2011 թվականի նոյեմբերի 26-ին Համբուրգի Հայ Մշակութային Միությունում տեղի ունեցավ դոկտոր Յոխեն Մանգելսենի «Հայաստան մոլորակը. ուխտագնացություն անծանոթ երկրում» գրքի ութերորդ շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է 2011 թվականի սեպտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտի «Հայ մեդիա» հրատարակչատանը և ունի 187 էջ: Այն հարուստ է ճոխ նկարազարդումներով, որոնց հեղինակն է Բրեմենում գործող հայ նկարչուհի Մարիետտա Արմենան: Հրատարակված լինելով սեպտեմբերին` գիրքը 2 ամսում ունեցել է 8 շնորհանդես, որոնք կազմակերպվել են տարբեր հայկական համայնքների և գերմանական կազմակերպությունների կողմից:
Մանգելսենի գիրքն անմիջապես նկատվել է նաև գերմանական լրատվամիջոցների կողմից: Տպագրությունից անմիջապես հետո դրան է անդրադարձել Բրեմենի շրջանում ամենաշատ ընթերցվող թերթերից մեկը` Վեզեր Կուրիերը (04.09.2011), ինչպես նաև երկու ռադիոկայաններ` Զուդվեստռունդֆունկը և Ռադիո Բրեմենը, իսկ հունվարին սպասվում է գրքի վերաբերյալ մեկժամյա ռադիոհաղորդում Նորդվեստ ռադիոկայանով:
Համբուրգյան շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) և Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) նախագահ Ազատ Օրդուխանյանը` ասելով. «Յոխենը մեկ ամսում Հայաստանի հյուսիսից հարավ անցավ, հասավ Արցախ, իսկ նրա գիրքն ընդամենը 2 ամսվա ընթացքում հասցրեց լինել 8 քաղաքներում` անցնելով Բրեմենից Շտուտգարտ, Մայնի Ֆրանկֆուրտ, Հալե, Լայպցիգ, Բեռլին և Համբուրգ: Ասում են` առհասարակ անփոխարինելի մարդիկ չեն լինում, բայց Մանգելսենն անփոխարինելի է և´ որպես ընկեր, և´ որպես ԳԿԽ-ի մամուլի խորհրդատու»:
Գիրքն արդյունք է մի քանի շաբաթվա ճանապարհորդության, որի ընթացքում հեղինակն անցել է շրջանից շրջան, վանքից վանք և ոգեղեն արկածների միջով հասել է Արցախ: Հարավային Կովկասի քաղաքական վտանգավոր ու անկայուն կոնֆլիկտը մտահոգում է հեղինակին այնքան, որքան առաջ են մղում երկրի ֆանտաստիկ լեգենդները, հազարամյակների պատմությունը, ժողովուրդը, մշակույթն ու քաղաքական անցուդարձը: Նա մի պայծառ հայացք է հղում Արարատի լանջին ընկած մեր երկրին ու նոր պատկերացում է տալիս նրա մասին, ներկայացնում այն որպես մի գունավոր ու պերճաշուք մոլորակ և բնորոշում իր գիրքը որպես քաղաքական ֆելետոն:
Գրքում ներառված են նաև տեքստ-մանրանկարներ, որոնք փոքրիկ նովելներ են և չնայած ընդամենը մի քանի տողից կազմված լինելուն` արտացոլում են երկրի առանձնահատուկ կախարդանքը: Գիրքն իսկապես յուրահատուկ է ու ինքնատիպ և արդեն իսկ հասցրել է ունենալ մեծաքանակ վաճառք: ՈՒստի, որոշ փոքրիկ լրացումներով հունվարից հետո ակնկալվում է երկրորդ հրատարակությունը, ինչպես նաև կհետևեն նոր շնորհանդեսներ:
Դոկտոր Յոխեն Մանգելսենը ծնվել է 1942 թվականին, լրագրող է, ապրում և գործում է Բրեմենում, երկար տարիներ աշխատել է որպես Բրեմենի ռադիոյի մամլո խոսնակ: Լրագրողական կարիերա սկսել է հրապարակախոսություն, թատերագիտություն, գերմաներեն լեզու և բանասիրություն ուսանելուց հետո: Ամուսնացած է եղել հայազգի Սեդա Մուրադյանի հետ: Դուստրը` Սոնան, կնքվել է Հայաստանում, իսկ 2011 թվականի հոկտեմբերին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում պսակադրվեց հայկական ծիսակարգով: Այդ նույն օրը Մանգելսենը Սուրբ Հռիփսիմե եկեղեցում կնքեց նաև իր թոռներին: Ըստ Մանգելսենի` արմատները, որոնք Սեդան սերմանել է դստեր հոգում, խորը հիմքեր ունեն:
Այն շարժառիթը, որն ավելի քան 40 տարի բերել է <<Հայաստան>> թեման, Մանգելսենը վերցրել է իր սեփական` գերմանական, պատմությունից: Հոլոքոսթը, որը գործել է Մանգելսենի ծնողների սերունդը, ստիպում է նրան նրբանկատորեն վերաբերվել հայոց ցեղասպանությանը, որի անպատժելիություը, շատերի կարծիքով, խրախուսել է Եվրոպայում հրեաների կոտորածի կազմակերպիչներին: Գերմանիայի պատմությունը և նրա մոտեցումը պատմությանը հարում են այն հարցին, թե ինչպես է ժամանակակից Թուրքիան վերաբերվում իր անցյալին, քրիստոնյա հարևանների նկատմամբ երիտթուրքերի ցեղասպանությանը, այս ողբերգության նկատմամբ Գերմանիայի դիրքորոշմանը, ինչպես նաև հետագա սերունդների պատասխանատվություն կրելուն: Այս հանգամանքներն ու փաստերն են, որ հիմք են ծառայել Մանգելսենի գործունեության համար: Նա ստեղծել է հայ-գերմանական խմբակ Հանուվերում, ապա Բրեմենում, աշխատել է <<Հայ-գերմանական թղթակցություն>> հանդեսի խմբագրությունում, դարձել դրա համախմբագիրը, իսկ ներկայումս հանդիսանում է ԳԿԽ-ի մամուլի հարցերի խորհրդատու:
Ինտենսիվ, անձնապես հիմնավորված, քաղաքապես մոտիվացված տարիների կապը Հայաստանի հետ հաստատում են նրա սերն առ այս երկիր: Ինքը` Մանգելսենը, ասում է. «Ի՞նչն է ինձ կախարդում Հայաստանում: Գուցե, դա ուղղակի այսպես է. մենք սիրահարվում ենք մի տեղի, նրա բնությանն ու մարդկանց և ինչ-որ մի ժամանակ գնում դրանք բացահայտելու, և այդ ճանապարհորդությունը տանում է մեզ դեպի մեր հոգիները: Հայաստանը, ինչպես նաև Արցախը կախարդական երկրներ են` լեցուն լեգենդներով, հազարամյա մշակութային հուշարձաններով, խորապես ազդված քրիստոնեությունից, դիցաբանությունից ու նոր պատմության հարվածներից,: Եզրակացություն. գրեթե 40 տարի է, ինչ կախարդված եմ Հայաստանով»: Սրա վկայությունն է նաև 2001 թվականին նրա հրատարակած «Օֆելյայի երկար ճանապարհորդությունը մինչև Բեռլին» վեպը, որն արծարծում է 1915-19 թվականների երիտթուրքերի կողմից կազմակերպված ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն հայ ուղարկվեց անմեղ մահվան, ինչպես նաև ներկայացնում է բազմաթիվ հայ ընտանիքների ճակատագրեր, որոնք ապրում են սփյուռքում, բայց չեն կարող մոռանալ անցյալի սահմռկեցուցիչ իրադարձությունները և իրենց զգում են աշխարհի կողմից լքված ու մոռացված: Վեպի առաջին պլանում մի հայ ընտանիքի պատմություն է, իսկ հետին պլանում` միլիոնավոր հայերի սպանդը: Ցեղասպանությունը երկու երիտասարդների գցում է Բեռլին: Ալֆրեդը և Օֆելյան հանդիպում են իրար, բայց սկզբնական շրջանում փորձում են գտնել իրենց արմատներն առանձին-առանձին: Ալֆրեդը հիշում է իր նախնիների կոտորածը և արտագաղթը Արևմտյան Հայաստանից, իսկ Օֆելյան ստիպված էր ուղեկցել հարազատներին Պարսկաստանից փախչելու դժվարին ճանապարհներին: Մանգելսենը սրտացավորեն է նկարագրում նրանց կյանքի շրջադարձներն ու բեկումները: Սույն գիրքն արտացոլում է նրա կարեկցանքը մի բազմակիորեն խոցված երկրի նկատմամբ:
Այնուհետև Մանգելսենը վիպագրությունից անցում է կատարում ճանապարհորդական գրականության ժանր և 2006 թվականին Ֆիլիպ Շմիթի հետ հրատարակում է Իսպանիայում իր կատարած Յակոբյան ուխտագնացության մասին գիրքը: Մանգելսենի ընթերցողներն ակնկալում էին, որ Յակոբյան ուխտագնացն իր ճանապարհորդի ցուպով պիտի անցներ նաև Հայաստանի և Արցախի բնակավայրերով: Վերջապես, 2010 թվականին գրողի հայ երկրպագուների սպասելիքները բավարարվեցին: Մանգելսենը ճանապարհորդեց Հայաստանով ու Արցախով և նաիրյան երկրից ստացած վառ տպավորություններն ամփոփեց իր երրորդ գրքում, որը մի ուխտավորի յուրօրինակ սիրո խոստովանություն է Հայաստան աշխարհին ու հայերին:
Օֆելյա Սարգսյան
Ֆլենսբուրգ, Գերմանիա
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...










