Sunny
-2 °C

Թեկնածուն փոխվել է

ՀԵՂԻՆԱԿ՝ Լուսինե Շահվերդյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն որոշել է պահպանել 2007-ի քարտեզը, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ 7 ներկայացուցիչներ հաղթեցին մեծամասնական ընտրատարածքներում: Սակայն եւս երեք պատգամավորները, որոնք հաղթել էին մեծամասնական ընտրատարածքներում, բայց  հետագայում են դարձել ԲՀԿ անդամ, ընտրություններից հետո անդամակցեցին այս կուսակցությանը: Նրանք էին՝ Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Մարտուն Գրիգորյանը, թիվ 35-ից ընտրված Սամվել Բալասանյանը եւ Արմավիրի թիվ 19-ից պատգամավոր ընտրված Ռուստամ Գասպարյանը: Նրանցից զատ, 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ թիվ 25 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանը զրկվեց պատգամավորական մանդատից, ՀՀԿ-ն  թույլ տվեց, որ այդ տարածքից պատգամավոր ընտրվի ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը, որը 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվել էր Սասուն Միքայելյանին: Մենք զրուցեցինք Մխիթար Հարությունյանի հետ, ով հայտնեց, որ ինքն այս անգամ մեծամասնականով չի առաջադրվելու եւ ընդգրկվելու է ԲՀԿ համամասնական ցուցակում:

- Դա պայմանավորվա՞ծ է նրանով, որ, ըստ լուրերի, Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պարտադրել է ընդունել խորհրդարանական ընտրություններում ընդամենը 7 մեծամասնական տեղ ունենալու պայմանը:

- Առանց որեւէ մեկնաբանության՝ ես չեմ առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու:

- Ամեն դեպքում պատճառ պետք է լինի, գուցե նախորդ ընտրություններում Ձեր կրած պարտությա՞մբ է որոշումը պայմանավորված:

- Ես իրավունք ունեմ չմեկնաբանել, ոչ մի խնդիր էլ չկա, ցանկության խնդիր է:

- Վստահ չե՞ք Ձեր ուժերին: Կարդալ ամբողջությամբ

Աշխարհում ամենավատ աշխատանքը մարզպետի գործն է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արմավիրի նախկին մարզպետ, ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ով խորհրդարան է եկել Հովիկ Աբրահամյանի օրոք, շարունակում է  աշխատել ԱԺ-ում նաեւ Սամվել Նիկոյանի նախագահության ժամանակ: Ճիշտ է` զբաղվում է թեթեւ տնտեսական աշխատանքով: Հերոյանը, ով հարստացել է հենց մարզպետ աշխատելու տարիներին, երեկ մեր թղթակցի հարցին, թե իրեն մարզպետի՞ աշխատանքն էր դուր գալիս, թե՞ ԱԺ նախագահի խորհրդականի, պատասխանել է. «Աշխարհում ամենավատ աշխատանքը դա մարզպետի գործն է»:

Չի հաշտվում պատգամավորական մանդատից զրկվելու գաղափարի հետ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Քյավառցի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, մեզ հասած տեղեկություններով, չի պատրաստվում հաշտվել պատգամավորական մանդատից զրկվելու գաղափարի հետ եւ իր տեղը զիջել մեկ այլ ՀՀԿ-ականի` «Եվրոստան ույուտի» Մանվել Բադեյանին, ով արդեն հայտարարել է, թե տարածքն իրեն են վստահել: Ժամանակ առաջ Արզաքանցյանն անցել էր Գավառի գյուղերով եւ ասել, որ ինքն առաջադրվելու է: Նա այժմ Հայաստանում չէ, մեզ հասած տեղեկությամբ, օրերս վերադառնալու է` հայտարարելու համար, որ մեծամասնականով մասնակցելու է ընտրարշավին: Նրա ստեղծած հիմնադրամը Քյավառում Տրնդեզ է կազմակերպում: Ի դեպ, ըստ որոշ կարծիքների, Արզաքանցյանի դեմ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկն էլ թերթերի դեմ նրա հարուցած դատերն են:

Զառան անպայման լինելու է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մամուլում վերջերս լուրեր են շրջանառվում, թե «Ժառանգության» համամասնական ցուցակում այլեւս չի լինի Զարուհի Փոստանջյանը, քանի որ նրա պահվածքն ու կեցվածքը ոմանց այդքան էլ դուր չեն գալիս, երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից: Վերջինս հայտնել է, թե  խոսակցությունները կապ չունեն իրականության հետ. «Եվ առավել եւս կապ չեն կարող ունենալ, քանի որ ցուցակը դեռեւս քննարկված չէ»: «Իսկ որքանո՞վ է հավանական, որ Փոստանջյանը դուրս կմնա ցուցակի անցողիկ տեղերից» լրագրողի հարցապնդմանը «Ժառանգության» ղեկավարը պատասխանել է. «Ես արդեն պատասխանեցի, որ ցուցակները չեն քննարկվել, իսկ խոսակցությունները, որի պատգամաբերը Դուք եք այսօր, չեն համապատասխանում իրականությանը, այն առումով, որ մենք մեծ հպարտություն ենք տածում Զարուհու եւ մնացած պատգամավորների նկատմամբ: Առայժմ ոչ միայն ցուցակ չի քննարկվել, այլ առավել եւս ցուցակից որեւէ մեկին հանելու հարցը չի քննարկվել, եւ վստահ եմ, որ Զարուհի Փոստանջյանն իր պատգամավորական առաքելությունը կշարունակի առաջիկա խորհրդարանում»:

Հստակություն չկա, չկա ոչ համամասնականում, ոչ մեծամասնականում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նախօրեին տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել է խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով ՀԱԿ մասնակցության հարցը: Ինչպես համամասնականի դեպքում, այս դեպքում եւս որոշումներ չեն կայացվել: ՀԱԿ անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր տեսակետը, եւ որոշվել է քննարկումները շարունակել: Մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու խնդիրը չափազանց կարեւոր եւ նուրբ հարց է: Արդյոք ՀԱԿ-ը պետք է մասնակցի ընտրություններին միայն համամասնակա՞ն ընտրացուցակով, թե՞ նաեւ պետք է առաջադրի թեկնածուներ մեծամասնական   ընտրատարածքներում: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ մեծամասնական ընտրատարածքներում թեկնածու առաջադրելն այլընտրանք չունի: Մեծ իմաստնություն պետք չէ հասկանալու համար, որ եթե դու այդ տարածքում չունես քո թեկնածուն, ապա մեծապես զիջելու ես այն ուժին, որը հանդես է գալիս սեփական թեկնածուով, քանի որ թեկնածուն, պայքարելով իր հաղթանակի համար, քարոզում է այն կուսակցության եւ քաղաքական ուժի օգտին, որին ինքը ներկայացնում է:

Եկեք հասկանանք, թե ովքեր կարող են լինել ՀԱԿ ներկայացուցիչները մեծամասնական ընտրատարածքներում: Իհարկե, կան հանրությանը ծանոթ գործիչներ, ովքեր կարող են առաջադրվել մեծամասնական ընտրատարածքներում, բայց  որքանո՞վ են նրանք պատրաստ պայքարել ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական օլիգարխիայի ներկայացուցիչների դեմ, ովքեր ընտրությունների վրա հարյուր հազարավոր դոլարներ են ծախսելու:

2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 15 ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչվեցին, եւ նշանակվեց նոր ընտրություն: Դրան մասնակցեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընտրությանը մասնակցած 35 հազար 270 ընտրողներից Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր ընդամենը 1.220-ը, 34 հազար 150-ը քվեարկել էր այլ թեկնածուների օգտին: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատ ստացավ, քանի որ ընտրվել էր համամասնական ընտրակարգով:

ՀԱԿ-ում որեւէ մեկը երաշխավորված չէ, որ կարող է նույնությամբ կրկնել Րաֆֆի Հովհաննիսյանի ճակատագիրը. առաջադրվել մեծամասնական ընտրակարգով եւ ստանալ 1000-ին մոտ ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցությունում անվիճելի առաջնորդ էր, եւ ոչ մեկը նրան չէր կարող ասել, որ հազար ձայն ստացողը չի կարող պատգամավոր լինել, մանավանդ որ «Ժառանգությունից» պատգամավոր դարձածները չէին կարող հպարտանալ, որ իրենք կարող են դրանից ավելին ստանալ: ՀԱԿ-ում իրավիճակն էականորեն տարբերվում է. այստեղ վճռական պայքար է գնում ցուցակի յուրաքանչյուր տեղի համար, եւ կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ ինքն արժանի է ավելիին:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն հրապարակայնորեն է ակնարկել, որ իրենք մեծամասնական ընտրատարածքներում կարող են բազմաթիվ թեկնածուներ առաջադրել, ովքեր 5-10 հազար ձայն կբերեն ՀԱԿ համամասնական ցուցակին: Ի պատասխան Սարգսյանի այս հայտարարությանը, ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ եթե այդքան ուժեղ են, թող միայնակ գնան ընտրությունների: ՀԺԿ-ում համարում են, որ իրենց կուսակցությունում չարատավորված անցյալ ունեցող մարդիկ են, ովքեր, ի տարբերություն ուրիշ կուսակցությունների ներկայացուցիչների, չեն եղել իշխանության մեջ եւ չեն արատավորվել: Այլ կուսակցություններ իրենց առավելությունը համարում են այն, որ ընդդիմադիր գործունեությամբ են զբաղվում դեռեւս Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից սկսած եւ չեն համագործակցել ոչ մի ռեժիմի հետ: Կարդալ ամբողջությամբ

Կառավարության նիստերը` նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Սարիբեկյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կարելի է ասել, երեկվանից  մեկնարկեց Հանրապետական կուսակցության քարոզարշավը: Տիգրան Սարգսյանի երեկվա խոսքը հիշեցնում էր նախընտրական ելույթ: Հնչեցրեց հարցադրումներ, մի շարք սոցիալական խնդիրներ վեր հանեց` միաժամանակ կոնկրետ լուծումներ առաջարկելով: Եվ այնպիսի տոնով, որ կարծես այդ կնճռոտ  խնդիրները հենց նոր են բացահայտել ու տաք-տաք գործի լծվել: Եվ այսպես, նախընտրական այս թեժ շրջանում հայտնաբերել են աղքատություն կոչված չարիքի դեմ պայքարելու մեխանիկան: Պարզվում է` այն արմատներ է գցել մեր երկրում կրթության անմատչելիության պատճառով: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աղքատության հաղթահարման կարեւորագույն գործոնը կրթության հասանելիությունն է: Այն ընտանիքները, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին տալ կրթություն՝ սկսած դպրոցից, պրոֆտեխուսումնարաններից, բուհերից, նրանք մշտապես ունենում են աղքատության խնդիր: Այդ տեսակետից մեր քաղաքականության մեջ տեղի է ունենում շեշտակի փոփոխություն, այն է` այսուհետեւ մեր սոցիալական ծրագրերն ուղղված են լինելու առաջին հերթին անապահով խավերի համար կրթությունը հասանելի դարձնելուն»,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Եվ սա ասում է մի երկրի վարչապետը, որտեղ կան հազարավոր դիպլոմավորված գործազուրկներ, որոնք չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել: Կարդալ ամբողջությամբ

Չկա այդպիսի քննարկում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» հնարավոր նախընտրական դաշինքի մասին խոսակցությունների շրջանակում շրջանառվում է այն տեղեկությունը, որ այդ դաշինքին կարող է միանալ նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Երեկ խորհրդարանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին հարցրինք, թե հնարավո՞ր է նման զարգացում: «Մենք նման քննարկումներ չենք արել: Չկա այդպիսի քննարկում, դրանք մտացածին տեղեկություններ են»,- հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Ինչի՞ մասին էր խոսում Ալիկ Արզումանյանը

ՀԵՂԻՆԱԿ՝ Մարինե Խառատյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Չնայած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանը երեկ հայտարարել է, որ «Ազատ դեմոկրատները» բանակցում է «Ժառանգության» հետ՝ դաշինք կազմելու շուրջ, մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ երկու կուսակցությունների միջեւ բանակցություններ չկան:

- Պարոն Սաֆարյան, այժմ բանակցություններ ընթանո՞ւմ են «Ազատ դեմակրատների» հետ` միասնական դաշինքի, համատեղ ցուցակի շուրջ: Կարդալ ամբողջությամբ

Կոալիցիան բաժանել է մեծամասնական ընտրատարածքները

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունվարի 30-ին նախագահականում կոալիցիայի ներկայացուցիչների (նախագահ Սերժ Սարգսյան, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյան եւ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյան) հանդիպման ժամանակ վերջնականապես ճշտվել է, թե ինչ սկզբունքով պետք է բաժանվեն Հայաստանի 41 մեծամասնական ընտրատարածքները: Ըստ պայմանավորվածության՝ ՀՀԿ-ն պատգամավորության թեկնածուներ կառաջադրի 26 ընտրատարածքներում, ԲՀԿ-ն՝ 7-ում, ՕԵԿ-ը՝ 4-ում: Այս ընտրատարածքներում կոալիցիոն գործընկերները միմյանց դեմ թեկնածուներ չեն առաջադրի: Մնացած 4 ընտրատարածքներում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կպայքարեն պատգամավորական մանդատի համար, եւ հաղթողը կորոշվի արդար մրցակցության պայմաններում: Այս չորս ընտրատարածքները նրանք են, որտեղ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել են անկուսակցականներ կամ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր հետագայում են անդամագրվել ԲՀԿ-ին:

Մինչ այս պայմանավորվածությունը, ԲՀԿ ղեկավարը պահանջում էր, որ ԲՀԿ-ին տրվի 13 ընտրատարածք, հետո նա իր պահանջներն իջեցրեց 11-ի, ապա՝ 9-ի, իսկ երբ ՀՀ նախագահը, չզիջելով այս պահանջներին, ասել էր, որ ԲՀԿ-ն պետք է ունենա այնքան տեղ, որքան ունեցել է 2007-ին, Ծառուկյանը որոշել էր ընդհանրապես չպայմանավորվել եւ գործել ինքնուրույն: Հենց այդ ժամանակ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԲՀԿ-ն որոշում է կայացրել թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում: Հունվարի 26-ին Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանն իր ղեկավարի անունից հաստատեց մինչ այդ ԲՀԿ պատգամավորների անունից հնչեցվող այն տեղեկությունները, որ ԲՀԿ-ն պատրաստվում է բոլոր մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրել: «Բոլոր 41 ընտրատարածքներից պարոն Ծառուկյանը հանձնարարել է, որ պատասխանատուները ներկայացնեն 2-3 թեկնածուներ՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար»,- ասել էր Գալստյանը: Հունվարի 27-ին ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Վարդան Բոստանջյանը մամուլի ասուլիսում ասել էր. «Այսօր ԲՀԿ-ն պատրաստվում է բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել, իսկ դա արդեն նշանակում է, որ մենք դեմ չենք մեծամասնական ընտրակարգին»: Իսկ արդեն փետրվարի 1-ին, կոալիցիոն հանդիպումից երկու օր հետո, դարձյալ մամուլի ասուլիսում ասել էր ճիշտ հակառակը. «ԲՀԿ-ն դեռ չի որոշել, թե բոլոր մեծամասնական ընտրատարածքներում թեկնածու առաջադրելու է, թե ոչ»:

Ականապատման եւ ականազերծման գծով մասնագիտացած ԲՀԿ անմնացորդ նվիրյալները Բոստանջյանի այս հայտարարությունից հետո շտապեցին հայտարարել, որ ԲՀԿ-ում պայթեց հերթական ականը, եւ այս հայտարարությունը մեկնաբանեցին որպես Բաղրամյան 26-ից՝ նախագահականից թելադրված քայլ: Հնարավոր է, որ իսկապես Բոստանջյանի հայտնած մտքերը թելադրված են եղել Բաղրամյան 26-ից, քանի որ կոալիցիան ներկայացնող ուժերի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հենց նախագահական նստավայրում: Ամենայն հավանականությամբ, երբ ԲՀԿ նախագահը դեռ դուրս եկած չի եղել նախագահական նստավայրից, շտապել է զանգահարել եւ կարգադրել Բոստանջյանին՝ հրավերք ստանալ որեւէ ակումբի կողմից եւ այնտեղ հայտարարել նախորդ ասուլիսում ասածի ճիշտ հակառակը: Հետաքրքիր է, որ ԲՀԿ մամուլի քարտուղարն ու կուսակցության այլ ներկայացուցիչներ Բոստանջյանի մամուլի ասուլիսից հետո հերքեցին Վարդան Բոստանջյանի՝ նույն ասուլիսում հնչեցրած մտքերից մեկը, ըստ որի՝ 2013-ին ԲՀԿ-ն պատրաստվում է պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ասելով, որ Բոստանջյանը ներկայացրել է իր անձնական կարծիքը, սակայն այդպես էլ չխոսեցին 41 ընտրատարածքներում թեկնածուներ չառաջադրելու վերաբերյալ որոշման մասին: Հնարավոր է, որ նախագահ Սարգսյանին սատարելու կամ չսատարելու վերաբերյալ Բոստանջյանը Ծառուկյանից որեւէ ցուցում չի ստացել, եւ նման հայտարարությունը եղել է ինքնագործունեության արդյունք: Բայց դրա մեջ Բոստանջյանին մեղադրելը կամ որպես ական պայթեցնելը, մեղմ ասած, հակամարդկային է: Բոտանջյանը մտածել է, որ եթե Ծառուկյանը համաձայնել է 7 ընտրատարածք ստանալու առաջարկին, որին մինչ այդ ամբողջ ուժով ընդդիմանում էր, ինչո՞ւ չպետք է համաձայնի Սարգսյանին չպաշտպանելու մտքին: Կարդալ ամբողջությամբ

Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել մի քանի ակտիվիստների

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեր տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը կապված է փետրվարի 12-ին այստեղ կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ: Թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, եւ նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, ում սատարում է Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը: Ըստ մեր աղբյուրների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Զարզանդ Գրիգորյանի համար աշխատող մի քանի ակտիվիստների: Որոշ տեղեկություններով՝ նույնիսկ կրակել են նրանց ոտքերի տակ: