Տիկնիկային թատրոն, նոյեմբերի տասներեք. «Դոգմա» ռոք խմբի համերգն այստեղ, այսօր ուներ առաքելություն` քանդել, տակնուվրա անել դոգմաները։ Վոկալի բեռն ամբողջ երեկո փայլուն տարած Զառա Գեւորգյանը, որ ստանձնել էր նաեւ խոսքի բեռը, այսպես ներկայացրեց. ««Դոգմայի» այս համերգը կոչվում է «ԱնդրԴոգմա», սա մի տրա՛նս-պո՛րտ է, որ տանելու է մեզ դեպի տրա՛նս, մի ճամփորդություն` դոգմաների արանքներով, միջանցքներով, դոգմաների տակով ու վրայով։ Դոգմայի տակ չմնալու համար պիտի նախ մտնել ու տակը կանգնել, unde՛r-sta՛nd, understand, հասկանալ, այսինքն` տակը կանգնել, տեսնել հիմքը։ Երբ տեսնում ես ինչ կա տակը` դոգման կորցնում է ուժը, այլեւս իշխանություն չունի։ «Դոգմայի» հետ այս ճամփորդությունը ձեզ կտանի դոգմաներով` կանգառ առ կանգառ, դոգմայից դոգմա, մինչեւ դառնաք dogmadig, ոչ թե դոգմատիկ, այլ` dogmadig, այսինքն` դոգմափոր, դոգմա փորող, դոգմայի տակը փորող, եւ սա անելու է «Դոգման», որի երաժշտությունը կհալեցնի դոգմաները, եւ դուք կհայտնվեք դոգմաներից անդին՝ Անդրդոգմա»։
Ու գլորվեց «Դոգմայի» «ԱնդրԴոգմա» գնացքը` տանելով հանդիսատեսին դոգմաների կազմաքանդման ռելսերով` մերթ չոր, մետաղային, ծանր, ինքնաբավ, մերթ մեղեդային, նուրբ, էթնիկ հղումներով հագեցած։
Էթնիկ հղումների առումով «Դոգման» ինչ-որ տեղ համեմատելի է բրազիլական հայտնի «Սեպուլտուրա» խմբին, սակայն եթե «Սեպուլտուրան» իրեն թույլ է տալիս տարաէթնիկ ելեւէջների ուղղակի, ցիտատային, հաճախ ինքնանպատակ ներմուծումներ՝ մի բան, որ արդեն չարչրկված, էժանացված է «փոփ» երաժշտության կողմից, «Դոգմայի» հղում, ներմուծումները մոնոէթնիկ են` հայկական, ըստ այդմ` լավ մարսված-օրգանապես միահյուսված խմբի ոճին, երաժշտական սկզբունքներին, կոնցեպտներին, Զառայի ռոքային երգեցողության եւ պլաստիկայի չափազանց օրիգինալ մաներային։ Իր ռոքային վոկալն ազգային «սոուսներով», խաղիկներով հագեցրած-զարդարած Զառան երբեմն նաեւ օպերա-օպերետային երանգներ է հղում` որպես հեգնանք առ դասական պաթոս եւ ժուժկալություն, սակայն սա երբեմն էլ լուրջ է արվում, առանց հեգնանքի, ազդեցության ներկապնակը հարստացնելու, ուժգնացնելու համար։ Զառայի երգեցողությունն ուղեկցվում է նրա ուշագրավ, օրիգինալ պլաստիկայով,- ծանոթ ազգային, նաեւ անծանոթ` ենթագիտակցականով հուշվող ծիսական-արքետիպային տարրեր,- որը նույնպես ընդհանուր տպավորությունն ուժգնացնելուն է ծառայում, միեւնույն ժամանակ ինքնաբուխ է, ինչը ծայրահեղ հմայիչ է դարձնում Զառայի բեմական կերպարը (ի դեպ, երգերի տեքստերը նույնպես Զառայինն են` բացառությամբ երկուսի, որ Վիոլետ Գրիգորյանն է հեղինակել)։ Երգչուհուն հակակշիռ` զուսպ, համարյա ստատիկ են երեք երաժիշտները` կիթառահար Հենրիկ Գրիգորյանը, բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը, թմբկահար Դերենիկ Վարդումյանը… Չէ, թմբկահարն «ի պաշտոնե» անկարող է ստատիկ լինել, սակայն հնարավորինս զուսպ է։ Այսպիսով, ուշագրավ երաժշտական պատկերին գումարվում է ուշագրավ վիզուալ պատկեր, խաչ, որի հորիզոնական` կիթառային թեւերը համարյա ստատիկ են` հակակշռելով ուղղահայաց վերին թեւի «վիբրատոն» եւ վարի թեւի պլաստիկ խրախճանքը։ Խաչի կենտրոնի թվացյալ պարապության մեջ հավաքվում-կենտրոնանում, հագենում-լարվում է երաժշտական մտահղացումը, հնչյունային միացյալ ծավալը եւ արշավում դահլիճ։ Հետաքրքիր է, որ այն, ինչ տեսնում-լսում էր հանդիսատեսը, հաճախ շատ ավելի խորքային, բարդ, սովորի համար կույր ու խուլ կետերի էր դիպչում, քան ուղենշում էր մուտքային խոսքը. չասվածի թաքուն ներկայության մոգությունն է, արվեստի իսկական ստեղծումը հեղինակի նշած շրջանակների մեջ չի տեղավորվում, ինքնուրույն գոյության է մղվում։ «Դոգման» վրդովվում է, ըմբոստանում` կենսոլորտ, պատերազմ, բռնություն, անտարբերություն, անհանդուրժողականություն, սիրո պակաս… Այս ուղերձներն ազդեցիկ են, կարեւոր, ակտուալ… Սակայն զգայուն ունկնդիրը որսում է նաեւ բնազդական ու ենթագիտակցական խորքերից եկող ուղերձներ, որոնք դժվարմեկնելի, կրքոտ վայելքով ներծծված բացարձակ ազատության զգացողություններ են պարգեւում, այս ենթագիտակցական հոսքերում լսելի են բողոքի ձայներ ընդդեմ մայրիշխանության, հայրիշխանության, առհասարակ որեւէ իշխանության, անտառային մեծ սարսափի, տոտեմների, կուռքերի, աստվածների, աստծո…
«Դոգման» փոխզիջման չի գնում, հանուն մեծ հանդիսատեսի ոչ մի հնչյուն չի զիջում, իր ծանր տեղը չի թեթեւացնում` ո՛չ դեպի ռոքնռոլայինը կամ բլյուզայինը, ոչ էլ դեպի փոփայինը թեքվելով. Դերենիկի զուտ ռոքային հստակ թմբկահարության աջակցությամբ Վարդանի մշտապես ճշգրիտ, ծանր բասը կայուն առանցք է, որն իր շուրջը հավաք է պահում հնչյունային ամբողջ ծավալը, կառուցվող երաժշտական ձեւերը, թվում է` թմբկահարի եւ բասահարի ներկայությամբ եթե ռումբ էլ պայթեցվի, նրանց չի շեղի ռիթմից: Այս հենքը Հենրիկին առավելագույնս ձերբազատում է, սակայն նա կուլ չի գնում սոլոկիթառային գլխապատառ վայրիվերումների մեջ սուզվելու գայթակղությանը, պահպանում է խմբի ընդհանուր ոճն ու սկզբունքները, Հենրիկի կիթառի արտաբերած հնչյունները զտված-ընտրված են, ժլատ եւ բոլորը` թիրախին։ Գործիքային խմբի այս զսպվածությունն ասես Զառային գրգռելու, սադրելու համար է նաեւ, նրան առավել ազատության մղելու համար, եւ Զառան իսպառ օգտագործում է ընձեռված հնարավորությունները։ Այս ամենի արդյունքը` հրաշալի համերգ, հրաշալի ռոք խմբի կատարմամբ։ Այո, ի դեմս «Դոգմայի», մենք ունենք ծանրակշիռ, բարձրաճաշակ ռոք խումբ, որն ի զորու է զարդարելու միջազգային ուզած մակարդակի ռոք հավաք։
Գուրգեն Խանջյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Անժելայի լուսանկարները` կրկին ինտերնետում: Բլոգեր Արգամ Ուստյանը տեղեկացնում է, որ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները կրկին հասանելի են հատուկ Անժելայի անվամբ բացված կայքում:
«Ամիսներ առաջ բացվեց մի կայք, որտեղ ներառված էին դերասանուհու սկանդալային լուսանկարներ...
Հովոյին ատի, որ դառնաս հայտնի: Վերջին անգամ, երբ անդրադարձել էինք Արթուր Գրիգորյանի հեռուստահարցազրույցին, բայց չէինք նշել, որ այն հեռարձակվել է «ATV» ալիքով, հաղորդավարներից մի քանիսը վրդովվել էին՝ իրենց տեղը չէին գտնում, ավել-պակաս թերթիս մասին բաներ էին գրում: Ասա՝ թե ի՞նչ կա ո...
Ոստիկանապետը կփոխվի՟: Մեզ հասած տեղեկություններով` խորհրդարանական ընտրությունները դեռ չկայացած, նախագահականում գծագրել են կառավարության փոփոխություններն ընտրություններից հետո: Ըստ այդմ` իշխանությունները նախատեսում են պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանին բավական...
«Վիա Գրա»-ի խայտառակությունը: ԱՊՀ երկրներում թերեւս ամենահայտնի փոփ խումբը` «Վիա Գրա»-ն, օրերս խայտառակ է եղել «Երկու աստղ» հեռուստաշոուի ժամանակ: Ծրագրին մասնակցող խմբի անդամ Ալբինա Ջանաբաեւան որոշել է բեմ դուրս գալ գործընկերուհիների հետ, սակայն ժյուրիի անդամներին չի բավարարել ն...
Պոռնիկը: Սրճարանում: Երկուսով նստած են, Նամուսով աղջկա դիմաց դրված է նարնջի հյութ, Պոռնիկի դիմաց` սուրճ ու մոխրաման: Անցնող –դարձողը նայում է, հատկապես տղամարդիկ, մեկ մեկին, մեկ` մյուսին:
Նամուսով աղջիկը փորձում է կոնտակտի մեջ մտնել.
Նամուսով աղջիկ._Հ...








100% 1000% 10000000000000%