Ուղեցույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին
ՄԱՍ IV
Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի (այսուհետ՝ ՀՀՀ) մասին ուղեցույցի վերջին մասն է: Այս ավարտական գլխում ցույց է տրվում, թե ինչպես են հայկական իշխանությունները վատնում Հայաստանի ինքնաբավության ներուժը՝ կառավարական համակարգում կոռուպցիայի և ստվերային տնտեսության հանդուրժմամբ, ինչպես նաև ՀՀՀ-ն օգտագործելով իբրև մեղսակից խոշոր չափերի հարկումից խուսափելու գործում: Չորրորդ մասի թեման է 20-ամյա Հայաստանը մանկական քայլակի կարիք այլևս չունի:
- «Հայաստան» համահայկական հիմնադրամը տասնոցին չի խփում
ՀՀՀ-ի շատ նվիրատուներ անձնվիրաբար շարունակում են նվիրատվություն անել, թեև գիտակցում են, որ հավաքված գումարի մեծ մասը երկու հայկական պետություններում մեծ չափերի հասնող կոռուպցիայի մանրածակ մաղի միջով է անցնելու: Իր բոլոր քաղաքացիների կարիքները հոգալու համար Հայաստանի չափազանց աղքատ լինելը գերակայող փաստարկ է: Ըստ այլ փաստարկների՝ գոյություն ունեցող կոռուպցիան հետևանք է թույլ տնտեսության, ինչն էլ ձգտում են ամրացնել բարեգործական ծրագրերը:
Բայց արդյո՞ք Հայաստանի և Արցախի ղեկավարման եղանակը չէ, որ խոչընդոտում է նրանց տնտեսական աճը՝ հետևաբար երկու հանրապետությունների բնակչություններին դատապարտելով բարեգործական ողորմություններից շարունակական կախվածության: Այն, ինչ զիջողամիտ, ապաքաղաքական հայկական բարեգործական կազմակերպություններն են անում, կարելի է համեմատել ծակ դույլը ջրով լցնելու հետ: Այդպիսով պատրանք է ստեղծվում, թե ծակ դույլն ի վիճակի է իր մեջ ջուր պահել առանց նորոգման:
Կա նվիրատուների ևս մի տեսակ, որը նվիրատվությունն արդարացնում է հրատապ խնդիրների առկայությամբ, որոնք պետք է լուծում ստանան, մինչև անհրաժեշտ տնտեսական բարեփոխումների իրականանացումը: Նշվող համար մեկ մտահոգությունը Հայաստանից և Արցախից ընթացող արտագաղթն է: Սակայն որքա՞ն ջանքեր է գործադրում հայաստանյան ղեկավարությունն այս խնդիրը լուծելու նպատակով:
Ի տարբերություն 1990-ականների, աղքատությունն այսօր արտգաղթյալների միակ ինկուբատորը չէ: 2011 թ. փետրվարին «ՎիքիԼիքս»-ի տարածած վերջին տվյալները հաստատում են այն, ինչը վաղուց բարձրաձայնում են հայ ազգագրագետները՝ այսօր Հայաստանում արտագաղթի ամենատարածված պատճառը սոցիալական, տնտեսական և քաղաքական անարդարությունն է: Արտահոսած հաղորդագրությունները հստակորեն նշում են, որ երկիրը լքում են անգամ միջին խավի քիչ թե շատ հաջողակ ներկայացուցիչներ, քանի որ այլևս չեն հավատում Հայաստանի բարգավաճ ապագային:
Խնդիրը լուծելու փոխարեն՝ ՀՀ իշխանությունները թույլ են տալիս Ռուսաստանին գայթակղել հայ ընտանիքներին «Հայրենակիցներ» պետական ծրագրի միջոցով, որը Ռուսաստանի նոսրաբնակ տարածքներում հաստատվելու դիմաց հայաստանցի ներգաղթյալներին աննախադեպ հարմարություններ է առաջարկում:
Եթե մի կառավարություն անտարբեր է զանգվածային արտագաղթի նկատմամբ, ապա ոչ մի հիմնադրամ՝ լինի դա ՀՀՀ-ի պես խոշոր, ի վիճակի չէ կանգնեցնել այդ երկիրը լքող մարդկանց:
Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Որքա՞ն անհույս է Հայաստանի վիճակը և որքա՞ն աջակցության կարիք ունի: Թեև այս ուսումնասիրության ողջ մնացած հատվածը մանրամասնորեն կենտրոնանում է այդ երկու խնդրի վրա, անհրաժեշտ է շեշտել, որ ՀՀՀ-ի գործունեությունը, թեև բարենպատակ, շեղվում է նշանակետից և գրեթե երբեք չի անդրադառնում բուն խնդրին՝ սոցիալ-տնտեսական անարդարությունը և ՀՀ քաղաքացիների իրավունքների առօրեական դարձած ոտնահարումները:
Պաշարի անեծքը
Այս ուղեցույցի առաջին և երկրորդ մասերում քննարկված՝ ՀՀՀ-ի մասին հարցազրույցի ժամանակ ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը արել էր հետևյալ հայտարարությունը.
«Որովհետև չմոռանանք, որ բոլորս մեր ընտանիքները, որ կան Հայաստանում, մեծ մասը հայաստանցիների այդ ընտանիքներին օգնում է: Ամեն ամիս, լինի դա 50, 100 կամ… Անկախ «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Եվ ես կոչ կանեմ, որ, ինչքանով հնարավոր է, էլ ավելի իրենց շատով օգնեն, որովհետև կարիքներ ունեն այս մարդիկ Հայաստանում»:
Հայաստանում կամ Արցախում բնակվող կարիքավոր տնային տնտեսություններին դրամական փոխանցումներ կատարելն իրոք արժանապատիվ արարք է, և շատ ընտանիքների համար այդ փոխանցումները եկամտի միակ աղբյուրն են: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Հայաստանին ուղղված դրամական փոխանցումների օգտակարությունը հաճախ գերագնահատվում է: Հեղինակավոր «Review of Development Economics»-ում հրատարակված «Բախտորոշումը՝ ստանալ. դրամական փոխանցումների ազդեցությունը Հայաստանում տնային տնտեսությունների որոշումների վրա» հետազոտությունում տնտեսագետներ Դավիթ Գրիգորյանն ու Տիգրան Մելքոնյանը փաստագրել են ընտանիքների վարքի վրա թողած դրամական փոխանցումների ազդեցությունը Հայաստանի համատեքստում: Նրանք ցույց են տալիս, որ շահառուներն ավելի քիչ ժամ են աշխատում, ավելի քիչ են ծախսում իրենց երեխաների կրթության վրա ու թեև նրանց ավելի շատ գումար է հաջողվում հետ գցել, քան արտասահմանից փոխանցումներ չստացող նրանց հարևաններին, այդ խնայողությունները նրանք, այդուհանդերձ, չեն ծառայեցնում նոր բիզնեսներ բացելու կամ տնտեսական գործունեությունն ընդլայներլու նպատակին: Սակայն ամենակարևորն այստեղ թերևս այն է, որ, ինչպես ենթադրում են վերոնշյալ ուսումնասիրության հեղինակները, դրամական փոխանցումները խրախուսում են արտագաղթը: Սա է տնտեսական զարգացման այն կործանարար մոդելը, որը որդեգրել է ՀՀ կառավարությունն ու քաջալերվում է սփյուռքում ոմանց կողմից՝ ներառյալ ՀՀՀ-ի գործադիր նախագահը:
Դրամական փոխանցումները կարող են նաև դիտարկվել իբրև պաշարի անեծք, որը բնութագրում է ժամանակակից տնտեսական աճի մոդելի մի հատկանիշ, երբ բնական պաշարներով հարուստ երկրները առավել դանդաղ աճի միտում են դրսևորում, քան բնական պաշարներից զուրկ տնտեսությունները: «Դրամական փոխանցումներն ու հաստատությունները. Անե՞ծք են արդյոք դրամական փոխանցումները» Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատանքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես «դրամական փոխանցումների հոսքի աճը կարող է հանգեցնել ինստիտուցիոնալ որակի վատթարացմանը, հատկապես՝ կառավարության կողմից իր նպատակների համար առանձնացվող գումարների չափի աճին»: Մյուս կողմից դրամական փոխանցումները կենսամակարդակի վրա բացասաբար ազդող կառավարական անբարենպաստ քաղաքականության դեմ բողոքավորների համար ծառայում են իբրև «տրանկվիլիզատոր»:
Երբ ապրանքի գները կամայաբար բարձրանում են, ժողովդրդի վերաբերմունքը ոչ միշտ է համանման: Կառավարական համապատասխան օղակի դեմ պայքարելու փոխարեն դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների մեծ մասը պարզապես ավելի մեծ դրամական օժանդակություն է խնդրում արտասահմանում գտնվող իր աջակցից: Այս համատեքստում այս տեսակ եկամուտի արտաքին աղբյուր չունեցող քաղաքացիներից շատերը կրկնակի հարվածի տակ են ընկնում: Նրանք մի կողմից տուժում են անբարենպաստ տնտեսական վիճակից, իսկ մյուս կողմից դրա դեմ պայքարում դրամական փոխանցումներից օգտվող համաքաղաքացիների պասիվությունից:
Ի՞նչ կլինի, եթե արտասահմանյան մասնավոր դրամական փոխադրումների հոսքը հայաստանյան տնային տնտեսություններ դադարի: Երբ լրագրողներն այս հարցը 2011 թ. ապրիլի 26-ին ուղղեցին ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանին, ըստ «Առաջին լրատվական» լրատվական կայքի, նա պատասխանեց. «Տխուր կլինի, որովհետև մասնավոր տրանսֆերտները կազմում են մեր ՀՆԱ-ի 13-14%-ը»: Դրամական փոխանցումներից Հայաստանի զգալի կախվածության ամենախոշոր վնասներից է այն, որ նրա տնտեսությունը ավելի խոցելի է դառնում այլ երկրներում տեղի ունեցող տնտեսական ճգնաժամների հանդեպ: Այդ պատճառով Հայաստանն այն երկրներից է, որոնց 2008 թ. գլոբալ ճգնաժամը ծանրագույն հարված հասցրեց, որից դեռ չի ապաքինվել:
Ի պատասխան ՀՀՀ-ի հասցեին ֆրանսահայ ֆորումցիների հնչեցրած քննադատություններին (տես՝ Ջնջված ֆորում), որոնց աղբյուրը տվյալ ուղեցույցի առաջին և երկրորդ մասերն էին, Ֆրանսիայում համահայկական հիմնադրամի ատենապետ Պետրոս Թերզյանը «Nouvelles d’Arménie» ամսագրում գրում է. «Մեզ մեղադրողները գաղափար չունեն ո՛չ հայկական պետությունների միջոցների, ո՛չ էլ Հայաստանի ու Ղարաբաղի կարիքների մասին: Եվ նրանք ուզում են խանգարե՛լ մեզ օգնել նրանց»: (Իրոք, որքա՜ն օրիգինալ է այն պնդումը, թե ընդդիմախոսները գաղափար չունեն, թե ինչի մասին են խոսում): Սակայն պարոն Թերզյանն ու այլոք պետք է գիտակցեն, որ առանց պատշաճ վերահսկողության և սահմանափակումների — թե՛ տնային տնտեսությունների, և թե՛ երկրի բյուջեի մակարդակով, ինչպես նկարագրվել է վերը — ցանկացած ֆինանսավորում ստեղծում է արմատական հակաազդակներ և ի վերջո կոռումպացված կառավարության կողմից փոխակերպվում պաշարի անեծքի… բանից անտեղյակ և անտարբեր նվիրատուների օրհնությամբ:
Հայաստանը 20 տարեկան է և քայլակի կարիք չունի
Նախադրյալներ կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ինքն իր գլուխն առանց դրամական փոխանցումների և նվիրատվությունների պահելու որոշակի ներուժ: Այդ ներուժի հիմնական պաշարը արդյունավետ հարկային վարչարարության մեջ է: Ոլորտի պատշաճ ղեկավարման ձախողումը փոխարենը հզորացրել է երկրի ստվերային տնտեսությունը:
Ըստ 2007 թ. հրատարակված «Հարկային ներուժի և հարկահավաքման հարաբերակցությունը. Հայաստանի հարկահավաքման համառորեն ցածր ցուցանիշի միջերկրային համեմատական վերլուծությունը» ԱՄՀ աշխատանքային ուսումնասիրության՝ 1996-2006 թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանը շարունակաբար չի գանձել ՀՆԱ 6,5 տոկոսի չափ հարկեր: 2010 թ. հրատարակված «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. 20 տարի անկախությունից ի վեր» զեկույցում Policy Forum Armenia (PFA) կազմակերպությունը անդրադարձել է բյուջեի ծախսերին՝ հաշվարկելով, որ պետական գնումների հետ կապված կորուստները կազմում են 225-280 միլիոն դոլար: Միասին վերցրած՝ այս երկու թվերը (հարկերի/եկամուտների և բյուջետային ծախսերի գծով՝ համապատասխանաբար) ցույց են տալիս, որ բյուջեի արտահոսքը տարեկան հասնում է ընդհուպ մինչև երեք քառորդ միլիարդ դոլար:
Երբ խորհրդարանական լսումների ժամանակ Ժառանգություն ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, բարձրացրեց հարկերի թերահավաքման խնդիրը՝ հիմնվելով ԱՄՀ զեկույցի վրա, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես ասաց, որ աշխատում են դրա վրա:
Այդ արվող աշխատանքի վերաբերյալ վերջերս արված գնահատականը այլ իրականություն է պատկերում: «Դժբախտաբար, այս բացթողման առումով մենք որևէ ճիշտ քայլ, ընթացք չենք տեսնում»,- «Panorama.am»-ի փոխանցմամբ հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան 2011 թ. ապրիլին: Հայաստանում հարկահավաքման մակարդակի վերլուծությունը ցույց է տվել, որ իրավիճակը չի բարելավվում: Ըստ Տոլոսայի՝ տնտեսության մեջ հարկային եկամուտների տոկոսային մասնաբաժինը 2010թ.-ին նույնքան անբարենպաստ չափով ցածր էր, որքան 2009թ.-ին, «իսկ դա նշանակում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում չի փոքրացել»: Հարկ-ՀՆԱ գործակցով Հայաստանը հետ է ընկել բոլոր նախկին ԽՍՀՄ երկրներից, բացառությամբ Տաջիկստանի:
ԱՄՀ հաշվարկած թվերի հետ հիմնադրումից ցայսօր ընկած ժամանակահատվածում ՀՀՀ-ի հավաքած նվիրատվությունների ընդհանուր գումարի զուգադրումը ապշելի պատկեր է բացահայտում: 1992-2010 թթ. ՀՀՀ-ի հավաքած նվիրատվությունների ընդհանուր գումարը (ավելի քան 200 միլիոն դոլար) կազմում է մոտ 50 տոկոսն է այն ամբողջ գումարի, որը հարկի տեսքով հավաքելու հարցում թերացել է ՀՀ կառավարությունը միայն մեկ տարվա կտրվածքով՝ 2006 թ.: Այդ ձախողումը մեծապես կապված է օլիգարխների ձեռքում գտնվող հանրապետության խոշորագույն ընկերությունների համատարած հարկախուսափման նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի հետ: Հաջորդ բաժինը պարունակում է մի քանի կոնկրետ օրինակ, թե ինչպես է տեղի ունենում հսկայական չափերի հասնող հարկերից խուսափումը:
- Տնտեսական ինքնասպանություններ
Բանանի արքան
Ինչպես նշվել է երրորդ մասում, Գրիշա Հարությունյանը Բուզանդի և Արամի փողոցների խաչմերուկներում էլիտար բնակարանային շենքեր կառուցող «Գրիար» շինարարական ընկերության համահիմնադիրն է: Երևանի սրտում շքեղ բնակարաններ կառուցելու համար անհրաժեշտ գումարի մի մասը Գրիշա Հարությունյանը պետք է որ ապահոված լիներ Քեթրին ՍՊԸ միջոցով: Ըստ «Հետք»-ի՝ այս ընկերությունը 2005-7 թթ. ներկայացրել է, թե մոտ 6,500 տոննա բանան է ներկրել Հայաստան վերամշակման և ապա Բահամյան կղզիներ արտահանելու նպատակով: Դրա շնորհիվ «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով «Քեթրին» ՍՊԸ ազատվել է մաքսային վճարի, մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից: Հետքի հետաքննող լրագրողները ապացուցել են, որ հակառակ կեղծված փաստաթղթերի պնդման տվյալ ընկերությունը ոչ մի վերամշակված բանան չի արտահանել Հայաստանից՝ այսպիսով պետությանը պատճառելով մոտ $1,5 միլիոնի վնաս: Դեռ ավելին, «Հետք»-ը պարզել է, որ այդ նույն ժամանակաշրջանում «Հայաստան ներկրվել է շատ ավելի մեծ քանակությամբ բանան, քան ներկայացնում են Վիճակագրության պետական խորհուրդը եւ Մաքսային պետական կոմիտեն»:
Հետաքննող լրագրողները բացառում են, որ դատախազությունում Ազգային անվտանգության, հարկային զանազան գերատեսչությունների վերահսկողական ծառայություններում կարող են տեղյակ չլինել այդ ապօրինի գործունեության մասին: Այդուհանդերձ համասեփականատերները` Գրիշա Հարությունյանը և Միհրան Պողոսյանը, քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Հարությունյանը պարզապես հեռացվեց իր պաշտոնից, մինչ Միհրան Պողոսյանը, ում Սերժ Սարգսյանը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ էր նշանակել 2008 թ. հունիսին՝ բանանային բիզնեսի մասին հրապարակված առաջին հոդվածից մոտ մեկ ամիս առաջ, դեռ շարունակում է պաշտոնավարել:
Անշահավետ ոսկի
Վեց տարի անընդմեջ նախկին ՍՍՀՄ խոշորագույն հանքավայրերից երկուսը՝ Սոտքինն ու Մեղրաձորինը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը ոչ մի լումա հարկ չի վճարել: 2004-2010 թթ. ընկերությունը տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարի չափով վնաս է հայտարարագրել: Ամենախոշոր վնասը՝ 17 միլիարդ 273 միլիոն դրամի չափ (մոտ 56 միլիոն դոլար), հայտարարագրվել էր 2008 թ.: Այսուհանդերձ մինչ «ԳեոՊրոմայնինգ Գոլդ»-ը ենթադրաբար վնասներ էր կրում, ոսկու մեկ գրամի գինը միջազգային շուկայում 2007-2010 ժամանակահատվածում 21 դոլարից հասել էր 40 դոլարի: 2010 թ. նոյեմբերյան զեկույցում ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մատնանշեց 200 միլիոնդ դրամի (ավելի քան կես միլիոն դոլար) հասնող՝ արտոնագրային պայմանագրերի բազմաթիվ այլ խախտումներ:
Հայաստանում հանրահայտ իրողություն է, որ ոչ մի այսչափ խոշոր ընկերություն չէր կարողանա գործել այսչափ վիթխարի խախտումներով առանց երկրի բարձրագույն ղեկավարության գիտության ու հովանավորության: Թերևս դա էր պատճառը, որ Իշխան Զաքարյանը ստիպված էր մերժել խոշոր օֆշորային ֆինանսական կենտրոն հանդիսացող Կայմանյան կղզիներում գրանցված այդ ընկերության իրական տերերի անունները տալու լրագրողների խնդրանքը: (Դիտել «Ա1+»-ի հեռուստամեկնաբանությունը, ողջ զեկույցը կամ կարդալ մանրամասները):
Այս տեսակ գործունեությունը միայն թվում է, թե իշխանությունների կողմից բարի կամքի դրսևորում է: Ինչպես «Լրագիր»-ն է հաղորդում, այս ուշացած նախաձեռնությունը հայկական իշխանությունների վրա միջազգային ֆինանսական հաստատությունների գործադրած զգալի ճնշումների արդյունք է: Հայկական ղեկավարությունը զգուշացվել է, որ իր հայցած վարկը կարող է ստանալ այն պարագայում, եթե լուծի ակնհայտ գերշահույթով աշխատող և արտահանելիս ԱԱՀ չմուծող լեռնահանքային արդյունաբերությունը ստվերից հանելու հարցը: Կառավարությունը, այսպիսով, ստիպված էր կատարելագործել հանքարդյունաբերության մասին օրինագիծը, որը հարկային պարտավորությունների աճ էր նախատեսելու: Այս կտրուկ միջոցների արդյունքները խոսուն են. Հանքարդյունաբերությունը 2010 թ. աճեց 24,3 տոկոսով՝ վճարելով 18 միլիարդ դրամ (ավելի քան $51 միլիոն) հարկ 2009 թ. վճարված 0 դրամի ($0) դիմաց:
Տարբեր հայաստանյան լրատվամիջոցների լրագրողներ բազմիցս են հորդորել Վերահսկիչ պալատին նմանատիպ ստուգումներ անցկացնել այլ հանքարդյունաբերական ընկերություններում, ինչպիսիք գործում են Քաջարանում, Կապանում և Ախթալայում: Ըստ նրանց իրավիճակն այդ ընկերություններում նույնքան վատթար է: Վերահսկիչ պալատը, սակայն, սպասածին հակառակ նույնքան օպերատիվ կերպով չի արձագանքում այդ պնդումներին:
21-րդ դարի Ռոբին Հուդը
2007 թ. պարզվեց, որ Հայաստանն էլ իր Ռոբին Հուդն ունի: Դասական կերպարից ամենաակնառու տարբերությունը, սակայն, այն է, որ նրա մերօրյա կրկնակը, իրականում, Հայաստանի ամենահարուստ մարդն է՝ Գագիկ Ծառուկյանը: Արդյո՞ք սա նշանակում է, որ նա ինքն իրեն է թալանում աղքատներին կերակրելու համար:
Իր որդու բիզնես կայսրության գյուղատնտեսական բաժինը ղեկավարող Ռոզա Ծառուկյանի հետ «Ժամանակ»-ի լրագրողի հարցազրույցը, որը հրատարակվել է 2007 թ. ապրիլին, լույս է սփռում ԱՄՀ մասնագետների մատնանշած ֆանտաստիկ թվացող գումարի զգալի մասի վրա.
- Տիկին Ծառուկյան, ձեր ընդհանուր աշխատատեղերի քանակը ինչքա՞ն է:
- Իա, ասեմ, որ հարկայինը գա ասի հարկերը խի չես լրիվ ցույց տալի՞:
- Ինչքանը որ գրանցված է` այդքանը ասեք:
- 78 հոգի:
- Տիկին Ծառուկյան, բայց իսկապե՞ս հարկերը լրիվ ցույց չեք տալիս:
- Մի քիչ պահում ենք, մի քիչ ցույց չենք տալիս, մի քիչ տալիս ենք, բա ոնց…
- Դրա համար էլ ասում են, որ հարկերը թաքցնում եք, հետո ժողովրդին բարեգործություն անում դրանով:
- Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն ճիշտ ենք անում…
- Ինչո՞ւ չեք տալիս, որ պետությունը թոշակ տա, նպաստ տա…
- Տամ, որ գնան Մոնտե Կառլո՞… Չեմ տա… Ես տալիս եմ սոցիալապես անապահով խավին, տալիս եմ անվճար մանկապարտեզին, տալիս եմ անվճար բուժօգնություն…
Հայաստանի բարեխիղճ հարկատուների ակնկալիքն այն էր, որ այս անկեղծ հարցազրույցին կհետևի բացահայտված տեղեկությունների լայնածավալ հետաքննություն: Սակայն այդ հայտարարությունները միայն ապացուցեցին Գագիկ Ծառուկյանի անպարտելիությունը ներկա իշխանության օրոք: Անգամ բացահայտորեն այն ժամանակ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված վիրավորանքը, ում՝ Մոնտե Կառլոյում տանուլ տված մեծ գումարների մասին լուրերն այն ժամանակ բոլորի շուրթերին էին, որևէ տեսանելի հետևանք չունեցավ:
Հակառակը՝ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հարաբերություններն այդ ժամանակվանից ի վեր ջերմանում են: 2008 թ. Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց կառավարության կոալիցիա: Դրանից մեկ ամիս անց արդեն Գագիկ Ծառուկյանն ինքն իրեն գլխանց ներում շնորհելու իրավունք վերապահեց՝ հարկերի վերաբերյալ հայտարարելով. «Ինչ որ եղել, եղել է. սրանից հետո պետք է գիծ քաշվի, և ամեն մարդ պետք է աշխատի փաստաթղթերով և իր արժանապատիվ հարկերը պետք է վճարի»:
Մոտ երեք տարի անց Գագիկ Ծառուկյանը ստորագրեց կոալիցիայի հռչակագիրը որպես գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու երաշխիք: Եվ, վերջապես, 2011 թ. ապրիլին Սերժ Սարգսյանը նրան Ազգային անվտանգության խորհրդի անդամ նշանակեց: Ի թիվս այլ հարցերի, ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, տվյալ նիստում քննարկվել են նաև «մաքսային և հարկային բարեփոխումների 2011-2013 թթ. ծրագրերը»: Հեգնական է, եթե ոչ պարզապես կործանարար, որ հարկումից Հայաստանի ամենախոշոր խուսափողներից մեկը այսուհետև պիտի զբաղվի երկրի հարկային համակարգի «բարեփոխմամբ»:
Փոխարենը Սարգսյանը հարկահավաքների մահակն ուղղեց մեկ այլ օլիգարխի՝ Խաչատուր Սուքիասյանի վրա այն բանից հետո, երբ վերջինս 2008 թ. նախագահական ընտրությունների ընթացքում իր լիակատար աջակցությունը հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Ակնհայտ է, որ Ազգային անվտանգության նախկին ղեկավարն ու այժմյան ինքնահռչակ նախագահն մտահոգված է ավելի շատ իր աթոռի անվտանգությամբ, քան՝ պետության և քաղաքացիների:
Մեռած հոգիների նախարարությունը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում վերջերս առաջացած աղմուկը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունն ուներ կենսաթոշակները բարձրացնելու ներուժ, անգամ խոշոր հարկերի վճարումից Ծառուկյանի խուսափումի պարագայում: 2010 թ. նոյեմբերին ՀՀ Վերահսկիչ պալատը հրապարակեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությում ահռելի չարաշահումների բացահայտումները, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, այդ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին ստիպեցին դիմել բժշկական օգնության: ԶԼՄ-ները ողողեցին բացահայտումներն այն մասին, որ Սոցիալական ապահովության նախարարությունը տարիներ շարունակ թոշակներ է վճարել մոտ 60.000 մահացած մարդկանց: Ցուցակում ընդգրկվածներից ոմանք 18-19 տարի կլինի, ինչ մահացած են: Արդյունքում ամիսը մոտ $4 միլիոն գրպանվել է պետպաշտոնյաների գրպաններում: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այդ խարդախության արտասովոր մանրամասները ներկայացրել է 2011 թ. մայիսի 12-ին: Եվ կարևոր է գիտակցել, որ, ինչպես «Լրագիր»-ն է նկատում, այդ 60.000 մահացած հոգիները ոչ միայն հավելյալ եկամտի աղբյուր են եղել պետպաշտոնյաների համար, այլև ակտիվ ընտրազանգվածի հինգ տոկոսը, ում ձայները հեշտ որս են ընտրակեղծիքի համար: (2008 թ. ընտրությունների արդյունքների մասին PFA-յի զեկույցում մանրամասնորեն բացատրվում է, թե ինչպես կարող էին այս մեռած հոգիները օգտագործվել կեղծ համարվող ընտրություններում):
Փաստերի հրապարակումից շատ չանցած Վազգեն Խաչիկյանը հեռացվեց իր պաշտոնից: Նա շարունակում է մնալ ՀՀԿ պատգամավոր, որովհետև, ինչպես ինքն է ասել «Ազատություն» ռադիոկայանին, «մենք կուսակցությունում, այսպես, լավ ընկերներ ունենք»:
Խաչիկյանի հեռացմանը հաջորդեց ևս մեկ աղմկահարույց բացահայտում՝ պատահաբար: 2011 թ. հունվարի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լուծարված կենսաթոշակային ֆոնդի վճարումների ծառայության նախկին աշխատակողներին դիմեց հետևյալ հայտարարությամբ անուշադրաբար՝ լրագրողների ներկայությամբ. «Էլ ձեզանից 200 դրամները չեն ուզելու, որովհետեւ մեզանից էլ վերեւից չեն ուզում» («Առավոտ»): Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքեր են այդ «վերևներում», նախարարը նախընտրեց չտարածվել. «Ես երբևիցե չեմ առնչվել այդ 200 դրամ վերցնելու հետ։ Ես եկել եմ, արդեն հարցը փակված է եղել» (Panorama.am): Այդ պահի դրությամբ բոլորում էր նրա պաշտոնավարման յոթերորդ ամիսը:
Մոտ 500.000 ՀՀ թոշակառուից գանձվող ամսեկան 200 դրամը կազմում է 100 միլիոն դրամ (տարեկան մոտ $3,3 միլիոն): Ո՞ւր է հոսել այդ գումարը: Նույնքան կարոտ է պատասխանի նաև այն հարցը, թե ինչու նախարարի այս պատահական անկեղծությանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարների հետ հարցազրույցներ չհետևեցին հայկական ԶԼՄ-ում:
Ստվերային զբաղվածություն
Ազգային վիճակագրական ծառայությունը 2011 թ. փետրվարի 11-ին «Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը ՀՀ-ում, 2010» զեկույց է հրապարակել, որտեղ, «Ժամանակ»-ի փոխանցմամբ, Հայաստանում շինարարական ոլորտում աշխատատեղերի ավելի քան մեկ երրորդը թաքնված է: Ըստ նույն զեկույցի՝ ստվերում է մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտի աշխատատեղերի մոտ 1/3-ը, և մշակող արդյունաբերության մոտ 12%-ը:
Այդուհանդերձ զեկույցում տեղ չի գտել Հայաստանի աշխատաշուկայում լայն տարածում ունեցող այն փաստը, որ աշխատողների մի ստվար բանակ վճարվում է ավելի բարձր, քան գրանցվում է: Եվ ամենացավալին այն է, որ այդ գործատուների մեջ կան նաև լրատվամիջոցներ:
VIP հանգստավայր
Սկսած վաղ 2000-ներից Ծաղկաձորը ներդրումների չափով և քանակով Հայաստանի առաջատար տարածքներից է: Վերոնշյալ Գրիշա Հարությունյանն ու Գագիկ Ծառուկյանը հյուրանոցներ ունեն այնտեղ: Դեռ շարունակվող շինարարական զարկի արդյունքում այս փոքրիկ քաղաքում այսօրվա դրությամբ կա 35 հյուրանոց, այդ թվում՝ մի քանի 3-, 4- և 5-աստղանի:
«Որ էս շքեղ շենքերը տեսնում եք, մտածում եք ծաղկաձորցին աշխատանք ունի, բայց գնացեք տեսեք՝ ծաղկաձորցիները տանը անգործ նստած են», ասաց քաղաքի բնակիչներից մեկը «Հրապարակ»-ի թղթակցին:
Քաղաքի բնակչությունը 1989 թ. գրանցված 3400-ից անկում է ապրել տարիների ընթացքում՝ 2009 թ. դառնալով կեսից էլ պակաս՝ 1500. Ըստ լրագրողի հետ զրուցած մի շարք ծաղկաձորցիների՝ քաղաքում կառուցված մի քանի տասնյակ հյուրանոցներում եւ հանգստյան տներում մեծամասամբ ծաղկաձորցիներ չեն աշխատում: Բացի այդ, շատ աշխատատեղեր սեզոնային են: Օլիգարխներն աշխատում են իրենց աշխատողների աշխատավարձերը պահել ՀՀ նվազագույնի մակարդակի վրա՝ ամսեկան 30.000 դրամ (2010 թ. դրությամբ), և արդարացումը սովորաբար տնտեսական ճգնաժամն է:
2006-2007 թթ. ընթացքում միայն ՀՀՀ-ի կողմից Ծաղկաձորի հանգստավայրի ենթակառուցվածքային զարգացման համար կատարվել է ավելի քան 9 միլիոն դոլարի ներդրում.
2006 – 960.000.000 դրամ ($2.526.315) Ծաղկաձորի ճոպանուղու 4-րդ հերթի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու համար;
2006 – $6.522.199,93 Ծաղկաձոր քաղաքի 4-րդ հատվածի դահուկուղու եւ 2 ավտոկայանատեղի կառուցման համար;
2007 – $60.360,30 Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու ավտոկայանատեղի կառուցման համար;
2007 – $20.051,28 Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տեխնիկական հսկողության համար;
2007 – $53.974,10 ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու նախագիծ եւ փորձաքննության համար;
2007 –$18.838,34 Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տեխնիկական հսկողության համար:
Բազմաթիվ ծաղկաձորյան ընտանիքներ են տուժել այս սրընթաց փոփոխություններից, քանի որ այլևս չեն կարող անասուն պահել: Մոտ տասը տարի առաջ Ծաղկաձորի քաղաքապետն արգելել է բնակիչներին անանսնապահությամբ զբաղվել, որը կերակրում էր այլապես գործազուրկ ընտանիքներին: Արգելման պատճառը զբոսաշրջիկներին չխրտնեցնելն ու քաղաքում տներ կառուցած նորահարուստներին տհաճություն չպատճառելն է: Հայաստանի գրեթե բոլոր օլիգարխները Ծաղկաձորում սեփականություն և բիզնես ունեն: Նրանց բարգավաճման մեջ իր ուրույն լուման է ներդրել ՀՀՀ-ը: Սակայն ումից պետք է այս օլիգարխներն իրականում շնորհակալ լինեն:
ՀՀՀ-ի պաշտոնական կայքը որպես Սևանի ափին գտնվող վինդսերֆինգի կենտրոնի (տես՝ մաս առաջին) և Ծաղկաձորի ենթակառուցվածքային զարգացումների հովանավոր ներկայացնում է Հայաստանի Հանրապետությանը: Սա մեզ վերադարձնում է առաջին մասում բարձրացված հարցին. «Նույնչափ հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ ինչ է հիմնադրամը նկատի ունեցել՝ որպես վինդսերֆինգային ծրագրի հովանավոր ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը»: Համաձայն նախկինում հիմնադրամի ներքին խոհանոցին լավատեղյակ մեկի, ով ցանկացել է մնալ անանուն, ՀՀՀ-ն այս շինարարական ծրագրերի մեջ ներքաշվել է իշխանությունների կողմից գլխավորապես մեկ պատճառով՝ այն նվիրատուներից ոմանց թույլ է տալիս օգտվել հարկումից ազատված լինելու կարգավիճակից:
«Հայաստանի Հանրապետությունը», ըստ այդմ, պարզապես դիմակ է, որը Ռոբերտ Քոչարյանը արտոնում էր որոշ պետպաշտոնյաների և օլիգարխների կրել Ծաղկաձորում շահավետ ներդրումներ կատարելու նպատակով: Միայն Սևանի և Ծաղկաձորի վերոնշյալ ծրագրերը ՀՀՀ-ին իրականացնել տալով՝ Ռոբերտ Քոչարյանն ու նրա շրջապատը կոպիտ հաշվարկներով պետք է որ մոտ 2 միլիոն դոլար խնայած լինեն (Ծաղկաձորի շինարարական աշխատանքների վրա ծախսված մոտ 9 միլիոն դոլարի և Սևանի վինդսերֆինգի կենտրոնի վրա ծախսված 815 հազար դոլարի 20 տոկոսը), որն այլապես պիտի վճարվեր պետությանը հարկերի տեսքով:
Հասկանալի է, թե ինչու է դահուկուղին անվանվում Ռոբերտ Քոչարյանի, այլ ոչ թե, ասենք, ՀՀՀ-ի պատվին: Ոչ թե հիմնադրամի, այլ վերջինիս նկատմամբ Քոչարյանի ունեցած անվերապահ իշխանության շնորհիվ էր, որ Ծաղկաձորում օլիգարխները հնարավորություն ունեցան «զեղչով» ներդրումներ կատարել, այն է՝ պետության հաշվին: Այս տեսակ լավություններով է բացատրվում նաև այն կորովը, որով օլիգարխները չնչին բացառությամբ պաշտպանում էին Քոչարյանին և նրա ընտրյալին՝ Սերժ Սարգսյանին, ընտրությունների և հակակառավարական հանրահավաքների ժամանակ, հատկապես 2008 թ. սկզբին:
Այսքանից հետո այս ղեկավարները կամ նրանց կամակատարները հազարավոր մղոններ են կտրում սփյուռքահայությունից երկրի տնտեսական զարգացման համար նվիրատվություններ կորզելու համար: Դժվար է չհամաձայնվել նրանց՝ ՀՀՀ-ի գերագույն ղեկավարության մասին հեռուստահաղորդման ժամանակ Հարութ Բրոնոզյանի արած այս արտահայտության հետ. «Տարին մեկ անգամ կուգան և մեզի հայրենասիրություն կքարոզեն, մինչ 364 օր հայրենասիրությունը կդրժեն» (Armenia Fund Telethon Part 2, Նոյեմբերի 24, 2010, հատվածը՝ 2:33):
ՀՀՀ-ի պես նախաձեռնության գաղափարը հղացվել է իբրև կարևոր ակտիվ Հայաստանի Հանրապետության համար՝ առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ թե՛ բոլոր հայերին միավորելու և թե՛ երկրի ենթակառուցվածքը զարգացնելու նպատակով: Հիմնադրամի օգնությունն անգնահատելի էր վաղ 1990-ականներին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր և տնտեսական կործանման եզրին: Այդ անհատույց գումարները կարևոր այլընտրանք են եղել միջազգային ֆինանսկան հաստատությունների և երկրների կողմից տրամադրվող վարկերին: Ինչևէ, այժմ ակնհայտ է, որ հոգատար հայերի նվիրատվությունները կարող են հեշտությամբ դառնալ պաշարի անեծք, երբ դրանք վստահվում են այնպիսի կոռումպացված կառավարությունների, ինչպիսիք են այսօր Հայաստանինն ու Արցախինը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀՀ-ի մասին «Անե՞լ նվիրատվություն, թե չանել» ուղեցույցը փորձ է օգնել ողջ աշխարհի հայ նվիրատուներին գտնել իրենց որոշ հարցերի պատասխանները: Այս ուսումնասիրությունը այլընտրանք է այն պրոպագանդիստական և հաճախ ապակողմնորոշիչ պատասխաններին, որոնք մտահոգ քաղաքացիները ստիպված են լինում լսել հիմնադրամի ներկայացուցիչներից: Թեև այս ուսումնասիրության կարիքը վաղուց էր զգացվում, այս զեկույցների շարքի նախաձեռնումն արագացնելու համար պարտական եմ ՀՀՀ-ի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանի հեռուստահարցազրույցին:
Իշխանությունների և նրանց հովանավորյալների կողմից հիմնադրամի միջոցների անազնիվ տնօրինման մասին վաղուց մոռացված լուրերին հարություն տալով; մատնանշելով խախտումներ, որոնք կատարողները երբևէ չեն պատժվել օրենքով սահմանված կարգով; հրապարակելով հիմնադրամի նախկին և ներկա «ներսի մարդկանց» խոստովանությունները (որոշները անանունության պայմանով); և, ի վերջո, բոլոր այս կետերը միացնելով՝ այս ուսումնասիրությունը ՀՀ և Արցախի կոռումպացված կառավարությունների հետ հիմնադրամի համագործակցությունը որակում է իբրև հետևյալ հին ասացվածքի մարմնավորում. «Դեպի դժոխք տանող ճանապարհը կառուցվում է բարի մտադրություններով» (“The road to hell is paved with good intentions”):
Չնայած Քոթանջյանի պնդումներին, այս ուղեցույցի առաջին և երկրորդ մասերը ցույց են տալիս, որ ՀՀ և Արցախի իշխանությունների ազդեցությունը հիմնադրամի որոշումների կայացման գործում զգալի է: Ավելին, բոլոր չորս մասերն էլ ցույց են տալիս, որ այս անհաղթահարելի ազդեցությունը վնասաբեր է եղել հիմնադրամի ընդհանուր գործունեության համար:
Պետպաշտոնյաների և/կամ նրանց պաշտոնյաների կողմից հիմնադրամի միջոցների խարդախ տնօրինման մեթոդները էվոլյուցիայի են ենթարկվել ժամանակի ընթացքում՝ ուղղակի դրամական փոխանցումներից դեպի ավելի բարդ ընթացակարգեր, ինչպես օրինակ հիմնադրամին հրահանգելով կառուցապատել իրենց պատկանող տարածքներում կամ չարաշահելով հիմնադրամի՝ ԱԱՀ-ից ազատվածի կարգավիճակը սեփական շահերի համար: Մրցույթներում անազնիվ եղանակներով պետպաշտոնյաներին կամ նրանց հովանավորյալներին պատկանող շինարարական կազմակերպությունների հաղթանակի ապահովումը խոշոր մսխումների մեկ այլ տարածված մեթոդ է:
Հիմնադրամի վրա երկրի ղեկավարության ճնշող վերահսկողության հետևանքները քննարկվել են բոլոր չորս մասերում: Շինարարության ցածր որակը հաճախ պետպաշտոնյաների հովանավորչությունից է գալիս, ինչը զգալիորեն նվազեցնում է որակ ապահովելու շինարարական ընկերությունների բոլոր խթանները: Այդ նույն հզոր հովանավորչությունը հեռու է պահել մեղավորներին ամբաստանյալի աթոռից: Հիմնադրամի նախաձեռնությունների հուսահատեցնող արդյունքները, ինչպես նաև հիմնադրամի հանգանակած գումարների անազնիվ տնօրինման բազմաթիվ վկայությունները ստեղծել է վստահության վակուում ամբողջ աշխարհի հազարավոր նվիրատուների շրջանում: Էական բարեփոխումներ կատարելու փոխարեն հիմնադրամը, իշխանությունները, ինչպես մանրամասնվել է երկրորդ մասում, վստահության այդ վակուումը սիստեմատիկորեն փոխհատուցել են հիմնադրամին ուղղված պարտադրված նվիրատվությունների միջոցով՝ Հայաստանում և Արցախում բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերից պահումներ անելով նրանց կամքին հակառակ:
Իշխանությունների դե ֆակտո (եթե ոչ դե յուրե) վերահսկողությունը ՀՀՀ-ի նկատմամբ վերջինիս դարձրել է իր հակաժողովրդավարական քայլերի լուռ հանցակիցը: Հաշվի առնելով այն բոլոր վկայությունները, որ հիմնադրամի վարչությունում իշխանությունների ազդեցիկ ներկայությունը վատ է անդրադառնում հիմնադրամի արդյունավետության վրա, մենք հավատացած ենք, որ անխտիր բոլոր պետպաշտոնյաների կողմից հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրենց անդամության դադարեցումը բխում է երկրի լավագույն շահերից: Նախ և առաջ, այս քայլը այլևս թույլ չէր տա իշխանություններին ՀՀՀ-ն օգտագործել իբրև կթու կով՝ պետության պարտականությունը հանդիսացող ծառայությունները մատուցել տալու նպատակով: Այս ամրապնդված անկախությունը կառավարությանը կստիպի լինել շատ ավելի հնարամիտ, քան իր իսկ անելիքները շահույթ չհետապնդող կազմակերպության վրա բարդելը: Երկրորդ, այս քայլը նաև կարող էր նվազեցնել իշխանական օղակների կոռուպցիոն ռիսկերը՝ կապված հիմնադրամի ծրագրերում նրանց ուղղակի մասնակցության, մրցույթների և այլ ընթացակարգերի հետ: Երրորդ, հիմնադրամն այսպիսով հնարավորություն կստանա վերականգնել բազմաթիվ հավանական նվիրատուների վստահություը, ովքեր դեմ են գործող իշխանություններին: Այսպիսով, անկախացումն իշխանություններից կարող է ի վերջո մեծացնել հիմնադրամի վարկանիշը:
Ինչ վերաբերում է թիրախների ընտրությանը, նոր հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրամի ղեկավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն, որ իրենց ծրագրերը կառավարության պարտականությունների մեջ մտնող հանրային ծառայությունների մաս չկազմեն: Որպես այլընտրանք, կառավարության հետ համագործակցությունն ընդունելի կարող է լինել միայն այն պայմանով, որ ինչպես Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիան, ՀՀՀ-ը կառավարությանը տրամադրված գումարների համար հաշվետվություն պահանջի՝ ասյպիսով սեփական միջոցներն օգտագործելով որպես հավանական կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու գործիք: Հիմնադրամը պետք է նախապատվությունը տա մշակութային, կրթական և ժողովրդագրական ծրագրերին: Վերջինի դեպքում ՀՀՀ-ը կարող էր կենտրոնացնել իր կարողությունը ի նպաստ Արցախի և ազատագրված տարածքների վերաբնակեցման:
Արդարությունը վերականգնելու և ՀՀՀ-ի վարկանիշը շտկելու նպատակով պետք է կատարվի հիմնադրամի դատական աուդիտ: Խախտումների հայտնաբերման դեպքում մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, մսխված գումարները վերադարձվեն և ուղղվեն հիմնադրամի ապագա ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամը պետք է հրապարակավ դատապարտի պարտադրված նվիրատվություններն ու հնարավորություն ստեղծի, որպեսզի ակամա նվիրատուները ցանկության դեպքում հետ ստանան գործատուների կողմից պարտադրված նվիրատվությունները:
Հայաստանն ունի բավականաչափ պաշար ու միջոց իր կարիքների մեծ մասը հոգալու համար, եթե միայն ղեկավարները կամենային այդ միջոցներն օգտագործեին հավուր պատշաճի: Այդ կամքով երկիրը կարող էր մեկ տարում ապահովել նույնքան եկամուտ, որքան ՀՀՀ-ը տասնութ տարում: Ինչևէ կառավարությունում առկա մեծածավալ կոռուպցիոն, հարկերից խուսափումը, ինչպես նաև սեփական շահի համար իշխանության չարաշահումը — ինչպես ներկայացվել է այս զեկույցների շարքում — այն հիմնական պատճառներն են, որոնք թույլ չեն տվել Հայաստանին կյանքի կոչել իր ողջ ներուժը: Այդպիսի պայմաններում, կոռումպացված իշխանությունների հետ համագործակցելով և պատրաստակամորեն «նրանց հետևից մաքրելով» և անգամ նպաստելով օլիգարխների բարգավաճմանը, հիմնադրամն իրականում սնուցում է կոռումպացված համակարգը՝ այն էլ ավելի հզորացնելով: Քանի դեռ ՀՀՀ-ն իրեն չի զատել կոռումպացված վարչակարգից, յուրաքանչյուր նվիրատվություն վստահության քվե է կոռումպացված ղեկավար էլիտային և ամենավերը նստած մարդկանց:
Արա Խ. Մանուկյան
Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ ենք հայտնվել այս գորշ իրավիճակում: Երբ պատերազմի բովով անցածներն անցնում են իշխանության գլուխ, դա ամենավտանգավորն է: Իշխանության մեջ ներմուծում են ամեն գնով հաղթելու, ճնշելու , պատժելու պատերազմական դաժան գործողությունները: Նման փաստի առաջ կանգնեց Հայաստանը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այնո...
Նոր շներ են գալիս` նոր ախորժակներով: ԱԺ ընտրությունների, դրանց արդյունքների, հետընտրական գործընթացների շուրջ այս անգամ փորձեցինք զրուցել թատերական աշխարհի ու մի շարք թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ, որոնց մեծ մասը չցանկացավ խոսել այս թեմայի շուրջ, բացառությամբ երկուսի՝ Ստանիսլա...
Մաքուր մարդիկ ՀՀԿ-ին պետք չեն: Վիկտոր Դալլաքյանին երեկ չհաջողվեց բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել այն բանին, որ անվավեր ճանաչվի անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանի պատգամավորությունը: Նման պահանջով նա երեկ դիմել էր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով՝ պատճառաբա...
Ընտրակաշառք (լուսանկար): «Ֆեյսբուքի» օգտատեր Վարդինե Գրիգորյանն այս լուսանկարն է տարածել` հետեւյալ մեկնաբանությամբ. «Պարտք, որ վճարելու ենք բոլորս ու դեռ շաաատ երկար»...
Էդիկ ջան, մի օր հերթը քեզ էլ կհասնի: Լրագրող Ծովինար Նազարյանը անդրադարձել է Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Իմ վաղեմի բարեկամ Էդվարդ Շարմազանովը այսպիսի հայտարարություն է արել.
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասա...






