«Տարվա քաղաքացու» իրական դեմքը
Բաց նամակ Հայաստանի ԶԼՄ-ներին` հերքում տալու ակնկալիքով
Սույն հոդվածը առաջինը լույս է տեսել «Առավոտ»-ում: Խմբագրությունը լրագրողական էթիկայի կանոներին հավատարիմ մնալով առաջինը հանդես եկավ հերքում տալու հանձնառությամբ: Համոզված ենք` մյուս լրատվամիջոցները նույնպես կշարունակեն իրենց լրագրողների սխալվելու անխրախուսելի իրավունքին ի պատասխան հերքումով հանդես գալու ավանդույթը:
Այս դեպում պատմությունն այն մասին է, թե ինչպես ինքնամեծարման մոլուցքով տառապող մի բախտախնդիր, օգտագործելով ազատ խոսքի տարածման ինտերնետի հնարավորությունն և լրատվամիջոցների դյուրահավատությունը, մի ամբողջ տարի հասարակությանը և պետական-կառավարչական մարմիններին մոլորության մեջ պահեց: Ցավոք նա միակը չէր անցած տարում:
Անցած տարին նշանավորվեց նաև մի այլ պատմությամբ, որը, ճիշտ է, ինչ-որ իմաստով սասանեց մարդկանց հավատը առանձին գործիչների բանիմացության հանդեպ, սակայն, փառք աստծո, զվարճալի ավարտ ունեցավ: Խոսքը վերաբերվում է քյավառցի ինքնահռչակ աստղաֆիզիկոսի կողմից ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մոլորության մեջ գցելու պատմությանը:
Սակայն ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Հիմա եկել է Հրանուշ Հակոբյանի հերթը քահ-քահ ծիծաղելու: Այս անգամ հերթական ավանտյուրիստի որոգայթներում հայտնվեցին ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Ինչպես մեծ մտածողներից մեկն էր ասում` «Պատմությունը կրկնվում է երկու անգամ, մերթ որպես զավեշտ, մերթ որպես ողբերգություն»: Պատմությունն այս անգամ ոմանց համար ողբերգական ընթացք ունեցավ:
Եվ այսպես, լրատվամիջոցները մեծամասամբ, սոցիալական ցանցերն ու բլոգները , «Չենք լռելու» երիտասարդականը, անցած տարում ձեռքից-ձեռք խլելով, իրար հերթ չէին տալիս ինտերվյու վերցնելու մի անձնավորությունից, որն իբր վերջին տասը տարում զբաղվելով կինոարտադրությամբ, թողել է Մոսկվան, եկել Հայաստան, ֆիլմ է նկարահանում Ղարաբաղի պատերազմի մասին, որով նա լուծելու է ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը: Այդ ֆիլմի բյուջեն մի լրատվամիջոցում ներկայացվում է 5-7 միլիոն դոլար, մյուսում` 7,5 միլիոն դոլար: Այդ ֆիլմի նկարահանման համար իբր ռեժիսորը 7 միլիոնն արդեն ունի, ֆիլմն ավարտին հասցնելու համար նրան պակասում է ընդամենը կես միլիոն դոլար, որն էլ խոստացել է տրամադրել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` հանձնարարելով այդ գործը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, վերջինս էլ, չգիտես ինչու, ձգձգում է գումարի տրամադրումը արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած այս ֆիմի հեղինակին: Ֆիլմի մասին նաև ԶԼՄ-ները գրում են, որ ռեժիսորի ասելով այն ներկայացվելու է Օսկարի մրցանակի, արտադրվելու է հինգ լեզուներով, հինգ երկրների կողմից:
