործություններն ու անպատիժ մնում, ինչպես հիմա: Թշնամանքի պատճառը եղել է տղայիս պարկեշտությունը, ազնվությունն ու ֆիզիկական ամրությունը, որով բնությունը շռայլ է գտնվել ու առատորեն օժտել է նրան, եւ որով էլ հասարակության հարգանքն ու պատիվն է վայելել: Սա հասարակական կարծիքն է: Դրանից էլ ոճրագործների նենգ հոգում նախանձ է առաջացել: Քանի անգամ փորձել են ճնշել տղայիս, անցկացնել իրենց թրի տակով, բայց տղաս, լինելով անթերի եւ ազնիվ մարդ, չի անցել: Տավուշի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Ադամյանը քննությունը կատարել է անարդար եւ կեղծ, որին ծանոթանալուն պես ես դիմում-բողոք եմ ներկայացրել, որը հաշվի չեն առել: Ինչպես հաշվի չեն առել ողջ մնացած Դավիթ Եգանյանի ազնիվ ցուցմունքը: Կեղծ եւ անարդար քննությամբ կազմված գործերն ուղարկել են դատարան: Մարդասպաններից միայն Ահարոն Ղալթաղչյանին են կալանավորել, իսկ մնացած մարդասպանները դարձել են վկաներ, որ սպառնալով իրական վկաներին, փակում են նրանց բերանը եւ  իրենք են կեղծ ցուցմունք տալիս: Լուրեր են պտտվում, թե այժմ մարդասպանների մեջքին կանգնած է Իջեւանի վարչության պետ Ասատրյանը, որը ջերմ հարաբերությունների մեջ է մարդասպանների հետ: Նրա աբովյանցի փեսան դեպքից երկու օր առաջ եղել է մարդասպանների տանը: Ի՞նչ կարելի է եզրակացնել դրանից…

Բայց ոչ բոլորն են հանդուրժում խաղաղ քաղաքացի ոչնչացնողին: Կան արդարադատ մարդիկ, որոնք նմաններին խարույկի վրա մաս-մաս վառելը քիչ են համարում: Չէ որ ոճրագործին չպատժելը ոճրագործություն է: Մինչեւ ե՞րբ են քողարկելու ճշմարտությունը եւ վերջապես ե՞րբ են բաց աչքերով նայելու իրականությանը:

Սեդա

ՎԱՐԴՈւՄՅԱՆ

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ

Ոչ թափանցիկ, ոչ բաց

| ՀՐԱՊԱՐԱԿ

Այն, որ մեր իշխանությունը հաշվետու չէ հանրության առաջ եւ թափանցիկ ու բաց չի աշխատում, ակնհայտ ու ապացուցման ոչ ենթակա իրողություն է: Տեղեկատվությունը քողարկելը, ցանկալի լույսի տակ ներկայացնելը կամ սուտ խոսելը պետական կառույցներում ընդունված է: Եւ դա այնքան բնական է դարձել, որ հասարակությունը չի էլ զայրանում ու զարմանում: Ասենք, դուք պատկերացնո՞ւմ եք, որ Ֆրանսիայի կամ ԱՄՆ նախագահը մեկնի 10-օրյա հանգստի կամ բուժման, եւ հասարակությանը չտեղեկացնեն, թե որտեղ է գտնվում նա, ինչ է անում, ում է հանդիպում, ինչ խնդիրներ ունի: Արեւմտյան պետությունների քաղաքացիներն ուղղակի կռմբահարեն իրենց իշխանություններին, եթե նրանք փորձեն գաղտնի քայլեր անել, հասարակության աչքից հեռու: Կամ փորձեն գաղտնի պահել երկրի համար ճակատագրական հանդիպումների եւ բանակցությունների բովանդակությունը: Մինչդեռ մեզանում դա այնքան սովորական է, որ մենք ոչ միայն չենք զարմանում, չենք էլ հետաքրքրվում դրանով: Ասենք՝ որտե՞ղ էր գտնվում Սերժ Սարգսյանը վերջին օրերին, արդյո՞ք նա կարճատեւ հանգստի էր մեկնել: Եթե այո, ապա ի՞նչ իմաստ ուներ գաղտնի պահել երկրի ղեկավարի գտնվելու վայրը: Ինչո՞ւ այդ հանգստի ավարտին նա մեկնեց Մոսկվա, բայց չմեկնեց Բրյուսել, որտեղ պետք է հանդիպեր Բելգիայի եւ Եւրոպական Միության ղեկավարների հետ: Իսլանդական հրաբխի պատճառաբանությունը համոզիչ չէր, քանի որ արդեն չվերթների մեծ մասը վերականգնվել է: Եւ եթե Հովիկ Աբրահամյանը կարող էր հրաբխի թեժ օրերին մեկնել Լեհաստան, ապա երկրի նախագահի համար առավել եւս բարդություն չէր լինի Բրյուսել հասնելը: Եւ վերջապես, հասարակությունը հոգնել է այս կիսատ-պռատ, տրաֆարետային տեղեկատվությունից: Խոսքը ամերիկյան եւ մոսկովյան հանդիպումների մասին է:

Ցինիզմն ամենուրեք է

| ՀՐԱՊԱՐԱԿ

Այս օրերին, երբ ապրիլի 24-ն է մոտենում, ինձ, ինչպես եւ բոլորին, հուզում է Հայոց ցեղասպանության հարցը: Այդ հարցն իհարկե ինձ մշտապես է հուզում, բայց ապրիլի 24-ին բոլոր մտածումները, խոհերը ավելի ցայտուն են երեւում: 95 տարի անցավ, ուրախ եմ, որ մենք միշտ հիշում ենք, որովհետեւ հիշողությունը բարոյականություն է, բարոյականության չափանիշներից մեկն է իմ կարծիքով: Այն ժողովուրդները, որոնք չեն հիշում կամ փորձում են մոռանալ իրենց պատմությունը, բարոյական ժողովուրդներ չեն: Հիշում եք, Հիտլերն ասում էր՝ այսօր ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը: Դրանով անուղղակիորեն, ինքնաբերաբար, նախեւառաջ ինքը հիշեցրեց: Սովետական տարիներին, թերեւս, ապրիլի 23-ից հետո գալիս էր ապրիլի 25-ը, 24 չկար: Ցեղասպանության հարցը հիմնականում սփյուռքի ուսերին էր: Որքան էլ մեծ գործ արեցին, առանց Հայաստանի Հանրապետության ու պետական մասնակցության հնարավոր չէր այդ հարցի լուծումն ստանալ: Հիմա, փառք Աստծո, ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկն է, եւ ես ուրախ եմ դրա համար: Վերջերս մեր ռուսագիր թերթերից մեկում մի բան կարդացի, որն ինձ շատ զվարճացրեց: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի բաժնի ղեկավարին հարցրել էին, թե ինչո՞ւ են ադրբեջանական բանակում բռնաբարություններ տեղի ունենում: Պատասխանում էր. «Դե, մենք լավ ենք կերակրում մեր զինվորներին, դրա համար կարողանում են բռնաբարել, իսկ այ, հայկական բանակում վատ են կերակրում, դրա համար այդ երեւույթը այնտեղ չկա»: Սա անեկդոտ չէ, փաստ է: Ուզում եմ ասել, որ այս մակարդակի թշնամու հետ գործ ունենք: Նրանց ուժն էլ, ինձ թվում է, հենց այդ բթության, մոլեռանդության ու անպատկառության մեջ է, եւ նրանք այդ հարցում երբեմն մեզ հաղթում են: Մենք այդքան լկտի ու անպատկառ չենք կարողանում լինել, ինչպես իրենք են: Էլ չեմ ասում, որ Թուրքիայում թանգարան են բացել, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրքերին: Այդ անպատկառությունը վերջ չունի եւ արդյունքներ տալիս է: Բայց ի վերջո այդ ոսկորը մնալու է նրանց կոկորդին, նրանք չեն մարսելու: Քանի դեռ մեր ժողովուրդն ապրում է, ցեղասպանությունը չի մոռացվելու: Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում  աշխարհին վախեցնել պետք չէ: Հողերը, անեքսիա վճարելը եւ այլն, դրանք հաջորդ քայլը պետք է լինեն: Առայժմ միջազգային ճանաչումը շատ մեծ բան է, որովհետեւ աշխարհը մեզանով բոլորովին էլ հետաքրքրված չէ, եթե հետաքրքրված էլ է, ուրեմն շահեր ունի, հետաքրքրված է այն ժամանակ, երբ իրեն ձեռնտու է, իսկ եթե շահ չունի, Հայաստանն ի՞նչ է իրենց համար: Բարոյականության խնդիր, պատմական արդարության խնդիր աշխարհի համար, ցավոք, գոյություն չունի: Տեսանք, որ ԱՄՆ Կոնգրեսում բացահայտ բոլորը ասացին, որ ցեղասպանություն եղել է, բայց հիմա այդ մասին խոսելու ճիշտ ժամանակը չէ: Այդ ցինիզմն ամենուրեք է, իսկ եթե պետք լինի նրանց Թուրքիային պատժել, անկյուն կանգնեցնել, անպայման մատնացույց կանեն հայկական ցեղասպանության հարցը:
Պերճ ԶԵՅԹՈւՆՑՅԱՆ
գրող-հրապարակախոս