Fog
-5 °C

129 մլն դրամ յուրացրած գյուղապետը փորձում է վերադառնալ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Փետրվարի 12-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: Սրանք սովորական ընտրություններ չեն, այնպիսիք, որ տեղի են ունենում Հայաստանի հարյուրավոր համայնքներում: Այս ընտրատարածքում գյուղապետի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, եւ Գրիգոր Գրիգորյանը, որն Արշալույսում գյուղապետ է եղել 18 տարի՝ 1990-2008թթ.: Մեր տեղեկություններով՝ Գրիգոր Գրիգորյանի թեկնածությունը պաշտպանում է անձամբ գեներալ Մանվել Գրիգորյանը, որն արդեն տեւական ժամանակ վատ հարաբերություններ ունի իր եղբորորդիների՝ Հրանտ եւ Զարզանդ Գրիգորյանների հետ:

Գրիգոր Գրիգորյանը որեւէ ազգակցական կապ չունի գեներալ Գրիգորյանի եւ նրա եղբորորդիների հետ, սա ազգանունների պատահական զուգադիպություն է: Սակայն մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ Հրանտ Գրիգորյանն իր երկու որդիների հարսանիքի քավորն է: Իսկ ինչո՞ւ է որոշել իր թեկնածությունն առաջադրել իր երեխաների քավորի եղբոր դեմ: «Ինչ է, իրավունք չունե՞մ: Համայնքի ընտրողների խնդրանքով եմ առաջադրվել, ես այս գյուղում 18 տարի գյուղապետ եմ եղել»,- ասում է Գրիգոր Գրիգորյանը: Իսկ հնարավո՞ր է, որ այդ առաջադրման պատճառն այն է, որ իր եւ գործող գյուղապետի միջեւ հակասություններ կան: «Ճիշտն ասած՝ ես դժգոհ եմ իրենց աշխատանքից: Իմ ժամանակ տնկված ծիրանի մեկ հեկտար այգին կտրեցին-բաժանեցին գյուղացիներին, գյուղում պետական միջոցներով ամբուլատորիա եւ ջրագիծ է կառուցվում, բայց վերագրում են իրենց»,-ասում է Գրիգոր Գրիգորյանը: Նա նշում է, որ ինքը 2008թ. մայիսին ինքնակամ հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից՝ գյուղը թողնելով Զարզանդ Գրիգորյանին, եւ հիմա դժգոհ է այն վիճակից, որ ստեղծվել է նրա գործունեության չորս տարիների ընթացքում: «Բայց մենք գիտենք, որ Դուք այնքան էլ ինքնակամ չեք լքել գյուղապետի պաշտոնը, քանի որ եղել է քրեական գործ», մեր դիտարկմանը Գրիգոր Գրիգորյանը համաձայնեց, որ այդպիսի քրգործ եղել է:

Քրգործը կապված է եղել գյուղապետի պաշտոնում Գրիգոր Գրիգորյանի գործունեության հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Գրիգորյանը համայնքի բյուջեից 127 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով դատապարտվել է վեցուկես տարվա ազատազրկման: Կալանավայրում երկու տարի անցկացնելուց հետո Գրիգորյանը համայնքին հասցված 60 մլն դրամը վերականգնել է եւ պարտավորագիր ստորագրել՝ ըստ կազմված ժամանակացույցի, 2010թ. նոյեմբերից մինչեւ 2013թ. վերականգնել մնացած 69 մլն-ն: Սակայն ազատության մեջ նա 2010թ. վճարել է  2 միլիոն դրամ, իսկ 2011թ. վճարելիք 24 մլն դրամից՝ ոչ մի լումա: Հիմա նա փորձում է կրկին վերադառնալ գյուղապետի պաշտոնին: Հասկանալի է, որ եթե դա նրան հաջողվի, ապա կկարողանա «ջրել» 67 միլիոնը:

Զարզանդ Գրիգորյանի հետ մեզ չհաջողվեց խոսել, բայց խոսեցինք նրա եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հետ:

 - Նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը Ձեր եղբորը մեղադրում է պետական ծրագրով իրականացված աշխատանքներն իրեն վերագրելու մեջ:

- Ես, որպես ԱԺ պատգամավոր, բյուջեի քննարկումների ժամանակ կառավարությանն առաջարկներ եմ ներկայացրել Արշալույսի հետ կապված որոշ ծրագրերի համար գումարներ հատկացնել: Եվ դա ոչ միայն իմ եղբոր՝ գյուղապետ աշխատած տարիներին, այլ նաեւ նույն Գրիգոր Գրիգորյանի օրոք: Օրինակ, իր գյուղապետության օրոք իրականացվել է Արշալույսի դպրոցի հիմնանորոգումը, որի համար հատկացվել է 77 մլն, գյուղի ջրհավաք կայանի նորոգումը՝ 55 մլն, մանկապարտեզի նորոգումը՝ 25 մլն: Չնայած այս երեք ծրագրերն էլ կատարվել են անորակ եւ թերի, գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը ստորագրել է կատարողական ակտերը: Ինչ վերաբերում է իմ եղբորը, ապա Զարզանդ Գրիգորյանը գյուղում իրականացված բոլոր աշխատանքներին մասնակցել է եւ ֆիզիկապես, եւ նյութապես: Գյուղում խմելու ջրի խողովակների վերանորոգման ժամանակ միայն 2 կմ ջրագիծ փոխվել է ծրագրի ֆինանսավորումից դուրս, մեր անմիջական աջակցությամբ:

- Իսկ ինչո՞ւ եք կտրել Գրիգոր Գրիգորյանի տնկած ծիրանի այգին:

- Այդ այգին համայնքինն է, եւ Գրիգորյան Գրիգորը դրա հիմնման հետ ոչ մի կապ չունի, այն 40 տարեկան էր: Այդ այգու ծառերի մի մասը կտրվել էր իր՝ գյուղապետ աշխատած տարիներին, իսկ մյուս մասը կտրվեց եւ, որպես վառելափայտ, բաժանվեց գյուղի անապահով ընտանիքներին: Բաժանվեց հանձնաժողովով, ոչ մի բողոք չի եղել: Նույն տարածքում հիմնել ենք նոր ծիրանի այգի, որն արդեն 3 տարեկան է:

- Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ Դուք իր տղաների հարսանիքի քավորն եք: Ինչո՞ւ է ստացվել այնպես, որ հիմա դարձել եք քաղաքական մրցակիցներ:

- Ճիշտ է ասել, որ իր տղաների քավորն եմ: Բայց ինչո՞ւ չի ասել, որ երբ երեք ամիս առաջ հայրս մահացել էր, ոչ ինքը, ոչ իր տղաները իմ դուռը չբացեցին, ինձ չցավակցեցին:

- Տեղեկություններ կան, որ Գրիգոր Գրիգորյանին ուղղորդել եւ պաշտպանում է ձեր հորեղբայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը:

- Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ ուղղորդել է, ոչ էլ պաշտպանում է:

Ավետիս Բաբաջանյան

Comments are closed.