Էլմիրա Առաքելյանին հանդիպեցի Նոր Նորքի թիվ 3 շտապօգնության հիվանդանոցում: Դեռ դեկտեմբերին, Ստեփանակերտում, արյան ճնշման տատանման հետեւանքով ընկել եւ կոտրել էր կողոսկրերը, վնասել ողնաշարի ներվը: Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի միջնորդությամբ հունվարին տեղափոխվել է Երեւան՝ բուժումը շարունակելու նպատակով: «Ես հանդիսանում եմ Արցախի պատերազմի վետերան, ունեմ երրորդ կարգի հաշմանդամություն, 9 տարի՝ 1991-1999թթ., ծառայել եմ Արցախյան պատերազմում, արժանացել եմ չորս մեդալի: Գաբրիելս 13-14 տարեկանից ինձ հետ մասնակցում էր պատերազմին»,- հիշում է Էլմիրան: Գաբրիելը նրա միակ որդին է, պատերազմից հետո զինվորական կրթություն է ստացել Հունաստանում՝ ավարտելով ռազմական ակադեմիա, այնուհետեւ վերադարձել է հայրենի Արցախ եւ ծառայության անցել Ասկերանում՝ որպես սպա: «Գաբրիելին սպանեցին 2010թ. հուլիսի 8-ին եւ դագաղը հուլիսի 9-ին՝ իմ ծննդյան օրը, «նվեր» բերեցին»,- արտասվում է Էլմիրան:
Սպանության շրջանառվող վարկածն այն է, որ ավագ լեյտենանտ Գաբրիելը բարձրացել է մարտական հենակետեր՝ ստուգայցի, եւ հերթապահ զինվորը սպանել է նրան, քանի որ նշանաբառը չի իմացել: Իսկ հերթապահող զինվորը պայմանագրային ծառայող 21-ամյա, նախկինում երկու անգամ դատապարտված Վլադիմիր Սաքոյանն է եղել: «Պետպատվեր ա Մոսիի կողմից»,- որդու սպանության առիթով ասում է Էլմիրան եւ զարմանում. «Նշանաբառի հրամանը ինքն ա ստանում, գալիս զինվորներին ասում ա, որ էս բառն ա, ո՞նց կարա ինքը չասի»: Նույն զարմանքով ու դառնությամբ շարունակում է. «Երկու անգամ դատված մարդուն ավտոմատը դավերյա են անում-ուղարկում են առաջին գի՞ծ»:
Մոսի ասելով՝ Էլմիրան նկատի ունի ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին: Նրա եւ Գաբրիելի տարաձայնությունը սկսվել է դեռ 2000 թվականից, երբ վերջինս Հունաստանից արձակուրդ է եկել, իր հետ բերելով նամակ, որի համաձայն, պետք է կրթությունը շարունակեր՝ Հունաստանում վեց ամիս սովորելով «Կոմանդոս» դասընթացներում, եւ անհրաժեշտ էր ԼՂՀ պաշտպանության նախարարության երաշխավորագիրը: «Մոսին ասել ա՝ էդ էշն ո՞վ ա, որ քեզ ուղարկել ա Հունաստան: Իսկ Գաբրիելը պատասխանել ա՝ ափսոս, որ մենք մի պաշտոնի չենք, թե չէ զրույցն ուրիշ ձեւ կունենար»,- պատմում է Էլմիրան եւ ավելացնում, որ խոսակցության վերջում Հակոբյանն ասել է, թե ավարտես-գաս, որտե՞ղ ես ծառայելու, Հունաստանի ակադեմիան կապ չունի մեր բանակի հետ. «Ակադեմիան ավարտելուց հետո 5 տարի ծառայել ա, եւ 5 տարի Մոսին մառալնի սպանել ա որդուս: Մոսին բոլորին թունավորել եւ լարել էր Գաբրիելի դեմ: Երկու բարձրագույն էր ավարտել, յոթ լեզու գիտեր: Մոսին նախանձում էր Գաբրիելին, բացի այդ, կոնֆլիկտ կար նրանց մեջ: Միլիոն տոկոսով համոզված եմ, որ Մոսին է կազմակերպել Գաբրիելի սպանությունը»:
Միակ որդուն կորցրած Էլմիրան, արտասուքը սրբելով, շարունակում է պատմել, որ հրազենի փամփուշտը կտրել է Գաբրիելի ազդրի զարկերակը. «Երեք ժամ երեխուս թողել են, որ արնաքամ լինի, օգնություն ցույց չեն տվել, ժամանակին չեն հասցրել հիվանդանոց: Առաջին գծում գտնվող մեքենան անսարք ա եղել, իսկ մինչեւ հոսպիտալ մեկ ժամվա ճանապարհ ա: Եթե ժամանակին հասցնեին, երեխաս կփրկվեր: Հոսպիտալում որ ընդունել են, ասում ա՝ շունչ կար, բայց արդեն արյուն չկար օրգանիզմումը: Ծածկել ա, էդ լրիվ Մոսին փողով ծածկել ա»:
Էլմիրայի պատմելով, Հակոբյանի քույրը՝ Էդեման, որ Ասկերանի զորամասի կադրերի բաժնի պետն էր, նույնպես լարված հարաբերությունների մեջ է եղել Գաբրիելի հետ. «Մոսին քրոջը լարել էր երեխուս հանդեպ: Երբ հարցեր էր լինում, մոտենում էր, որ կադրերի բաժնի հետ որոշեն, նա էլ կոպտում էր՝ ասելով, թե էս զորամասը տղամարդու տեղ ա, քո տեղը չի»:
Իսկ 2009թ. կապիտանի կոչում են շնորհել Գաբրիելին: «Երեք ամիս հետո ասել են, թե 2 հազար դոլար պիտի մուծես, թե չէ կոչումազրկում ենք: Գնացի Մոսիի տեղակալ Ղահրամանյան Արմենի մոտ, ասեցի՝ դուք թեկուզ գեներալներ եք, բայց օրենքը չեք իմանում, որ վեց ամսից շուտ իրավունք չունեք կոչումազրկեք: Հետո նրանք հետ տվին հրամանը, երեք ամիս էլ սպասեցին, նոր կոչումազրկեցին: Գումարտակի հրամանատար Սանյա Գրիգորյանը, որ փող էր հավաքում, Գաբրիելը չէր տալիս, դրանից վրդովված՝ բողոք ա գրել Մոսիին, որ վատ ա ծառայում, նա էլ կոչումազրկել ա»,- շարունակում է Էլմիրան:
Որդեկորույս մայրն ուզում է, որ դատավճիռը վերանայվի, գործը բացվի. «Դատավորն աշխատում էր ցմահի վրա, փողն առել ա, ցմահ չի տվել: Իմ դատապաշտպանն էլ՝ Արկադին, աշխատել ա նրանց օգտին: Երբ գանգատվում էի Մոսիից ու հրամանատարից, ինձ անընդհատ ասում էր՝ խանգարում ա մեր գործին: Ասում էր՝ ես ամեն ինչ կանեմ, բայց ոչինչ էլ չարեց, փողը վերցրեց, նրանց անուններն էլ չթողեց, որ տամ: Դրա փոխարեն երկու ամսվա ծառայող տղային բանակից ազատեց»:
Էլմիրա Առաքելյանը համոզված է, որ որդու՝ ավագ լեյտենանտ Գաբրիել Առաքելյանի սպանությունը հատուկ ծրագրված է եղել, հատկապես, որ դատավարության ժամանակ սպանության համար մեղադրվող Վլադիմիր Սաքոյանը հայտարարել է. «Ես եմ խփել, բաց սպանողն ուրիշ էր»:
Ֆելիքս Եղիազարյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...








Լրագրողի մասնագիտական էթիկայի հետ որքանով է համահունչ ոչ հավասարակշիռ վիճակում գտնվող մարդու զառանցանքները ընթերցողին փոխանցելը??հերիք չէ ժողովրդին լարեք բանակի դեմ?