Partly Cloudy
18 °C

Տնտեսական շաբաթ կամ` խնդա՞նք, թե՞ լանք

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սովորաբար, տնտեսական շաբաթն ամփոփելիս, ջանում ենք բաց չթողնել եւ ոչ մի դիտարժան դրվագ: Այս անգամ, սակայն, առանձնացնելու ենք մեն մի խնդիր` Կանխիկ գործարքների սահմանափակման նախագծի շուրջ առաջացած աղմուկը, որովհետեւ այստեղ իսկապես ասելիք շատ կա:

Ուղիղն ասած` նախագծի շուրջ առաջացած աղմուկը, որ շաբաթվա հիմնական մեխն էր,  փաստորեն, ինձ մի քիչ տարօրինակ թվաց: Նախ` գործող անձինք կարողացան նույնիսկ լրագրողներին համոզել, որ կոալիցիոն գործընկերոջ «բոյկոտն» իսկական խայտառակություն կամ դավաճանություն է, որ կա: Համարյա աշխարհի վերջ: Եվ բոլորը մի մարդու պես մոռացան, որ ժամանակին, երբ խորհրդարանը դեռ քաղաքական մարմին էր եւ ո՛չ կառավարության դակող մեքենան, նույն ՀՀՇ-ի համար, օրինակ, նույնիսկ բացարձակ մեծամասնության պարագայում, շատ հաճախ դժվար էր լինում այս կամ այն օրենսդրական նախաձեռնության անցկացումը, ու ոչ ոքի մտքով չէր անցնում դրա շուրջ վախճանաբանական տեսություններ կազմել: Իշխանության թեւերի առողջ մրցակցությունն ու տրամաբանությունը բոլորի, այդ թվում թիմակիցների կողմից գոնե տեսանելի մասով օրինաչափ էր ընկալվում:

Բայց քանի որ հիմա ամեն բան փոխվել է, տպավորություն է ստեղծվում, որ թե «մեղադրողները», տվյալ դեպքում՝ իրենք իրենց կոռուպցիայի դեմ պայքարի ջատագով կարգած իշխանությունները, թե «մեղադրվողները»` կոալիցիոն ԲՀԿ-ի պատգամավորները, երկուստեք խնդիր են դրել վիժեցնել օրինագիծը, հընթացս լուծելով իրենց համար կարեւոր, իսկ իրականում ամբոխահաճո հարցեր: Կառավարության դեպքում շահարկվում է կոռուպցիայի դեմ պայքարն ու կոալիցիոն գործընկերոջ հավատարմության հարցը` ասես էլ ուրիշ տարբերակ չկար կոռուպցիայի դեմ պայքարի համար, ԲՀԿ-ի դեպքում էլ առաջ է քաշվում առանց այդ էլ «ճարպոտ» բանկային համակարգի էությունը, որով հերթական անգամ ոմանք քնած-նստած փող են աշխատելու, եւ կարծեմ` կյանքի իրավունք ունի նրանց այն պնդումը, որ հիմնականում հասարակ ժողովրդի հաշվին: Նույն պետական պաշտոնյաներից, օրինակ, ո՞վ է գժվել իր անունով բիզնես գրանցի, որ դեռ գործարքներ ֆիքսի ու թափանցիկություն ապահովի: Դրանց սեփականության հայտարարագրման թերթիկներին ծանոթանում ես` մեղքդ են գալիս, որպես զոքանչի տանն ապրող ետին աղքատ: Հետեւաբար, թե օրենքն ընդունվի էլ, շատ-շատ` «գործարքից մի փոքր կկմճտվի», ու պակաս գումար կֆիքսվի, որ չերեւա ու չհարկվի եկամտահարկով, կամ գործարքն այնքան «կմանրացվի», որ երբեք երեք միլիոն դրամը չհատի, ինչպես պարզեցված հարկով աշխատող որոշ խոշոր գործարարների պարագայում: Մի խոսքով` ինչպես միշտ: Բայց դե, մյուս կողմից էլ, օրենքներ պիտի ընդունել ոչ մերոնց «վարպետության մակարդակից» ելնելով: Ճշմարտությունն այն է, որ այսօրինակ օրենքներ գործում են ամենուր, եւ մի օր մենք սրան անպայման ենք գալու: Ուզենք, թե չուզենք: Այդքան բան:

Բայց սրանով հանդերձ, մի ուրիշ կարեւոր խնդիր էլ կա, որ, չգիտես ինչու, դուրս մնաց վերլուծաբանների ու լրագրողներիս ուշադրությունից: Եվ սա՛ է, որ ԲՀԿ-ն չկարողացավ ԱԺ-ում հիմնավորել, թեպետ ինչ-որ նախադասություն ասվեց  օրինագծի ժամանակավրեպության վերաբերյալ: Բանն այն է, որ, չնայած արտագաղթի տեմպերին, տնտեսական անկմանն ու աղքատության մակարդակին, մեզանում լայն սպառման ապրանքների ծավալները հիմնականում չեն նվազում: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ ապրանքները հիմնականում ներկրվում են եւ, ոչ ադեկվատ գնագոյացման պայմաններում, ընդամենը մի քանի մոնոպոլիստի գրպան հարստացնում: Ավելի կարեւոր մի բան կա. երբ այս իրավիճակում զարգանում է միայն բանկային համակարգը, նշանակում է` ազգովի «նստած ենք» դրսից եկող տրանսֆերտների «ասեղի վրա», որից էլ գոյանում են բնակչության հիմնական զանգվածի ոչ միայն պարզ ապրուստի, այլեւ այս կամ այն գործարքն անելու համար անհրաժեշտ միջոցները: Եվ երբ հիմա կառավարությունը բոլոր ֆինանսական գործարքները տեղափոխում է բանկ (եթե հիշում եք` նախորդ նյութում էլ փոքր կրպակատերերի զայրույթի մասին էինք խոսել, ովքեր այժմ ստիպված են ամեն մի փոքր գործարքի համար, գործը թողած, բանկ վազել ու փաստաթղթավորման հետ կապված անվերջանալի խնդիրներ ունենալ), նշանակում է` այդ մարդկանց ստիպում է ամեն օր ոչ միայն լրացուցիչ ժամանակ վատնել, այլեւ վճարել այդ ծառայությունից օգտվելու համար: Արդյունքում` բանկերում է կենտրոնանում լրացուցիչ ահռելի մի եկամուտ, որից ավանդատուներին տարեկան չնչին գումարներ են վճարում, իսկ վարկառուներին` ահռելի տոկոսադրույքներով վարկեր:

Նշանակում է` իզուր չեն այն մտավախությունները, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ կառավարությունը հերթական ԱՊՊԱ-գրդոնն է կազմակերպում առեւտրային բանկերի համար, որոնք առանց այդ էլ շահում են այս երկրում բոլոր առումներով: Այնպես որ, վարչապետն ու ՀՀԿ-ն կարող են այլեւս սրտաճմլիկ տեքստեր չասել կոալիցիոն հավատարմության, նախապես որեւէ դժգոհություն չարտահայտելու եւ այլնի մասին: Անկախ նրանից` ԲՀԿ-ն ինչ խնդիր է ուզում լուծել, մեր երկրում միամիտներ չկան: Բոլորն էլ հասկանում են, որ մեր կառավարության դեպքում ցանկացած քայլի պատճառ մակերեսին կամ հայտարարվող բովանդակությամբ չպետք է փնտրել: Օրինակ` եթե հայտարարում է գյուղացուն դիզվառելիքով օժանդակելու մասին, որ անցած շաբաթ պատահեց, ուրեմն, դրա տակ ինչ-որ բան կա: Եվ խնդրեմ` բացահայտվեց, որ մատակարարը լինելու է վարչապետի բարեկամ եւ հայտնի օլիգարխ Ֆլեշի Բարսեղը: Փորձիր ձայն հանել, կասեն` ամենալավ գինը նա է ապահովում: Եղբայր, եթե մենաշնորհատեր է, իհարկե, ամենալավ գինն իր մոտ կստացվի: Ո՞ւմ առձեռն 1.3 մլրդ դրամ տան եւ պատրաստի շուկա, որ չապահովի…

Առակս զինչ կցուցանե՞: Այն, որ կոռուպցիայի դեմ որեւէ պայքար մեր երկրում միանշանակ ենթակա է ձախողման եւ դատապարտման, եթե չվերականգնվի ազատ շուկան իր բոլոր մեխանիզմներով եւ, առաջին հերթին` ազատ մրցակցությամբ ու սեփականության ինստիտուտի նկատմամբ հարգանքով: Երկրորդ կարեւոր գործոնն իհարկե դատական համակարգի որակական փոփոխության անհրաժեշտությունն է: Հակառակ պարագայում կլինի այնպես, ինչպես կա եւ դեռ շա՛տ ավելի վատ:

Տեսեք. հարկային փաթեթն ԱԺ ներկայացնելիս կառավարությունն ուղղակի մոլորեցրեց բոլորին` հայտարարելով, թե դրա ծանրությունը հիմնականում խոշորների, ոչ թե մանր ու միջին բիզնեսի վրա է ընկնելու: Բայց քանի որ մեր երկրում համարյա մանր ու միջին բիզնես չկա, հիմնականում խոշոր է, որ հարկերի մոտ 80%-ն է ապահովում, այն էլ` ներկրման վրա կենտրոնացած, եթե հանքարդյունաբերությունը մի կողմ դնենք, հունվար ամսին, դեկտեմբերի համեմատ, լայն սպառման ապրանքների գնաճը միանգամից 3.6% կազմեց: Թանկացել է ամեն բան` հավկիթից մինչեւ կաթնամթերք ու մսամթերք: Իսկ մրգի ու բանջարեղենի մասին ավելի լավ է լռենք: Հիմա եթե ՊԵԿ-ը հայտարարում է, թե ինչ-որ չափով ավելի շատ հարկեր են վճարել այդ մարդիկ, օգո՞ւտն ինչ: Մեկ է, վճարողներն իրենց վճարած գումարը նորից սովորական քաղաքացու գրպանից են հանում, եւ եթե կառավարությունը հանկարծ սպառողին հազար դրամով ավելի շատ կենսաթոշակ է վճարում, ի՞նչ է փոխվում: Ոչ մի բան. ընդամենը այդ հազար դրամը, մի բան էլ ավելի, քաղաքացին արդեն վճարած է լինում որեւէ օլիգարխի: Եվ դրա պատասխանատուն ու մեղավորը, անշուշտ, օլիգարխիայի հետ միասին մեր գրպաններից դուրս չեկող կառավարությունն է:

Ի դեպ, հանքարդյունաբերության մասին ակնարկեցինք: Խայտառակություն է, երբ մի ողջ երկրի հարկային եկամուտների 4.7%-ը ընդամենը մի ձեռնարկություն է վճարում: Տվյալ դեպքում`  պղնձի միջազգային գներից կախված Զանգեզուրի կոմբինատը: Բայց ՊԵԿ-ն այնպիսի հպարտությամբ է սրա մասին խոսում, որ ապշում ես: Դե, իսկ եթե սրան ավելացնենք կապի եւ հեռահաղորդակցության օպերատորներին, ՀԷՑ-ին ու «ՀայՌուսգազարդին», այսինքն` ընկերություններ, առանց որոնց արտադրանքի անհնար է ապրել, տակն ընդամենը բան չի մնում: Ոչ բիզնես, ոչ տնտեսություն: Եվ հենց սա է պետության խայտառակությունը, սա է նախագահի, կառավարության ու ՀՀԿ-ական վարչապետի իրական պատկերը: Իր մատուցմամբ` լավ պատկերը: ԱԺ-ում օրեր առաջ առանց ամաչելու հայտարարեց, թե ճակատը բաց է գնում ընտրությունների: Հիմա խնդա՞նք, թե՞ լանք…

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1)

  1. Մարիամ

    Երևի խնդանք, քանի որ լալուց ոչ մի օգուտ չկա: Իսկ դառը խնդալուց հետո գուցե սթափվենք ու ոտքի ելնենք: Արդեն դանակը ոսկորին է հասել ու, ցավոք, մնում է դիմել ամենաանցանկալիին` հեղափոխությանը: Բայց թե ինչ կլինի դրանից հետո, դժվարանում եմ կանխատեսել: Իսկ հոդվածը շատ լավն էր: Գոնե դրանք կարդային. մեկ էլ տեսար` մեջները զարթնեց մարդը, քաղաքացին, հայը…