Partly Cloudy
18 °C

Ինչպե՞ս խաղալ Գագիկ Ծառուկյանով

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Իշխանությունն այս ընտրություններին ԲՀԿ-ի հանդեպ փորձում է կիրառել 1998-ի նախագահի ընտրությունների սցենարը: Բոլորը գիտեին, որ 98-ին Կարեն Դեմիրճյանը «ոչնչացնելու» է Ռոբերտ Քոչարյանին: Կարեն Դեմիրճյանն էլ գիտեր: Սակայն իշխանությունն արագ հասկացավ վտանգը: Եվ զբաղվեց սցենար գծելով: Ընտրություններին Կարեն Դեմիրճյանն իսկապես ոչնչացնում է Ռոբերտ Քոչարյանին: Բայց ի վերջո բավարարվում է այն տոկոսներով, որն իշխանությունը մատուցում է նրան: Թե ինչու 98-ի ընտրությունների իրական հաղթողը չընդդիմացավ այդ սցենարին, դժվար է ասել, 99-ի հոկտեմբերի 27-ը որոշ իմաստով բացատրեց, թե ինչ վտանգի առաջ էր կանգնած Կարեն Դեմիրճյանը:

Այսօր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանն» առաջին տեղում է: Այս հարցումները հենց իշխանության պատվերով են անցկացվում։ Իշխանությունը քիչ բանով չի նպաստում, որ ԲՀԿ-ն առաջատար դիրք զբաղեցնի քաղաքական համակարգում: Ինքը հո գիտի, որ ԲՀԿ-ի ատամները հաշված են: Այսինքն, այդ կուսակցությունը գաղափարախոսական որոշակի հենք չունի, ունի առաջնորդ, որի փողերով էլ կայանում է անտեքստ կուսակցությունը։ Իշխանության թելադրանքով եւ գծած սցենարով է, որ ԲՀԿ-ն մի ոտքով ընդդիմադիր դաշտում է: Նա այդպիսով պիտի կարողանա փախցնել ՀԱԿ-ի ձայները: Արդեն ընտրություններին, գրեթե չեմ կասկածում, ԲՀԿ-ն իր ամբողջ արհեստականությամբ գրավելու է առաջին տեղը: Սակայն կհրապարակվի այնքան տոկոս, որքան իշխանությունը նախատեսել է այդ կուսակցության համար արդեն այսօր:

Ինչո՞ւ է իշխանությանն անհրաժեշտ դեպքերի այսպիսի զարգացումը: Նախ, կեղծելով ԲՀԿ-ի տոկոսները, իշխանությունը դժգոհողների լուրջ զանգված է տրամադրելու իր դեմ այդ կուսակցությունից: Այսինքն, ընդվզման լուրջ տրամադրություններ է ստեղծում, բայց բեւեռացված այնպիսի ուժի օգտին, ինչպիսին ԲՀԿ-ն է, որը ոչ մի ընդվզման չի գնալու։ Այլ խոսքով, եթե սպասվում է ընդվզում, ապա ընդվզողները տեսականորեն եւ գործնականում կլինեն ԲՀԿ-ից: Նրանք սպասելու են Գագիկ Ծառուկյանի վճռական խոսքին, որն անկասկած ասելու է, որ անշուշտ իշխանությունն իր լծակներով ապականել է ընտրությունները, սակայն մենք մեր ձայներին պետք է տեր կանգնենք օրենքի տառին համապատասխան։ Երկիրը չպետք է գնա ցնցումների ճանապարհով։ Սա իշխանությանը պետք է, որպեսզի շփոթության մեջ գցի ՀԱԿ-ի ընդվզողներին, չէ՞ որ ամենամեծ ընդվզման ալիքը կարող է բարձրացնել ԲՀԿ-ն, քանի որ մինչեւ ընտրություններն արդեն հասցրել են բոլոր հարցումներով ժողովրդին հասկացնել, որ ԲՀԿ-ն լուրջ քաղաքական ուժ է: ՀԱԿ-ն այդ օրերին, այսինքն` ընտրություններին հաջորդող օրերին, կարող է դառնալ հենց այն ուժը, ինչ-որ ՕԵԿ-ը 2008-ի նախագահի ընտրություններից հետո՝ միայն օժանդակ ընդդիմադիր ուժ: Եվ քանի որ ընդդիմադիր ալիքի պոտենցիալ բարձրացնողը լինելու է ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն իր հերթին կարող է սպասել, թե երբ է ԲՀԿ-ն ալիք բարձրացնելու: Իսկ ԲՀԿ-ն արդեն այսօր (ըստ ՀՀԿ-ի մշակած սցենարի) մտադիր չի եղել, չէ եւ չի լինելու որեւէ ալիք բարձրացնել, նա խաբելու է բոլոր հուսավառներին, ովքեր կարծում են, թե Գագիկ Ծառուկյանը ժողովրդին առաջնորդելու է ընդդեմ ՀՀԿ ընտրակեղծարարների: Գագիկ Ծառուկյանը սուսուփուս խաղալու է իշխանության գծած սցենարով՝ առանց նույնիսկ քննարկելու, թե իր ինչին է պետք առաջնային ուժից վերածվել ենթակա ուժի:

Հենց այստեղ է, որ բոլոր պատասխաններն ավելի կանխիկ են տրված, քան հարցերն են առաջանալու: Նախ ի՞նչ քաղաքական ուժ է ԲՀԿ-ն, եւ ո՞վ է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն արհեստական քաղաքական ուժ է, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չի եղել, չէ եւ չի լինելու: Նա չի կարող շեղվել իր համար թեկուզ վատթարագույն սցենարից, որովհետեւ որեւէ օլիգարխ քաղաքական դաշտում դիլլեր չէ, այլ` խաղացող: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ոչ մի վայրկյան ինքնուրույն գործիչ չի եղել, չէ եւ չի լինելու։ Ինքը դա գիտի։ Բայց իրենից լավ դա գիտեն մնացածը։

ՀՀԿ-ն գիտի, որ ինքը ձայն բերող չէ, թեպետ ունի բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսները եւ բանակը։ Բայց գիտի նաեւ, թե ով է բերողը՝ ԲՀԿ-ն։ Գիտի նաեւ, թե ինչպես։ Կաշառելով։ Գիտի, որ ԲՀԿ-ի կաշառքն ավելի հեշտ է բարեգործության անվան տակ անցնում, քան իրենը։ Ոչ ոք չի քննարկում եւ չի քննարկելու, որ քրեական հոդվածների մի ծանրակշիռ մաս է իր վրա վերցնում Գագիկ Ծառուկյանն իր բարեգործություններով։ Ասողն իշխանությունն է՝ չի ասելու։ Իսկ ի՞նչ պիտի անի իշխանությունը, այսինքն` ՀՀԿ-ն։ Պիտի ամեն գնով աշխատի ԲՀԿ-ի համար։ Այս ամբողջ սցենարում ՀԱԿ-ին դարձնելու են լուսանցքային ընդդիմադիր ուժ։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ ԲՀԿ-ական նախարարները հրաժարական ներկայացնեն՝ ոչ թե, որովհետեւ օրենքն է դա պահանջում, այլ պարզ քաղաքական պատճառաբանությամբ. ՀՀԿ-ն համը հանում է։ ՀՀԿ-ն, բնականաբար, գիտի, որ այլ պատճառաբանությամբ նախարարների հրաժարական գոյություն չունի։ Սցենարում նման բան չկա։

Այս տուն-տունիկը ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք։ Գրեթե բոլոր լրատվամիջոցները համառորեն փորձում են հասկանալ՝ անցյալ տարվա փետրվարյան հուշագրի վերաբեռնում լինելո՞ւ է այս տարի, այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը հավաստելո՞ւ է, որ 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Մինչեւ ՀՀ նախագահի ընտրությունների պաշտոնական մեկնարկը Գագիկ Ծառուկյանը կարող է այդպիսի 30 հուշագրի տակ ստորագրել։ Սակայն նախագահի ընտրություններին նա կմասնակցի որպես առանձին թեկնածու։ Որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը չի կարելի աչքաթող անել, նա եղել եւ մնում է ընդդիմության միակ լուրջ թեկնածուն։ Եթե Սերժ Սարգսյանը նախագահի հաջորդ ընտրություններում Տեր-Պետրոսյանի հետ մնաց դեմ առ դեմ, խնդիրներ կունենա։ Եթե, իհարկե, մտադիր չէ կրկին բանակը հանել սեփական ժողովրդի դեմ։ Ինչպե՞ս անել, որ տեղի ունենան ընտրություններ, լինեն թեկնածուներ, բայց հաղթելու խնդիր չլինի։ Անհրաժեշտ է, որ լինի իր «հեղինակությամբ» Տեր-Պետրոսյանին գերազանցող մեկը։ Այդ մեկն այսօրվա դրությամբ նույնիսկ Սերժ Սարգսյանը չէ, այլ` Գագիկ Ծառուկյանը։ Հենց նա էլ պայքարի մեջ կմտնի Սերժ Սարգսյանի հետ։

Չի բացառվում, որ հատուկ ԲՀԿ ղեկավարի համար հորինեն երկրորդ փուլ՝ ընտրություններին ավելի ժողովրդավարական ֆոն հաղորդելու համար։ Ձեռի հետ դրանով կարող են նվաստացնել Տեր-Պետրոսյանին։ Իսկ երկրորդ փուլում Սերժ Սարգսյանն արդեն ոչ մի խնդիր չի ունենա։ Բայց դրանից հետո արդեն իսկապես կսկսվեն Գագիկ Ծառուկյանի խնդիրները։ Երբ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ օլիգարխներն օգտագործվելու են ու դեն նետվեն, ճիշտ չէր զուտ ժամկետների առումով։ Գոնե Գագիկ Ծառուկյանի մասով։ Նա իր բնույթով թիմակից չէ՝ զուտ քաղաքական կերպար չլինելու պատճառով։ Նա չափազանց «կապված» է Սերժ Սարգսյանին։ Դա Սերժ Սարգսյանին զրկում է ինքնուրույն քաղաքական կերպար լինելուց։ Նա պիտի թիմակիցներ փոխի, այսինքն՝ խաղաքարտեր։ Միշտ նույն խաղաքարտերով չես կարող խաղալ մեկի հետ, որը քեզ տվել է ամբողջը։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի աստեղային ժամը այս երկու տարիներն են, այսինքն՝ երկու համապետական ընտրությունները։ Դրանից հետո նրա հետ տեղի կունենա զուտ բարոյական հոկտեմբերի 27։ Այն, ինչ ֆիզիկական իմաստով տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի հետ։ Իսկ Տեր-Պետրոսյանին այս ամբողջ պատմության մեջ, ըստ սցենարի, ոչ թե ըստ հեղինակության, վերապահված է Արթուր Բաղդասարյանի դերը` ոչ Սերժ Սարգսյանի հաջորդ թիմակից դառնալու հեռանկարի իմաստով, այլ մեկը, որը կլինի ազդեցիկ ուժ, բայց կբավարարվի Ազգային ժողովում իր տեղն ունենալով։

Մհեր Արշակյան

Comments are closed.