Օրեր առաջ հեռուստաեթերով Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հարցազրույցը մեծ արձագանք գտավ թե համացանցում եւ թե մամուլում, իսկ Արթուր Գրիգորիչը մի քանի րոպեում ձեռք բերեց Կնքահոր՝ Դոն Կոռլեոնեի նախանձելի հեղինակությունը. «Յութուբ», մամուլ, սոցիալական ցանցեր՝ միանգամից հեղեղվեցին իտալական մաֆիայի կինոների ոգուն համահունչ վերնագրերով՝ «Կնքահոր խոստովանությունները», «Հայ փոփի կնքահոր կարծիքը»… Քաղաքը լծվեց՝ քննարկելու «կնքահոր» մտքերն ու գանգստերական էլիտայի համարում ու կարեւորություն ստացած հայկական շոու-բիզնեսի ճիշտ ու սխալ կատարողներին, նրանց երգացանկը, հագուկապը, ազգային, ապազգային գործունեությունը, իրենց երգերով թուրքերի ջրաղացին ջուր լցնելը: Կնքահայրը չէր «խնայել» ոչ ոքի, Սիրուշո, Էմմի, Ադրե, Արամե, Սիլվա Հակոբյան, Վահրամ Պետրոսյան, Լիլիթ Հովհաննիսյան: Բայց եթերով «կնքահոր» խոստովանությունն ավելի շատ ժպիտ էր առաջացնում, քան զարմանք, նախ, որովհետեւ այլեւս զարմացնելու բան չկա, եւ հետո՝ վաղուց արդեն ամեն ինչ ասվել է: Բայցեւայնպես «կնքահոր» դեմքի մոլոր արտահայտությունը լուսնից իջած անտեղյակ մարդու տպավորություն էր թողնում, որը նոր-նոր է քնից արթնացել եւ ահա մնացել է զարմացած այն բոլոր ձայներից, որ իր շուրջը հնչում են:
«Կնքահայրն» ասում է՝ ես այնպես եմ ուզում մի օր Արամեին տեսնել եւ ասել՝ այդքան խելոք տղա ես, ինչո՞ւ ես դա երգում…. եթե ապրեինք Չինաստանում, ապա տրամաբանական է, որ այդ երկրի ազգաբնակչության թվաքանակի պայմաններում մարդ տեսնելը մի քիչ բարդ հարց է, բայց չէ՞ որ մենք ապրում ենք մի փոքրիկ քաղաքում, որտեղ ամեն ձայնասկավառակի, համերգի, միջոցառման, հաղորդման ժամանակ կարող ես նույն մարդուն անգամ օրը մի քանի անգամ տեսնել, հիմա եթե ուզում ես տեսնել՝ տես, ո՞վ է խանգարում:
«Կնքահոր» անգամ քննադատական խոսքերի տակ կարելի էր նկատել իր սաների գովքը, նա մի ձեռքով թեթեւակի ապտակում էր, մյուս ձեռքով շոյում նրանց փառասիրությունը: Այդպես նա մի երկու թթու խոսք ասելով Արամեի ու Սիլվա Հակոբյանի հասցեին, նրանց ժողովրդականությունն այնքան բարձր գնահատեց, որ անգամ մատաղ սերնդի դաստիարակության հարցը դրեց նրանց ուսերին՝ եթերից կատարողներին հարց ուղղելով՝ չե՞ք ուզում նաեւ դաստիարակեք…
Գրիգորիչն «անխնա» քննադատեց նաեւ տեղական բոլոր մրցանակաբաշխությունները, բայց մյուս կողմից էլ նշեց, որ դրանից մեկում ժյուրիի նախագահ էր, այսինքն մեզ մոտ մարդկանց լեզուն բացվում է այն ժամանակ, երբ ոտքերդ վազելու հնարավորություն են ստանում: «Կնքահոր» խոսքերը գուցե համոզեին ու հավատ ներշնչեին, եթե չլիներ մի հետաքրքիր նյուանս. ամիսներ առաջ, երբ շոու-բիզնեսի կնքահայրն իր աղջկա հարսանիքն էր նշում ռեստորանային համալիրներից մեկում, այդտեղ հրավիրվել էին նույն այդ շոու-բիզնեսի, 6/8-ի երգիչ-երգչուհիները, ովքեր իրենց կատարումներով ծաղկացրել էին կնքահոր աղջկա հարսանիքը: Այսինքն՝ մի կողմից ընդունելի է այդ մարդկանց մատուցած երգ-երաժշտությունը, երբ դա հնչում է իր աղջկա հարսանիքին, բայց մյուս կողմից էլ խնդիր է առաջանում պահել ճշմարիտ ուսուցչի հեղինակությունը, «կնքահոր» արդարամտությունը, միայն թե ուսուցիչը դասեր տալուց բացի նախեւառաջ իր օրինակով է ուսուցանում, հետո ճշմարիտի ու իրենց հավատարիմ մնալու ուղիները մատնանշում:
Անի Առաքելյան