ԱՄՆ-ն, ՄԱԿ-ն ու «Հյումըն Րայթս Ուոչը» երբեք չեն զլացել իջնել իրենց բարձունքից ու ներողամտորեն մատնանշել Հայաստանում առկա թերությունները, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Մարդու իրավունքների պահպանության հարցը զարգացած աշխարհի համար եւ սուր է, եւ դրոշ` ըստ հանգամանքների:
Եթե որեւէ երկրի իշխանություն բանավոր մեղադրվում է մարդու իրավունքները զանց առնելու մեջ, ուրեմն նրանից մոտ ապագայում որեւէ բան են պահանջելու: Սա սուրն է, որը երբեք չի զլանում ճոճվել խեղճուկրակ իշխանությունների գլխին: Իսկ իբրեւ դրոշ մարդու իրավունքների պաշտպանության պահանջը միջազգայինները թափահարում են իմիջիայլոց, տողատակերում. եթե ուրիշին նկատողություն եմ անում, ուրեմն ինձ մոտ այս ոլորտում ամեն ինչ կարգին է:
Այնուամենայնիվ, ՄԱԿ-ին կից «Ամնեստի իներնեյշնլը», «Հյումըն Րայթս Ուոչը», Պետդեպարտամենտն ու Եվրախորհուրդը ամեն տարի միանգամայն անաչառ զեկույցներ են ջանասիրաբար թարմացնում: Թեեւ Հայաստանին վերաբերող զեկույցները վերանորոգելիս ստիպված չեն լինում շատ չարչարվել, մի քիչ արտագրության հարց է, քանի որ 2011-ի զեկույցը ջրի կաթիլի պես նման է 10-ի զեկույցին, 10-ինը` 9-ին, ու այսպես շարունակ:
Այնուամենայնիվ, ձեւակերպումների տարբերություններ կան, մարդիկ ճիգ են թափել, գնահատել է պետք: Բայց պահանջները, որ զեկույցները ներկայացվում են Հայաստանին, բացթողումները, որ վերագրվում են, նույնպես ուշադրության են արժանի: Մեծ մասամբ կարդում ես ու սիրով գլուխդ տմբտմբացնում: «Բա իհարկե, անպատժելիություն, հա բա, կանանց ու երեխաների հանդեպ բռնություն, խոսքի ազատությունն էլ չէր խանգարի»:
Եվրոպացիների հետ հիանալի համաձայնության ես գալիս: Հետո ուշարժան տողեր են լողում աչքիդ առաջ, Եվրախորհրդի զեկույցում ասվում է, որ Հայաստանում «կա խտրականություն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հանդեպ»: «Այ քեզ բան, ինչ է, պետք է խրախուսե՞նք դրանց»,- մտածում է ավանդասեր հայ մարդը: Այս մեղադրականն ըմբռնելու համար պետք է համառոտ անդրադարձ կատարել, թե ինչպես է զարգացած աշխարհն ընկալում համասեռականությունը:
Դրսում մարդու ինքնուրույնության աստիճանը շատ բարձր է, եւ ոչ ոքի չի հետաքրքրում, թե հարևանը գլուխը որ պատով է տալիս: Ու համասեռականների հանդեպ հայկական անհանդուրժողությունը եվրոպացին դժվարանում է հասկանալ: Բացի դա, համասեռականությունը՝ Ֆրեյդի շնորհիվ թե պատճառով, այլեւս չի դիտվում իբրեւ արատավոր երեւույթ: Ժամանակին այս օժտված, բայց մոլորեցնող գիտնականը գրել է, որ համասեռամոլությունը ոչ արատ է, ոչ թերություն, այլ առանձնահատկություն:
Պակաս հանճարեղ, բայց միանգամայն ռեալ դատող Հնդկաստանի առողջապահության նախարարը վերջերս ասել էր, որ համասեռամոլությունը հակաբնական երեւույթ է: Եվ հայտնվել է «Նյու Յորք Թայմսի» առաջին էջի ամենաերեւացող տեղում, հակափաստարկներն էլ «մերկացնում են» հնդիկ այլախոհին իբրեւ մի հետամնաց, անհասկացող անձնավորության: «Նախարարն այս ասել է այնպիսի իրավիճակային համատեքստում, երբ Հնդկաստանի որոշ շրջաններում նոր-նոր սկսում են հարգել համասեռամոլների իրավունքները»,- մեղադրում է պարբերականը:
Աշխարհը, ես ու հնդիկ նախարարը որոշ տարաձայնություններ ունենք, իրար չենք հասկանում, կարծես տարբեր լեզուներով խոսելիս լինենք: Իսկ դրա պատճառը մեկն է`մենք տարբեր բաների մասին ենք խոսում:
Հայ համասեռամոլներին հալածում են
Համասեռամոլներին գնդակահարելու կարիք չկա: Նրանք մարդիկ են, մեզ նման մարդ արարածներ, միայն թե դժբախտություն ունեն համասեռամոլության խնդիրն ունենալու եւ կարեկցանքի են արժանի: Նրանցից շատերը, հատկապես ազգությամբ հայ անձինք, հոգեբանական հակամարտության մեջ են` մի կողմից ավանդական դաստիարակությունը, մյուս կողմից` մարմնի ու հոգու ցանկությունը:
Արմեն անունով մի հայ արվամոլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի լրատվամիջոցի պատմել էր, որ երբ մայրն իրեն բռնացրել է իր ընկերը համարվող երիտասարդին համբուրելիս, տնից դուրս է արել, ու ինքն ստիպված է եղել փողոցում ապրել: Հեգնանքների, թաղի տղաների ծեծի ու հայհոյանքների տարափի ներքո այս մարդիկ հոգեբանական ու նյութական աջակցության կարիք ունեն, որովհետեւ աշխատանքը կորցնելը նույնպես նրանց համար շատ հեշտ է:
Հենց այս` տարրական իրավունքներն են փորձում պաշտպանել միջազգայինները: Իրենք` արվամոլներն ու իգամոլներն էլ ակտիվ են, ողջ աշխարհում բողոքի ցույցեր են անում, անգամ Հայաստանում անցյալ տարի ցույց են արել, այս տարի էլ շուտով պատրաստվում են նոր ակցիայի, ինչպես հաղորդում է Հայաստանի արվամոլների ու իգամոլների ասոցիացիան:
Կան նաեւ այնպիսիները, որոնց խեղճ չես կոչի. ֆրանսահայ երկու արվամոլ գաղտնի իրենք իրենց պսակել են Էջմիածնի եկեղեցում` մատանիներ են փոխանակել ու համբուրվել են այն բանից հետո, երբ թե հայ, թե ֆրանսիացի քահանաները մերժել են օգնել նրանց «ամուսնացնելու» հարցում:
Ի՞նչ է ի վերջո համասեռամոլությունը
Ժամանակակից գիտությունը, ինչպես մարդուն վերաբերող շատ այլ հարցերում, բանալի չունի ու միաձայն եզրակացության չի հանգել, թե ի վերջո ինչ է համասեռամոլությունը` հիվանդությո՞ւն, քանի որ ուղեկցվում է հորմոնային խանգարումներով, պարզապես առանձնահատկությո՞ւն, ինչպես պնդում է Ֆրեյդը, թե՞ մեղք, ինչպես հայտնում է Աստվածաշունչը: Մարդիկ սա երբեք չեն էլ հասկանա:
Մի գեղեցիկ համեմատություն հիշեցի մարդու եւ Աստծո վերաբերյալ. մարդը նման է սարքի, իսկ Աստված` այն ստեղծող վարպետին, իհարկե սարքն ինքը չի կարող իրենից այնքան լավ գլուխ հանել, ինչպես իրեն արարող վարպետը, եւ փակուղում հայտնվելիս պետք է դիմել Վարպետին: Իսկ Վարպետը համասեռամոլությունը մեղք է համարում, «քանի որ մարդիկ, Արարչի փոխարեն արարվածները պաշտեցին եւ պաշտամունք մատուցեցին անշունչ առարկաներին, Աստված թույլ տվեց, որ մոլորվեն ու հակաբնական ախորժակներով միմյանց ցանկանան»:
Համասեռամոլությունը նույն կատեգորիային է պատկանում, ինչ նախանձը, չարությունը, գողությունն ու սպանությունը: Սակայն՝ «Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին»: Սա է բանալին: Խուսափելով համասեռամոլության տարածումից` պետք է հնարավորինս կարեկցել ու օգնել համասեռամոլին, որովհետեւ նրա իշխանության ներքո չէ իր ինչ լինելը, ու իր ընտրությամբ չէ, որ այդպիսին է: Ինչպես նախանձ մարդն ինքը չի ընտրում՝ նախանձ լինել, թե ոչ, այնպես էլ համասեռամոլը մեղավոր չէ, որ այդպիսին է:
Խնդրին նայենք այլ տեսանկյունով. աշխարհը, որը, փաստորեն, առայսօր չգիտի, թե ինչ է համասեռամոլությունը, բայց գիտի, որ չարիք է բերում մարդկությանը, խրախուսում է այն: ՁԻԱՀ-ի ծագման պատճառը հենց միեւնույն սեռի միջեւ սեռական հարաբերություններն են: Հնդկաստանում, որտեղ համասեռամոլները խիստ շատ են` 2.5 միլիոն մարդ, ՁԻԱՀ-ով վարակվածների 87 տոկոսը համասեռամոլներ են:
Սա հենց խոսում է այս երեւույթի հակաբնականության մասին, էլ չասած, որ մարդը երկու տարբեր սեռով է ստեղծվել, եւ սերունդը շարունակել էլ հնարավոր է միայն երկու սեռի հարաբերության շնորհիվ: Եվ այսպես, քաջատեղյակ լինելով համասեռամոլության վնասներին, մեկը մյուսի ետեւից որոշ երկրներ ու ամերիկյան նահանգներ օրինականացնում են համասեռամոլների ամուսնությունը: Վնասակար երեւույթի օրինականացումը նոր բան չէ, մի օրինակ էլ, ասենք, մարիխուանայի օրինական գործածությունն է Նիդեռլանդներում: «Լիբերալ» այս իշխանությունները, առաջին հայացքից մարդու իրավունքներով առաջնորդվելով, հաշվի չեն առնում ողջ մարդկության բարօրությունը:
Չէ որ տվյալ դեպքում անհատի իրավունքները հակասում են մարդկության առողջապահությանը, երիտասարդ սերնդի հոգեբանությանը, որը, ինչպես օրինական թմրադեղը, այնպես էլ համասեռամոլությունը ընկալելու է իբրեւ թույլատրելի բան ու առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձարկի:
Աստղիկ Սարգսյան
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...






