Fog
-5 °C

ԲՀԿ-ում ականները պայթում են. կուսակցությունից արտահոսք է սկսվել

ՀԵՂԻՆԱԿ՝ Գայանե Սարիբեկյան
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նախընտրական այս վճռորոշ շրջանում, երբ կուսակցությունները զբաղված են մարդաորսով, եւ մեկ ձայն փախցնելն էլ լուրջ ձեռքբերում է համարվում, ԲՀԿ շարքերը նոսրանում են: Որքան էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե «խեղճուկրակներն» են լքում կուսակցությունը, որն իրենց համար ողբերգություն չէ, սակայն ակնհայտ է, որ սա ընդամենը մխիթարանք է: Ակնհայտ է, որ նախընտրական շրջանում բոլորը, ատամները սրած, թեւքերը քշտած՝ ուզում են իրենց փայը «կպցնել»: Այնպես որ օրինաչափ է, որ այս փուլում կսկսվի առնետավազքն ու ճամբարափոխությունը` պայմանավորված տարբեր գայթակղիչ առաջարկներով:  Այս գործընթացը հատկապես ծաղկում է ԲՀԿ Արարատի տարածքային կառույցում: Ինչպես օրերս գրել էր «Հրապարակը», Արարատի փոխքաղաքապետ Կարեն  Խաչատրյանը, որը նաեւ Արարատում ԲՀԿ կառույցի հիմնադիրն ու ղեկավարն էր, կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Միգուցե նա այն ուժը չէ, որի վրա կարող է հենվել ԲՀԿ-ն, սակայն նախընտրական փուլում, երբ լուրջ մրցակցություն է, նման քայլերը կարող են ազդել կուսակցության հեղինակության վրա: Առավել եւս, որ դրանով կանգ չառավ գործընթացը, եւ կուստոմսերի «վազվրատը» շարունակվում է: Երեկ տեղեկություն ստացանք, որ Կարեն Խաչատրյանից հետո Արարատում ԲՀԿ-ից արտահոսք է սկսվել: Ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները՝ նույնիսկ բանը զավեշտի է հասել: Երբ ԲՀԿ-ին հրաժեշտ տվողների  հոսքը գրասենյակ մեծացել է, ստիպված են եղել դռները կողպել: Բացել են այն բանից հետո, երբ  իրավիճակը հանդարտվել է: Ըստ խոսակցությունների՝ ավելի քան 400 տոմս է վերադարձվել: Եթե հաշվի առնենք, որ փոխքաղաքապետը տարածքային կառույցի հիմնադիրն է եղել, հավանական է, որ այսքան համակիր կունենար, որոնք էլ հետեւել են նրա քայլին: Հնարավո՞ր է, որ հենց Կարեն Խաչատրյանն էլ զբաղվում է կուսակցական կառույցը փլուզելու գործով, մանավանդ այն բանից հետո, երբ նրան Վարդան Բոստանջյանը «խեղճուկրակ» անվանեց: «Ես Արարատ քաղաքում էն մարդն եմ եղել, որ իմ դուրս գալուց հետո, բնականաբար, մարդիկ փորձելու էին իրենք էլ դուրս գային կուսակցությունից: Կոնկրետ թիվ չեմ կարա ասեմ, բայց մարդիկ դուրս են եկել, ո՞նց դուրս չեն եկել: Ես կողքի խոսակցություններից եմ լսում, որ դուրս են գալիս, ոչ մեկին չեմ քարոզում ու ասում, որ դուրս գան. ամեն մարդ ինքն ա որոշում»,- մեր հարցին պատասխանեց նախկին ԲՀԿ-ականը: Ինչ վերաբերում է ԲՀԿ մամլո խոսնակի այն գնահատականին, թե իր դուրս գալը ողբերգություն չէ, եւ իրեն ուղղված «խեղճուկրակ» որակմանը,  ասաց. «Ամեն մարդու ժամանակն ու համբերությունն ա գնահատում: Ժամանակը ցույց կտա ով ով է: Ես ավելորդ մեկնաբանություններ չեմ ուզում անել ոչ մեկի հասցեին:  Ժամանակը ցույց կտա բոլոր հարցերի պատասխանը»: Իսկ  Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն այս առնչությամբ ասաց. «Ես չեմ բացառում, որ տվյալ անձնավորությունն ունենար մի քանի համակիրներ, որոնք իր հետ դուրս գային կուսակցությունից, բայց դա չի կարող կրել համատարած բնույթ»: Մեր դիտարկմանը, թե ինչպես է կուսակցությունը մեկնաբանում այս արտահոսքը, երբ նախընտրական շրջանում պետք է ավելի միասնական ու համախմբված լինեն, մամլո խոսնակը պատասխանեց. «Գիտեք ինչ, դրա պատասխանն այն է, որ էսպիսի ականներ կարող են պայթել, եւ ավելի լավ, որ դրանք շուտ են տեղի ունենում` նախընտրական հիմնական պայքարից առաջ: Մենք ոչ մի ողբերգություն չենք տեսնում: Հարյուր հազարների մեջ կարող են մեկ, երկու, երեք թույլ օղակներ ի հայտ գալ»:

- Իսկ չե՞ք կարծում, որ վերոնշյալ գործընթացը բացասական ազդեցություն կունենա կուսակցության հեղինակության վրա:

- Բնականաբար՝ ոչ:

- Այսինքն` կուսակցությունում մտահոգիչ չէ՞ արտահոսքը:

- Ոչ:

- Որոշ խոսակցությունների համաձայն՝  հատկապես Արարատի մարզում ՀՀԿ-ն ավելի ուժեղ ազդեցություն ունի, եւ  հնարավո՞ր է, որ ողբերգություն չլինի ԲՀԿ-ի համար տեղի կուսակիցների արտահոսքը: Ճի՞շտ են այս խոսակցությունները: Իրականում ԲՀԿ-ն ի՞նչ ազդեցություն ունի այստեղ:

- Նախընտրական գործընթացը ցույց կտա, թե ինչ ազդեցություն ունի:

 

Comments are closed.