Sunny
18 °C

Աբովյան փողոցը չարյաց փոքրագույնն էր

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Սարիբեկյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ ազդարարվեց Աբովյան փողոցը երեւանցիներին վերադարձնելու մասին, եւ մեկ ամիս անց էլ սկսվեց ապամոնտաժման գործընթացը, որը լայնորեն լուսաբանվեց հեռուստաեթերով, շատերն անկեղծորեն հավատացին, որ դա կատարվեց քաղաքացու պահանջով: Սակայն կարճ ժամանակ  անց հայտնի դարձավ, որ այդ քայլը նորանշանակ քաղաքապետին նվիրված սովորական PR գործընթաց էր, քանի որ քաղաքային իշխանությունն Աբովյան փողոցը քաղաքացուն վերադարձրեց կանաչ գոտու հաշվին` կրպակները տեղափոխելով Մարգարյան հիվանդանոցի դիմաց գտնվող այգի: Տեւական ժամանակ նույնիսկ քաղաքապետը չէր համարձակվում հայտարարել, որ սեփականատերերին` որպես փոխհատուցում, Մաշտոցի այգուց են տարածքներ տրամադրել:

Երբ շինարարական աշխատանքները մեկնարկեցին, եւ ոչինչ թաքցնել այլեւս հնարավոր չէր, Տարոն Մարգարյանը մեր թերթին տված հարցազրույցում պնդում էր, թե այնտեղ ընդամենը սրճարանի գարնանային նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Եվ ահա այդ աշխատանքների արդյունքում այնտեղ են հայտնվել Աբովյան փողոցի էլիտար կրպակները, ինչը, բնականաբար,  վայրագություն է: Սակայն այս որոշումը հեշտ ու հանգիստ չմարսեց քաղաքային իշխանությունը, քանի որ գտնվեցին սրտացավ մարդիկ, ովքեր ձմռան այս սաստիկ ցրտերին լծվեցին այգու ոչնչացման դեմ պայքարին: Օրեր շարունակ մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիաներ են կազմակերպում, որ փրկեն այս փոքրիկ կանաչ տարածքը: Ակտիվիստների հետ երեկ բարեհաճել է հանդիպել  քաղաքապետը, ներկա են  գտնվել նաեւ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Անահիտ Բախշյանը: Սակայն, ինչպես եւ ակնկալվում էր, երկու ժամ տեւած քննարկումների արդյունքում այդպես էլ կոնկրետ լուծում չի առաջարկվել: Ակնհայտ է, որ քաղաքապետարանն այլընտրանք չունի:

Մի կողմից՝ բավականին համարձակ խոստումներ է տվել, մյուս կողմից` փոխհատուցման հնարավորություն չունի, քանի որ Երեւանում կառուցապատելու տարածք չի մնացել: Եվ որպեսզի երիտասարդների աչքին թոզ փչեն, Տարոն Մարգարյանն ու Նարեկ Սարգսյանը լուրջ-լուրջ քննարկել են շինարարության ընթացքում վնասված մի ծառի  հարց եւ հանձնարարել, որ մասնագետների մի խումբ այսօր այցելի դեպքի վայր՝ ուսումնասիրելու  հանգամանքները: Իսկ բուն խնդիրը, որ անթույլատրելի է այգին վերածել «ֆիրդուսնոցի», անփոփոխ է մնացել:

Կողմերը համաձայնել են մեկ օրով դադարեցնել շինարարությունը եւ վերանայել նախագիծը: Իբրեւ թե հաշվի են նստում հասարակական բողոքի հետ: Նախատեսված է նույն կազմով այսօր շարունակել քննարկումը: Քաղաքապետարանի այս որոշման արդյունքում շատերը եկան այն համոզման, որ չարյաց փոքրագույնը սրանց՝ Աբովյան փողոցում մնալն էր:  Այնպես որ, ազգովի պետք է աղոթենք, որ մեր չինովնիկներն անգործության մատնվեն, հակառակ դեպքում իրենց  գործողությունների արդյունքում քաղաքը մրից հանում՝ մրջուրն են գցում:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2)

  1. Նարինե

    Շատ լավ հոդված է! Բոլոր հարցապնդումների հետ համաձայն եմ! Սուտ ակցիաներ, սուտ խոստումներ, սուտ հոգատարություն միայն թե իրենց շահի էշը առաջ բրդեն… Երևանը միայն Աբովյանով ու Մաշտոցով ու փոքր թե մեծ կենտրոնի փողոցներով վերջացավ???! Թող ծայրամասեր տանեն, ուրիշ թաղամասեր զարգացնեն, մեծ առևտրի կենտրոն սարգեն ծայրամասերում, ինչպես որ ամբողջ աշխարհումա արվում: Ինչ են կպել կենտրոնից, ծառերից ու հանրային տարածքներից?! Երևանի մասշտաբներով 15-20 րոպե տարածությունը արդեն “հեռուա” շատերի համար – էտ մտածելակերպն էլ մի օր կփոխվի – արդեն խեխդվեց էտ քաղաքը ռեստորանների/սրճարանների/բուտիկների/բետոնի ու ցեմենտի ձեռը: Ամեն տեղ գերեզմանողի նման պետքա բետոնապատեն – հերիքա էլի! – մի քիչ էլ խոտ ու կանաչ տեսնենք…

  2. Artur

    Անկախ նրանից, թե ինչ լուծում կտա քաղաքապետարանը բոլորս պետք ա պայքարենք նրանց արատավոր քայլերի դե, բռավո պայքարողներին