Օրերս ավարտվեց “Արդշինինվեստբանկի” վարկային մախինացիաների վերաբերյալ գործի դատաքննությունը, որի արդյունքում բացահայտվեցին ահռելի՝ մոտ 500 մլն. դրամի վարկային միջոցների յուրացումներ եւ վատնումներ: Խճճված այս պատմության վերջակետն օրերս դրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ Գորիսի մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանը դատապարտվեց իննուկես տարվա ազատազրկման՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, յուրացնելու եւ վատնելու համար: Դատավճռով հանցավոր ճանապարհով ստացված մոտ 500 մլն. դրամի գույք է բռնագանձվելու հօգուտ պետբյուջեի:
“Վարկերը ձեւակերպվել, ելքագրվել եւ յուրացվել են Հ. Բախշյանի կողմից փաստացի ղեկավարվող ընկերությունների գործունեության եւ անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ ուղղվել է կեղծ վարկերը եւ դրանց տոկոսները մարելուն”,- գրված է դատախազության հաղորդագրության մեջ: Ըստ դրա, Հ. Բախշյանը թաքցրել, խեղաթյուրել է նախկինում հափշտակած մոտ 500 մլն. դրամի ծագման աղբյուրները, տեղաշարժը, “այսինքն, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած եկամուտները”: Այդ հարցում նրան օգնել են մասնաճյուղի մյուս 6 աշխատակիցները, որոնցից հինգը կանայք են: Նրանք դատապարտվել են լիազորությունները չարաշահելու համար: Հանցագործները շատ զոռ չեն տվել երեւակայությանը:
Աֆյորայի սխեման պարզ է եւ տիպիկ Հայաստանի բանկային համակարգի համար: Բախշյանը 3 տարի շարունակ կեղծ վարկեր է ձեւակերպել տարբեր մարդկանց եւ կազմակերպությունների անունով, որոնց ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլրդ. դրամ: Ամեն հերթական վարկառությունն այնպես է կազմակերպվել, որ մարվեն նախորդ վարկի տոկոսները, եւ նույնիսկ 232 մլն. դրամ փակվել է մայր գումարից: Աֆյորային մասնակցել է 95 մարդ եւ 5 կազմակերպություն, որոնց թվում առանցքային են եղել հենց բանկի կառավարչի կողմից փաստացի ղեկավարվող “Պայծառ ապագա” եւ “Բերրիություն” ՍՊԸ-ները:
Օգտագործելով այդ ընկերությունների աշխատակիցների եւ բանկի հաճախորդների` իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը, “Պայծառ ապագայի” կնիքով անշարժ գույքի կեղծ վկայագրեր են պատրաստվել, 95 վարկային գործ է պատրաստվել, եւ գլխավոր հաշվապահ Ալինա Սարգսյանը ձեւակերպել է ֆինանսական միջոցների ելքը: Հետաքրքիր է, որ “վարկառուների” աշխատավարձերի վերաբերյալ կեղծ տեղեկանքները հենց բանկի աշխատակիցներն են տվել՝ Ազնիվ Առաքելյանն ու Արշակ Բալայանը: Փոխանցումները կանխիկացնելու համար բանկի կառավարիչն օգտագործել է նաեւ իր գրպանային ընկերությունների՝ “Զանգեզուր 95″, “ԷՑՇ”, “Անապատ 2″, հաշվեհամարները: Ի դեպ, գործում հիշատակվում է նաեւ “Որոտան ՀԷԿ” ՓԲԸ-ն, որի հաշվեհամարից կեղծ փաստաթղթերով հանվել է 137 մլն. դրամ:
Իսկ հետագայում հափշտակության փաստը քողարկելու համար բարդ բազմաքայլ մախինացիաներ են արվել “Որոտան ՀԷԿ” ՓԲԸ-ի մասնակցությամբ, որի հաշվեհամարին մուտքագրել է իր ՍՊԸ-ների ստացած կեղծ վարկերի մի մասը: Զարմանալի է, սակայն, որ “Որոտան ՀԷԿ”-ը ոչ միայն իրեն տուժած չի համարում այս մեքենայություններից, այլեւ ժխտում է, որ իր հաշիվներից “Արդշինինվեստի” Գորիսի մասնաճյուղը գումարներ է հանել, ապա մուտքագրել: Ընկերության գլխավոր հաշվապահ Դադոնցի խոսքով, իրենք առնչություն չեն ունեցել “Արդշինինվեստբանկի” ֆինանսական օպերացիաներին, թեեւ շարունակում են դրա հաճախորդը լինել: Սա հանցագործության պատմության ամենամութ եւ մինչեւ վերջ չպարզված հատվածն է եւ առնվազն կասկածներ է հարուցում:
Բացառված չէ, որ աֆյորայում թվով եւ կարեւորությամբ ավելի բարձր անձինք են ներգրավված եղել, քան “բացահայտել” են: Ի դեպ, բանկն ապահովագրված էր “Ռասկո” ընկերությունում, որը վերականգնել է պատճառված վնասի մոտ 352 մլն. դրամը՝ հատուցում, որն ապահովագրական խարդախության մասին տարածված խոսակցությունների տեղիք տվեց: Բայց “Ռասկոյից” պատասխանեցին, որ, չնայած բանկը տուժել է իր իսկ աշխատակցի մեղքով, միեւնույն է, ընկերությունը պետք է փոխհատուցեր վնասը, եւ ամեն ինչ օրինական է եղել: “Ինչպե՞ս կարող էր 1 մլրդ. դրամի կեղծ վարկավորումը 3 տարի շարունակ վրիպել “Արդշինինվեստբանկի” ղեկավարության ուշադրությունից”,- հարցրինք բանկի մամուլի պատասխանատուին, որը մեզ փոխանցեց մասնաճյուղային ցանցի տնօրենի պատասխանը. “Ճիշտ է, բավականին ուշ ենք հայտնաբերել հանցագործությունը, բայց կարեւորն այն է, որ մեր կողմից է հայտնաբերվել:
Մեր մոտ գործում է բազմաստիճան վերահսկողություն: Ներքին աուդիտն ու անվտանգության հատուկ դեպարտամենտը միասին աշխատել են: Այժմ բոլոր աշխատակիցները, ում մեղքն ապացուցվել է, ազատվել են աշխատանքից: Պարբերաբար մենք ստուգումներ եւ աուդիտներ ենք կատարում, իսկ եթե մի հատվածում հայտնաբերվում են խախտումներ, ապա այդ նույն տեղում վերահսկողությունը խստացվում է: Այժմ վնասի մեծ մասը վերականգնվել է, իսկ գործառնական ռիսկերից ոչ ոք ապահովագրված չէ”: Բանկային աֆերիստներից հօգուտ “Արդշինինվեստբանկի” բռնագանձվելու է 340 մլն. 216 հազար 012 ՀՀ դրամ: “Որոտան ՀԷԿ”-ի առնչությունը մեքենայություններին բանկում չմեկնաբանեցին, պատճառաբանելով, որ հաճախորդների մասին տեղեկատվություն չեն տալիս:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռեկտությամբ քեզ չենք հասնի: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն...
Հարյուր դրամի համար կորցրեց աչքը: Դեկտեմբերի վերջին, Ամանորի նախաշեմին, մի սոսկալի հանցագործություն է տեղի ունեցել «Հրազդան» տոնավաճառի տարածքում, որը համառորեն փորձում են գաղտնի պահել: Տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդու ա...
Ժաննա Ֆրիսկեն մերկացել է: Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացու...
Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո): Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ...
Գյուղապետի տաքսին ի՞նչ կապ ունի գեներալ Մանվելի դուխի հետ: Մասիսի տարածաշրջանի բազմաթիվ համայնքների բնակիչներ տարիներ շարունակ, «շնորհիվ» գեներալ Մանվելի՝ Մանվել Գրիգորյանի բիզնեսի բարգավաճման, զրկված են համեմատաբար քաղաքակիրթ տրանսպորտով երթեւեկելու հաճույքից: Մենք մի քանի անգամ գրել ենք, որ այս, նաեւ այս ...