Ֆիլմում երևալու են նաև Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Քերոլայն Քոքսը, Կոմանդոսը, Սամվել Բաբայանը և ուրիշներ: Գլխավոր դերակատարներից մեկն էլ լինելու է թուրքերի և ադրբեջանցիների կողմից սիրված հնդիկ դերասան/ անունը չի նշվում/: Ամենասարսափելին այն է, որ այս ֆիլմի մասին ադրբեջանցիներն արդեն իմացել են և ամեն օր սպառնում են ֆիլմի հեղինակին, որ դադարեցնի նկարահանումները, թե չէ վիզը կթռցնեն: Հակառակի պես մեր Ազգային անվտանգության մարմիններն էլ տիրություն չեն անում աշխարհահռչակ այս ռեժիսորին: Հայկական լրատվամիջոցներից և ինտերնետ կայքերից հայտնի դարձավ, որ ,,աշխարհահռչակ,, այս ռեժիսորը 17 տարեկանից մասնակցել է Արցախի ազատագրման մարտերին, առանձնակի նշանակության գումարտակի հետախույզ է եղել, տեսել է, թե թուրք բանտապետները ինչպիսի դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ, այդ ամենը նա տեսել, զգացել է իր վրա և համոզված է, որ լավ ֆիլմ է ստացվելու: Կարդալով և դիտելով այս ամենը` սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվում, հնչում են դառն ու թունոտ արտահայտություններ ֆիլմի արտադրությունը կասեցնող Հասմիկ Պողոսյանի հասցեին, իսկ Հասմիկ Պողոսյանի իսկի վեճն էլ չէ, տնաշենը չի էլ արձագանքում: Դեռ ավելին, աշխահահռչակ ռեժիսորին մի կարգին ընդունելության էլ չեն արժանացրել, աշխատողներն այդ օրը կոֆե խմելիս են եղել, «Օդնոկլասնիկ»-ով են զբաղվել, փոխանակ նրան հոտնկայս դիմավորեին: Ինչու է լռում երկրի նախագահը, որն իր դաբրոն վաղուց արդեն տվել էր այս ֆիլմի նկարահանումն ավարտին հասցնելու համար, 500 հազար դոլարն ինչ է, որ չեն տալիս: Մամուլում և սոցցանցերում հնչող հարցեր, որոնց պատասխանները չեն տրվում ոչ նախարարի և ոչ էլ նախագահի աշխատակազմերի կողմից: Այս ամենը կարծես կատակերգական սերիալի սցենար լինի:
Սոցցանցերում և մամուլում գրվում է նաև, որ արդեն ֆիլմի մասին կարծիքներ են հայտնում աշխարահռչակ կինոգործիչներ: Լրատվամիջոցներն իրար հերթ չեն տալիս հարցազրույցներ ունենալու ռեժիսորի հետ: Նրա մասին գրվում է, որ վերջին տասը տարում ապրելով Մոսկվայում աշխատել է մոտ տասնհինգ հեռուստաընկերություններում, տասնյակ հեռուստածրագրերի ղեկավար է, հայտնի շոումեն է,/հայտնի չէ`որտեղ է հայտնի/, վոկալիստ է, երգում է, պարում է/ հայտնի չէ` որ բեմերում է երգել, պարել/:Նշվում է, որ ռուսերեն գերազանց գիտի, / վատն այն է, որ ռուսերեն ոչ մի բառ նրա կայքում առանց տառասխալի չի գրված/, անգլերենին տիրապետում է բառարանով, /լավն այն է, որ բառարաններում բառերն առանց տառասխալի են գրվում/, ձայնը նման է Լևիտանի ձայնին /երևի շուտով կազդարարի իր ֆիլմի հաղթական ավարտի մասին/: Նաև աղմուկ հանած սցենարներ է գրում ու վաճառում: / Դժբախտաբար այդ աղմուկը Հայաստան դեռ չի հասել/: Մի դիտարկում ևս` ռեժիսորի մասին ներկայացվող կենսագրության մեջ ոչ մի տեղ չի նշվում, թե ինչ կրթություն է ստացել / երևի վստահ չէ, որ ավարտել է Հրազդանի պրոֆտեխուսումնարանը / և որտեղ է աշխատել առհասարակ / երևի իրեն արժանի տեղ չի գտել/: Ոչ մի լրագրողի մտքով իսկ չի անցել հետաքրքրվելու` պատերազմում երեք տարի կռիվ տալուց հետո /իրականում պատերազմն երկու տարի է տևել/ Արցախի պատերազմի այս ,,վետերանին,, ինչ մարտական շքանշանների և պատվի են արժանացրել կամ վիրավորվել է արդյոք քաջազուն այս ,,վետերանը,,: Ոչ մի լրագրողի մտքով չի անցել, բա սա լինելու բան է… Թվում էր սենսացիոն այս պատմությունը, որն արդեն վերածվել էր անհեթհեթության, այդպես էլ կավարտվեր. երբեմն սենսացիաները հատկություն ունեն արագ տարածվելու և արագ էլ մոռացվելու: Քիչ էր մնացել մոռացության մատնվեր նաև այս մարդը, եթե տարվա վերջին տեղի չունենար մի այլ կարևոր իրադարձություն, որին դարձյալ անդրադարձան հայկական լրատվամիջոցներն, այս անգամ առանց բացառության: Մամուլում և հեռուստաէկրաններին հայտնվում է ,,ՀՀ տարվա քաղաքացի,, տիտղոսին արժանացած մարդը, նույն ինքը ,,աշխարհահռչակ կինոռեժիսորն արդեն նոր կարգավիճակով, այս անգամ որպես կրպակավար, որն իր իրավունքների համար մինչև վերջ պայքարող և հաղթանակի հասնող ՀՀ 2011թ. ,,Տարվա քաղաքացի,, է ճանաչվում: Այս կոչումը նրան շնորհում է ,,ՇՊԱԿ,, կազմակերպությունը` Հրազդանի տարածքային կազմակերպության ներկայացմամբ: Բայց ավելի լավ է ներկայացնենք պատմությունն այն մասին, թե ,,Աշխարահահռչակ ,, ռեժիսորը ինչպես դարձավ սովորական կրպակավար: Այն ժամանակ, երբ մամուլում և սոցցանցերում թնդում էր ,,ռեժիսորի,, անունը, Հրազդանի հարկային տեսչության աշխատակիցները չիմանալով նրա ,,համբավի և հռչակի,, մասին, փորձել են մուտք գործել տեսասկավառակների վաճառքի Հրազդան քաղաքի Կենտրոնում գտնվող նրա կրպակ և արձանագրություն կազմել ՀԴՄ կտրոններ չտրամադրելու վերաբերյալ: Դու մի ասա այս ,,աշխարհահռչակ,, ռեժիսորը,, կրպակում թաքնված տեսախցիկ է ունեցել , նկարահանել է, և ապա ՇՊԱԿ –ի իր ընկեր Տիգրան Գրիգորյանի իրավաբանական աջակցության շնորհիվ հարկային աշխատողների վրա կանոնակարգի խախտումների մասով գործ է սարքվում: Եվ քանի որ ռեժիսորի քաջնազարական դրոշն արդեն ծածանվում էր ինտերնետում և հայկական մամուլում, Հրազդանի հարկային տեսչության 7 երիտասարդ աշխատակիցների կարիերային վերջ է տրվում: Ինչպես տեսնում եք պատմությունը կրկնվեց, այս անգամ ոմանց համար ողբերգական ավարտով:
«Աշխարհահռչակ» այս ռեժիսորը, որը Հրազդանում ճանաչված էր որպես գործ տվող ու գործ սարքող անձնավորություն, /հայտնի է նաև, որ նա նույնիսկ Ղարաբաղում կռված իր հարազատ եղբոր վրա է գործ սարքել Հրազդանի ոստիկանությունում/ , ահուսարսափ է տարածում տեղական մարմինների վրա, մանավանդ որ մամուլով տարածվել է, թե սա ունի ՀՀ նախագահի դաբրոն: Ն.Վ. Գոգոլի ,,Ռևիզորի,, Խլեստակովից ահաբեկվածների նման շատ շատերը խուճապի են մատնվում: Մարդիկ մտածում են`,, Թերթերն, որ այսքան գրում են, մի բան կա երևի, գուցե իսկապես սա նախագահի դաբրոյին արժանացած անձնավորություն է, զգուշանանք սրանից, միգուցե մի սխալ էլ մենք գործած կլինենք,,:
«Աշխարհահռչակ» -ի մարդկային որակների մասին քաջատեղյակ էին Հրազդանում, սակայն որպես ,,պրոֆեսիանալ ռեժիսորի և դերասանի,, քչերը գիտեին : Այն , որ վերջին 10 տարում նա ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, թերթերից իմացան: Հրազդանցիները կրկին ներշնչվեցին իրենց տեսողության վերաբերյալ կասկածներով: Եթե նա 10 տարի ապրել է Մոսկվայում, ապա այդ ով էր տարիներ շարունակ տեսասկավառակներ պտտեցնում Հրազդանի Կենտրոնում` չորսբոլոր լցնելով թուրքական և ադրբեջանական մեղեդիներով ու մուղամներով, դիտողություններին էլ միշտ պատասխանում` ,,Ժողովրդի պահանջով եմ անում,,: Այդ ով էր Հրազդանում տպիչների ոչ արհեստավարժ լիցքավորում իրականացնում` տեղիք տալով այցելուների բողոքներին:Այդ ով էր տնետուն ընկած որպես վարձու Ձմեռ պապ ներկայանում, որի գովազդն պտտվում էր Հրազդանի եթերում: Այդ ով էր Հրազդանում թաքնված տեսախցիկով անտաղանդ ու անճաշակ ,,Բլեֆներ,, սարքում, որոնից միայն մեկը ցուցադրման ենթարկվեց ,,Հրազդան,, ՀԸ-ում` նրա երկարատև խնդրանքներին և ծակող–թափանցող համառությանը անսալով: Հետո էլ պատրաստվում էր դատի տալ,,Արմենիա,, հեռուստաընկերությանը `իբր ,,Բլեֆ,,-ի վերնագիրը իրենից են գողացել: Խելքը իրենը չէ մարդկանց դատի տալու համար:
Թերթերում գրում են, որ «Աշխարհահռչակը» դերասան Իշխան Ղարիբյանի արժանավոր հետնորդն է: Հրազդանի Դրամատիկական թատրոնի ռեժիսոր, բազմաթիվ փառատոնների մրցանակակիր Աշոտ Սարգսյանը, որն երջանկահիշատակ Իշխան Ղարիբյանից հետո գլխավորում էր Հրազդանի դրամատիկական թատրոնը, նրա մասին կարճ արտահայտվեց`«Նա Իշխան Ղարիբյանի հետնորդ չէր կարող լինել, որովհետև նրա մեջ ոչ դերասան կար և ոչ էլ ռեժիսոր, նրա օրոք սա ոչ միայն դերասան, այլ նույնիսկ բեմի բանվոր էլ չի եղել»:
Օրինական հարց է առաջանում, եթե այսքան բան գիտեինք, ինչու էինք լռում, որպես լրագրող ինչու չէինք բացահայտում այս անձնավորության իրական կերպարը: Սա արդեն ուրիշ պատմություն է. բոլոր ձվերը մեկ զամբյուղում չեն տեղավորվի…: Այն ժամանակ, երբ պատրաստվում էինք դիմակազերծել մեզ քաջածանոթ ավանտյուրիստին, նա անմիջապես գործի դրեց իր շանտաժի մեքենան: Ձեռագիրը ծանոթ էր` իբր առանց ձևակերպվելու օրավարձով երկու ամիս աշխատել է հեռուստատեսությունում ոչ ավել, ոչ պակաս որպես փոխտնօրեն և աշխատավարձ չի ստացել: Ասենք, որ նույնաբովանդակ մի գործ մի այլ անձի անունից անցած տարի ներկայացվել էր ոստիկանության թաղային տեսուչի կողմից , որի վերաբերյալ մեր բողոքն այժմ քննվում է վարչական դատարանում և բոլոր հիմքերը կան, որ այն արդար լուծում կստանա: Եվ այսպես, այս անձնավորությունը դարձյալ ,,ՇՊԱԿ,,-ի իր գործընկեր Տիգրանի միջոցով ամբաստանագրեր է ուղարկում ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, ՀՀ պետեկամուտների կոմիտե, դատախազություն, ոստիկանություն: Ստուգողներն իրար հերթ չեն տալիս: Երկար ստուգումներից հետո ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետը ,,Աշխարհահռչակի,, բողոքի հիման վրա տարվող վարույթը կարճեց, այն համարելով անհիմն և անթույլատրելի: Ոստիկանությունում սակայն իրադարձությունները զարգանում էին այլ հունով: Սկզբում ոստիկանության քննիչ մայոր Ա. Կարապետյանը ստուգումներով պարզել էր, որ այս գործի մեջ ավելի շուտ զրպարտանքներ են, քան իրական փաստեր, այնուհետև տեղնուտեղը քննիչին փոխեցին և սկսեցին ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի որոշման բողոքարկման գործընթաց առաջ տանել: Փաստորեն ոստիկանությունը, ինչպես հավաստում է ՀՀ ,,Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի,, իրավաբան Օ. Սաֆարյանը, վերազանցելով իր լիազորությունները, անցկացնում է գործառույթ, որով խախտում է ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի սույն վարչական ակտը կարող է բողոքարկվել վերադաս վարչական մարմնին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և դատական կարգով` ՀՀ վարչական դատարան: Այստեղից հանգում ենք հետևյալ տրամաբանական եզրակացության` քանի որ Հրազդանի ոստիկանության թաղային տեսուչի կողմից կազմված արձանագրության հիման վրա ,,Հրազդան,, հեռուստաընկերության տնօրենի դեմ վարչական տույժ կիրառելու նախորդ պահանջը բողոքարկվել է ՀՀ վարչական դատարանում և վստահ չեն, որ դատարանը հարցը իրենց օգտին կլուծի, ոստիկանությունը որոշել է նոր գործ սարքել նախորդը ամրապնդելու նպատակով: Այդ է հավաստում այն փաստը, որ այժմ արդեն քննությունը տանում է ոստիկանության թաղայինների պետ մայոր Վ. Սողոմոնյանը: Ուշագրավ է նաև մի այլ փաստական նյութի առկայությունը Հրազդանի ոստիկանությունում: Արդեն երրորդ տարին է Հրազդանի ոստիկանության քննիչների դարակներում քնած է մնացել հեռուստաընկերության դիմում – բողոքները քրեական երկու այլ գործերի կասեցման վերաբերյալ: Այդ նույն գործերի վերաբերյալ հեռուստաընկերության դիմում-բողոքներին մինչև օրս պատասխան չի տրվել ոչ Հրազդանի ոստիկանության և ոչ էլ մարզային դատախազության կողմից: Իրական հանցագործներին թողած` ոստիկանությունն սկսել է հեռուստաընկերության դեմ հարկային և աշխատանքային տեսչության գործառույթներ իրականացնել: Բանն այնտեղ է հասել, որ պահանջ է տրվել բացել հեռուստատեսության տարիների արխիվները, որտեղից իբր կբացահայտվեր, թե նախկինում ինչ գովազդներ են եղել, որոնք չեն մուտքագրվել: / Թեև օրենքով հեռուստատեսությունը պարտավոր է պահպանել ընդամենը մեկ ամսվա նյութերը/: Աշխատողներին արդեն երեք-չորս անգամ առանց ծանուցագրի կանչել են ոստիկանություն: Հոգեբանական ճնշումների, շանտաժի, տնօրինությանը վարկաբեկելու մեթոդները մի կողմ թողնենք, դրանք ըստ երևույթին մայոր Վ.Սողոմոնյանի աշխատաոճին հատուկ նորմեր են, և ահա վեց ժամ, մինչ գիշերվա ժամը 11 –ը, չորրրորդ անգամ քննության ենթարկվելուց հետո նոր ընդունված լրագրողի նյարդերը տեղի տվեցին, ու հաջորդ օրն արցունքն աչքերին նա դիմեց տնօրենին` իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով: Իսկ մարզերում ճրագով պիտի ման գալ հեռուստալրագրողներ գտնելու համար: Հիմա առանց ծանուցագրի ոստիկանություն են կանչում նոր աշխատանքի ընդունվող երկրորդ լրագրողին: Ամեն ինչից երևում է աշխատանքները կազմալուծելու և հին հաշիվներ մաքրելու գործընթաց է ընթանում: ՀՀ նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, կարծում ենք, ոստիկանության ավգյան ախոռները մաքրելու սրբազան գործը պետք է առաջ տանի նաև մարզային կառույցներում, որտեղ կամայականությունն ու ապօրինությունը հաճախ սահմաններ չի ճանաչում:
Կրկին վերադառնանք մեր «Աշխարհահռչակին»: Թեև մենք գիտեինք նրա ստախոսության և շանտաժի հատկությունների մասին, հոգեբանորեն պատրաստ էինք դիմակայելու մեզ սպասվող փորձություններին, այնամենայնիվ, անկեղծ ասած, քիչ էր մնում մենք էլ հավատայինք նրա ստերին: Այն, որ նա կինոարտադրությամբ է զբաղվել և ,,աշխարհահռչակ ռեժիսոր է , ավելի շատ կոմիկական, քան էպիկական ժանրի պատմություն էր: Բայց Արցախի պատերազմին մասնակցելու մասին մտածում էինք` մեր աչքի առջև թրև եկող այս տղան կարող է իսկապես մեզանից թաքուն գնացել, Ղարաբաղի կռիվներին մասնակցել է: Փորձեցինք Հրազդանի զինկոմ, գնդապետ Ս. Գրիգորյանից ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք պատերազմի վետերան ներկայացած ,,Աշխարհահռչակ ռեժիսորը,, եղել է Ղարաբաղում և մասնակցել ազատագրման կռիվներին: Նա մեր հարցմանը ներկայացրեց պաշտոնական պատասխան` ,,Գագիկ Շիրինի Աթասյանը ՀՀ ԶՈՒ ծառայել է 1995թ. հոկտեմբերի 23-ից մինչև 1997թ. նոյեբերի 25-ը: Արցախի ազատագրման համար կռվողների կազմում նրա անունը չկա,,: Ապա զինվորականին հատուկ կտրուկ ավելացրեց`,,Մարդ, որը պատերազմի մասնակցի կեղծ տեղեկություններ է տարածում, քրեական հանցագործ է, պատերազմի ժամանակ այդպիսի պադոնոկներին գնդակահաում էին, նրանք պղծում են մեր զոհերի թափած արյունն ու հիշատակը,,; Արցախյան պատերազմին մասնակցած հրամատարի ինքնասիրությունն ու պատիվը վիրավորված էր: Մեզ հասած ստույգ տեղեկություններով պարզեցինք նաև, որ այս անձը բանակում եղել է մոտ երեք տարի, նրա մեկ տարին ծառայություն չի համարվել, քանի որ զինվորական պարտադիր երկու տարվա ծառայությունից խուսափել է:
Մեր հերոսի անունն և Շիրին հայրանունն ընդամենը մեկ անգամ նշեցինք: Եթե պետք է նրա Ալթմագեթ պապի անուն էլ կնշենք, իմանալով, որ դրանով ինքնամեծարման նրա մոլուցքին ինչ-որ չափով հագուրդ կտրվի: Սակայն պետք չէ, որ նրա անունը մնա պատմության մեջ: Ինչպես քյավառցի ,,աստղաֆիզիկոսի,, , այնպես էլ հրազդանցի ,,աշխարհահռչակ,,ռեժիսորի անունները պիտի ջնջվի մարդկանց հիշողությունից : Պիտի ընդունենք նաև , որ այս ,, հերոսներին,, թեև մենք` լրագրողներս ենք ստեղծել, բայց նրանք մեզ չեն ենթարկվում: Ինչպես Նար-Դոսն էր գրում ,,Սպանված աղավնին,, վիպակում իր կերտած հերոսի մասին`,,Նա ինձ այլևս չի ենթարկվում, ցինիկի պես անպատկառ է, լրբի պես համարձակ ,, :
Հ.Գ. Թվում է ամեն ինչ ասված է այս հոդվածով, սակայն գլխավոր եզրակացությունը կարծես չի արվել: Այդ ինչպես եղավ, որ կիսագրագետ այս անձնավորությունը նման փառքի և ընդունելության արժանացավ: Մի փոքրիկ էքսպերիմենտ կատարեմ: Եթե այս հոդվածի վերջում գրեմ, որ հեղինակը Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ է, հոգեբանական գիտությունների թեկնածու է և ,, Նյու-Յորք թայմս,, թերթի թղթակիցն է , անկախ այն բանից, թե դա ճիշտ է, թե սուտ, Ձեր ընկալումներն որոշակի չափով կփոխվեն: Բայց եթե ավելացնեմ նաև. որ այս հոդվածը լույս ընծայելու համար հեղինակը ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դաբրոն, պատկերը լիովին կփոխվի, ակամայից սկսում եք մտածել, որ երևի նախորդ երեքը ճիշտ են, որ հեղինակը ստացել է նախագահի դաբրոն: Իրականում այս տեղեկությունների բաղկացուցիչ մասերի միասնությունն ստեղծում է հոգեբանական ներգործության մի իրավիճակ, երբ բավական է որևէ մեկը հավատա այդ ստերից մեկին, մյուսներն ակամայից կընդօրինակեն: Գիտական հոգեբանության մեջ դա կոչվում է հոգեբանական ընդօրինակման / իմիտացիայի/ վարակ: Այդ վարակը առաջինը թափանցել էր ամենահեղինակավոր լրատավիջոցներից մեկում` ,,Առավոտ,, -ում , այնուհետև 1in.am , Հետք, lragir.am, Հրապարակ, Զրուցակից, Ա1+, PanARMENIAN.Net , Ժամանակ, , 7or.am, Իրատես de facto, asecose.am, maxinfo.am, aսysor.am և այլ լրատվամիջոցներում: Հասարակությունը լրագրողների նկատմամբ մշակած ունի առանձնահատուկ վերաբերմունք: Նրանց նկատմամբ հասարակության պահանջը եղել և մնում է`,, Ավելի լավ է լրագրողները նմանվեն ագռավի, քան թութակի,,:Ուզեն, թե չուզեն լրագրողները ճակատագրով դատապարտված են հասարակական պահանջը կատարելու:
Ասենք նաև, որ հոգեբանական վարակը թերթերից տարածվել էր նաև ընթերցողներիս շրջանում: Բոլորս էլ բուժման կարիք ունենք: Նախագահականի և նախարարի աշխատակազմերի լռությունը, որը սովորաբար մեկնաբանվում է իբրև համաձայնության նշան, ժողովրդական լեզվով ասած, ակամայից ջուր է լցրել ստի տարածման ջրաղացին: Ինֆորմացիոն աղմուկի, անկառավարելի ինտերնետի պայմաններում սուտ տեղեկությունը տարածվում է լույսի արագությունից ավելի արագ , և սթափ միտքն ու հոգեկան հավասարակշռություն պահպանելը դառնում է մեր ժամանակների գլխավոր հարցը: Այս ամենը տեղի չէր ունենաև և հայ հանրությանը մեկ տարվա մեջ երկրորդ ավանտյուրիստը չէր մատուցվի, եթե ժամանակին լրագրողները նրան տային երկու կամ երեք հարց ` 1.Որպես կինոարտադրողի ի՞նչ ֆիլմ/եր/ է արտադրել ,
2.Որպես ազատամարտիկի որտե/ղ է կռվել:Նույնիսկ հրամանատարի անունն էլ պետք չէր հարցնել: Այս հարցերը կարելի էր տալ անգամ սկսնակ լրագրողի մակարդակով: Երրորդ հարցը կարելի է ուղղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ,,Տարվա քաղաքացի,, շնորհող ՇՊԱԿ կազմակերպությանը` «Միթե Հայաստանին 2011թ. համար այսպիսի ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱՑԻ էր հարկավոր»:
Մնացական Հարությունյան, «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն, գլխավոր խմբագիր
Նկարում` «ԱՇԽԱՀԱՀՌՉԱԿԸ» հագուրդ է տալիս ինքնամեծարման մոլուցքին : «Աշխարհահռչակի» թակարդում հայտնվել է նաև Հ1 հեռուստաընկերությունը: Նա վերջերս իր փառքի գագաթնակետում երևաց «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալի մի դրվագում: Թղթին նայելով արտաբերեց ընդամենը երկու նախադասություն: Փողոցից բերված պատահական մարդն ավելի հաջող հանդես կգար: Բայց տեսեք որ ինտերնետն ողողված է նրա մասին, հավանաբար իր իսկ կողմից սարքված, գովասանքներով, որ իբր այդ սերիալում ամենահաջողված դերակատարն է նա և շատ նման է Դ. Մեդվեդևին: Շուտով ինտերնետում կհայտնվեն տեղեկություններ այն մասին, որ այս անձը հեռուստասերիալների աշխարհահռչակ դերասան է : Ինչ-ինչ, այդպիսի բաներ նրա մոտ շատ լավ է ստացվում:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Անժելայի լուսանկարները` կրկին ինտերնետում: Բլոգեր Արգամ Ուստյանը տեղեկացնում է, որ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները կրկին հասանելի են հատուկ Անժելայի անվամբ բացված կայքում:
«Ամիսներ առաջ բացվեց մի կայք, որտեղ ներառված էին դերասանուհու սկանդալային լուսանկարներ...
Հովոյին ատի, որ դառնաս հայտնի: Վերջին անգամ, երբ անդրադարձել էինք Արթուր Գրիգորյանի հեռուստահարցազրույցին, բայց չէինք նշել, որ այն հեռարձակվել է «ATV» ալիքով, հաղորդավարներից մի քանիսը վրդովվել էին՝ իրենց տեղը չէին գտնում, ավել-պակաս թերթիս մասին բաներ էին գրում: Ասա՝ թե ի՞նչ կա ո...
Ոստիկանապետը կփոխվի՟: Մեզ հասած տեղեկություններով` խորհրդարանական ընտրությունները դեռ չկայացած, նախագահականում գծագրել են կառավարության փոփոխություններն ընտրություններից հետո: Ըստ այդմ` իշխանությունները նախատեսում են պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին բավական...
«Վիա Գրա»-ի խայտառակությունը: ԱՊՀ երկրներում թերեւս ամենահայտնի փոփ խումբը` «Վիա Գրա»-ն, օրերս խայտառակ է եղել «Երկու աստղ» հեռուստաշոուի ժամանակ: Ծրագրին մասնակցող խմբի անդամ Ալբինա Ջանաբաեւան որոշել է բեմ դուրս գալ գործընկերուհիների հետ, սակայն ժյուրիի անդամներին չի բավարարել ն...
Պոռնիկը: Սրճարանում: Երկուսով նստած են, Նամուսով աղջկա դիմաց դրված է նարնջի հյութ, Պոռնիկի դիմաց` սուրճ ու մոխրաման: Անցնող –դարձողը նայում է, հատկապես տղամարդիկ, մեկ մեկին, մեկ` մյուսին:
Նամուսով աղջիկը փորձում է կոնտակտի մեջ մտնել.
Նամուսով աղջիկ._Հ...












Շնորհակալ ենք այս հետաքրքիր նյութի համար: Լավ է, որ բացահայտվեց տարվա քաղաքացի հռչակված մարդու իրական դեմքը: Պետք չէ, որ մարդիկ իրենց վերագրեն այնպիսի բաներ, որոնք իրենց չեն պատկանում, առավել ևս եթե դա վերաբերվու է ազատագրական մեր պատերազմին, մեր սրբություններին: Իր խոսքում ճիշտ է նշում զինկոմը ՝ նման պադոնոկներին հարկավոր է գնդակահարել: Այս նյութը լավ ճանաչողական նշանակություն ունեցավ մեզ համար: Սուտ ռեժիսորի և սուտ ազատամարտիկի իրական դեմքը բացահայտվեց: Ցավալի է, որ շոշափվում է նաև ՀՀ նախագահի անունը, իբր դաբրո է տվել ֆիլմի նկարահանման համար:
Փաստորեն,սա էլ մերօրյա <> է: