Partly Cloudy
18 °C

Այդ ի՞նչ եք անում դուք Հայաստանի համար, որ ես չեմ անում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Օրերս մենք մի ուշագրավ նամակ ենք ստացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից, որտեղ նա մի շարք հետաքրքիր մտքեր է հայտնել եւ առավել ուշագրավ առաջարկ է արել մեզ: Չնայած նամակն ուղղված է «Հրապարակի» խմբագրին, սակայն մենք գաղտնիքներ չունենք ընթերցողից եւ որոշեցինք այն ներկայացնել ձեր ուշադրությանը:

«Հարգելի տիկին Օհանյան

Տարիներ շարունակ Ձեր խմբագրած թերթը լուսաբանել է (եւ շարունակում է լուսաբանել) իմ գործունեությունը, անհայտ (երբեմն գոյություն չունեցող) հեղինակների ստորագրությամբ նյութերի հրապարակում իմ մասին: Դրանք, որպես կանոն, միտված են եղել եւ են իրականության աղավաղմանը, իմ անձի անվանարկմանը, պիտակավորմանը (բացառություններ քիչ են եղել): Եվ ես երբեք չեմ արձագանքել նմանօրինակ հայտարարություններին (թեեւ կարող էի Ձեզ անվանարկել ու Ձեր անձնական եւ աշխատանքային գործունեության մասին նյութեր հրապարակ հանել, ինչպես Դուք եք հաճախ վարվում), երբեք չեմ փորձել դատական կարգով քննարկել կամ վիճարկել դրանց հավաստիությունը: Միշտ մտածել եմ, որ երբեւէ կվերանայեք Ձեր մոտեցումը, կհրաժարվեք կանխակալ, նախապես ձեւավորված պատկերացումներից եւ մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին լուսաբանումներում Ձեր անձնական, սուբյեկտիվ մոտեցումները մի կողմ կդնեք: Մինչդեռ չհրաժարվեցիք վաղուց որդեգրած մոտեցումներից: Մյուս կողմից՝ ես անվրդով էի վերաբերվում Ձեր հրապարակումներին, քանի որ մայրաքաղաքային մամուլը մարզերում շատ վաղուց հանրային կարծիքի վրա չի ունենում երբեմնի ազդեցությունը կամ ընդհանրապես ազդեցություն չի ունենում (դրա պատճառների մասին խոսակցությունն այլ թեմա է), մանավանդ որ մարդիկ՝ մարզի ամենահեռավոր գյուղում անգամ, տեսնում են իրենց մարզպետի գործունեությունը: Հետայսու եւս չեմ պատրաստվում փոխել վերաբերմունքս Ձեր հրապարակումների հանդեպ, չեմ պատրաստվում ոչ վիճարկել, ոչ հերքումներ ուղարկել. կրկնում եմ՝ դա իմ էությանը հարիր չէ: Այդ բոլորով հանդերձ, մի առաջարկություն ունեմ: Դուք, գրեթե բոլոր դեպքերում, իմ արած-չարածի, իմ անձի մասին դատողություններ եք անում եւ նյութեր հորինում այլ, կողմնակի աղբյուրներից քաղած տեղեկությունների հիման վրա, ինչը, թույլ տվեք ասել, ոչ միշտ է բարոյական: Առաջարկում եմ Ձեզ երես առ երես հանդիպել մեզ հետ եւ Սյունիքի մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին տեղեկություններ ստանալ անմիջապես մարզպետից: Ընդ որում՝ պատրաստ եմ պատասխանել Ձեր՝ առանց բացառության բոլոր հարցերին՝ թույլատրելի եւ անթույլատրելի, կոռեկտ եւ ոչ կոռեկտ, սադրիչ եւ անկեղծ, ցինիկ եւ ողջամիտ, տնտեսական եւ քաղաքական, սոցիալական ու հոգեւոր-մշակութային: Ի վերջո՝ տեւական ժամանակ Դուք ինձ հայհոյում եք եւ չե՞ք ուզում գոնե մեկ անգամ երես-երեսի գանք ու պարզենք՝ այդ ի՞նչ եք անում Դուք Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, մեր պետականության, հայ մարդու արժանապատվության պաշտպանության համար, որ ես չեմ անում, եւ որը Ձեզ իրավունք է վերապահում դատավորի դեր ստանձնել ու անընդհատ վիրավորել իմ անձն ու արժանապատվությունը:

Առաջարկում եմ հանդիպում-հարցազրույցը կազմակերպել Սյունիքի մարզպետի աշխատասենյակում՝ Ձեզ համար ցանկալի ժամանակ: Առաջարկում եմ, միաժամանակ, Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն ուղարկել առնվազն 5 օր առաջ, որպեսզի դրանց վերաբերյալ ավելի հիմնավոր ու ամբողջական պատասխաններ պատրաստեմ, մանավանդ որ գործող օրենքները նման հնարավորություն են ընձեռում: Հարցազրույցը նաեւ մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի կողմից կձայնագրվի հետագա աղավաղումներից խույս տալու համար: Ակնկալում եմ Ձեր դրական արձագանքը, այլապես Սյունիքի մարզի, մարզպետարանի, մարզպետի մասին Ձեր բոլոր հրապարակումները՝ ենթադրաբար, ասեկոսեների հիման վրա, ծպտված կամ անանուն աղբյուրների օգտագործմամբ գրված, առնվազն կհամարեմ ոչ անաչառ, անլուրջ, ոչ ազնիվ ու ոչ բարոյական, տենդենցիոզ:

Ավելացնեմ նաեւ, որ առաջարկվող հանդիպում-հարցազրույցից հետո պատրաստ եմ ակտիվացնել մեր համագործակցությունը՝ Սյունիքի մարզի առօրյայի լուսաբանման հարցում:

Հարգանքով՝

Սուրիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ»

 

ՀԳ -  Թերեւս չարժե խոսել այն մասին, որ ոչ մի կանխակալ եւ տենդենցիոզ վերաբերմունք չունենք ոչ Սյունիքի մարզպետի, ոչ էլ առավել եւս Սյունիքի մարզի նկատմամբ: Եվ անհասկանալի է, թե ինչու է մարզպետն իրեն նույնացնում մարզի հետ, որի խնդիրներին մենք հարյուրավոր անդրադարձներ ենք արել՝ սկսած ուրանի հանքի հետախուզման, «Դինո գոլդ մայնինգ» ընկերության, Տաթեւի ճոպանուղուց, վերջացրած Քաջարան գյուղի հետ կապված իրադարձությունների թեմայով: Եթե մարզպետն իր նկատմամբ տենդենցիոզ վերաբերմունքը տեսնում է իր մականունը գրելու (որը մենք չենք հորինել) կամ Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու պատմությունը ներկայացնելու մեջ, դրա դեմ, անշուշտ, դժվար է առարկել: Բայց մենք մեղավոր չենք, որ Սուրեն Խաչատրյանը պաշտոնավարելու ու ապրելու նման արտառոց ոճ է ընտրել: Ինչ վերաբերում է իրեն լսելուն, ապա մեր լրագրողների բազում դիմում-խնդրանքներին, հեռախոսազանգերին նա մերժմամբ է արձագանքել: Բայց անշուշտ դա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք հիմա նրան լսելուց: Մենք պատրաստ ենք տպագրել մարզպետի ինչպես հոդվածը, հայտարարությունը, այնպես էլ հարցազրույց անել նրա հետ: «Հրապարակը» հրապարակ է բոլորի համար:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1)

  1. HAKOB M.

    Գերակա հանրային շահը նախ եւ առաջ սահմանային գյուղի պաշտպանությունն է
    http://bnaban.am/index.php?option=com_content&view=article&id=2742%3Aqajaran&catid=52%3Aarmenia&Itemid=76&lang=hy
    Քանի որ իշխանությունները անընդհատ ընդգծում են , որ Հայաստանը ապրում է դեմոկրատական սկզբունքներով, որտեղ ապահովված է տեղեկատվության թափանցելիությունը, ապա Քաջարանցիները, վերջապես պետք է իմանան ու հասկանան, թե իրականում իրենց քթի տակ իրականացվող ոչ հայանպաստ գործընթացները, բխում են արդյոք կոնկրետ ազգային շահերից եվ ովքեր են այդ ծպտված մարդիկ , որոնք նպաստում են հայաթափելու ստրատեգիական նշանակություն ունեցող սահմանամերձ գյուղը …?
    Այս առումով `հարց է առաջանում, ինչու են թաքցնում հանքի շրջապատում ապրող բնակիչներից, ժողովրդին պատկանող ընդերքի հարստությունները օտարերկրյա ներդրողների հետ միասին թալանելու, տեղական անհայտ, կասկածելի մարդկանց անուները, որոնք ոչինչ չանելով, իրենց անբանությամբ, կուտակում են ընդերքի հաշվին հարստություններ, հագուրդ չստանալով փող կուտակելու իրենց ախորժակին:
    Ու այդ դեռ քիչ է միաժամանակ սպառնում են ճշմարիտ խոսք ասողներին, ինչպես գողական պահվածքով, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն, որը տեսահոլովակում հաշվեհարդարի ակնարկներ էր անում արդար պահանջներով հանդես եկող հայրենասեր բնապահպաների հասցեին…?
    ինչ սկզբունքներով եվ ովքեր են կազմել այդ պայմանագիրը, միթե այնտեղ չի նշված , մարդկանց առողջությունը կանխարգելակող բնապահպան միջոցառումներ…?
    Ինչու չեք հրապարակում այդ պայմանագիրը ամենայն մանրամասնությամբ, որ ժողովուրդը իմանա?
    Միթե տնտեսապես ավելի ձեռնտու է, որ պղնձա -մոլեբդինային կոնցենտրատներից , ոսկու հանքերից ստացվող կիսաֆաբրիկատները, մեծ ծավալներով ու ծախսերով տեղափոխվեն Գերմանիա, պատրաստի արտադրանքը այնտեղ ստանալու նպատակով?
    Այն դեպքում, որ եթե այդ վերամշակման արտադրությունները կազմակերպվեն մեզ մոտ, կբացվեին նոր աշխատատեղեր ու ինչ որ չափով կկրճատվի գործազրկությունը , միթե դա ազգադավ քաղաքականություն չէ?
    ինչու չհավաքել Քաջարանցիներին ու նրանց չբացատրել Ձեր կողմից վարվող հանքի շահագործման տեխնոլոգիական ճշմարտացիությունը, որպեսի մարդկանց մոտ առաջանա հավատ Ձեր գործելակերպի նկատմամբ, , ոչ թե հոլովելով “Պետական գերակա շահ” արտահայտությունը անտեսել այդտեղի ժողովրդի մտահոգությունները, ամեն ինչ թաքցնելով նրանցից?…
    Ինչու եք հանքերը շահագործվում բաց կարերիային տարբերակով, այլ ոչ փակ թունելային մեթոդով, արդյոք գումարային առումով, խնայված միջոցները համարժեք են հանքը շրջապատող բնության ու ժողովրդի առողջական վիճակի վաթարցման արժեքին? Բացատրեք համոզեք մարդկանց, այդ է ժողովրդավարությունը…

    Ինչպես ժողովուրդը կհարգի այն վարչախմբին, որը չի արձագանքում իր մտահոգություններին, այսինքն բացակայում է հետադարձ կապը:
    Պահպանելով քար լռություն ու շարունակելով , ժողովրդական լեզվով ասած, իր “էշը քշելու գործելաոճը”, կարծես ոչինչ էլ չի պատահել…
    Սակայն, էշը քշելով երկիր երկար չես կառավարի, այն վերջականապես կքանդվի…
    Հետաքրքիր է նախագահը, վարչապետը կամ իրենց օգնականները չեն կարդացել անարդարություններից հոգնած, հարգելի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հոգուց բխող Խոսքը`
    “Որտեղ նա իր շնորհակալությունն է հայտնում, բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, իրենց նեցուկ կանգնելու եվ աջակցելու, ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ գյուղը պաշտպանելու ազգային հայրենասիրական գործում”
    ՈՒ եթե, որոշ մարդկանց համար գյուղը միայն հանքավայր է, նորանոր հարստություն դիզելում իջոց, ասում է նա, ապա մեզ համար այն մեր ՀԱՅՐԵՆԻՔՆ Է…”
    Կարդալով հոդվածը, վարչախումբն անհարմար չի զգացել, որ իրենց որպես ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՆ դիտարկել, միթե դուք թուրքեր եք, գուցե նույնիսկ թուրքն էլ այդպես չվարվեն բնակիչների հետՃՃՃ
    Կամ ինչի է նման այդ քար լռությունը, ՀՌԱԿ – Ի ատենապետ Հարգելի Հարություն Առաքելյանի կողմից բացահայտած միլիոների հասնող մեր վարչապետի կողմից իրագործած ֆինանսական խարդախությունները?:
    միթե կարելի է այդպես առհամարել սեփական ժողովրդին, նրա արժանապատվությանը ու այդքանից հետո ցանկանալ նորից ընտրվելու եվ շարունակելու նույն անտարբերության Ձեր ու ձեր կառավարման վարչախմբի գործելաոճը?…