Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս շրջանի բազմաթիվ գյուղերին սպասարկող տրանսպորտային գծերը կենտրոնացված են գեներալի ձեռքում: Ընդ որում, օրինակ, Նորաբաց, Դարակերտ, Դաշտավան եւ հարակից այլ գյուղերին սպասարկում են հնամաշ մեծ ավտոբուսներ, որոնք էլ երեկոյան ժամը վեցից հետո չեն աշխատում: Իսկ համայնքի ղեկավարները տարիներ շարունակ չէին կարողանում, ավելի ճիշտ՝ ռիսկ չէին անում հարցին լուծում տալ:
Միայն վերջերս, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի աջակցությամբ, որն ի դեպ ծնունդով այդ գյուղերից մեկից է, թվում էր, թե հարցը լուծում էր ստացել, եւ, Գրիգորյանի ավտոբուսներին զուգահեռ, այս շաբաթվա սկզբից Նորաբաց եւ Դարակերտ գյուղերին սպասարկում էին դեղին 36 համարի «Բոգդան» ավտոբուսները, սակայն դա մի քանի օր տեւեց: Նախօրեին Դարակերտ գյուղի մոտակայքում մի խումբ մարդիկ, որոնք, գյուղացիների հավաստմամբ, գեներալ Մանվելի կողմնակիցներն են եղել, ավտոբուսի ղեկից իջեցրել են վարորդին եւ մի լավ ծեծել: Դրանից հետո տվյալ ընկերության ավտոբուսներն այլեւս չեն աշխատում: Իսկ երեկ մի խումբ դարակերտցիներ եկել էին մեր խմբագրություն՝ անհանգստություն հայտնելով, որ գիծը հավանաբար այլեւս չի վերականգնվի, քանի որ, նրանց խոսքով, դրանում շահագրգիռ է նաեւ իրենց գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը. «Գյուղի տաքսին իր որդունն է, ինչի՞ պիտի նա ուզենա, որ ուշ ժամի տրանսպորտ աշխատի գյուղում, բա իրենց բիզնեսի ճակատագիրը ո՞նց կլինի»: Գյուղի բնակիչները հայտնեցին նաեւ, որ գյուղապետը տարիներ շարունակ չի անսացել իրենց խնդրանքին, որպեսզի նամակով դիմի համապատասխան մարմիններին, որ ավելի վաղ գյուղն ապահովեին նորմալ տրանսպորտային միջոցներով:
Երեկ զանգահարեցինք Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանին: Նա արդարացավ, որ ինքը եւ կողքի գյուղի գյուղապետն են նամակ ուղարկել տրանսպորտի նախարարություն: «Ընդհանրապես դեմ չեմ եղել, ճիշտ է՝ դժվարությամբ դա եղավ, բայց փաստ է, որ մի քանի օր է, ինչ գյուղում արդեն այդ ավտոբուսներն են սպասարկում, ես ընդամենը որոշ ժամանակ առաջ մեր արդարադատության նախարարին, որ մեր համագյուղացին ա, տեղյակ եմ պահել, որ ավտոբուսի համար մերժել են, մնացածն իրենք կազմակերպել են»,- նշեց Սիմոնյանը եւ բանից անտեղյակ պարծեցավ, թե առաջիկայում այդ ավտոբուսները հարակից գյուղեր էլ կմտնեն: Իսկ երբ նրան տեղեկացրինք, որ երկու օր է՝ չեն գործում ավտոբուսները, վերջինս փորձեց հակառակում համոզել: «Նման միջադեպ, 100 տոկոս ասեմ, չի եղել, ես չեմ լսել, որովհետեւ եթե լիներ, առաջինը ես կիմանայի, բայց մենք, երբ Վարդանի՝ այդ կազմակերպության տիրոջ հետ խոսեցինք, ինքն ասաց, որ Մանվելը գիտի, էդ հարցը կարգավորված ա, Տարոն Մարգարյանը հանձնարարական է տվել, որ էդ ավտոբուսները կիջնեն այլ գյուղեր էլ»,- ասաց նա: Այժմ, երբ այդ ավտոբուսները ձեր գյուղ չեն մտնում, պատրաստվո՞ւմ եք կրկին պահանջ ներկայացնել տրանսպորտի նախարարությանը, թե՞ դա ձեզ ձեռնտու է, հաշվի առնելով, որ գյուղի տաքսի սերվիսը ձերն է՝ հարցրեցինք: «Տաքսի նստողը տաքսի է նստում, ավտոբուս նստողը՝ ավտոբուս: Հիմա էլ մնացած հարցերն իմ վրով չեն: Ես ողջունել եմ, իրանց էլ խոստացել եմ՝ նորմալ աշխատելու դեպքում կտանեմ իրենց կհարգեմ-կպատվեմ: Հիմա ստեղ գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի Գրիգորյան Մանվելի դուխի հետ, հասկացա՞նք իրար»,- եզրափակեց գյուղապետը:
ՀԳ – Երբ նյութը պատրաստ էր, երեկոյան զանգահարեց Վարդան անունով մեկը, ներկայանալով վերոնշյալ նոր տրանսպորտային ընկերության տնօրեն, եւ ասաց. «Ուզում եմ ձեզ ասել, որ ոչ մի խնդիր էլ չկա, պարզապես մենք պետք է օրինականացնենք մեր փաստաթղթերը եւ երկուշաբթի օրվանից նորից գիծ կմտնենք»: Իսկ այդ քանի օրը անօրինակա՞ն էիք ավտոբուսները շահագործման հանել՝ հարցրեցինք: «Չէ, ուղղակի Դարակերտ պիտի չմտներ, դրա համար էլ չենք մտնում: Դարակերտի գյուղապետը զանգեց ինձ-ասեց, ասեցի ձեզ տեղյակ պահեմ, որ ոչ մի խնդիր էլ չկա»,- պատասխանեց տնօրեն Վարդանը:
Անի Առաքելյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...








