Sunny
19 °C

Արմինե Օհանյանի արխիվ

Ժողովուրդը միշտ ճիշտ է

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
This entry was posted in ԼՐԱՀՈՍ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ and tagged .

Շատ-շատ զայրացած եմ: Ոչ թե ընտրությունների արդյունքներից, այլ ընտրողների հանդեպ այն վերաբերմունքից, որ դրսեւորում են մի կողմից մեր քաղաքական ուժերը, մյուս կողմից՝ այն, իբր հեղափոխական, ինտելիգենտ վայ մտավորականները, ովքեր օրեր շարունակ «լռված» «Ֆեյսբուքում», մեղադրում են ժողովրդին՝ ծախվելու, սխալ կողմնորոշվելու, կամազուրկ լինելու, չպայքարելու եւ այլնի մեջ: Ինչ պիտակ ասես չեն կպցնում ընտրողին՝ էլ ոչխար, էլ ծախու ստրուկ: Հուսահատության ու արհամարհանքի ի՜նչ թատրոն են բեմադրում՝ բա մենք ու մեր երեխաները ո՞նց ապրենք այս ստրուկների երկրում, վերջ՝ կործանվեց այս երկիրը, «կողպեք դրեցինք այս երկրի վրա», ազգովի կարտագաղթենք ու այսպես շարունակ: Ասել եմ ու էլի եմ ասում՝ այս երկրի ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր քաղաքական ուժերը, իր իշխանությունն ու մտավորականությունը: Նա կեղծ սեթեւեթանքների չի տրվում, բայց կեղծիքը մաշկով է զգում, սուրբ չի ձեւանում, բայց սուտ սրբերին անմիջապես ճանաչում է: Եվ միշտ ընտրում է չարյաց փոքրագույնին: Այն ուժին, ով վտանգների ու արհավիրքների միջով իրեն չի տանելու, չի խաբելու, հարմար պահի չի ծախվելու, չի դավաճանելու: Կարդալ ամբողջությամբ

Գեորգի Մուրադյանը նարկոդիլլե՞ր, թե՞ սպառազինությունների մեծ մասնագետ

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մենք ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնական Գեորգի Մուրադյանին այլեւս չէինք անդրադառնա, եթե մեր նախորդ հոդվածի («Նարկոդիլլերը ՀՀ գլխավոր հյուպատո՞ս») հետ կապված ընթերցողների մեկնաբանությունների այսպիսի առատություն չլիներ, ինչը, կարծում եմ, այնքան էլ ինքնաբուխ չէ: Ինչու եմ այդպես կարծում` ելնելով հոդվածի տպագրությանը հաջորդած դեպքերից: Ուզում եմ կատարվածն ամբողջությամբ ներկայացնել ընթերցողին, հավատարիմ մնալով մեր թերթի գլխավոր սկզբունքին` ընթերցողի հետ առավելագույն անկեղծությանը: Կարդալ ամբողջությամբ

Հանդուրժեք մեր գոյությունը, եթե անգամ այն երբեմն ցավոտ է

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի ժամանակ, երբ նոր-նոր էր սկսել տպագրվել «Հրապարակը», թերթի հասցեին հնչող յուրաքանչյուր չարախոսություն շատ ծանր էի տանում: Այդ ամենն այնքան անարդար էր, որ ուզում էի մեկ առ մեկ շրջել, պատմել բոլորին, համոզել ու ապացուցել, որ դա զրպարտություն է, հերյուրանք, իրականությունից հեռու կասկածներ: Մենք շատ ավելի լավն ենք, շատ ավելի ազնիվ, շատ ավելի նվիրված մեր մասնագիտությանն ու ձեռնարկած գործին, քան թվում է ոմանց: Հետո հասկացա, որ նախանձն ու չարությունն աշխարհ են եկել մարդու հետ եւ մարդու հետ էլ կգնան այս աշխարհից: Հիմա շատ ավելի թեթեւ եմ տանում այդ ամենը եւ դա համարում եմ մեր թերթի ճանաչման, հեղինակության բարձրացման ապացույց եւ անբաժան ուղեկից: Բայց, այնուամենայնիվ, երբեմն արժե հետահայաց անդրադառնալ տարբեր մակարդակներից հնչող մաղձին ու ատելությանը: Պարզապես՝ որպեսզի մեզ սիրող ու հարգող մարդիկ չիմանան, թե լռությունը համաձայնության նշան է, եւ մենք ասելիք չունենք:

Հեռուստագիգանտներից մեկը, որն ասում են, շուտով ԱԺ պատգամավոր է դառնալու, վերջերս «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր արել: Առիթը իր տիրոջ մասին մեր լուրն էր, որը դուր չէր եկել սույն ընկերոջը: Անդրադարձել էր համեստ անձիս ու իր խորիմաստ վերլուծություններն արել առ այն, որ «Արմինե Օհանյանը կամ PR-ով ա զբաղվում, կամ՝ հակաPR-ով, բայց լրագրության համար կուրծք ա ծեծում»: Մինչդեռ ես լրագրության համար կուրծք չեմ ծեծում, ես դրանով, ի տարբերություն ոմանց, զբաղվում եմ ամբողջ կյանքում: Լավ եմ զբաղվում, թե վատ՝ իմ ընթերցողները կասեն, բայց հաստատ այնքան վնաս չեմ տվել ազատ խոսքին, որքան վերը նշված «հեռուստագանգը»: Հենց սրա նմանների գործունեությունը լրատվության դաշտ ներմուծեց PR-ն ու հակաPR-ը, որը մենք՝ 90-ականներից աշխատող ժուռնալիստներս, պատկերացնել անգամ չէինք կարող: Բայց խնդիրը դա էլ չէ, այլ այն, որ ստրկական վիճակում հայտնված այս լրագրողիկները ողջ օրը զբաղված են մեր թերթի ուսումնասիրությամբ եւ այնտեղ «վրիպակներ» գտնելով ու դրանք հերքելով: Հասկանալի է, որ մեր բերանը փակելու համար նրանց տերերը ոչ մի միջոցից չեն խորշում, բայց ի՞նչ շահ ունեն սրանք, որ իրենց գործն անելու փոխարեն կենտրոնացել են մեզ վրա: Ի վերջո, եթե մենք «դեղին» ենք, զբաղված ենք PR-ով կամ չգիտեմ էլ ինչով, ինչո՞ւ եք կարդում մեզ ու դեռ դրա վրա փող, նյարդեր ու ժամանակ ծախսում: Այդ ձեր հաղորդումներն են, որ անկոչ հյուրի նման ներխուժում են մեր բոլորի տները եւ այլընտրանքի բացակայության պայմաններում փաթաթվում մեր վզին: Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ՝ մի կարդացեք «Հրապարակ»: Ի վերջո, «Հրապարակը» ոչ թե օլիգարխների ու նրանց սպասարկող սակավաթիվ մարդկանց համար է ստեղծվել ու տպագրվում, այլ այս հասարակության առողջ ուժերի, այն մարդկանց համար, ում թանկ է այս երկրի ապագան, ովքեր մի փոր հացի գերի չեն եւ ինչ որ սկզբունքներ ունեն:

Հաջորդ թեման ավելի ուշագրավ է: Սկանդալային պատմության մեջ հայտնված կուսակցություններից մեկի նախագահը, թե նախկին նախագահը (արդեն դժվար է հստակ ասել) հանդես է եկել հերթական «Բաց ֆաքսով», որը վերնագրված է, ուշադրություն՝ «Սամվել Բաբայանի միջոցներով ստեղծված «Հրապարակի» հրապարակումների շուրջ»: Չգիտեմ ինչից սկսեմ՝ Սամվել Բաբայանի՞ց, թե՞ «բաց ֆաքսերի» ավանդույթի հեղինակ կուսառաջնորդից: Փաստորեն, ՀՌԱԿ ատենապետ թե նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը երկու թշնամի ունի այս երկրում՝ Տիգրան Սարգսյանն ու «Հրապարակը»: Եվ գիտե՞ք ինչում է «Հրապարակի» մեղքը. որ շատ օպերատիվ եւ ճշգրիտ ներկայացնում է իր շուրջ «սեղմվող օղակը»: Հա, նաեւ քննադատում է իր պրոպուտինյան դիրքորոշումը: Սույն «բաց ֆաքսը» մի քանի անգամ կարդալուց հետո էլ դժվար է որոշել, թե ինչը եւ ինչու չպետք է գրեինք մենք, եւ մեր գրածի որ տողն է, որ չի համապատասխանում իրականությանը: Բայց կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ Առաքելյան Հարութը որոշել է իբր պատռել մեր դեմքը եւ իր չնաշխարհիկ հայտարարության մեջ բազմիցս օգտագործել է «Սամվել Բաբայանի աջակցությամբ ստեղծված «Հրապարակ»» արտահայտությունը: Շտապեմ հանգստացնել պրն Առաքելյանին եւ մյուսներին՝ այո, Սամվել Բաբայանն օգնել է «Հրապարակի» ստեղծմանը եւ ոչ միայն Սամվել Բաբայանը: Թերթին փնովելն է հեշտ, իսկ թերթ ստեղծելը մենակ մարդու՝ կնոջ, ոչ ֆինանսական, ոչ ֆիզիկական, ոչ հոգեւոր կարողությունների բան չէ՝ այն բարդ ու աշխատատար համակարգ է, ուժերի գերլարում, ընկեր-բարեկամների աջակցություն պահանջող աշխատանք: Եվ ես շնորհակալ եմ բոլոր նրանց, այդ թվում Սամվել Բաբայանին, ովքեր անշահախնդիր կերպով, գիտակցելով մամուլի ու թերթի դերը մեր երկրում, օգնել են «Հրապարակի» ստեղծմանն ու կայացմանը: Կարծում եմ-հուսով եմ՝ հիասթափություն, ափսոսանքի զգացում առայսօր չեն ունեցել, եւ մենք ամեն ինչ կանենք, որ հետայսու էլ չունենան: Ի վերջո, այն բարեխղճությունը, որ դրսեւորում է «Հրապարակի» կոլեկտիվը թերթի ստեղծման ընթացքում, ակնհայտ է, եւ դա չեն կարող ժխտել անգամ մեր թշնամիները: Ինչ վերաբերում է Հարություն Առաքելյանին եւ ոչ միայն նրան (մամուլն ու լրագրողներին թշնամի հայտարարողներ մեզանում էլի կան), ուզում եմ հիշեցնել, որ ձեր նման ձախողված քաղաքական գործիչներին մենք՝ լրագրողներս ենք կենդանություն պարգեւում: Եթե մի օր որոշենք, ի դեպ՝ սխալ չենք անի, ձեր մասին ընդհանրապես ոչ մի տող չգրել, դուք անդարձ կանցնեք պատմության գիրկը, եւ մի երկու ամիս անց ձեզ ոչ ոք այլեւս չի հիշի: Այնպես որ, ձեր իսկ շահերից ելնելով, հանդուրժեք մեր գոյությունը, անգամ եթե այն երբեմն ցավոտ է ու տհաճ: Կարդալ ամբողջությամբ

Ծանոթացեք` հրապարակում «Հրապարակն» է

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարող է պարադոքսալ թվալ, բայց ես, որպես «Հրապարակի» խմբագիր, հարգում եմ ընթերցողի, ՀՀ քաղաքացու անանուն հանդես գալու իրավունքը, ինչը նրան հնարավորություն է ընձեռում պաշտպանված լինել տարբեր հետապնդումներից: Մարդն իրավունք ունի վախենալ, զգուշանալ, ի վերջո՝ ամաչել: Չէ՞ որ այն, ինչ մարդկային է, բնական է: Եվ պետք չէ կեղծ փարիսեցիություն անել ու հերոս ձեւանալ, թե՝ ես վախ չունեմ, մի հասարակության մեջ, որտեղ կարող են մարդուն ճշմարտությունն ասելու, քննադատելու համար ազատել աշխատանքից: Բողոքելու համար՝ քրեական գործ հարուցել, ասենք՝ զրպարտության հոդվածով:

Հանրահավաքների գնալու համար հալածել իրեն եւ հարազատներին: Թերթին դիմելու դեպքում «կլյաուզնիկի» ու «գործ տվողի» պիտակ կպցնել եւ այլն: Ուստի կարծում եմ՝ մարդն իրավունք ունի անանուն հանդես գալու եւ արժանի է, որ մենք լսենք նրան ու հնարավորն անենք՝ օգնելու համար: Բայց միաժամանակ ես տանել չեմ կարողանում անանուն ժուռնալիստիկան: Մարդը՝ լրագրողը, պետք է բաց ճակատով ու անվախ ներկայանա հասարակությանը: Իր խոսքն ասի շիտակ ու առանց զգուշանալու, իր գրածի տակ հպարտությամբ դնի իր ստորագրությունը եւ պատասխան տա իր գրած յուրաքանչյուր բառի համար: Այնպես որ «Հրապարակ» թերթի առաջին իսկ օրվանից թերթում տպագրվող լրագրողներն ընթերցողի առաջ հանդես են եկել իրենց անուններով եւ լուսանկարներով: Ընթերցողը պետք է ճանաչի իր հետ խոսող լրագրողին, իմանա դեմքով, ինչու չէ՝ նայի նրա աչքերին, որ փոխադարձ վստահություն առաջանա նրանց միջեւ: Դա է պատճառը, որ որոշեցի տարեվերջյան համարում ձեզ ներկայացնել «Հրապարակի» կոլեկտիվին՝ այն մարդկանց, ովքեր պատրաստում են այս թերթը եւ կլոր տարին, գրեթե ամեն օր շփվում են ձեզ հետ, մտնում ձեր տները, պատմում երկրում եւ մարդկանց հետ կատարվող իրադարձությունների մասին: Կարդալ ամբողջությամբ

Յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արածի ու ասածի համար

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթ անդրադարձել էի մամուլին եւ նրա շուրջ կատարվող իրադարձություններին: Դեռ թարմ էր Սահմանադրական դատարանի որոշման տպավորությունը, եւ մեր վերջին դատական հայցն էլ ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Հատկապես մարդկանց զվարճացրել էր փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից նոր նախադեպ ձեւավորելու ցանկությունը. եթե հիշում եք, նա մեզ դատի է տվել մեր հոդվածներից մեկի տակ արված ընթերցողների մեկնաբանությունների համար: Կարծում էի՝ հասկանալի ու սրամիտ վերնագիր եմ ընտրել. «Չենք հայհոյում, բայց ուրիշին չենք զրկում հայհոյելու իրավունքից»: Միտքս այն էր, որ ուրիշի իրավունքների սահմանափակումը մարդ արարածի իրավասություններից վեր բան է: Ընդհանրապես՝ մարդու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով: Պարզվեց՝ անգամ ՄԻՊ գրասենյակի իրավաբանները դա չեն ընկալում: Հայ մարդն անզոր է հասկանալ, որ յուրաքանչյուր անձ պետք է պատասխան տա իր արածի ու ասածի համար: Եթե նա հրապարակավ հայհոյելու ցանկություն ունի՝ խնդրեմ: Մենք՝ որպես լրատվամիջոց, հնարավորություն ենք տալիս մարդկանց արտահայտվել, իրենց տեսակետը շարադրել: Եթե այդ տեսակետը մեկի կամ մյուսի համար վիրավորական է, դրանում մեր մեղքի բաժինը չկա: Ինչ վերաբերում է ընթերցողների քոմենթներին, ապա դրանք երբեւէ, ոչ մեկի կողմից չեն գրաքննվել, եւ այն բոլոր կայքերում, որտեղ կա քոմենթ անելու հնարավորություն, դրանք տեղադրվում են անարգել: Ասենք՝ եթե այս պարագայում ինչ-որ արտահայտություններ վիրավորել են Արթուր Գրիգորյանին, ապա վաղը կարող է ինչ-որ մեկն այնտեղ իր հասցեին ասված զրպարտություն կամ կեղծ տեղեկություն հայտնաբերել, արդյո՞ք դա նշանակում է, որ լրատվամիջոցը պետք է հիմա էլ զբաղվի այդ քոմենթներում առկա փաստերը ճշտելով: Արթուր Գրիգորյանի հայցը սպառնում է դառնալ դարիս ամենաունիկալ գործը. ՍԴ որոշման լույսի ներքո փաստաբանն իր հայցը լրացրել եւ ձեւափոխել է: Եվ գիտե՞ք ինչ հետեւություն է նա արել ՍԴ 37 էջանոց որոշումից. որ «Հրապարակի» համար 18 միլիոն դրամը միանվագ վճարելը բարդ կլինի, ուստի ինքը համաձայն է, որ այն գանձվի մաս-մաս՝ 250 հազարական դրամ յուրաքանչյուր ամիս՝ 6 տարվա ընթացքում: Թերեւս, պարոն Գրիգորյանը պատվերների պակաս ունի եւ ուզում է մեզնից աշխատավարձ ստանալ՝ 6 տարի: Այն էլ բավական բարձր աշխատավարձ: Կամ համարում է, որ մեծ վարկ է տվել մեզ ու յուրօրինակ «վարկային պայմանագիր» կնքել մեզ հետ եւ ուզում է, որ այն 6 տարում մարենք: Փաստաբանը մոռանում է, որ ՍԴ-ն բազում հանգամանքներ է թվարկել. նախ, վնասի ու վիրավորանքի ապացուցման բեռը դրել է հայցվորի վրա: Ապա վերջինս պետք է ապացուցի դատարանին, որ նյութական վնաս է կրել: Հետո՝ պետք է ապացուցի, որ այդ վնասը պատճառել է հենց «Հրապարակ» օրաթերթը եւ հենց «վիրավորելու ու զրպարտելու» դիտավորություն է ունեցել: Եվս մի հանգամանք. Գրիգորյանն ու իր ներկայացուցիչը, տարբեր առիթներով հանդես գալով, հայտարարում են, թե պատրաստ են դատի տալ այդ քոմենթների հեղինակներին, եւ առաջարկում են մեզ տրամադրել այդ անձանց տվյալներն ու հասցեները: Ես լավ չգիտեմ փաստաբանական միջավայրում ինչպես է ընդունված՝ իրենց օգնությանը դիմած, անձնական եւ այլ բնույթի գաղտնիքներ վստահած անձանց մատնելու, դավաճանելու առումով, իսկ լրագրության մեջ մեզ դիմած անձին մատնելն ամենացածր արարքն է, դավաճանություն մեր պրոֆեսիային: Մանավանդ եթե այդ անձը նախընտրել է գաղտնի մնալ: Ի դեպ, հայցը ստանալուց հետո մեզ դիմեցին արդեն բացահայտորեն, դիմողները դժգոհում էին Արթուր Գրիգորյանից: Նրանք արդեն ներկայացել են, եւ նրանց բողոքների հիման վրա Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է սկսել Ա. Գրիգորյանի դեմ: Շատ հնարավոր է, որ հենց այս անձինք են քոմենթների հեղինակները: Ի վերջո. մի՞թե մարդիկ իրավունք չունեն դժգոհ լինել իրենց մատուցված ծառայությունների որակից: Կարդալ ամբողջությամբ

Չենք հայհոյում, բայց ուրիշին չենք զրկում հայհոյելու իրավունքից

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս մեր ընթերցողներից մեկն արդարացիորեն մեղադրեց ինձ ծուլության մեջ՝ հիշեցնելով, որ շաբաթվա ամփոփումները վաղուց չեմ անում: Երբ թերթը մի քանի դատական պրոցես ունի, որոնք կարող են վտանգավոր ելքով ավարտվել, դժվար է կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի վրա: Դա է պատճառը, որ շարունակ պնդում եմ՝ այդ չարաբաստիկ 1087 հոդվածն ու թերթերի դեմ սկսված արշավը մեզ մեր բուն գործից շեղելու նպատակ ունեն: Բայց քանի որ մենք համառ ենք ու էքստրեմալ պայմաններում աշխատելու մեծ փորձ ունենք, շարունակում ենք մեր գործն անել՝ «ի հեճուկս թշնամյաց եւ ի հրճվանս բարեկամաց»:

Եվ այսպես, Հայաստան երկիրը մտել է նախընտրական ակտիվ շրջան: Թեեւ, անկեղծ ասած, ակտիվության մեր սպասելիքներն ավելի մեծ էին: Հայաստանյան մեռյալ դաշտում գոնե նախընտրական շրջանում հույս ունեինք, որ նոր դեմքեր ու նոր ուժեր կհայտնվեն: Նոր ասելիքով: Նոր ծրագրերով: Բայց երբ քաղաքական խոսակցությունները կրկին պտտվում են «Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան եւ այլն» անունների շուրջ, հասկանում ես, որ ծեր ու հոգնած հասարակություն ենք, որի ամենաթարմ ծնունդները 88-ի թվագրությունն ունեն: Եթե անգամ նոր անուններ են հայտնվում, ապա դրանց շատ դժվար է «նոր» անվանելը, քանի որ տեսակով ու որակով են հին եւ առավել եւս՝ մտածողությամբ: Նախորդ շաբաթվա ամենաբուռն արձագանքը «Տեռորիստների՞, թե՞ հայրենասեր երիտասարդների միավորում» հոդվածի շուրջ էր: Խոսքը «Հայազն» կոչվող երիտասարդական նախաձեռնության մասին է, որի վերաբերյալ մենք էլեկտրոնային փոստով նամակ էինք ստացել: Անշուշտ, այդ նամակը կարելի էր նետել աղբարկղ, ինչը չանելու մեջ մեզ հետագայում մեղադրեցին այդ նախաձեռնության ներկայացուցիչները, բայց մենք հայտարարել ենք եւ հավատարմորեն փորձում ենք հետեւել մի սկզբունքի. մեկ ընթերցողի կարծիքը մեզ համար նույնքան թանկ է, որքան մեկ ամբողջ կուսակցության կամ մարդկանց խմբի: Մենք վերջապես պետք է հասկանանք, որ ուժեղ եւ առողջ է այն հասարակությունը, որտեղ մեկ մարդն առանձին վերցրած արժեք է, ունի սահմանադրական իրավունքներ եւ հատկապես՝ արտահայտվելու իրավունք: Մեզ մեղադրում են, թե ինտերնետային նամակի տակ հնարավոր է կեղծ ստորագրություն դրված լինի: Չի բացառվում, բայց երբ սկզբունք դարձնենք վերը նշված դրույթը, որ ցանկացած մարդու կարծիք կարեւոր է, այլեւս անկարեւոր կդառնա՝ այդ կարծիքի հեղինակը Սերժ Սարգսյանն է, թե մի անհայտ Պողոս Պողոսյան: Ավելին՝ Սերժ Սարգսյանը կարծիք հայտնելիս ելնում է բազում կաշկանդումներից, իսկ Պողոս Պողոսյանն ավելի ազատ մարդ է, ուստի նրա կարծիքն ավելի անկեղծ է եւ ունկնդրելու արժանի:

Վերադառնանք «Հայազնին», որի անունը հնարավոր է շատերը մինչ մեր հրապարակումը չէին էլ լսել: Արժե՞ր արդյոք նրանց անվճար գովազդ անել՝ հարցնում են ոմանք: Արժե՞ր արդյոք մի նամակում զետեղված տեղեկությունները, որոնք «հայազնականները» հակահայ են անվանել, հրապարակել եւ որոշակի, գուցե բացասական, կարծիք ձեւավորել այս նախաձեռնության մասին: Երկու հարցն էլ հնչեցված լինելու իրավունք ունեն: Բայց այդ աղմուկի մեջ ինձ ավելի շատ զարմացրին մի խումբ ընթերցողներ, որոնք, ի դեպ, մեր հասցեին շատ տհաճ «քոմենթներ» են թողել «Հրապարակի» կայքում: Դրանց մեջ առաջինն այն չարությունն ու անհանդուրժողականությունն էր, որ իրեն երիտասարդական շարժում հորջորջած անձինք եւ նրա համակիրները դրսեւորել էին թերթի ու մասնավորապես լրագրողի՝ Լուսինե Շահվերդյանի հասցեին: Թեեւ հոդվածը պատրաստված էր շատ չեզոք, եւ կար նաեւ «Հայազնի» կարծիքը: Մյուսը, մեղադրանքն էր, թե նման նամակ չի եղել, մենք ենք հորինել: Կարծում եմ՝ մեր թերթի հետ անգամ հպանցիկ շփում ունեցող անձինք գիտեն, որ մենք անազնիվ խաղեր չենք տալիս: Մենք կարող ենք սխալվել, բայց գիտակցված, միտումնավոր ստել՝ երբեք: Եվ սրանք սոսկ բառեր չեն: Ամենահետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ եթե ավագ սերնդին մեղադրում ենք քննադատություն լսել չկարողանալու մեջ, ապա այս նորերն ավելի անհանդուրժող են, ավելի մեծամիտ ու ինքնահավան: Ցավով եմ արձանագրում: Կարդալ ամբողջությամբ

Նպատակը թերթին վնասելն է

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին այնքան շատ հարցազրույցներ եմ տվել ու այս թեմայով խոսել, որ թվում է՝ ամեն ինչ ասված է: Սակայն երբ  հետեւում եմ «Հրապարակի» հետ կապված հոդվածներին, նյութերին, քննարկումներին, պարզապես հուսահատվում եմ. հոդվածներում բազում սխալ-թերի մեկնաբանություններ կան, իսկ քննարկումներում՝ շատ քիչ խելամիտ ու առարկայական խոսակցություն: Անգամ նրանք, ովքեր ուզում են մեզ պաշտպանել, հաճախ չեն տիրապետում ինֆորմացիային եւ սխալ եզրահանգումների վրա են կառուցում իրենց տեսակետը: Կարդալ ամբողջությամբ

Խոսքի ազատությունն անարխիա չէ՝ ասում են սովետական ժուռնալիստիկայի կողմնակիցները

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այնպես է ստացվել, որ մենք ավելի շատ խոսում ենք խոսքի ազատության մասին, քան իրացնում ենք այդ ազատությունը: Գուցե դա մեր անազատ վիճակից է, երբ մեր բոլոր ուժերն ու ջանքերը ներդնում ենք ազատության հասնելու եւ մեր պարտականությունը հանրության առաջ իրականացնելու համար: Գուցե արդարացո՞ւմ ենք փնտրում, թե ինչու չենք լիարժեք կատարում այդ պարտականությունը: Իսկ գուցե հասարակությունն ի՞նքը մեծ պահանջներ չունի մեզանից: Վերջերս մի առիթով իմ գործընկերների հետ զրուցելիս արձանագրեցի, որ որոշ հին «շկոլայի» ներկայացուցիչներ մեղադրում են այսօրվա լրագրողներին, խմբագիրներին՝ լրագրողական էթիկայի կանոններից նահանջելու, հանրության այսրոպեական ու ցածրորակ պահանջները բավարարելու համար: Կարդալ ամբողջությամբ

Պատմական ակնարկ եւ քաղաքական գնահատականներ մամուլի խոսնակի կողմից

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մամուլը ոչ միայն ճնշում են, այլեւ վարկաբեկում, հեղինակազրկում: Ասենք, ինչ-որ գերատեսչության մամուլի խոսնակը կարող է վերամբարձ տոնով դասեր տալ լրագրողին ու խմբագրին: Այն դեպքում, որ իր ողջ կյանքում բացի շեֆերին գովերգող գովազդային տեքստերից ոչինչ չի գրել ու իր գլխավոր գործը համարում է շեֆի հասցեին բացասական հրապարակումների դեմն առնելը: Այդպես էլ մեզանում չհստակեցվեց մամուլի ծառայությունների ու խոսնակների դերը: Այս փոքրիկ նախաբանից հետո անցնեմ բուն ասելիքիս: Կարդալ ամբողջությամբ

Պետական սուտը կարելի է ներել, մասնավորը՝ ո՞չ

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ԼՐԱՀՈՍ

Ինչ էլ ասենք՝ մեր կյանքը շատ «ուրախ» է անցնում. այսքան դատ ու դատաստան, այսքան վեճ ու կռիվ, այսքան իրարանցում շարքային մարդու կյանքում պատահում են հազարից մեկ, իսկ մեր կյանքում՝ ամեն օր եւ մի քանիսը: Վերջերս մեր մամուլը բուռն արձագանքեց ու տեւական ժամանակ քննության առարկա դարձրեց սերիալներից մեկի հերոսուհուն: Միտումնավոր անունը չեմ գրում, որ հերթական մեղադրանքները չստանամ, թե՝ զբաղված եք նրա PR-ով: Այս թեման օրեր շարունակ տվող-առնող լրագրողներին սկսեցին մեղադրել մանր-մունր, կենցաղային խնդիրների մեջ մտնելու, սրա-նրա անկողինը քրքրելու մեջ: Այդպես մտածողները թերեւս լավ չեն պատկերացնում թերթի ու մամուլի աշխատանքը, դերը: Չի կարող լինել մի թեմա, որ հուզում եւ հետաքրքրում է հասարակությանը, սակայն տեղ չի գտնում թերթի էջերում: Ուզում եմ մի օրինակ բերել վերջին օրերին մեր գլխով անցած իրավիճակներից:

Օրեր առաջ մենք մի աղջկա նամակ էինք տպագրել, որտեղ նա բողոքել էր, որ մի մեքենայի վարորդ իրեն առաջարկել է «քնել» հետը: Անպարկեշտ առաջարկից աղջիկը զայրացել էր ու գրել մեզ՝ նշելով ավտոմեքենայի համարը, եւ խորհուրդ էր տվել՝ «նման առաջարկ արեք ձեր շեֆերի կանանց ու աղջիկներին, ձեր քույրերին»: Անշուշտ, մեկ ուրիշը նման առաջարկին հումորով կվերաբերվեր կամ ուղղակի տեղում կուղարկեր գրողի ծոցն ու կհանգստանար, բայց աղջիկը վիրավորվել էր եւ միակ ճանապարհը տեսել էր մեզ դիմելու մեջ: Այս նամակի տպագրության օրն իսկ խմբագրություն եկավ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի վարորդը եւ ասաց, որ նամակում նշված համարն իր ավտոմեքենայի համարն է, եւ այն այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ իրեն աշխատանքից ազատում են: Այո, այո, մի զարմացեք՝ մենք կարող ենք օրեր շարունակ գրել միլիոնների յուրացումների, խայտառակ չարաշահումների մասին եւ մնալ անարձագանք, իսկ այս դեպքում ԱԺ նախագահն ու հանձնաժողովի նախագահը որոշել են մամուլի հրապարակմանն «ընթացք տալ»: Ի՞նչ արեցինք մենք: Քանի որ մենք դատարան չենք, քննչական գործառույթներ չենք իրականացնում եւ չենք էլ կարծում, որ կատարվածի համար պետք է մարդուն ազատել աշխատանքից, ուստի որոշեցինք տպագրել մարդու ասածը: Այսպես ու այսպես՝ խմբագրություն եկավ այսինչը, ասաց՝ ես նման առաջարկ չեմ արել, աղջիկը երեւի շփոթել է մեքենայի համարը: Մանավանդ՝ նոր դատական հայց ստանալու ցանկություն էլ բոլորովին չունեինք, եւ հասկանալի է, որ աղջկա ասածն այս պարագայում անապացուցելի է:

Բայց ամենահետաքրքիրն առջեւում է. բացում եմ «Ֆեյսբուքը», ու աչքիս է զարնում մեր վերը նշված տեղեկատվությունն ու դրա տակ ծավալված քննարկումը: Տարբեր կարծիքների մեջ մի կին կամ աղջիկ գրում է. «Ի՞նչ հիմք ունեք, որ աղջիկը չի ստում: Եթե այդքա՜ն վիրավորված է, թող դիմի ոստիկանություն, թե չէ սա սովորական շանտաժ է: Ոչ մի ապացույց չի ներկայացնում, գոնե հեռախոսով նկարեր: …Ախր ոչ թե թույլ, այլ ընդհանրապես սա լրագրություն չի: Օրը եթե մի հարյուր նման հեռախոսազանգ գա, ձեր թերթը բավական յուրօրինակ կդառնա ու մեծ ընթերցողների քանակ կունենա…»:

Փորձեցի բացատրել, թե ինչու է «Հրապարակը» տպագրում նման նամակները, սակայն մարդկանց շատ քիչ մասն է ընդունակ հընթացս կարծիք փոխելու, ուրիշի տեսակետը լսելու: Գրում եմ՝ հարգելիս, թերթը մագաղաթ չի, ոչ էլ քրեական գործի հատորյակ, ոչ էլ դասագիրք, որ միայն հաստատված ճշմարտություններ տպի: Թերթը մարդու համար է, այդ թվում՝ նամակագիր աղջկա համար, որն իրավունք ունի իր կարծիքն արտահայտել, ինչ-որ բան պատմել, ինչ-որ հարց բարձրացնել: Գուցե ինքս էլ այդ իրավիճակում չդիմեի թերթին, բայց ես հարգում եմ մեզ դիմած ցանկացած մարդու իրավունք: Իսկ ի՞նչ է՝ միայն պետք է պաշտոնական հաղորդագրություննե՞ր տպենք: Ինչո՞ւ չեք վիրավորվում, երբ պետական պաշտոնյան, պատգամավորը, օլիգարխն ու կուսակցական գործիչը հրապարակայնորեն ստում են, եւ մենք՝ բոլոր լրատվամիջոցներս, համերաշխ տիրաժավորում ենք այդ սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը: Դա նորմալ է՝ դա պետական սուտ է, իսկ եթե մի կոնկրետ մարդ ինչ-որ բան է ասում՝ կասկածում եք եւ կոչ անում չտպագրել, մինչեւ իրեղեն ապացույցներ չներկայացնի, ասենք՝ տեսագրություն: Ես, անկեղծ ասած, պատրաստ եմ տպագրել շարքային մարդու ցանկացած կարծիք, սակայն Տիգրան Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Սերգո Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, մյուսների կարծիքները տպելուց, կարդալուց, լսելուց հոգնել եմ: Ի վերջո, սրանք մեր հասարակության ամենապաշտպանված, ամենից շատ ամբիոն ունեցող մարդիկ են, եթե մի ասուլիս ու հարցազրույց էլ պակաս տպագրվի, ոչ մի ողբերգություն տեղի չի ունենա: Իսկ այս աղջիկը, որ վստահել է մեզ, խնդրում է գրենք կատարվածի մասին, հույս ունի, որ մեր գրելուց հետո մարդը գոնե բարոյական պատասխանատվության կենթարկվի, ինձ համար շատ թանկ ու հարգելի անձ է: Նրա խնդրանքը՝ եթե շատ անընդունելի չէ, ամենից առաջ ու ամենայն պատասխանատվությամբ կատարելու ենթակա է: Կարող է ստո՞ւմ է: Այո՝ ոչ ոք երաշխիք չունի, որ մարդը չի ստում: Բայց ես հասարակ մարդուն ավելի շատ եմ հավատում, քան պետական, կուսակցական, տնտեսական, հասարակական ու չգիտեմ էլ ինչ գործիչներին: Եվ «Հրապարակն» էլ, կարծում եմ, պետք է իր անվանը հավատարիմ լինի եւ լսի, արտացոլի, օգնի հենց շարքային քաղաքացիներին: