Clear
-6 °C

«Լուսակերտը» չմակնշված ձու է իրացնում

ՀԵՂԻՆԱԿ՝ Սյուզան Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արատակ Շաբոյանը երեկ որոշեց պատասխանել “Max գրուպի” նախագահ եւ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանին, որը շաբաթ օրը “Հրապարակին” հարցազրույց էր տվել եւ մի շարք բացասական գնահատականներ հնչեցրել հանձնաժողովի աշխատանքի հասցեին: Խաչիկ Մանուկյանը նշել էր, որ հանձնաժողովը ձվի վերաբերյալ նախաձեռնած վարույթի ընթացքում անիրական թվերի վրա է հենվել, որ այն անհասկանալի հանձնաժողով է, անհասկանալի դերով եւ դիրքով, որ ինքը չի տեսնում կառավարության կարգավորիչ դերը շուկայում, որտեղ ամեն տեսակի ձու վաճառվում է՝ “մատով պեչատած”, “անհայտ ծագման” եւ այլն: Այս վերջին արտահայտությունը հատկապես դուր չի եկել Արտակ Շաբոյանին:

Երեկ նա իր աշխատակիցներին ուղարկել է Երեւանի խոշոր սուպերմարկետներ՝ ստուգելու, թե արդյոք “Լուսակերտը” եւ ամառային վարույթի շրջանակներում տուգանված մյուս սուբյեկտները պահպանո՞ւմ են մակնշման կանոնները: “Երեւան սիթիից” նրանք մի մեծ տուփ “Լուսակերտի” ձու էին գնել՝ առանց արտադրության թվի մակնշման, որը ՏՄՊՊՀ նախագահը ցույց տվեց մեզ, նաեւ պատասխանեց ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հարցազրույցին, որի անունը ոչ մի անգամ չտվեց եւ նրան մեկ տնտեսվարող էր անվանում, մեկ սեփականատեր:

“”Լուսակերտը” շարունակում է չմակնշված ձու իրացնել, էն դեպքում, երբ նա մատնացույց  է անում, որ “մատով պեչատած ձու է վաճառում, անհայտ ծագման” եւ այլն: Նախ, երկու ամիս առաջ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատիրոջ կողմից հայտարարություն եղավ “Լուսակերտը” վաճառելու մասին: Նա այնքան հիմնավորված ներկայացրեց այդ փաստը, որ բոլորն էլ վստահ էին, որ գործարքը տեղի է ունենալու: Որոշ ժամանակ անց նույն լրատվամիջոցները խոսում էին արդեն կայացած գործարքի մասին: Մեզ մոտ նույնիսկ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն էին բարձրացնում էդ հարցը, եւ երբ մենք ասում էինք, որ այդպիսի գործարք տեղի չի ունեցել, եւ պաշտոնապես մեզ չեն դիմել, նրանք զարմանում էին, քանի որ, հետեւելով մամուլի հրապարակումներին, վստահ էին, որ այդպիսի գործարք է տեղի ունեցել: Արդեն երկու ամիս անցել է այդ հրապարակումներից, եւ հիմա թռչնաֆաբրիկայի սեփականատերը հայտարարում է, որ գործարք տեղի չի ունեցել եւ տեղի չի ունենալու: Սա առաջին հակասությունն է”,- սկսեց Արտակ Շաբոյանը, որին պարբերաբար ընդհատում էինք, մնալով թեմայի շրջանակներում:

- Նա ընդամենը հայտարարում է, որ որոշ բանակցություններ վարել է, բայց գնորդի հետ համաձայնության չեն եկել:

- Համաձայնության չեն եկել, բայց սկզբում շատ հիմնավոր եւ համոզված ձեւով էր այդ ամենը ներկայացնում: Երկրորդը, նա նշում է, որ տվյալ ժամանակահատվածում ձվի գնի նվազումը պայմանավորված է եղել գերարտադրությամբ, եւ ուռճացված թվեր է ներկայացնում՝ 40-50 տոկոս: Այդպիսի տվյալներ չկան: Պաշտոնական վիճակագրությունն ասում է 30 տոկոս 2010 թվականի առաջին կիսամյակին՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, բայց 30 տոկոսն էլի լուրջ թիվ է, քանի որ մենք ձուն ոչ ներկրում, ոչ էլ արտահանում ենք: Այնուհանդերձ ինքը խոշոր  արտադրող է, գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ է եղել 2008 թվականից: Եվ այսօր էլ ունի այդ դիրքը: Հիմա նա համոզված ձեւով նշում է, որ գերարտադրություն է եղել, բայց միեւնույն ժամանակ որ նայում էինք ներկայացված տվյալները, բոլորի մոտ էլ խոշոր աճ էինք տեսնում, իսկ նրա մոտ՝ 20 տոկոս նվազում: Այսինքն, երբ նայում ես այս տարվա առաջին կիսամյակի համար ներկայացված տվյալները, տեսնում ես, որ երկրորդի համեմատ 20 տոկոսի նվազում կա նրա մոտ, որն այս պարագայում տարօրինակ է, քանի որ ինքն էլ է համոզված, որ գերարտադրություն է եղել:

