Sunny
18 °C

Պատմվածք գեյի մասին (15-րդ մաս)

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| Պատմվածք գեյի մասին

Օրեցօր Անին ավելի էր համոզվում, որ Արամը սիրում է իրեն: Տղան ամեն առավոտ եւ երեկո գեղեցիկ sms էր ուղարկում նրան, հաճելի խոսքեր ասում, ծաղիկներ նվիրում: Անիին խաբելու համար Արամին ընդամենը մեկ շաբաթ էր անհրաժեշտ: Այս ընթացքում Արթուրը լուծեց բնակարան վարձելու հարցերը, եւ զուգընկերները սկսեցին հանդիպել իրենց տաքուկ անկյունում:

Արամն անսահման երջանիկ էր. վերջապես նա ամբողջովին կարող էր տրվել սիրելիին, վայելել նրան եւ չվախենալ, թե ինչ-որ մեկը կարող է իրենց տեսնել: Բոլորից հեռու, բոլորից թաքուն: Իսկ արտաքին աշխարհում Արամն Անիի հետ էր, պատրաստվում էր նրան սիրո առաջարկություն անել, բայց չէր շտապում, ուզում էր վերջնականապես որոշելուց առաջ մի լավ կշռադատել, թե այդ քայլով ինչ կշահի եւ ինչ կկորցնի:

Ամենամեծ կորուստը կլիներ Անին, որին Արամը ընկերոջ պես է սիրում: Նա երբեք չի հասկանա եւ չի ների, երբ բացահայտի, որ տղան շահագործել է իրեն: Սրա դիմաց Արամը ձեռք կբերի հասարակական վստահություն, այլեւս չեն բամբասի, թե նա գեյ է, մատնացույց չեն անի, ծնողներն էլ կհանգստանան: Մի երեկո, երբ Անիին տուն էր ճանապարհում, նրան ասաց, թե հետո մի սարսափելի գաղտնիք կհայտնի, եւ ստիպեց խոստանալ, որ այն ոչ ոքի չի ասի:

- Այդ ի՞նչ սարսափելի գաղտնիք է:
- Հիմա ժամանակը չի, հետո կիմանաս, բայց, կրկնում եմ՝ պիտի խոստանաս, որ ոչ ոք չի իմանա դա, ինչ էլ որ պատահի:
- Արամ, ես ընդհանրապես չեմ սիրում ուրիշի գաղտնիքները տարածել, այնպես որ, կարող էիր նույնիսկ չզգուշացնել:

- Եթե նույնիսկ չարանաս իմ դեմ, ատես ինձ, դարձյալ ոչ ոք չպետք է իմանա:
- Ինչո՞ւ պիտի ատեմ քեզ:
- Չգիտեմ, հնարավոր է, որ մի օր ես զզվեցնեմ քեզ կամ մի սխալ բան անեմ եւ քո ատելությանն արժանանամ եւ նույնիսկ այդ դեպքում…

- Դե իհարկե, ես հիշաչար չեմ, նույնիսկ եթե դու ինձ նեղացնես, ես քեզ չեմ վնասի, միայն մի լավ կծեծեմ, որ հանգստանամ: Վերջին խոսքերն Անին ծիծաղելով ասաց:
- Համաձայն եմ, իրավունք ունես:
- Իսկ դու ինչո՞ւ ես ուզում ինձ հայտնել այդ սարսափելի գաղտնիքը:
- Որովհետեւ ես քեզ հարազատ մարդ եմ համարում:

- Մյուս հարազատներիդ է՞լ ես հայտնել:
- Դեռեւս միայն քրոջս: Ի դեպ, մեր հարաբերությունների մասին՝ դու ինձ համար առանձնահատուկ մարդ ես, դրա համար ես չեմ ցանկանում շտապել, որպեսզի չսխալվեմ եւ քեզ չկորցնեմ: Այնպես որ, խնդրում եմ ինձ չշտապեցնես:
- Չեմ էլ պատրաստվում:

- Գիտեմ, բայց միգուցե դու ցանկանաս մեր հարաբերություններին պաշտոնական բնույթ հաղորդել, աղջիկների համար դա կարեւոր է, չէ՞:
- Կարեւոր է, բայց առավել կարեւոր է իմ երջանկությունը: Ես այս պահին երջանիկ եմ այսքանով, միգուցե հետագայում դա ինձ չբավարարի, բայց մինչ այդ ես քո վրա ճնշում չեմ գործադրի:

Անիին տուն հասցնելուց հետո Արամը շտապեց Արթուրի մոտ: Մանկական անհանգստությամբ եւ հրճվանքով նա բարձրացավ աստիճանները եւ դուռը թակեց:

շարունակելի

© Հրապարակ օրաթերթ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2)

  1. Anna

    որքան էլ որ դժվարանում եմ հասկանալ ու համակերպվել գեյի կողմնորոշմանը, այս պարզունակ պատմությունը բավական է տեսնելու որ գործ ունենք մարդկային զգացմունքների եւ երջանկության հետ եւ պիտի կարողանանք թողնել չափահաս մարդկանց կատարելու իրենց ընտրությունը. եթե հավանություն էլ չենք տալիս, պետք է հանդուրժենք ու ընդունենք եղած փաստը քանի որ ջախջախել մեկի երջանկությունն ու կյանքը շատ մեծ ու աններելի հանցանք է: Դժվար է պատկերացնել թե մեր խիստ ավանդապաշտ հայրերը` Արամի հայրը երբեւէ կընդունի Արամի կողմնորոշումը: Արամին սպասվում է անչափ դժվար կյանք Հայաստանում եւ հավանաբար ծնողական անարգանք ու մերժում: Խղճում եմ Արամին եւ հուսով եմ որ նա ուժ ու ձեւ կգտնի պահպանելու իր սերը: Թող որ ամեն բան լավ վերջանա…իսկ Անին եթե խելացի աղջիկ լինի, կհասկանա ու կընդունի Արամի քայլը, այլապես արժանի չի լինի նրա վստահությանը:

  2. Անի

    Կարծում եմ հասարակությունը, և ոչ Արամն է մեղավոր: Եթե հասարակությունն ընդուներ Արամին, նա ստիպված չէր լինի խաբել աղջկան, խաղալ նրա զգացմունքների հետ:
    Շատ հետաքրքիր է գրված: Կարծում եմ կարելի է հրատարակել, ես հաստատ կգնեի գիրքը: Ես միշտ կարդացել եմ ոչ թե այն գրքերը, որոնք պետք է կարդալ, այլ նրանք, որոնք ինձ հետաքրքիր են: Կան գրքեր, որոնք կարդացվում են մի շնչի վրա, հավատացնում եմ, որ սա կարող է դառնալ այդ գրքերից մեկը: Շնորհակալություն, Հրապարակ… Դուք միշտ անդրադարձել եք հասարակությանը հուզող խնդիրներին… հիմա հասկանում եմ, որ ձեզ համար կարևոր են նաև մարդկային զգացմունքներն ու ապրումները: