Sunny
18 °C

ՀԱԿ-ը պետք է փողոցում կռվի

ՀԵՂԻՆԱԿ՝ Լուսինե Շահվերդյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ

-Պարոն Այվազյան, Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը բոյկոտի համապետական ընտրությունները: Քանի որ Սասուն Միքայելյանի նման ուժեղ թեկնածուի հանգամանքը, ինչպես տեսանք, հնարավոր չեղավ չեզոքացնել ընտրակեղծարարությունները, մասնավորապես դեր խաղաց ընտրակաշառքը: ՀԱԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում պայքարել այդ ամենի դեմ:

- Հրազդանի ընտրություններում հասարակության եւ հատկապես ինձ համար ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը բացարձակ առավելությամբ հաղթել է` անկախ այն բանից, թե ինչ մեխանիզմներ էր մշակել պետական հանցագործ մեքենան, որպեսզի ժողովրդի ձայնը փոշիացներ եւ հօգուտ իրեն գրանցեր իր վերարտադրության նպատակով: Իհարկե, ես համաձայն եմ, որ մտածելու անհրաժեշտություն, առիթ կա, բայց ամեն դեպքում պայքարը պետք է շարունակվի, եւ այստեղ մարտավարության խնդիր կա, թե ինչպես պետք է շարունակել. դա ՀԱԿ-ում կքննարկվի, եւ լուծումներ, կարծում եմ, կգտնենք: Որովհետեւ հակված չենք հավատալու, որ այս իշխանությունները հակված են արդար ընտրություններ անցկացնել: Այնուամենայնիվ կարծում եմ` պետք է պայքարել, չեմ կարծում, թե բոյկոտն առավել արդյունավետ մեխանիզմ կարող է լինել:

- Արդյոք «բարենպաստ» պայմաններ չէի՞ն ստեղծվել պայքարելու, երբ ՀԱԿ-ը, օգտագործելով նաեւ Սասուն Միքայելյանի համակիրների դժգոհությունը, կարող էր կրկին նոր թափ հաղորդել շարժմանը, մինչդեռ ՀԱԿ-ը որոշեց նախապես հայտարարված փետրվարի 17-ի հանրահավաքը հետաձգել՝  եղանակային ցուրտ պայմանների պատճառաբանությամբ:

- Այսպիսի վատ եղանակային պայմաններում կարելի էր հետաձգել մինչեւ մարտի 1-ը:

- Գուցե  եղանակային վատ պայմանները ամիսներ շարունակվեն:

- Մարտի 1-ին հաստատ չենք հետաձգի, եւ հենց մարտի 1-ից ամեն ինչ կսկսվի:

- Պարոն Այվազյան, ի դեպ, ՀԱԿ քաղխորհրդի նիստերը եւս վերջին շրջանում կարծես հետաձգվում են: Արդյո՞ք  ՀԱԿ համամասնական ցուցակի հարցն այդքան դժվար լուծելի է: Ի՞նչն է հատկապես խանգարում, որ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

-Ես տեղյակ չեմ, որ նիստեր չեն եղել: Բայց գիտեք ինչ, դա շատ բարդ խնդիր է, շատ բարդ, բազմաթիվ հարցեր կան, որոնք քննարկում են, բազմաթիվ հարցեր կան, որոնք բանավեճի առարկա կարող են լինել, ես կարծում եմ՝ շատ ծանր է, բայց ի վերջո ՀԱԿ-ի ցուցակի հարցում համաձայնության կգան: Մեկ կուսակցության ներսում է բարդություն լինում, դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս հսկա հզոր կառույցի շրջանակներում հզոր անհատականություններ, շատ կուսակցություններ, քաղբանտարկյալներ: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ ծանր աշխատանքի առաջ է կանգնած ՀԱԿ-ի ղեկավարությունը:

- Հետաքրքիր է` ի՞նչ սկզբունքներով է փորձում ՀԱԿ-ը կազմել ցուցակը: Մի՞ հոգի է որոշումներ կայացնում, մյուսները քննարկում, թե՞, Ձեր ասած, առանցքային դեմքերն էլ են տարբերակներ առաջարկում:

- Եթե հետաքրքիր է, ապա՝ բոլոր մակարդակներով, քաղխորհրդի, կուսակցությունների, առաջատարների, լիդերի վրա է շատ մեծ ծանրություն ընկած, այս բոլոր մակարդակներում քննարկվում է հարցը, եւ փորձում են համաձայնության գալ: Անհատի կամ մի քանի կուսակցությունների դիկտատ չկա այստեղ, նկատի ունեմ երեք առաջատար կուսակցությունների:

- Ձեր կուսակցությունն օրինակ ներկայացրե՞լ է ցանկ, թե քանի հոգու կուզեր տեսնել ՀԱԿ ցուցակում:

- Ոչ, դեռ չի ներկայացրել, դեռ քննարկումները շարունակվում են:

- Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք ցուցակում:

- Առայժմ անհատական որոշում չեմ կայացրել ոչ մեծամասնական եւ ոչ էլ համամասնական համակարգերի հետ կապված: Չեմ բացառում, որ գուցե մեծամասնականով էլ առաջադրվեմ: Այս բոլոր հարցերը՝ որտեղ, ինչ կարգով, դեռ քննարկվում են:

- Ասացիք՝ հզոր անհատականություններ, բազմաթիվ կուսակցություններ, բայց ցուցակի անցողիկ տեղերը, հասկանալի է` անսահմանափակ չեն: ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման արդյունքում կարո՞ղ է դժգոհություններն այնուամենայնիվ այնքան մեծ լինեն, որ կառույցը պառակտման խնդրի առջեւ կանգնի:

- Քաղաքականությունն այնպիսի բան է, որ հնարավոր չէ դա բացառել, բայց պետք է այնպես անել, որ ցուցակների կազմման այս պրոցեսից դուրս գանք ավելի ուժեղացած եւ ոչ թե թուլացած: Իհարկե, իմ անձնական տեսակետն այն է, որ ՀԱԿ-ն իր հիմնական կռիվը պետք է տա փողոցներում եւ ոչ ցուցակներ կազմելու ընթացքում: Պետք է իշխանություններին նորից ստիպել եւ հետ չկանգնել, որ իշխանությունները մեծամասնական համակարգը վերացնեն, հենց այս բանով պետք է սկսի Կոնգրեսը ժողովրդին փողոց դուրս հանել: Իսկ ցուցակների հարցում, ամեն դեպքում, պետք է գոնե այնպես անել, որ նեղացած մարդիկ չլինեն:

- Կարծում եք դա հնարավոր կլինի՞:

- Ես լիովին համաձայն եմ` ոչ:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1)

  1. Մարինեն էն օրը իր էջում` «ձնեմարդիք պոռնոյով զբաղվելիս» լուսանկար էր դրել։ Տակը գրել, կոչ էր անում որ բոլորը իջնեին դուրս ու առատ ձյունից նմանատիպ տեսարաններ կերտեին։ Բոլորին կոչ էր անում, իսկ իր համար ափսոսանքով խոսում, որ զբաղված է, որ չի կարող։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի երազած վարչապետացույին է…