Partly Cloudy
17 °C

Հրանուշ Հակոբյանի ցնցող պատասխանը` «ցնցում» ապրածներիս

| Վահագն Թևոսյանի բլոգը

Երբ հռչակավոր բենդերիկ Արթուր Պողոսյանի փառահեղ ընդունելության հետ կապված հրապարակումներին ի պատասխան նամակ ստացանք Սփյուռքի նախարարությունից, անկեղծ ասած, մի ակնթարթ մտքովս անցավ, որ գուցե այնտեղ ներառված լինեն «ցավում ենք թյուրիմացության համար», «նախարարին թյուրիմացության մեջ գցողները խստորեն կպատժվեն», «խնդրում ենք ներողամիտ գտնվել նման բացթողման համար» կամ նմանատիպ արտահայտություններ:

Բայց անմիջապես ամոթից գետինը մտա, երբ վերնագիրը միանգամից փարատեց բոլոր անուրջներս: «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին». ահա այսպես էր վերնագրված ՀՀ Սփյուռքի նախարարությունից ստացված պաշտոնական նամակը: Սրա բովանդակությունը ամբողջությամբ կտեղադրեմ, բայց ձեր թույլտվությամբ` իմ մեկնաբանություններով :)

«Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ»:

Հրանուշ Հակոբյանի «օգնուկների»(c) կողմից պատրաստված այս մեծամիտ ու ճոռոմաբարո տեսքտը, թերեւս, հավակնում էր «սարկաստիկ» լինելու եւ (այ տե՜նց) բոլորի պորտը տեղը դնելու, որ ադեկվատ կարդացողը գլուխը հակեր, ոչ ադեկվատն էլ` նոր ցնցումների մեջ ընկներ: Դե՜, մի քիչ չի ստացվել, այսպես ասենք:) Բայց էստեղ էականն այն է, որ նախարարությունում զարմացել էին, որ իրենց կայքը կարդում են: Ես ենթադրում եմ, որ ինտերնետ տիրույթն ընդհանրապես ահագին զարմանալի բան է պատասխան նամակը մոգոնող աշխատակցի համար առնվազն, քանի որ նա հետագայում բավական զավեշտալի դրության մեջ է իրեն դրել: Բայց դրա մասին` ավելի ստորեւ: Իսկ հիմա` շարունակենք:

«Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարությունների ՀՀ սփյուռքի նախարարն օրական ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի, բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը»:

Մի տեսակ անհասկանալի է, թե ինչու է Սփյուռքի նախարարությունը քար նետում կոլեգա գերատեսչությունների բոստանը, բայց որ օրական 10 սփյուռքահայ է ընդունում` լավ է անում, մեր` չուզողներիս աչքն էլ հանում է: Տո՜, փաստաթղթերն էլ չի ստուգում, էլի լավ է անում, բայց ամեն մի ընդունելություն այսպիսի մարդաշատ է լինո՞ւմ (տես ամենաներքեւում տեղադրված նկարը), ամեն այցելուի է՞ Հրանուշ Հակոբյանը «հպարտությամբ ու հիացմունքով» շնորհավորում մեծ նվաճումների առթիվ` մաղթում նորանոր հաջողություններ, հետն էլ լուսանկարվում: Կամ լավ, ասենք ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգում փաստաթղթերը, բա այդ նախարարություն կոչեցյալ անիմաստ մոնստրում, գոնե առնվազն հասարակայնության հետ կապերի վարչությունում մեկը չկա՞ր, որ երբեմն-երբեմն Յութուբ-բան է նայում: Կա′ր, բայց մի քիչ ուշացումով է հայտնվել: Որպես ապացույց ընթերցում ենք շարունակությունը:

«Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»: «Այն» դեռևս տարիներ առաջ հայտնաբերել են http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4 -ը («Артур Погосян: «Запомните мое имя!»), որը հեղինակել է հասարակական թղթակից Ի.Օպրունենկոն 23.02.2008թ., http://shkolazhizni.ru/archive/0/n-28826 («Звезда по имени “Школа № 12″»Елена Башкина) և այլ ռուսական կայքեր, որոնց հետևել են նաև հայկական ԶԼՄ»:

Հայկական ԶԼՄ-ից սկսենք երեւի: Իմ ունեցած տվյալներով, միակը եղել է ժամը 9.00-18.00 աշխատող, իր սեփական կայքի հնարավորությունը չունեցող «Քյավառ» խեղճուկրակ հեռուստատեսության մի լրագրող աչոնիկ, որը ի՜նչ մեր «տաղանդը» պատմել է, հալած յուղի տեղ ընդունել է ու եթեր տվել: Սա էլ ապացույցը` տեսանյութի տեսքով:

Մաս առաջին

Մաս երկրորդ

Հիմա` oz.com.ru կայքը: Սա Բաշկիրիայի 100 հազարանոց բնակչությամբ Օկյտաբրսկի քաղաքի (մեր տաղանդի ընտանիքի բնակության վայրի) մի ոչ պակաս խեղճուկրակ «Օկտյաբրսկի Նեվտյանիկ» թերթի օնլայն տարբերակն է: Նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ «Քյավառի» աչոնիկն է նյութը սարքել, նույնով էլ դա արել է «հասարակական թղթակից Ի.Օպրունենկոն»: Ընդ որում, եթե դիտեք տեսանյութն ու ընթերցեք հոդվածը, նույնիսկ ձեւակերպումների միջեւ որեւէ էական տարբերություն չեք գտնի. ի~նչ ասել է Արթուրը, դա էլ տպել-եթեր են հեռարձակել` առանց բան հասկանալու: Իրավունք ունեն, չէ՞, տգետ լինեն:

Երրորդ ռեսուրսի պատմությունը ավելի զավեշտալի է: Ուրեմն պարզվում է, որ shkolazhizni.ru կայքը մասնագիտացած է պատվերով հոդվածներ տպելու մեջ (տես նկար 1 կամ այցելիր կայք):

Բայց նույնիսկ եթե համարենք, որ մեր տաղանդի մասին տպագրված հոդվածը չի պատկանում դրանց թվին, ապա այս «լրատվամիջոցը» Ելենա Բաշկինա անունով թղթակից, պարզապես, չունի: Այս կայքում գործում է բլոգեր ստեղծելու համակարգ, եւ սույն անունով ոմն մեկը բլոգ է գրանցել 15.06.2009-ին, նույն ամսաթվով տեղադրել իր միակ հոդվածը մեր տաղանդի մասին, վերջին անգամ այցելել է կայքը գրանցումից ինն օր անց եւ այլեւս չի վերադարձել (տես նկար 2 կամ այցելիր կայք):  Շարունակում ենք ընթերցել պատասխան նամակը.

«Անհամեստություն չի լինի ասել, որ ռուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով»:

Բա անհամեստություն կլինի, բա ի՞նչ կլինի:) Տեսնես այս նամակի հեղինակները հասկանում ե՞ն «պարբերականի» եւ «բլոգի», «ֆորումի», «սոցիալական ցանցի հաշվի» տարբերությունները: Դժվա՞ր էր` Գուգլում փնտրում կազմակերպելուց հետո ոչ միայն թվին նայել ոգեւորված, այլեւ ուշադիր ուսումնասիրել, թե այդ հրապարակումները ինչ կարգի, ինչ որակի ու բովանդակությամբ ռեսուրսներում են տեղադրված եղել: Տվեք ինձ 3 օր ժամանակ եւ ես ձեր չափորոշիչների շրջանակներում «հայկական էլեկտրոնային պարբերականները կհեղեղեմ» Հրանուշ Հակոբյանի հրաժարականի մասին լուրով: Է` հետո՞:) Բայց շարունակում ենք ընթերցել.

«Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի»:

Նախ պարզեցինք, որ ԶԼՄ-ները չեն աղմկել, եթե աղմկել էլ են` ապա միայն հոմերական քրքիջի տեսքով, բայց նույնիսկ այդ պարագայում, իհարկե, Սփյուռքի նախարարը լիարժեք իրավունք ուներ ընդունելու մեր հայրենակցին: Ընդունելու էլ, ու երեւի` հիացմունք հայտնելու է՞լ, հետը մի քանի անգամ լուսանկարվելու է՞լ, ուշադիր լսելու նրա բարբաջանքներն ու հրահանգելու էլ այդ տեքստը տեղադրել նախարարության պաշտոնական կայքո՞ւմ:) Դե երեւի, ուներ էդ իրավունքը, ինչ ասեմ:) Հա, առավել եւս ֆիզիկայից տարրական գիտելիք չունենալու իրավունք էլ ուներ: Բայց այդքանից հետո ներողամտություն հայցելու փոխարեն նման մեծամիտ, դատարկ, ինքնանպատակ ու զավեշտալի նամակ գրելու հրահանգ տալ` մեզ, հարկատուներիս, որոնց հաշվին է գոյատեւում նախարարություն կոչեցյալ այդ անհասկանալի մոնստրը, անվանելով «ցնցում ապրածներ»… Այ դրա իրավունքը չուներ, երեւի:

Ու նամակի վերջաբանը.

«Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը»:

Այ այստեղ ես լռում եմ:) Չմոռանաք միացնել ձեր բջջայինները:)

Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ

Հ.Գ. (Ավելացվել է մոտ 15 րոպե անց) Երբ նյութը տեղադրվեց Ֆեյսբուքում, ընկերներիցս մեկը` Բագրատ Բաղրամյանը, այսպիսի մեկնաբանություն թողեց (հրապարակում եմ նրա թույլտվությամբ). Վա, բայց վերջում իզուր ես լռում, պետք է գրեիր, որ էդ հայտարարությունը արվել ա տխրահռչակ հանդիպումից շաբաթներ առաջ: Էնքան ա կոպլեքսավորվել, որ էդ էլ ա անձամբ իրա վրա վերցրել :) )))))))))

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (33)

  1. mike

    Ashxen jan, spyurqum nuynisk chgiten vor Spyurqi naxararutyn ka, ur mnac gan Hayastani hamar krven, u @ndhanrapes ayntex vortex es em aprum hayer@ tqac unen Hayastani problemneri vra, cavali e bayc past e. Es inqs Hayastanic zzvac em heracel, indz het tanelov shat txur hishoxutyunner

  2. Տոնե

    Աշխեն, ձեր գրածի ազդեցության տակ, նույնիսկ կարելի է հուզվել:(

  3. Եթե այդ քաղաքական (խմբագրված է) ցուցամոլությունից միքիչ իջներ ու միքիչ ել ուղեղին զոռ տար ապա կհասկանար , որ գործ ունի մի սովորական հիմարի հետ ,ուրիշ անգամներ բլթացնում թե մաթեմատիկոս էմ ,կամ ֆիզիկ կամ ել կոմսոմոլ ,ՀՀՇ-ական , Հանրապետական …..
    Հա մի հատ ել (խմբագրված է) եղբայր ունի ,որը Հայաստանի անկախացումից հետո Քանդեց հայաստանի երկրաբանական Համակարգը ,Թալանեց ու ծախեց համակարգի գույքը և տեխնիկան , հիմա ել նոր պաշտոն են տվել (խմբագրված է) ին :

    • Հրապարակ

      Հարգելի Երևակ, խնդրում ենք ձեւկերպումների մեջ փոքր-ինչ կոռեկտ լինել եւ խուսափել ուղիղ անձնական վիրավորանքներից:

  4. Աշխեն Ավետիսյան

    Հարգելի բարեկամներ, չի կարելի ոչնչից մեծ աղմուկ սարքել կամ ընդամենը մի բաժակ ջրում փոթորիկը դարձնել համաշխարհային ջրհեղեղ: Որքան անգործ պիտի լինել, այդքան ավելորդ մեկնաբանություններ կատարելու, այդչափ ոգևորվելու համար, եկեք միաբան ու համախմբված լինենք համազգային խնդիրներում, իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը միայն հարգանքի է արժանի: Նա եղել է իմ դասախոսը: Տիկին Հակոբյանը հզոր ինտելեկտի տեր, մեծ մտավոր ընդունակություններ ունեցող և շատ հայրենասեր պետական գործիչ է, որը ողջ կյանքը աշխատել ու շարունակում է ազնվորեն, անաչառ ու անկաշառ աշխատել հանուն մեր երկրի ու ժողովրդի: Մենք պետք է հպարտանանք, որ ՀՀ կառավարությունում ունենք Հրանուշ Հակոբյանի պես նախարար, խելացի ու կայացած անհատ, փորձառու և ազնիվ գործիչ:

    • Karen

      Ուղղակի այդ օրը իր հզոր ինտելեկտը թողել էր տանը, այդ իսկ պատճառով չկարողացավ բացահայտել իրական կերպարը, որը որ ինտելեկտ ունենալու դեպքում կլիներ 5 րոպե շփվելուց հետո: Իսկ հաջորդ օրը ինտելեկտը երևի փչացել էր կամ մարտկոցներն էին նստել, որ նման պատասխան հրապարակավ ուղարկեց:
      Հզոր ինտելեկտ պահելը դժվար բան է…