Partly Cloudy
17 °C

Ողջ ճշմարտությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մասին (մաս 1-ին)

| ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Անե՞լ նվիրատվություն, թե չանել»: Այս է հարցը, որ միլիոնավոր հայեր տալիս են իրենք իրենց, մինչև Հայաստան Համահայկական հիմնադրամին իրենց լուման ընծայելը, ամեն Գոհաբանության օր՝ սկսած 1992 թվականից: Չնայած օգնության ձեռք մեկնելու իրենց ցանկությանը՝ բազմաթիվ նվիրատուներ հակվում են մեկ անգամ կտրելուց առաջ տասն անգամ չափել հիմնադրամի գործունեության վերաբերյալ կոռուպցիայի մասին շրջանառվող բազմաթիվ լուրերի ու վկայությունների պատճառով: Ավելի ու ավելի շատ մարդիկ են վճռում նվիրատվություն չանել:

2010 թ. հեռուստամարաթոնից մի քանի օր առաջ Հորիզոն հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանի հետ մի հարցարույց, ով կոռուպցիայի մասին լուրերը որակեց իբրև առասպել և փորձեց փարատել դրանք: Ստորև յուրաքանչյուր առասպելը բառ առ բառ ներկայացված է պարոն Քոթանջյանի ելույթից, նրա մեկնաբանությունների հետ միասին, որոնք այստեղ ներկայացված են իբրև «Ցրում»: Առանցքային խնդիրների այլընտրանքային մեկնությունները ներկայացված են իբրև «մերկացում»

ԱՌԱՍՊԵԼ 1. Փորձում են քաղաքականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

ՑՐՈՒՄ. «Հայաստան» համահայկական հիմնադրամը որևէ հարցի մեջ չի մտնում: Եվ նույնիսկ անցյալ տարի, երբ որ եղան այս պրոտոկոլների հարցերը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը միակ, շատ սակավաթիվ բարեգործական կազմակերպություններից էր, որը ասեց, որ դա մեզ չի վերաբերվում. «Մենք քաղաքական դաշտի մեջ չենք, մենք բարեգործությամբ ենք զբաղվում, և թողեք ամեն մեկը զբաղվի իր գործով»:

ՄԵՐԿԱՑՈՒՄ. Գովելի է, որ «Հայաստան» համայակական հիմնադրամը հեռու է մնում քաղաքականությունից և զբաղվում իր գործով: Սակայն այս ռազմավարությունը չի խոչընդոտում կառավարությանն իր քիթը խոթել հիմնադրամի գործերի մեջ: Հարցը այն չէ՝ արդյոք «Հայաստան» համահայկական հիմնադրամը խառնվում է քաղաքական խնդիրների մեջ, այլ արդյո՞ք ռիսկ կանի նման քայլի դիմել՝ հաշվի առնելով հոգաբարձուների խորհրդում ծանրքաշային իշխանավորների առկայությունը:

Այս կազմակերպությունը քաղաքականացվեց այն պահին, երբ Մանուշակ Պետրոսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հին և հավատարիմ ընկերը, նշանակվեց գործադիր տնօրեն 1992 թ.: Ինչքան ահագնանում էր հիմնադրամի նկատմամբ իշխանությունների ազդեցությունը, այնքան մեծանում էր սփյուռքահայերի կողմից իրականացվող՝ ծրագրերի ֆինանսավորման կախումը նախագահի կողմից կայացվող քաղաքական որոշումներից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի քաղաքականացումը ակնառու դարձավ, երբ ՀՅԴ բոյկոտեց հիմնադրամի գործունեությունը այն բանից հետո, որ իշխանությունները սկսեցին դաշնակցականների հետապնդումը Հայաստանում 1997 թ.: Դա հատկապես ակնհայտ դարձավ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին 1998 թ. անմիջապես հետևեց Մանուշակ Պետրոսյանի հրաժարականը, որը ուղեկցվեց իր տնօրինության վեց տարիների ընթացքում դիզած հարստությունների, իր սեփական շքեղ դղյակի, ինչպես նաև հիմնադրամի տնօրինության այլ անդամներին պատկանող «Պիոներ» բարի, «Րիո» կոշիկի խանութի և այլ դղյակների մասին մամուլում հայտնված սկանդալային հրապարակումներով:

Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի թերևս միակ նախկին գործադիր տնօրենն է, ով հրապարակավ ընդունել է, որ հիմնադրամը քաղաքականացված կարույց է: «Անշուշտ, որոշ քաղաքականացվածության հանգամանք կար: Նախկին գործադիր տնօրենը՝ տկն Պետրոսյանը, փաստորեն, իր հրաժարականով միս ու արյուն տվեց կասկածողների այն տեսակետին, որ հիմնադրամն իսկապես քաղաքականացված, իշխանահաճո կազմակերպություն էր: Հենց այդ քաղաքականացվածությունն էլ բացասաբար ազդեց հիմնադրամի նկատմամբ մեր ժողովրդի ընկալման վրա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում եւ թե՛ Սփյուռքում»,- ասել է նա 1999 թ. «Ազգ»-ին տված հարցազրույցում: Այդ նույն թվին «Առավոտ»-ը գրել է. «Հայկական սփյուռքը վերջին տարիներին Հայաստանին տրվող օգնությունը հիմնական կատարում էր զանազան հիմնադրամների միջոցով: Գործողությունների մեծ մասը հիմնականում իրականացվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Հիմնադրամների մի մասը փորձում է հնարավորին չափ հեռու կանգնել քաղաքականությունից: Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է: Հունահայ համայնքը տարիներ առաջ 300 հազար դոլար գումար էր հավաքել Հայաստանին տրամադրելու համար: Քաղաքական պատճառներով գումարի տրամադրումը հետաձգվում էր: Համայնքի ներկայացուցիչները միայն 1998 թ. աշնանը այցելեցին հայրենիք եւ բանկային կտրոնը հանձնեցին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին»: Ի՞նչ իմանային, թե ում են վստահում իրենց գումարը:

Ըստ 2009 թ. մայիսի 18-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի18-րդ նիստի մասին տարածված մամուլի հաղորդագրության՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստերում քաղաքական հարցերի քննարկումը եւս մի նորամուծություն է»,- եզրակացնում է «Հրապարակ» թերթը:

Էջեր՝
1 2 3

Comments are closed.