Sunny
18 °C

Ղարաբաղը` գազի դիմաց

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գերմանիայի Բունդեստագի Քրիտոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալիստական միություն խմբակցության արտաքին քաղաքական հարցերով աշխատանքային խումբը հուշագրի մի նախագիծ է պատրաստել, որը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության 20-ամյակ. հակամարտության խաղաղ կարգավորման նոր խթան»: Այս փաստաթղթում համառոտ ներկայացված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ մի քանի պահանջներ են դրված Գերմանիայի դաշնային կառավարության առջեւ:

Հայաստանում այս փաստաթուղթը համարվում է ոչ հայանպաստ, քանի որ այնտեղ կան ղարաբաղյան հարցում Հայաստանի տեսակետներին հակասող, եւ ընդհակառակը՝ ադրբեջանա-թուրքական մոտեցումները կրկնող բնորոշումներ: Ներկայացնենք մի քանի հատված գերմանացի խորհրդարանականների կազմած տեքստից: «Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից շարունակում է համարել Ադրբեջանի Հանրապետության բաղկացուցիչ մաս… 2011թ. մարտի սկզբին հայ դիպուկահարները 9-ամյա ադրբեջանցի տղայի դիպուկ կրակոցով սպանեցին… Այսպիսի միջադեպերը եւ Լեռնային Ղարաբաղի գրավումը խախտում են միջազգային իրավունքով ամրագրված պարտավորությունները: Համաձայն ՄԱԿ-ի խարտիայի 2-րդ հոդվածի, 3-րդ եւ 4-րդ պարբերությունների՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պարտավոր են բոլոր իրենց միջազգային վեճերը լուծել խաղաղ միջոցներով, որպեսզի չվտանգեն խաղաղությունն աշխարհում, միջազգային անվտանգությունն ու արդարությունը: ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ուժի կիրառումից եւ ՄԱԿ-ի դրույթների չհամապատասխանող այնպիսի քայլերից, որոնք խախտում են պետությունների տարածքային ամբողջականությունը կամ ուղղված են մեկ այլ պետության անկախության դեմ»: Հասկանալի է, որ «Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, Լեռնային Ղարաբաղի գրավում» ձեւակերպումներն արտահայտում են խնդրի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումը: Թե ինչու են գերմանացի խորհրդարանականները որոշել այդչափ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրել, պարզ երեւում է հենց իրենց կազմած փաստաթղթի հետեւյալ ձեւակերպումից. «Տարածաշրջանը գնալով ավելի մեծ դեր ունի Եվրոպայի էներգամատակարարման տեսանկյունից: Եվրամիության էներգետիկ կարեւոր նպատակներից է Եվրոպայի գազամատակարարման տեւական ապահովումը նաեւ Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնագրերի միջոցով»: Ինչպես ասում են՝ փաստաթղթից գազի հոտ է գալիս:

Գերմանացի խորհրդարանականներն իրենց երկրի կառավարությանն առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինել Եվրամիությամբ, դա պատճառաբանելով խնդրի լուծման գործում Եվրամիության դերի բարձրացմամբ: Այս պահանջը եւս ադրբեջանական կողմին արվող ակնհայտ ռեւերանս է: Ադրբեջանը Ֆրանսիային համարում է պրոհայկական երկիր հատկապես Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո: Մեկ այլ առաջարկությամբ կոչ է արվում կառավարությանը, որ այն դրդի Ռուսաստանին «ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել, որը միտված կլինի ոչ թե ստատուս քվոյի պահպանմանը»: Սա ուղղակի նշանակում է, որ գերմանացի խորհրդարանականները Ռուսաստանի ներկա դիրքորոշումը գնահատում են պակաս կառուցողական: Թե որ երկրով են ուզում Ռուսաստանին փոխարինել գերմանացիները Մինսկի խմբում եւ ընդհանրապես մեր տարածաշրջանում, ակնհայտորեն երեւում է նրանց հաջորդ առաջարկից:

«Դրդել ԵՄ անդամակցության թեկնածու Թուրքիային՝ կարգավորելու Հայաստանի հետ իր հարաբերությունները, որպեսզի Հայաստանն ավելորդ համարի ռուսական ռազմաբազաների տեղակայումն իր երկրի տարածքում, որոնք մասնավորապես նպատակ ունեն ապահովելու Թուրքիայի հետ սահմանի անվտանգությունը՝ դրանով իսկ մեծ ավանդ ունենալու Հարավային Կովկասում սպառազինության դադարեցմանը: Աջակցել Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ավելի կառուցողական դեր ունենալու ու տարածաշրջանում իր ունեցած պատասխանատվությանը համարժեք գործելու»,- գրում են քրիստոնեադեմոկրատները:

Երեկ Հայաստանի խորհրդարանական ուժերը փորձել են միասնական դիրքորոշում արտահայտել այս բանաձեւի նկատմամբ, բայց կարծես թե ոչինչ չի ստացվել: Համենայնդեպս ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ պաշտոնական պատասխան դեռ չկա: Միայն «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն է այս առնչությամբ նամակ գրել քրիստոնեադեմոկրատական խմբակցության ղեկավար Վոլքեր Կաուդերին: Հովհաննիսյանը, ներկայացնելով ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ասում է, որ Գերմանիան առաջինը պետք է ճանաչի ձեւավորվող պետական միավորների օրինական ստեղծումը եւ տարածքային ամբողջականությունը եւ պատմական արդարությունների ուշացած վերականգնումը: Անդրադառնալով Թուրքիայի դերի բարձրացման հորդորներին՝ Հովհաննիսյանը գրում է. «Գերմանիայի երբեմնի մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանն ու Մեծ Հայրենազրկմանը, ինչի մասին պատշաճ վկայում են ձեր սեփական դիվանագիտական եւ ռազմական պահոցները, հավելյալ հիմք է՝ պաշտոնապես ճանաչելու Հոլոքոստին նախորդած այդ անօրինակ ոճիրը եւ Թուրքիայի Հանրապետության հետ մեկտեղ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ժխտողականության այս ամոթալի դարաշրջանը փակելու, Հայկական լեռնաշխարհի արեւմտյան հատվածի բռնազավթմանն անդրադառնալու եւ հայ ժողովրդի իրավազոր առնչակցությունն իր հայրենիքի հետ վերականգնելու համար: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական, ոչ շինծու կարգավորումը Հայաստանի համար վճռորոշ նշանակություն ունի, սակայն ոչ երբեք պատմական հիշողության, արդի իրավունքների եւ մարդկային արժանապատվության հաշվին»:

Պայքարը ոչ թե տարածքային ամբողջականության կամ այլ իրավունքների համար է, այլ համաշխարհային ռեսուրսներից հնարավորինս արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորության: Գերմանիային անհրաժեշտ է ադրբեջանական գազը, եւ այդ երկրի դիվանագիտությունը լծված է այդ խնդրի իրացմանը: Մնացածը, այդ թվում Գերմանիային բարոյականության կոչելու փորձերը, կարծում ենք՝ դատարկ խոսքեր են:

Ավետիս Բաբաջանյան

 

Comments are closed.