Հարցազրույց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ
-Եվս մեկ տարի ավարտվեց, փորձենք ամփոփել քաղաքաշինության առումով: Նախ՝ ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այդ ասպարեզում:
- 2011 թվականը կարեւոր էր վերջին 20 տարվա համեմատությամբ. տեղի ունեցան մի քանի շատ կարեւոր տրանսֆորմացիաներ քաղաքաշինության ոլորտում, եւ պատճառներից մեկն էլ հարցերի, խնդիրների սրումն էր ու դրանց արձագանքը: Հատկապես վերջին 2-3 ամիսներին հետաքրքիր գործընթացներ տեղի ունեցան, դրանցից ամենահուսադրողը Տարոն Մարգարյանի քաղաքապետ ընտրվելն էր: Իսկ դրա արդյունքը տեսանք երկու օր առաջ, երբ նրա առաջին այցելություններից մեկը եղավ Ճարտարապետների միություն, եւ հանդիպեց ճարտարապետների հետ: Դա չլսված իրադարձություն էր, որը Երեւանի քաղաքապետարանի նոր մոտեցում է խնդիրներին, ինչը շատ կարեւոր է:
Ճարտարապետների մեջ տեղի ունեցան ինչ-որ փոփոխություններ. քաղաքացիական, քաղաքաշինական ակտիվությունը, որ 2010թ. «Կինոմոսկվայից» սկսվեց, հիմա շատ ավելի ձեւավորված է, ավելի հստակ է խնդիրները մատնանշում եւ ավելի արդյունավետ է աշխատում: Դա հասարակական մի ամբողջ շերտի ընդվզումն է քաղաքաշինական գործունեության վերաբերյալ եւ իր արդյունքը տալիս է:
- Իսկ որո՞նք էին այն խնդիրները, որոնք դժվարություններ են առաջացնում եւ մտահոգող են:
- Խնդիրների մասին շատ անգամ է խոսվել, դեռեւս մտահոգիչ է Երեւանի գլխավոր ճարտարապետի անձը: Նաեւ շատ հետաքրքիր փոփոխություն տեղի ունեցավ վերջին երեք ամսվա մեջ. մարդիկ, որոնք մեղքի մեծ բաժին ունեին վերջին 20 տարվա քաղաքաշինական խեղաթյուրումների մեջ, անցան այս դաշտ եւ սկսեցին պաշտպանել քաղաքաշինական գործընթացները: Մարդիկ, ովքեր քաղաքաշինական հզոր եւ չմտածված նախագծերի հեղինակ են, այսօր պայքարում են հանուն «Հրազդան» մարզադաշտի պաշտպանության: Ովքեր հուշարձանների քանդման պատճառ են, այսօր պաշտպանում են հուշարձանները: Կարդալ ամբողջությամբ












