Partly Cloudy
18 °C

Ադրբեջանում խորանում է Իրանի դեմ թշնամանքը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Բաքվում խորանում է հարեւան Իրանի դեմ բացասական տրամադրություններն ու թշնամանքը: Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհինի` Ադրբեջանին ուղղված բողոքի նոտային հետեւել է ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության բացասական արձագանքը, այլեւ պատգամավորների հակաիրանական հայտարարությունները:

 

Միլի Մեջլիսի ներկայացուցիչ Գանիռա Փաշաեւան իր ելույթում նշել է, որ Բաքուն երբեք չի զգացել Իրանի աջակցությունն անգամ ամենադժվար ժամանակներում: Խոսքը, բնականաբար, արցախյան հերոսամարտի տարիներին է վերաբերում: Ադրբեջանն ակնկալում էր, որ Իրանը, հետեւելով Թուրքիայի օրինակին, կփակի Հայաստանի հետ սահմանը` խորացնելով մեր տնտեսական շրջափակումը:

«Իրանն աջակցում է Հայաստանին եւ այսօր նրա հետ լայն տնտեսական կապեր ունի»,- նշել է Փաշաեւան եւ Իրանի իշխանություններին կոչ արել զգույշ լինել եւ «նորմալ հարեւանին թշնամի չդարձնել»:

Հիշեցնենք, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կրկին լարվել են այն բանից հետո, երբ «Times» թերթը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Իսրայելի գաղտնի հետախուզական «Մոսադ» ծառայության գործակալները Բաքվում աշխատում են Իրանի պաշտոնական ներկայացուցիչներին լրտեսելու ուղղությամբ:Սրան հետեւեց Իրանի արտաքին գործերի նախարարի բողոքի նոտան` ուղղված Ադրբեջանին:

Նշենք, որ վերջին ամիսներին քաղաքագետները հաճախ են քննարկում, որ Արեւմուտքը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում կարող է օգտագործել Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքը: Այս առիթով Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը հայտարարել է, թե ոչ մի օտար պետություն չի կարող օգտագործել Ադրբեջանի տարածքը հարեւան երկրի դեմ գործողություններ իրականացնելու համար:

Comments are closed.