Partly Cloudy
17 °C

Գրողների միությունը զբաղված է մանկապղծությամբ

ՀԵՂԻՆԱԿ՝ Արփի Ոսկանյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Այլեւս հիվանդ եմ:
Երբ վերջին որձը ինքնակամ կռտվեց:
Ներքինիները թիվ-համրանք չունեն:
Այլեւս չեմ հղիանում:
Այլեւս չեմ հղիանում:
Այլեւս չեմ հղիանում:
Երկիր, այլեւս ես եմ քո տերը:
Այլեւս հիվանդ ես,
Երկիր:

Նարինե Ավետյանը ընդամենը մի գիրք ունի՝ տպագրված 2001 թվին, բայց արդեն տասը տարի է՝ արդի հայ գրականության մասին խոսակցություններն առանց նրա անվան հիշատակման չեն անցնում։ «Փնթի տողեր» բանաստեղծությունների ժողովածուն ժամանակին գրական բանավեճի առիթ դարձավ՝ մի բան, որ այսօր բացակայում է մեր իրականության մեջ։ Նարինեն հաջող էր սկսել նաեւ լրագրողական գործունեությունը, բայց նախընտրեց հեռանալ երկրից։ Այժմ Նարինեն ապրում է Շվեդիայում։

- Այսօր բազմաթիվ գրքեր են տպվում, որոնց տպագրության փաստը մնում է աննկատ: Դու մի գիրք տպեցիր տասը տարի առաջ, որի մասին խոսում են մինչ այսօր։ Դու նաեւ լրագրությամբ էիր զբաղվում, որով շատերը ոչ միայն հանապազօրյա հացն են վաստակում, այլեւ կարողանում են լուրջ կարիերա անել։ Այդուհանդերձ որոշեցիր հեռանալ երկրից: Ինչո՞ւ:

- Նախ` ես ինքս ոչ տասը տարի առաջ եւ ոչ էլ հիմա գիրք տպագրելու հնարավորություն չեմ ունեցել եւ չունեմ: Եթե չես մոռացել՝ իմ, ինչպես նաեւ քո, առաջին գրքերը տպագրել է Գրողների միությունը` նախագահականի տված փողերով, իսկ էդ ժամանակ նախագահ էր նստած Ռոբերտ Քոչարյանը: Եվ աղմուկը ոչ այնքան մեր գրքերի պատճառով է եղել, որքան այն, որ մեկ անգամ եւս գրվի, որ Քոչարյանը սկսնակ գրողների առաջին գրքերի տպագրությունն է հովանավորել: Ինչ վերաբերում է լրագրությանը, իմ աչքում ես միշտ էլ ծիծաղելի վիճակում եմ եղել էդ ոլորտում: Իմ լրագրողական գործունեությունն ավարտվել է համալսարանի առաջին կուրսում, դրա համար` փառք Գառնիկ Անանյանին եւ իր արժանի կոլեգաներին, որոնց շնորհիվ ես հինգ տարի դեգերեցի Երեւանի ոչ բանուկ փողոցներում, հակառակ դեպքում՝ գուցե լիովին այլասերվեի այդ համալսարանական կրթությամբ: Իսկ մնացածն էլ նույն համալսարանի շարունակությունն էր` թերթ, հեռուստատեսություն թե ռադիո. ամենուր նույն կոմսոմոլն է ցայսօր: Իսկ երբ ինձ սկսեցին համեմատաբար լավ վարձատրել, ասենք` մի փորաչափ հացի գին, ես հասկացա, որ բավականաչափ փչացել եմ… Ես մեկ այլընտրանք եմ ունեցել` հեռանալը:

-Դու ուզում ես ասել, որ Հայաստանում հնարավոր չէ զբաղվել լրագրությամբ ու չփչանա՞լ: Ի՞նչ նկատի ունես։

-Ուզում եմ ասել, որ Հայաստանում ազատ խոսք չկա, հետեւաբար՝ պետք չի ինքնախաբեությամբ զբաղվել: Մեր չորրորդ իշխանությունն իր բարոյական նկարագրով ոչնչով չի տարբերվում մյուս իշխանություններից կամ ընդդիմությունից: Պարզապես ընդունված չէ այդ կեղտոտ խոհանոցի մասին բարձրաձայն խոսել: Եվ առհասարակ՝ մեզ մահապարտ լրագրողների բանակ է պետք այսօր` այս իրավիճակում ինչ-որ բան շտկելու համար:

-Ի՞նչ է նշանակում մահապարտ լրագրող: Եվ ինչպե՞ս պիտի մահապարտ լրագրողը շտկի իրավիճակը:

-Գրելով այն, ինչ կա, ոչ թե այն, ինչ նպատակահարմար է` խոսքի ազատության, բազմակարծության իմիտացիա ստեղծելով: Եվ մահապարտի նման պետք է գնալ այդ գործին, որովհետեւ այս համակարգը ոչ ոքի եւ ոչինչ չի խնայում:

-Հայաստանում այդքան անտանելի՞ է կյանքը եւ այդքան անհնա՞ր է որեւէ փոփոխություն, որ օտար երկիր հեռանալը միակ այլընտրանքն է:

-Հայաստանում կյանքը ոչ թե վատ է կամ շատ վատ, այլ Հայաստանը հոգեվարքի մեջ է: Ինձ հեշտ չի տրվել հեռանալու որոշումը. եւ ինձ, եւ յուրաքանչյուր հեռացողի պարտադրվել է այն: Որովհետեւ, երբ ինքնահռչակ իշխանություններն իրենց պետություն են հայտարարում եւ քաղաքացիներին զրկում իրավունքներից ու պարտականություններից, յուրաքանչյուր քաղաքացի ինքնըստինքյան վտարանդի է դառնում` անկախ իր գտնվելու վայրից:

-Արտասահման մեկնած եւ Սփյուռքը համալրած մեր շատ հայրենակիցներ հոդվածներով, նամակներով, հայտարարություններով, ոմանք էլ ինչ¬ինչ գործողություններով ակտիվորեն մասնակցում են հայաստանյան կյանքին եւ հանդես գալիս քննադատությամբ: Երբեմն իշխանությունների, երբեմն ընդդիմության, երբեմն էլ հայրենիքում ապրող ժողովրդի հասցեին: Այս առումով դու կարծես թե պասիվ ես: Ինչո՞ւ:

-Հայաստանն ինքն է ընտրում՝ Սփյուռքից հատկապես ում ձայնը լսելի դարձնի հանրությանը: Եվ այդ ձայներն ընդհանուր մթնոլորտից շատ չեն առանձնանում: Ես, օրինակ, մինչեւ հիմա չեմ նկատել, որ Ֆրանսիայում բնակություն հաստատած հայ գրող Կարեն Ա. Սիմոնյանի անունը որեւէ տեղ երեւա: Նրա՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին չի խոսվում կամ լավագույն դեպքում խոսվում է բամբասանքային մակարդակներում` այսուայն քրեական հանցանքը վերագրելով: Եվ նա եզակի օրինակ չէ, երբ մարդուն արտաքսում են, հետո առհասարակ ջնջում նրան: Եվ այդպես էլ իրականում պարզ չի` ինչ է կատարվել, եւ մի ողջ ժամանակաշրջանի պատմություն է կեղծվում: Ինչ վերաբերում է ինձ, Հայաստանից հեռանալուց հետո ես դեռ չեմ վերագտել ինձ, ես իսկապես հեռացել եմ ֆիզիկապես եւ հոգեպես ավերակված: Մտածում եմ, որ միայն հրաշքը կարող է հանել ինձ այս կոմային վիճակից: Երբեմն որոշ սոցիալական ցանցերում առավել քննարկվող թեմաների եթե անգամ փորձում եմ արձագանքել, այդ քննարկումների ընթացքը` անհանդուրժող, հաշվեհարդարի ու չարության մթնոլորտում, մեկ անգամ եւս պարզապես սպանում է:

-Դու կարծում ես, որ ընտրությունը կատարվում է վերեւից տրվող ուղղորդումներո՞վ, թե՞ պարզապես հանրության մեջ այս կամ այն տեսակետի պահանջարկով կամ պահանջարկի բացակայությամբ:

-Հանրությունը տեղեկատվական բլոկադայի մեջ է, նա չի կարող որեւէ բան ցանկանալ կամ չցանկանալ:

-Դու ակնարկեցիր, որ Հայաստանում չկա Սփյուռքի մասին ճիշտ պատկերացում: Քանի որ դու նոր ես համալրել սփյուռքահայության շարքերը, եւ քո դիտակետը փոքր¬ինչ կողմնակի է թե Սփյուռքի, թե արդեն նաեւ Հայաստանի հանդեպ, կուզենայի խոսեիր այդ ընկալումներից: Ինչպե՞ս է ընկալվում Սփյուռքը Հայաստանում, եւ ինչպե՞ս են ընկալվում Հայաստանն ու նրա խնդիրները Սփյուռքում:

-Սխալ կլինի իմ այս «ինքնակամ» աքսորը պարզապես սփյուռքահայության շարքերի համալրում դիտարկել, հատկապես որ գրեթե մեկուսացած եմ: Իսկ Սփյուռքը վերահսկելու, Սփյուռքի ուղեղը լվանալու համար Հայաստանը հատուկ մարմին է ստեղծել, այնպես չի, որ աչքաթող են արել` ով ոնց ուզի, մտածի:

- Երեք տարի է՝ արդեն դրսում ես ու «դրսի աչքով» ես հետեւում Հայաստանի իրադարձություններին: Ինչպիսի՞ փոփոխություններ ես տեսնում: Գոնե մի հուսադրող բան չկա՞:

- Ոչ մի փոփոխություն էլ չեմ տեսնում: Հայաստանը շարունակում է մնալ ֆորպոստ երկիր, Հայաստանում իշխանություն կամ ընդդիմություն` նշանակում է Կրեմլը, հիմնական ծրագիր է մնում Հայաստանի հայաթափումը, լրատվությունը մեկ աղբյուր ունի, ժողովրդին պարտադրել են տգիտությունը, ճիշտ է` տառաճանաչությունն ապահովվում է, բայց միայն Կրեմլի դեկրետները կարդալու համար: Հիմա էլ լեզուն են ուզում խլել, որ դեկրետները թարգմանելու կարիք էլ չլինի: Հաստատուն քայլերով ընթանում ենք լենինյան ուղիով…

-Ես ուզում եմ հասկանալ՝ ե՞րբ ամեն ինչ փոխվեց: Հիշո՞ւմ ես: 1997¬ին, երբ եկար ու տեսար… Այդ տարիներին ամեն ինչ այս աստիճան չէր՝ ծանր էին ապրում մարդիկ, բայց հույս կար, բարություն… Ամեն ինչ այսքան անհույս չէր թվում…

-Բարոյազրկումն այն ժամանակ էլ էր արդեն խորացել բոլոր ոլորտներում. ակնարկածդ բանաստեղծության մեջ էլ է նկատելի: Ու ընդհանրապես՝ այս ամենի սկիզբը դրվել է դեռ այն ժամանակ, երբ բռնագրավվել է մեր խոսքի ազատության իրավունքը:

-Դու ասացիր, որ մեզ մահապարտ լրագրողներ են պետք, ի՞նչ կասես գրողների կապակցությամբ։ Այսօր մեր գրողներին, համենայնդեպս Գրողների միության տանիքի տակ ծվարածներին, կարծես թե չի հետաքրքրում խոսքի ազատությունը կամ դրա բացակայությունը, եւ նրանք արտադրում ու աճեցնում են գրողներ՝ իրենց պատկերով ու նմանությամբ։ Որեւէ պատասխանատվություն կրո՞ւմ են նրանք այս իրավիճակի համար։

-Նույնը նաեւ գրողներին է վերաբերում, առհասարակ իրենց գրչի ու մտքի մարդ համարողներին: Արփի, մենք` ես ու դու կոնկրետ, օրինակ, շատ լավ գիտենք Գրողների միությունը, գիտենք անգամ, թե յուրաքանչյուր սենյակի ու միջանցքի անկյունում ինչպես, ինչ մանրակրկիտությամբ են խարխլվում մեր բարոյականության հիմքերը: Այդ նույն մեխանիզմով ամբողջ երկրով մեկ մեր ինքնության հիմքերն են խարխլվում: Դու հոդված ես գրում, թե ինչպես է ԳՄ-ն գրողների գրքերը տպելով՝ թալանում նրանց, դա այնքան պուճուր խնդիր է այն բանի համեմատությամբ, որ նույն ԳՄ-ն տասնամյակներ շարունակ զբաղվել է գրողների անէացմամբ, հիմա էլ մանկապղծությամբ է զբաղված: Ուրիշ որակավորում պարզապես չեմ կարող գտնել` ԳՄ «զավոդից» դուրս եկող երիտգրողների բանակին նայելով: Ես ինձ ու քեզ նրանցից չեմ առանձնացնում, մենք բոլորս նույն համակարգի զոհերն ենք, նույն ստրուկը: Ես պարզապես աղոթում եմ եւ ուզում եմ հավատալ, որ մեզանից գոնե մեկն այնքան ուժ գտնի իր մեջ, որ կարողանա գիտակցել եւ առանց մեկնաբանությունների` ուղղակի նկարագրել այն բարոյական աղետը, որին ինքը ենթարկվել է, եւ դրանով իսկ ճշգրտորեն կվերարտադրի իր ժամանակը: Ես հավատում եմ, որ մեր երկրում որեւէ դրական փոփոխություն հնարավոր է միմիայն ազատ խոսքի ուժով: Եվ չէի ուզենա, որ հիշվեինք միայն որպես արյունոտ ձեռքերով նախագահներից մրցանակ ընդունած, նրանց հովանու ներքո աճած պալատական դպիրների սերունդ:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (30)

  1. Արմինե Օհանյան

    Նարինե ջան, ամենաքիչը քեզնից կսպասեի, որ կասկածի տակ կդնեիր իմ եւ «Հրապարակի» ազատությունը: Ի՞նչ փաստերի հիման վրա ես նման բան ասում: Ո՞ր նյութն է քեզ նման համոզում տվել: Տա Աստված, քո երազած երկրի լրատվամիջոցներն այնքան ազատ լինեն, ինչքան մենք ենք: Ափսոս, որ ամեն ինչի տակ կեղտ ես փնտրում, պատվեր, շահ: Ես վստահ եմ եւ հուսով եմ, որ մեր ընթերցողների մեծ մասն այդպես չի մտածում: Մենք մեր երեք տարվա տքնաջան աշխատանքով, կարծում եմ, կարողացել ենք այդ վստահությունը շահել, ապացուցել, որ ոչ մի քաղաքական ուժի, մարդկանց խմբի շահերը չենք ներկայացնում: Թեեւ հասկանում եմ, որ անիմաստ է սա ասելը՝ եթե դու թերթի էջերում դա չես տեսել, իմ խոսքը քեզ չի համոզի: Ինչի համար անկեղծորեն ափսոսում եմ ու ցավ ապրում:

    • Բայց ամենակարևորը, այն ինչի մասին չի մտածի հիմարեցված հայը, այն է, որ ամենաքաջ, ամենազնիվ, բարոյական ու սկզբունքային թերթի միջոցով կրկին ու կրկին վերահաստատեցին և օրինականացրին ինքնանշանակների իշխանությունը, նրանց դիմելով գլխավոր դատախազ ու երկրի գլխավոր մարդ`նախագահ տիտղոսներով ու տարածեցին աշխարհով մեկ:

      Սատանի մայլի հետաքննող քյանդրբազների միություն` ՀԵՏՔ

      (Հրապարակ, Հայկական և այլ Ժամանակ, Լրագիր, Ղազագիր, Տարագիր, Բ. Գիր, Ի. Գիր, Թուղթ ու գիր, Ս. գիր և այլն…)

    • ԿԳԲ-ի 5-րդ վարչության հնարքներից մեկը

      1. Սկզբում բացում են թերթ ու հանձնարարում քննադատել իշխանություններին բոլորից շատ ու հետաքննել բոլոր այն պաշտոնյաների անօրինությունները որոնց մատնացույց կանի տերը`ԿԳԲ-ն:
      Նպատակն է բարձրացնել թերթի վարկը ընդդիմադիր հասարուկթյան մեջ, առաջացնել լայն ճանաչելիություն, վստահություն խմբագրի ու լրագրողների նկատմամբ: Նպատակ է նաև հավաքել կոմպրոմատ հետաքննված պաշտոնյաների վերաբերյալ ու զետեղել մեկ տեղ, որ առանց գլխացավանքի ինչ ուզենան հետներն անեն, հրապարակված նյութի վերաբերյալ, իրենց ուզած ժամանակ հետաքննություն սկսելով:

      2. Թերթը (արդեն բարձր վարկ վաստակած) ակցիա է անում. ասենք զանգահարում է խուլիգան մի պատգամավորի (վերջին օրինակը նեմեց ռուբո), սա հահոյում է, թերթը ձայնագրում է, տարածում աշխարհով մեկ, պատրաստում համապատասխան փաստաթղթեր, ուղարկում գլխավոր դատախազին ու երկրի գլխավոր մարդուն`նախագահին:

      Թերթի ազնվության ու քաջության վերբաերյալ էնտուազիաստների թիվն հասնում է անհամարին: Սփյուռքյան և արտասահամանում ծպտված որոշ շրջանակներում վերսկսում է ակտիվ դրամահավաքը խմբագրի համար: Թերթը գոհ է, ընթերցողը նույնպես, պայց նաև պատգամավորն ու մնացյալը:

      Նեմեցը, որին ոչինչ չի պատահի, որովհետև ինցեդենտը կմոռացվի բազում այլնի պես, կամ ականջից կքաշեն մի թեթև, դա էլ է պատահել երբեմն, կվերահաստատի իր տղամարդ լինելը: Դոն Ռոբերտինո Կալիգուլյանի իշխանությունից հետո պաշտոնյաններն իրենց տղամարդկությունն անըդհատ վերահաստատելու խիստ կարիք ունեն, անգամ եթե կին են:

    • Սկսեցի մի երկար նամակ գրել, բազում փաստով, հիշողությունով, բայց գրավոր խոսքը բանավորից տարբեր է ցավոք, կարող է ըմռնվել տարբեր բազում երանգով ամեն նախադասություն տեքստում, իսկ երանգների բազմազանությունը համադրվելով կարող է տալ ծայրահեղ այլ պատկեր, բացարձակ ընդհանուր բան չունենալով այն ամենի հետ, ինչ նկատու ուներ, գրում էր հեղինակը:
      Անիմաստ է:
      Եթե լինեի Երևանում, կասեի ամեն ինչ աչքերիդ նայելով, կնկատեի անմիջապես, ամեն խոսքից հետո որ չեմ հասկացվում աոյնպես ինչպես նկատի ունեի, ինձ հասու կլիներ դեմքի արտահայտությունը, ժպիտը, ամեն կենդանին, այլ ոչ միայն ու միայն նշանները հեռվից ուղարկված ու ստացված:

      Իմ այդ ազատությունը տարիներ շարունակ համառորեն չնկատելու, չստորադասաելու մյուս դեպքերին, այդ ազատությունը չունես Արմինե:
      Քո սեփական կարցիքից ազատ լինելու ազատությունը չնես: ՔՈ նախապաշարաումներից ու սահմանափակումներից չունես ազատություն:
      Մնացյալ չազատությունները մարն են, հենտևանք են առաջիններին:

      Վերջապես ամենակարևորը. չունես ազատություն քննադատությունը լսելու որպես սիրո դրսևորում ու օրհնություն, ինչի համար պետք է երջանիկ լինես ու երախտապարտ:

  2. Մուշեղ Հասրաթյան

    Բարև Նարինե ջան:Երբեք չէի մտածի, որ դու էլ կգնաս Հայաստանից:Մենք աշխատել ենք 168-ում Սաթիկի, ես մի 4 ամիս դու չգիտեմ հետո երբ դուրս եկար:Կապանի գործուղումը ձմեռով դու, Գերմանը/ֆոտո/, ես: Ցուրտ, Լեռնագործ հյուրանոց: Հիմա Կալինինգռադում եմ ընտանիքով գրիր խնդրում եմ:Շնորհակալություն:

  3. Համբարձում

    Իմ ղեկավարը ես եմ, Նարինե ջան: Իսկ քո այս քոմենթի պատասխանը ես արդեն տվել եմ եւ չեմ ուզում կրկնվել: Մենք ինքներս ենք ընդարձակում եւ կերտում մեր ազատությունը, իսկ փախուստը ազատություն ստանալու իմ տրբերակը չի:

    • Նարինե Ավետյան

      Ավելի ահավոր է փախուստը ճշմարտությունից, ճշմարտությունից փախչելով ազատություն չես կերտի…

  4. Նարինե Ավետյան

    էս էլ Facebook-ի էջերում աչքովս ընկավ, համաձայն եմ Armen Fon Gevorgya-ի հետ. ,,Ի՞նչ եք կարծում, եթե Հայաստանում անկախ TV չկա, ինչի՞ պիտի լինի անկախ մամուլ… եթե անկախ մամուլ չկա, ուստի անկախ լրագրողը այն միամիտն է, որին շուտով կհասկացնեն որ իր պրոֆեսիոնալ կարողությունները չեն համապատասխանում տվյալ լրատվամիջոցին կամ կսովորի փող աշխատելու իրենց մոտ ընդունված ձևը,,….

  5. Արփի

    Անաբնաբույժ ես, Վահե, բայց չես կարողանում քեզ բուժել։ Հարկավ:

    Ավստրիա, Վիեննա
    2011 թվական