- Իսկ Դուք այդ հարցը նրան տվե՞լ եք:

- Ոչ, մենք այդ հարցը նրան չենք տվել: Մենք այդ տվյալները ուղարկել ենք հարկային մարմիններ՝ հենց այս խնդիրը բացահայտելու համար: Մենք տարբեր անկախ մարմիններ ենք, եւ ՏՄՊՊՀ-ն, իհարկե, իրավասություն չունենք հետեւելու, թե մյուս գերատեսչությունում ինչ ընթացքի մեջ է գործը:

- Պետության կարգավորիչ դերի մասին ի՞նչ կասեք: “Լուսակերտի” տերը սա է որպես գլխավոր թերություն նշել:

- Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ տեղի է ունեցել գերարտադրություն: Նույնը նշում է նաեւ էս տնտեսվարող սուբյեկտը: Չի հասկացվում, թե ինչն է իրեն անհանգստացնում:

- Նա նկատի ունի, որ այն թվերը, որոնք ներկայացվել են վարույթի շրջանակներում, չեն ստուգվել Ձեր կողմից եւ հակասում են իրական թվերին:

- Մեր եզրակացությունն արտադրության ծավալների մասով հիմնվել է պաշտոնական վիճակագրության վրա, եւ մենք համոզված հայտարարել ենք, որ կա գերարտադրություն: Որտեղի՞ց է տվել ինքը 40-50 տոկոս: Ամեն դեպքում, եթե ինքը հայտարարում է, որ ոչ ճիշտ ինֆորմացիա է ներկայացված հանձնաժողովին, նշանակում է իր տվյալներն էլ են սխալ, եւ որ պետությանն անարժանահավատ տեղեկություն է ներկայացրել:

- Նա ճյուղի զարգացման ծրագիր է ներկայացրել կառավարություն եւ հավանաբար ուսումնասիրություններ է կատարել: Բացի դա, եթե մեծ արտոնություններ չտրվեին ԵԹՖ-ին, էս իրավիճակը հնարավոր է, որ չլիներ:

- Գերարտադրությունը տնտեսվարողի գործունեության հետեւանքով է տեղի ունեցել: Սպառողները շահեցին, տնտեսվարողները տուժեցին: Այդ արտոնությունը նոր տեխնիկա-տեխնոլոգիա ներդնելու, արդյունավետությունը բարձրացնելու համար է տրվել: Իսկ տնտեսվարողները պլանավորված գործունեություն չեն կազմակերպել եւ վնասները կրեցին: Այդ վնասները նրանց համար, կարծում եմ, դաս եղան: Հաջորդ անգամ ավելի լավ կպլանավորեն իրենց գործունեությունը:

- Ճի՞շտ է, որ ԵԹՖ-ին տրամադրվել է մեծ հակաճգնաժամային վարկ:

- Ես տեղյակ չեմ դրանից: Տեղյակ եմ “Արաքսին” արտոնություն տալու մասին, որ հետաձգվել է ԱԱՀ-ի գծով վճարումը:

- Բացի դա, բանակի մատակարարն է ԵԹՖ-ն: Այսինքն, մեծ պետական պատվեր է ստացել: Ստացվում է, որ պետությունը ստեղծեց պայմաններ, որպեսզի մեկը մեծ դիստանցիայով առաջ անցնի մյուսներից:

- Ես տեղյակ չեմ այդ պետպատվերից, բայց որ պետությունն աջակցում է տնտեսվարողին, որ արդյունավետությունը բարձրանա, նոր տեխնոլոգիաներ ներդրվեն, վա՞տ է: Խոսում էիք դեմպինգի մասին, “Լուսակերտը” ներկայացվում էր որպես զոհ: Եթե սա դեմպինգ էր, ապա ո՞ւմ են դուրս հանել շուկայից: Ինչո՞ւ կլանում տեղի չունեցավ: “Լուսակերտի” սեփականատերն ինքն է նշում, որ ֆաբրիկայում  ամեն ինչ բնականոն հունով գնում է:

- “X գրուպի” նախագահը հրաժարվեց գործարքից: Իմ կարծիքով, դուք ուղղակի հանդիպել եք նրան եւ ասել, որ սա օրենքի խախտում կորակեք, եթե վաճառքն այնուամենայնիվ կայանա:

- Այո, ես հրապարակային հայտարարել եմ, որ իմացեք, եթե պարզվի, որ տենց բան է եղել, դա չեղյալ է հայտարարվելու:

Comments are closed.