Partly Cloudy
17 °C

Տղամարդավարի գնահատենք իրականությունը

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

«Տաշիր հոլդինգի» նախագահ Սամվել Կարապետյանը երեք տարի առաջ ՀԱՕԿ-ի նախագահի առաջարկով  ստանձնեց Հայաստանի ըմբշամարտի նախագահի ղեկը: Մինչ այդ  ըմբիշները մշտապես դժգոհում էին ֆինանսի սղությունից: Հիմա ասում են, որ այդ հարցում ոչ մի խնդիր չունեն: Եվ սակայն առաջընթաց էլ չկա: Ինչպես միշտ, օլիմպիական խաղերին նախորդող աշխարհի առաջնություններում Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշները ձախողվում են: Շատ առաջ չգնանք:

Հիշենք Աթենքի եւ Պեկինի  խաղերին նախորդած առաջնություններն  ԱՄՆ-ում` 2003թ., եւ Ադրբեջանում` 2007թ., ու հիմա էլ Թուրքիայի ստուգատեսը, որն անցկացվեց սեպտեմբերին: Ինչպես հայտնի է, մեդալներից բացի, խաղարկվեց նաեւ օլիմպիական 84 ուղեգիր, որից Հայաստանին բաժին հասավ ընդամենը երկուսը: Իսկ խաղարկված 56 մեդալից հայաստանյան գրանցում ստացավ ընդամենը մեկ  «բրոնզ»:

Բոլորովին վիճակն այլ է հետօլիմպիական առաջնություններում: Հերթական օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականները մրցավայր են  մեկնում թարմացված կազմով: Մասնագետներն  աշխատում են նոր` քառամյա փուլի ծրագրով: Իսկ մերոնք մրցավայր են մեկնում խաղերում ձախողված, բայց փորձառու ըմբիշներով, առավելության են հասնում հիմնականում անփորձ մրցակիցների նկատմամբ եւ, մի քանի մեդալ շահած, հպարտ կեցվածքով վերադառնում հայրենիք: Հասկանալի է՝ Հայաստանի թիմն  առաջատար դիրքեր է գրավում թույլերի պայքարում, եւ անտեսվում է արժանի հերթափոխ պատրաստելու գործը: Իսկ շնորհալիներ կան, որոնք հիմնականում  ուշադրության չեն արժանանում:  Ավելին, նույնիսկ բարձր քաշայիններ կան մեզանում: Երեւանի «Դինամոյում» են պարապում ազատ ոճային գերծանրքաշայիններ Տիգրան Կեսոյանը եւ Սպարտակ Մկրտչյանը:

Յուրաքանչյուրի քաշը հասնում է 115-120 կգ-ի: Նրանք նաեւ բնատուր օժտվածներ են եւ աչքի են ընկնում աշխատասիրությամբ: Բայց 20-ամյա այդ մարզիկները  պատանեկան եւ երիտասարդական հավաքականների հետ չեն գործուղվել արտագնա մրցաշարերի ու իրենց տարիքի համեմատ աղքատիկ մրցափորձ ունեն: Մասնագիտական առումով մեր հերկուլեսներն արտասահմանցի մրցակիցներից նույնպես հետ են մնացել: Հայտնի է, որ մարմնեղ տղաներին մարզելը համեմատաբար բարդ աշխատանք է, քանզի նրանք դժվարությամբ են ընդօրինակում ու սեփականացնում տեխնիկական հնարքները:

Նաեւ ապացուցված է, որ վարպետ բարձր քաշայինները համարվում են երկարակյացներ, նրանց  նվաճումները բարձր են գնահատվում, եւ ցանկացած երկրի համար մեծ պատիվ ու հեղինակություն է մեդալակիր ունենալ հենց  գերծանրքաշային կարգում: Դա մեր մարզիչները լավ գիտեն: Բայց դժվարանում կամ զլանում են մարմնեղ տղաների հետ աշխատել: Այնպես է ստացվում, որ հայերս փոքրահասակ ու փոքրամարմին ենք, եւ այդ պատճառով մեր հավաքականները համալրվում են, ինչպես հաճախ են ասում, «կառլիկներով»:

Ենթադրում ենք, որ գործընկերների սխալը կշտկի Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ, պատվասեր Արայիկ Բաղդատյանը: Նա թիմ կհրավիրի ինչպես վերը նշված, այնպես էլ մարզական մյուս կազմակերպություններում մարզվող բարձրքաշայիններին, կհամագործակցի նրանց անձնական մարզիչների հետ, եւ մեր երկիրն արժանապատիվ հավաքական կգործուղի արտագնա մրցումների: Ասվածը վերաբերում է նաեւ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհրդին, որը ղեկավարում է օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը:

Ազգային հավաքականների ձախողման գործում մեղքի մեծ բաժին ունեն տեղերում աշխատող մարզիչները եւ իհարկե՝ ֆեդերացիայի  աշխատակազմը, բայց ոչ նախագահը: Ասեմ, որ ինքս նախագահ Սամվել Կարապետյանին տեսել եմ մեկ անգամ,  հեռվից, նրա ընտրության օրը: Բայց մեծ հարգանք եմ տածում նրա նկատմամբ, քանզի օգնում է հայկական ըմբշամարտին: Ենթադրում եմ, որ նրան տեղյակ չեն պահել, ուրեմն եւ չգիտի, որ, Երեւանից բացի, տասնամյակներ շարունակ ազատ ըմբշամարտի շտեմարանը եղել է Վանաձորը, հունահռոմեականինը` Գյումրին:

Ավաղ, այդ քաղաքներում  նահանջն զգալի է: Նախագահը գուցե նաեւ տեղյակ չէ, որ 2000թ. կայացած Սիդնեյի օլիմպիական խաղերում Հայաստանի 28 պատվիրակներից երկրորդ լավագույն արդյունքը (բրոնզե մեդալակիր, ծանրորդ Արսեն Մելիքյանից հետո) պատկանում է հինգերորդ տեղը գրաված ազատ ոճի ըմբիշ Արշակ Հայրապետյանին: Նա, որպես մարզիկ, ձեւավորվել է իր ծննդավայրում` Մարտունու շրջանի Թազագյուղում: Պարապել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Շահվալադ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Շնորհալի այդ մասնագետն անցյալ տարի մահացավ, եւ  նրա գործը փորձում է շարունակել որդին` ֆիզկուլտուրայի ինստիտուտի ըմբիշ-շրջանավարտ Մասիսը:

Հայրիկի հաստիքը որդուն չտրամադրեցին: Երիտասարդ մասնագետը որոնումների մեջ էր, բախեց նաեւ Ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի դուռը: Ամենուր մերժվեց: Բայց նա հայրենի գյուղում  հասարակական կարգով շարունակում է հոր գործը, նույնիսկ թիմեր է ուղեկցում հանրապետական մրցաշարերի: Միջոցներ տրամադրում են ըմբիշների ծնողները: Բայց այսկերպ բարձրակարգ վարպետներ չեն աճի: Հետո էլ խոսում ենք հերթափոխից, որ եղած մրցագորգերի թիվը 2004-2007թթ. ավելացավ 78-ով: Իսկ ո՞րն է օգուտը:

Մի խոսքով, մասնագետները պետք է կարողանան ճիշտ գնահատել բացթողումներն ու շտկել թերությունները: Ուշ չէ, բավականին ժամանակ կա մինչեւ եկող տարվա ապրիլը, երբ մեկշաբաթյա ընդմիջումներով իրար կհաջորդեն Բուլղարիայում, Չինաստանում եւ Ֆինլանդիայում անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Ուղեգրեր կշնորհվեն, համապատասխանաբար, քաշային կարգերից յուրաքանչյուրում հաջորդաբար քառյակ, եռյակ եւ երկյակ մտնող վարպետներին:

Պայքարի լարվածությունը չափազանց մեծ կլինի, որովհետեւ մասնակիցների թվում անպայման կընդգրկվեն ստամբուլյան  աշխարհի առաջնությունում ձախողված բազմաթիվ հեղինակություններ: Հայաստանի հավաքականների մարզիչները  պարտավոր են դասեր քաղել անհաջողությունից, համախմբվել եւ նպատակային մարզումներով նախապատրաստվել վարկանիշային  մրցաշարերին:

Ռուբեն Չալիկյան

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (8)

  1. Nairi

    Լավ կլինի , որ դասեր քաղեն և մարզիկները , և մարզիչները : Վստահ եմ , որ ամեն մեկն իր մեջ գիտի ընկերոջ մասնագիտական թերությունը , բայց չի բարձրաձայնում` բամբասում է: Իսկ ,լավ բանի հասնելու համար լավ են քննարկումները , մտերմիկ խորհուրդները :

  2. Քոչար

    Լավ է , որ սխալները տեսնող ու ամենակառևորը ասող կա : Խելացի մարդը կլսի ու կփորձի խորհուրդները ընդունել . Նա կլինի մարզիկ , թե մարզիչ:

  3. alik

    Parz erevum e vor ymbishnery artonyal vichakum en . Bajc amot nranc.Xosq en talis u chen anum,ham el xabum en Carukjanin.lav kliner vor ays masin el grver hodvacum.