Sunny
19 °C

Պոլ Վալերի. «Էվպալինոս կամ ճարտարապետ»

ՀԵՂԻՆԱԿ՝ Արամ Պաչյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

«Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունների համագործակցությամբ «Ժամանակ եւ խոսք» մատենաշարով տպագրված գրքերի շարքում ֆրանսիացի ականավոր բանաստեղծ, էսսեիստ, փիլիսոփա Պոլ Վալերիի «Ոգու քաղաքականություն» ժողովածուն` Արուս Բոյաջյանի թարգմանությամբ, սկիզբն էր՝ ընթերցողին ներկայացնելու 20-րդ դարասկզբի ամենաուշագրավ մտածողներից մեկի մշակութաբանական տեսությունը եւ նրա հետաքրքրությունների շրջանակը:

Առաջին հատորում Վալերին դիսկուրսի մեջ է մտնում ինչպես իր ժամանակի գրողների հետ, այնպես էլ դասականների` Գյոթե, Հյուգո, Ֆլոբեր, Մալլարմե, Ռիլկե, Բերգսոն եւ ուրիշներ, փորձելով ցուցադրել նրանց կյանքի եւ ստեղծագործության էսթետիկական տիրույթները: Վալերիի էսսեների, հոդվածների, ելույթների երկրորդ հատորում՝ «Էվպալինոս կամ ճարտարապետ» («Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո», Երեւան, 2011թ.), ընդգրկվել են նրա արվեստաբանական երկերը` նվիրված Դա Վինչիի, Էդգար Դեգայի, Վերոնեզեի, Մորիզոյի  ստեղծագործություններին, ինչպես նաեւ հայտնի «Սոկրատյան դիալոգներ», «Էվպալինոս կամ ճարտարապետ», «Հոգի եւ պար» գործերը, որոնք հայերեն թարգմանվում են առաջին անգամ:

Վաղ հասակում տարված լինելով սիմվոլիզմով, Վալերին իրեն հռչակ բերած «Մի երեկո պարոն Տեստի հետ» ստեղծագործությունը տպագրելուց հետո՝ 20 տարի լռում է, մի տեսակ շփոթվելով եւ մեկուսանալով վրա հասած հռչակից եւ իր շուրջ տիրող բանավեճերից: Տարվելով ընթերցանությամբ ու երկար մտորումներով` Վալերին լուռ, նպատակին խիստ տրամադրված մարտիկի պես մարզվում է` պատրաստվելով իր ապագա խոշոր կռիվներին, որի հիմնական մարտավարությունը նրա այդչափ որոնած ճշգրտությունը պիտի լիներ.

«Ոչ թե պարզություն, Էրիքսիմաքոս, այլ` ճշգրտություն»: «Երջանիկ են այն գրողները, որոնք մեզ ազատում են մտածողության բեռից եւ թեթեւ ձեռքով հյուսում իրերի բարդության լուսաշող քողը: Ավաղ, պարոնայք, ոմանք, որոնց գոյությունը հարկավոր է ողբալ, բռնել են բոլորովին հակառակ ուղի… Նրանք մտքի աշխատանքը տարել են իրենց վայելքների ուղիով. նրանք մեզ առաջարկում են հանելուկներ,  նրանք անմարդկային էակներ են»,- գրում է Վալերին:  Ժողովածուի վերջում Անդրե Մորուան Վալերիի մասին իր կենսագրական փոքր էսսեում գրում է.

«Ինչ գիտենք մենք՝ ինչ են մեզ սովորեցրել դպրոցներում, լեզուներից ու ճշգրիտ գիտություններից բացի: Մետաֆիզիկա: Վալերին այդ հարցը տալիս է իրեն ոչ նրա համար, որ ուզում է հետեւել առանձնահատուկ մի մետաֆիզիկայի, այլ պարզելու համար, թե արդյոք հնարավոր է մետաֆիզիկական որեւէ հնարավորություն… «Մարդու անհեթեթ ձգտումների» ցանկ կազմելով` գրում է. «Ճանաչել ապագան, լինել անմահ, հավատալ, որ կա միակ պատասխանը»: Եթե գոյություն ունենար «բարձրագույն միտք, ապա դա իմանալուց հետո մեզ կմնար միայն մեռնել, քանզի դա չէր ունենա իր հաջորդը»»:

Պոլ Վալերիի «Էվպալինոս կամ ճարտարապետ» ժողովածուն իր հրաշալի` «Դեգայի. Պար. Գծանկար» ծավալուն էսսեով եւս մեկ լավագույն հնարավորություն է՝ մասնակցելու եւ դիտարկելու Վալերիի մտքի ճշգրտության սահմանումները եւ վարիացիաները:

Գիրքը վաճառվում է Երեւանի փոքրաթիվ գրախանութներում:

Comments are closed.