Կին ծեծող ու հայհոյող տղամարդկանցով լի սերիալներից հոգնած հայ հասարակության համար «Ես եմ» գեղարվեստական ֆիլմը իրական այլընտրանք է: Այստեղ տղամարդիկ ուժեղ ու բարի են եւ ի տարբերություն սերիալային «հերոսների»` օրինակելի են իրենց արժանապատիվ կեցվածքով: «Ես եմ» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ հունվարի 7-ին, այն կցուցադրվի կինոթատրոններով ամբողջ ամսվա ընթացքում: Ֆիլմի սյուժեն հետեւյալն է. 20-ամյա Տիգրանը որոշում է բարձրագույն ուսումը կիսատ թողնել եւ անցնել ծառայության հայոց բանակում: Դժվարություններ, իհարկե, ունենում է, բայց ի տարբերություն իրական կյանքի` դրանք բավականին հեշտությամբ են հարթվում: Ծառայության ընթացքում իրեն գերազանց դրսեւորող Տիգրանը սիրահարվում է զորամասի հրամանատարի դստերը` Արեւիկին, եւ կարողանում է նվաճել նրա սիրտը:
Սակայն նրանց սիրավեպն այդքան հարթ չի ընթանում: Ծառայության վերջին օրերին Տիգրանին զորամաս այցելության է գալիս նրա կանադահայ ընկերուհին, որի հետ նա «Skype»-ով է ծանոթացել: Ճակատագրի բերումով սփյուռքահայ գլամուռ աղջիկը հայտնվում է գնդապետի տանը եւ ծանոթանում Արեւիկի հետ: Բնության գրկում մեծացած վայրի Արեւիկը տեղեկանում է, որ Սյուզին Տիգրանի ընկերուհին է, եւ որ նրանք պատրաստվում են ամուսնանալ:
Առանց բացահայտելու ֆիլմի ավարտը` նշենք, որ այն չափազանցված ու ռոմանտիկ է, սակայն ինչպես նշեց ֆիլմի պրոդյուսեր Արմեն Մազմանյանը` այս գեղեցիկ բալլադի կարիքը կա այսօր, քանի որ հեռուստատեսությունը մեզ ամեն օր մատուցում է բացասական, տառապած ու բռնաբարված կերպարների:
Ի դեպ, «Ես եմ» ֆիլմի կերպարները շատ ճիշտ էին ընտրված, դերասանական կազմը, բացառությամբ բեմի վարպետ Սոս Սարգսյանի, մեծ փորձ չուներ, բայց գրեթե բոլորը կարողացան սիրելի դարձնել իրենց մարմնավորած հերոսներին: Իսկ հաճելի ու ոչ գռեհիկ հումորը հեշտացնում է ֆիլմի դիտումը:
«Ես եմ»-ը մի քանի կարեւոր «մեսիջներ» ունի, որոնք դիտողին փոխանցվում են բավականին մեղմ ու ազդեցիկ: Օրինակ այն, որ զինվորը գիտակցում է, որ սահմանից այս կողմ ինքը թշնամի չունի, կամ որ թե փորձառու, թե երիտասարդ սպայական կազմը միշտ պատրաստ է պատերազմին դիմակայելու եւ հաղթելու:
Նշենք, որ ֆիլմը նվիրված է Հայաստանի Հանրապետության բանակի 20-ամյակին, այն ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության գործուն աջակցությամբ` «32 production»-ի եւ Գոյակ մշակութային կենտրոնի կողմից:
Ֆիլմի նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Ադրբեջանին սահմանակից գյուղի տներից մեկում: Եթե ադրբեջանցիները իմանային, թե ինչպիսի ֆիլմ է նկարահանվում, թերեւս կռմբակոծեին սահմանամերձ տունը, սակայն նկարահանումները բարեբախտաբար առանց զոհերի ու միջադեպերի են անցել: