Հարցազրույց հումորիստ Հովոյի՝ Հովհաննես Ազոյանի հետ
Երբ հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարեցի Հովիկին, արդեն մոտավորապես գիտեի, թե ինչ եմ լսելու, ու չսխալվեցի` ես հարցազրույցներ չեմ սիրում տալ ու վերջ: Բայց հեռախոսազրույցի շարունակությունն ավելի քան հետաքրքիր ստացվեց, երբ, ի պատասխան իմ դիտարկմանը, թե` «լռության ո՞ւխտ եք տվել», Հովիկը նկատեց, որ դա լռության ուխտից էլ ավելին է, «ասենք, ինչպես առաջին գիշերվա իրավունքը, հո դրան միանգամից 10 րոպեում չե՞ն համաձայնվում»:
Ու քանի որ արդեն 10 րոպեից ավելի էինք զրուցում, ես համառորեն շարունակեցի պնդել հարցազրույցի իմ իրավունքի մեջ, ինչին հետեւեց Հովիկի մեկ այլ փիլիսոփայական դիտարկումը, թե՝ ինչպես աշխարհի բոլոր հարցերն են հիմար, այնպես էլ՝ բոլոր պատասխանները: Այստեղ արդեն համատեղ ուժերով պսիխոանալիզի ենթարկեցինք Հովիկի կոմպլեքսները, որի արդյունքում ի վերջո պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը, բայց կեսօրից հետո, որովհետեւ, ինչպես ընդգծեց Հովիկը, ինքը գիշերն էլ է աշխատում, իսկ իրենից բացի՝ այս երկրում եւս երեք հոգի (ակնարկում է ՀՀ երեք նախագահներին): Ու չնայած իմ «անլուրջ» վերաբերմունքին, հարցազրույցի ընթացքում Հովիկն ավելի քան «լուրջ» մարդ դուրս եկավ` տեղ-տեղ էլ հոգեբանափիլիսոփայական դիտարկումներով:
- Հովիկ, հիմա գուցե արդեն մի քիչ մանրամասնե՞ս, թե ինչու էիր այդքան համառում, եւ որն է պատճառը, որ չես սիրում հարցազրույց տալ:
- Դե, ինչի՞ մասին պիտի խոսես հարզազրույցի ժամանակ կամ ի՞նչ կարաս ասես: Էս երկրում 2 հոգի է բան ասում կամ չասում:
- Դե մնացածն էլ քննարկում են այդ 2 հոգու ասածը:
- Ես չեմ ուզում քննարկեմ:
- Լավ, էդ դեպքում քննարկենք քո «հիմար հարցերի ու հիմար պատասխանների» տեսությունը, այդ ի՞նչ հիմար հարցեր են տալիս քեզ, որ չես ուզում պատասխանել:
- Գիտես, էնքան հիմար չի, ինչքան երեւի ես եմ հիմարի տպավորություն թողնում մարդկանց վրա, ու մտածում են, որ էդ հարցերը հարմար կլինի ինձ տալ: Իհարկե մեղավորությունն իմն ա, բայց ինչ արած…
- Ամեն դեպքում, դեռ ոչ մի գրքում գրված չի, թե որոնք են ճիշտ պատասխանները:
- Ես ուղղակի սիրում եմ կոնկրետ հարց ու կոնկրետ էլ պատասխան: Բառակույտ չեմ սիրում ոչ հարցի մեջ, ոչ էլ պատասխանի, բայց երբ նայում եմ, լրիվ բառակույտ է, մարդիկ էնքան որ խոսան՝ անիմաստ, անտեղի ու շատ:
- Հովիկ, քո կերպարը մարդկանց մոտ առաջին հայացքից ժպիտ է առաջացնում, ո՞նց ես արձագանքում մարդկանց նման պահվածքին, նեղվո՞ւմ ես, թե՞ արդեն սովորել ես:
- Ես շատ վաղուց արդեն փիլիսոփայորեն եմ մոտենում հայ ազգի եւ իմ փոխհարաբերություններին, մարդկանց ժպիտներին: Քանի որ եթերում ես մի քիչ անկեղծ պերսոնաժ եմ, դրա համար էլ մարդիկ քո մեջ ընկեր են տեսնում, իսկ ընկերոջդ հետ մի քիչ գռեհիկ ես վարվում, անտարբեր ես լինում, այսինքն՝ սուբորդինացիան ընկերոջդ հետ մեկ-մեկ կորում է: Ես իրանց հասկանում եմ ու մտնում եմ նրանց դրության մեջ:
- Իսկ ամեն մեկի հետ պատրա՞ստ ես փողոցում կանգնել- զրուցել՝ ավտոկանգառի հսկիչից սկսած, մինչեւ խանութի վաճառող:
- Ես հենց այդպես էլ անում եմ, եթե ժամանակ ունեմ, ամեն մեկի հետ զրուցում եմ՝ ավտոկանգառի հսկիչից սկսած՝ վերջացրած… մեծամեծերից:
- Օրինակ ինչի՞ց եք խոսում այդ հսկիչի հետ, ու մեծամեծերի հետ քեզ ո՞նց ես պահում:
- Հասարակ մարդու հետ ավելի հեշտ է զրուցել, որովհետեւ ինքն ավելի անկեղծ է… հետո, ինձ որ սիրում են եւ փողոցում հայտնում են դրա մասին, ես չեմ հավատում դրան, ու դա ինձ չի ուրախացնում, որովհետեւ ինքը չգիտի, թե ինձ ինչի է սիրում: Ընդհանրապես Հայաստանում ամեն ինչ իր անուններով չի, երգչին չգիտեն, թե ինչի են սիրում, ինչի են իր երգերը լսում, այսինքն՝ Հայաստանում քաղաքացիները կողմնորոշված չեն:
- Դա ո՞նց ես պարզել՝ հարցուփո՞րձ ես արել մարդկանց:
- Հարցուփորձ արել եմ, բայց պատասխանը չեմ գտել իհարկե: Մարդիկ վատ են ապրում Հայաստանում ու էդ վատ ապրելու արդյունքում չգիտեն ում սիրեն, ում չսիրեն, ինչի սիրեն: Քաոս է, իսկ էդ քաոսի մեջ ես չեմ կարող ինձ լավ զգալ: Երբ ինձ ժպտում են, դա ինձ բավարար չի: Դրա համար չեմ ուզում ինտերվյու տամ, ինչի համար, որ ասեմ՝ ինչ լավ ա ամեն ինչ, ու հեսա մենք նոր պրոյե՞կտ ենք անելու… սուտ ա դա: Մարդիկ, ասենք, ինձ էլ են սիրում, մեկ ուրիշին էլ, որին ցույց են տալիս հեռուստացույցով, ու որին ես համարում եմ անտաղանդ: Հիմա նրան էլ են սիրում, ինձ էլ, իսկ դա ինձ չարչարում ա:
- Այսինքն վիրավորվում ես այդ տեսակ սերերից:
- Ոչ թե վիրավորվում եմ, այլ մարդիկ, մեր քաղաքացիները, հասարակությունը չի բաժանում մարդկանց, մարդիկ իրանց անուններով չեն, սաղ մի ափսեի մեջ են:
- Իսկ դու մի՞շտ ես կարողանում բացատրել, թե ինչու ես մարդուն սիրում, ինչի համար:
- Ես էս վերջերս բոլորին ասում եմ, որ իրանց սիրում եմ, որովհետեւ անկեղծ սկսել եմ սիրել մարդկանց, անգամ էդ իրենց քաոսայինի մեջ: Երբ տեսնում ես մարդն անելանելի վիճակի մեջ է, ու ինքն էլ չգիտի ինչից ա, ու որն ա իր պրոբլեմը, դու սկսում ես իրան սիրել: Ես չեմ ալարում մարդկանց ասել, որ ես քեզ սիրում եմ՝ լինի դա ընկերս, անցորդ, որի հետ զրուցեցի, որովհետեւ ես զգում եմ, որ իրա համար ավելի կարեւոր ա այդ բառը, քան թե էդ պահին իրան տաս 20 հազար դոլար:
- Բայց սերը նաեւ պատասխանատվություն է, հոգատարություն, կարողանո՞ւմ ես բոլորին այդ սիրով սիրել:
- Ես մի քիչ անպատասխանատու եմ սիրում, ես սիրում եմ սիրել ու վերջ, հետեւողական չեմ սիրում:
- Այսինքն հետեւանքների համար պատասխանատու չես:
- Դա երեւի թե իմ միակ թերությունն է:
- Իսկ երբ մարդիկ քեզնից գումար են ուզում, դրանից հետո է՞լ ես շարունակում սիրել նրանց:
- Բոլորին չեմ կարող օգնել, բայց մոտիս եղած գումարը կիսում եմ: Հետո վերջերս մարդիկ սկսել են ինձնից փող ուզել, առաջ չկար տենց բան, միգուցե ես էի փոքր, հիմա մեծացել եմ, մտածում են՝ փող ունեմ, ու դրա համար շատ են ուզում: Բայց այնքան քիչ են այդ գումարները, որ ուզում են: Այ դա իմ միտքը տանում ա, ու ես սկսում եմ մտածել, թե էս մարդն ինչի ա ինձանից ուզում 12 հազար դրամ եւ չի ուզում, ասենք, 5 հազար դոլար: Այ դա ավելի ցավալի ա, որովհետեւ կոնկրետ խնդրի գումար են ուզում: Ես չեմ կարում մերժեմ տենց մարդկանց, դա բարեգործություն չի, օգնություն էլ չի, չգիտեմ ինչ ա: Ես չէի նկատել, բայց էս վերջերս մարդիկ սկսել են վատ ապրել, փաստորեն, ես հարաբերական, բայց լավ եմ ապրում:
- Իսկ ո՞նց նկատեցիր, որ մարդիկ վատ են ապրում, առանց մեքենայի՞ ես շրջում քաղաքում, թե՞ այլեւս չես գնում էլիտար գլամուրային փարթիների:
- Ես բոլոր խավերի, շերտերի հետ շփվում եմ՝ սկսած էլիտար գլամուրից, նրա մուտացված ուժեղ տեսակից մինչեւ էն ամենավատ ապրող մարդը: Էդ մարդիկ իմ կյանքն են, նրանք շրջապատում են ինձ, ես զգում եմ իրանց փոփոխությունը:
- Ի՞նչ ես կարծում՝ ավելի լավ ապրելու համար որտեղի՞ց պետք է սկսել:
- Շատ եմ ուսումնասիրել քաղաքականությունը, Հայաստանը ոտքի կանգնեցնելու միակ բանաձեւը հաշտությունն է, բայց էդ հաշտությունն արհեստական չի կարող լինել:
- Հաշտություն մեր հարեւանների՞ հետ:
- Չէ, հաշտություն մեզ հետ, բայց պիտի գաս դրան, որ հաշտվես, եթե ես ու դու վիճված ենք, արհեստականորեն չենք կարող բարիշել, պիտի գաս դրան, իսկ էդ հաշտությունն արդեն կօգնի, որ մենք սիրենք իրար, եթե չվերասիրենք իրար, մեր երկիրը ոչ մի բանի չի հասնի: Բայց դա էլ մի տեսակ օդի մեջ բառեր են, պետք ա սկսել քեզնից, այսինքն մի հատ դու քեզ վերարժեւորես:
- Դու արդեն վերարժեւորե՞լ ես քեզ:
- Ես շատ սխալներ եմ արել իմ կյանքում, շատ-շատ, շատ անփույթ եմ ապրել, անփույթ վերաբերվել մարդկանց, ընկերներիս, հետապնդել եմ միայն իմ շահը՝ մենակ ինձ լավ լինի, որովհետեւ մյուսը չի հետաքրքրել ինձ, որովհետեւ ասել եմ՝ դա իմ անելունը չի: Բայց տենց չի, դա հենց իմ անելունն ա:
- Հովիկ, սովորաբար մարդկանց մոտ նման վերարժեւորում լինում է այն ժամանակ, երբ նրա կյանքում շրջադարձային մի իրադարձություն է լինում: Քո դեպքում ո՞րն էր այդ շարժառիթը:
- 2008-ի քաղաքական ընտրություններից սկսած՝ ես սկսեցի վերարժեւորել ամեն ինչ, որովհետեւ տեսա… ես չէի ճանաչում մեր ժողովրդին, մեր քաղաքական գործիչներին, չէի ճանաչում էդ պրոցեսը: Երբ որ ճանաչեցի, էդ ամեն ինչը տեղի ունեցավ, դա ինձ ստիպեց վերարժեւորել ինձ, վերլուծել, հասկանալ որտեղ է պրոբլեմը: Մանավանդ էդ մարտի 1-ի զոհերը… դրանից հետո ես ուղղակի գժվեցի, ես հասկացա, որ ես անզոր եմ ինչ-որ բան անելու, ու դրա համար սկսեցի ինձ չսիրել: Բայց երբ գժվեցի, ես հասկացա, որ չեմ կարող գժվեմ ու գիժ էլ մնամ: Երբ դպրոցում ինձ ասեցին, որ Կոմիտասը գժվել ա, ես չէի հասկանում ոնց կարելի ա էդ օրհասական պահին գժվել ու վերջ: Գժվելը ինչ-որ նպատակի պետք ա ծառայի, էս 3 տարիները էս գժման պրոցեսում անցան, ու ես հասկացա, որ չի կարելի գժվել եւ վերջ, պետք ա նաեւ գործել: Դրա համար ես սկսել եմ ինձանից: Ամենատարբեր հարցերում վերարժեւորել եմ ինձ. ես այլեւս կնոջս չեմ դավաճանում, սկսել եմ չխաբել, սկսել եմ զուսպ լինել, սովորել եմ լսել, սովորել եմ ընկալել, ըմբռնել, սրանք ընենց բաներ են, որոնց բովանդակությունը պիտի հասկանաս, եւ սա բոլորին է վերաբերում՝ նախագահից սկսած մինչեւ… նախագահի հակառակ կողմը որն ա՝ չգիտեմ: Մի խոսքով, պետք ա վերարժեւորես քեզ, այլ կերպ չես կարա:
- Այդ վերարժեւորումից առա՞ջ էր հեշտ ապրել, թե՞ հիմա, ի վերջո շատ բաներից հրաժարվում ես, հետ ես կանգնում:
- Շատ ավելի լավ ես զգում քեզ: Իհարկե, մի քիչ անհարմար, դժվար ա, այսինքն զոհողության ես գնում ու ոնց որ ինքդ քեզ տանջես, բայց հետո հաճելի ա: Երբ դու անփույթ ես ապրում ու միայն քո շահն ես հետապնդում, էլի լավ ա, բայց միեւնույն ա՝ դու երջանիկ չես, միեւնույն ա՝ կիսատ ես, դու չես գտնում քո երջանկությունը, ընդամենը քեզ խաբում ես: Հիմա, որ ես փոխվել եմ, մարդիկ սկսել են ինձ չհասկանալ: Բայց ես ուզում եմ օրինակ ծառայել, ու իհարկե դա դժվար է:
- Փաստորեն, ինքնակամ քեզ դրել ես «մուչենիկի» վիճակում:
- Ես չէի ուզի դառնալ «մուչենիկ», ես դարձել եմ, բայց էնպես չի, որ դարձել-վերջացել եմ, էդ ճանապարհին եմ:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...








Մեծամտություն է այս մարդու մասն խոսելիս ասել,որ հասել է ինչ-որ մակարդակի: Իրականում նա դրսևորում է հազվագյուտ խորաթափանց հոգեբանական ու մարդկային որակներ: Ես անչափ ուրախ եմ մեզ համար, բայց ցավում եմ, որ իրեն այլևս սակավաթիվ մարդիկ կհասկանան, ինչը չպետք է խիստ վհատեցնի իրեն:Ես Հովիկին համարում եմ տաղանդավոր մարդ: Իսկ տողերի տակ շատ ավելին է ասված, քան` թվում է առաջին հայացքից:
Հովիկ, իրոք, հաշտվելն արհեստական չի լինում, սակայն հենց դ էլ խոչընդոտում է երբևէ հաշտվելուն: